Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком լուսանկարներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком լուսանկարներ. Показать все сообщения

вторник, 9 июня 2015 г.

ՇԱՏ ԲԱՆԵՐ ԿԱՆ ԱՍԵԼՈՒ, ԲԱՅՑ ԴՈՒՔ ԱԿԱՆՋՆԵՐ ՉՈՒՆԵՔ ԼՍԵԼՈՒ 2011 թ.


Պատուհանները բաց են… ներս եկեք գիշերվա ցրտում մրսող թիթռներ, եկեք մահացեք իմ տան մեջ` իմ սենյակում, որ ես գնահատեմ կյանքս: Թեև շոգ է հիմա, բայց մերկ եք դուք,ախր…իսկ ինձ դեռ 20 տարի է պետք անկեղծանալու համար: Եկեք գիշերվա ցրտում մրսող թիթեռներ, եկեք, մահացեք իմ տան մեջ…
Այսօր այնքան անտարբեր եմ ամեն ինչի նկատմամբ, որ մի տեսակ անհարմար էլ եմ զգում ինձ մարդկության առաջ: Տարիներ շարունակ գիտափորձեր ու հետազոտություններ են արել ու ինչ-որ բաներ են ստեղծել, որոնց շնորհիվ ես հիմա խոսում եմ մոլորակի հեռավոր մի կետում նստած մեկի հետ, ում մոտ գուցե նոր է սկսել օրը հիմա, երբ ինձ մոտ խոր գիշեր է` առանց լուսանալու հույսի:
-Հիվանդ եմ
-Գժվե՞լ ես
-Չէ ուղեղս լավ է, ձեռքերս են մրսել, մտածում եմ շպրտեմ, ինչի՞ս են պետք…
Բայց հետո ուշքի եմ գալիս: Լսիր, ասում եմ ` քեզ ո՞վ խոստացավ արևը համայնի: Ի՞նչ ես քեզ լուսատու զգում, դու, որ խավար ես փռել աչքերիս: Չէ, ի՞նչ բանաստեղծություն… ի՞նչ պոեզիա…
Ես ամեն գիշեր հարևաններիս շնչառությունն եմ լսում, գիտե՞ս` դա ինչ պոետիկ է…
Ես ապրում եմ միայն ամեն ամիս 3 օր: Աշխատավարձ ստանալու նման, մնացած օրերը վատնում եմ անիմաստ, գոյատևում եմ…դու իմ հաց, իմ ջուր, իմ օդ իմ արև…Ու բանաստեղծների գահերից հեռու ապրում ես դու կյանքդ հանճարեղ, ովքե՞ր են սրանք… էժան քնքշանքներ, պարտքով ձեռք բռնել, ապառիկով համբույր, տոկոսով մարմիններ…զզվում եմ սրանցից, գիտե՞ս, սրանք նայում են ինձ, բայց չեն տեսնում էությունս… իսկ դու կապրեցնես ինձ 3 օր միայն… հետո կմեռնեմ, բայց պարտք չեմ վերցնի… Առևտուր անող սրանց ձեռքերից պարտքով ծաղիկներ չեմ ուզում ստանալ… սրանք ի՞նչ գիտեն մեր սիրո մասին… Սրանց ի՞նչ ասեմ … երկար գովում են իրենց սերերին, ես լուռ եմ մնում, քո տված երջանկության դեմ ոչինչ են բառերը … չէ բառ չկա մեր մեջ… ես հոգնել եմ բառերով սիրելուց… ուղղակի գրկիր ինձ ու վերջ…
Ինքնահաստատվելու համար սրանց անգամ իրենց սուտը չի հերիքում: Օգնիր, թող կայանան, թեկուզ քո ապրածի հաշվին . մեծահոգի ես դու միշտ …
Եկեք գիշերվա մթից վախեցող թիթեռներ, արևոտ չէ ինձ մոտ, բայց թակարդներ չկան…եկեք մահացեք իմ սենյակի մեջ, որ չվախենամ ձեզ պես ապրելուց: Լույս է , հա, գիտեմ, բայց կույր եք, ախր:
-Հիվանդ եմ, էլի…
-Դու հո խելառ չե՞ս…
-Չէ, ուղեղս լավ է, մատներս են մաշվել…մտածում եմ, մեկին տամ, պրծնեմ…
Բայց հետո էլի ուշքի եմ գալիս, ասում եմ ` գնա ուղեղդ փոխիր, հնացել ես դու, մաշվել ես վաղուց, լսիր, ով ասաց, որ հիմք ես եղել, դու, որ փլել ես կառուցվող ամեն պատ, եթե պատնեշ չէր…
Հիմա այնքան միևնույնն է ամեն բան, որ նույնիսկ անհարմար եմ զգում ինձ մարդկության առաջ, և նրա առաջ, ով ստեղծեց հեռախոսը: Երևակայությունը մարդկության շարժիչ ուժն է:
-Ինչու՞ ստեղծվեց հեռախոսը…
-Երևի ստեղծողը սիրահարված է եղել, ես ինչ իմանամ…երևի պատկերացրել է ` ինչ լավ կլինի, որ հեռվից հեռու նրա ձայնը լսի…
Հիմա, երբ դու այսքան հեռու ես, ես սկսել եմ երկրպագել նրան, ով ինձ քո ձայնը լսելու հնարավորություն է տվել և ասելու, թե որքան լի է կյանքս քո գոյությամբ…


Ասում են ` դու լավ էներգետիկա ունես … ծիծաղում եմ ` ախր հոգեբաններ են ամեն անկյունում, գիտեն բոլորը` ինչ է պետք մեզ, գիտեն ինչու արեցինք այսպես, ինչու ասեցին այն, ինչու գրեցինք այն մյուսը… ինչ գրողի տարած էներգետիկա …
-Հարգելի հոգեբաններ, ասացեք խնդրեմ ինչո՞վ կօգնեիք այն տղային, ով երազում է հեռավորության մեջ իր սիրելիի ձայնը լսել…
-գժվեցիր էլի…
-չէ, ուղեղս լավ է ` ոտքերս են մաշվել, ասում եմ ` մեխեմ մի բազմոցի, պրծնեմ…
Բայց հետո էլի ուշքի եմ գալիս…
-բա վաղն ի՞նչ կլինի…
-դու տեսնու՞մ ես վաղը… դու շոշափու՞մ ես այն… դու ի՞նչ կապ ունես վաղվա հետ, երբ համատարած այսօր է… միշտ, ամենուրեք մենք այսօրներ ենք ապրում… ի՞նչ է վաղը… ո՞վ է վաղը… հավերժական այսօր է մեր կյանքը… Վաղը ես չունեմ ոչինչ անելու, ու եթե պետք է այսօր ես մրսեմ, թող մրսեմ, չէ որ այսօրն է իմը, ես չունեմ վաղը, ոչ մի դարակում ես այն չեմ պահում, ես չեմ փակցրել այն իմ պատերից գեղեցիկ շրջանակի մեջ… այսօրն է իմը…
Երկարացնում եմ երևի էլի… երևի էլի ձեռքս է գրում, ոչ թե ուղեղս, կամ հոգիս… հարց է իսկապես, թե մարդու մեջ այդ որ բջիջն է պատասխանատու պատմվածք, նամակ կամ ետյուդ գրելու համար…
Եկեք, դե եկեք թիթեռներ… ինչ եք սառել … բաց է պատուհանս և չեմ թռչելու ես…
Տապանաքարի սառնությամբ այսօր ես նայում եմ ձեզ, ու հիշում հեռվում ինձ սպասող այն ջերմությունը, որից մաս չունեք ու չեք ունենա դուք ձերը նաև, որովհետև սիրում եք տառապանք խաղալ… բայց խաղաղվեք ու փնտրեք ձերը ձեր մեջ…
Եկեք գիշերվա խավարում մրսող թիթեռներ ես արդեն գիտեմ, թե ինչ է կյանքը…

Հ.Գ. ասված է ԳՐՔՈՒՄ` շատ բաներ կան ասելու, բայց դուք ականջներ չունեք լսելու…

Անի Մաղաքյան / 19.01.11

воскресенье, 24 мая 2015 г.

Գարուն էր, մայիսն էր ...


Գարուն էր, մայիսն էր ...
Եվ հարբած մայթերին
 շրթհարմոն էր նվագում ծերունին...
Արևը ընկել էր շուրթերիս...
Դու՝ շողի ետևից ընկած...
Չէր զիջում գարունը, չէր խնայում...
Արևը մազերիս էր ընկել...
Քո ձեռքերն՝ արևի ետևից...
Նեղանում էիր աչքերիս ընկած,
Աչքերս ծածկած մազերից...
Արի՝ ասում էր վերհուշը,
կպատմեմ հեքիաթ այն մասին,
Թե ինչպես էր արևը աչքերիդ
Ինչպես էր քեզ սիրում այդ պահից
Մի աղջիկ...
Արևը եղնիկ էր վախեցած
Փախչում էր որսորդի ձեռքերից...
Գարուն էր, մայիսն էր ...
Եվ հարբած մայթերին
 շրթհարմոն էր նվագում ծերունին...

Անի Մաղաքյան 

... դու կգնաս...


Եվ հետո դու կգնաս, չլինելու նման սովորական կլինի լինելդ...եվ դու կգնաս... Եվ ոտնաձայները չեն լսվի անձրևի տակ... եվ ընդհանրապես... քո ձայնի հետ ես ավելի եմ մոտենում անդարձ կորածին ու դա ցավեցնում է... չնվնվանք... ամեն ինչ գեղեցիկ է եղել... և լավ է, որ ընկերաբար չես բռնում ձեռքս հրաժեշտից առաջ... և սիրով չէ, և ոչ սիրահարված, այլ սիրելով... որովհետև կավի նման, որքան այրվեց, այնքան ավելի կարծրացավ մեր ձեռքերում խմորված սափորը... և մի օր այն հավեսով ասֆալտի վրա ջարդուփշուր անելու փոխարեն մենք խնամքով ու թաքուն պահում ենք... ում կամ ինչի համար... մենք գրում ենք, որ ապրենք հետո, ուրեմն արի բարին գրենք միայն... ես պատասխաններ չունեմ...առհասարակ չունեմ ոչինչ քեզ տալու...ես այդքան չունեի, այդ մեծը չէի ես... կներես, որ համառ չէի, որ մեծահոգի էի բոլոր քեզ սիրողների հանդեպ... ինչ եղել է, կամ կա սափորի մեջ փնտրիր, բայց էլի ժամանակավոր կիսատ-պռատ քո հուշերի համար վեր չհանես փոշին, որը հեղեղները վաղուց մաքրել են քաղաքիդ մայթերից... և մեզ էլ են մաքրել բոլոր այգիներից, տանիքներից ու փողոցներից, որտեղ դու վախենալով, թաքուն ուզում էիր բռնել ձեռքս... մենք էլ չկանք ոչ մի տեղ... կան հայացքներ, որոնք միայն ես և դու ենք հասկանում, կան բառեր, որոնց վրա միայն ես և դու ենք ծիծաղում ու կան վայրեր, որտեղ միայն մենք ենք եղել...բայց մենք էլ չկան ոչ մի տեղ... չնվնվանք... ամեն ինչ գեղեցիկ է եղել... դու կգնաս...ու չես զգա, թե ինչպես էր փշաքաղվել իմ շիֆոնե բլուզը... ինչպես մի վայրկյանում անհետացավ անհոգ անկարգությունն աչքերիցս... դու կգնաս... ինչպես ամեն անգամ... ուղղակի այսօր այդ ես քեզ բաց թողեցի...

Անի Մաղաքյան

суббота, 23 мая 2015 г.

.... կներես...


Կներես, որ այն աղջիկը չեմ էլ բարակիրան ու ծիծաղկոտ…
Որ մեկ ձեռքդ էլ չի օղակում մեջքս…
Որ քաղաքը մեզ լավ ծանոթ հոգնեցնում է արդեն ոտքերս…
Որ նեղվում եմ արդեն աղմուկից…
Կներես, որ չեմ ասում խոսքեր դատարկությամբ թեթև…
Որ լռում եմ ավելի շատ…
Որ խմում եմ նանայով թեյ և չեմ հարբում առաջինից…
Կներես, որ այն աղջիկը չեմ էլ՝ երկարածամ …
Որ չեմ լցվում քեզնով և ցնցվում եմ դատարկությամբ…
Ոչինչ էլ չի զնգում իմ սրտի մեջ…
Կներես, որ չի լցվում…

Անի Մաղաքյան


понедельник, 11 мая 2015 г.

Քո հավատով լցվեմ...


Այն ամենի համար, ինչ չեմ ապրել,
Այն ամենի համար, ինչ չտեսա,
Եվ ամենքի համար, որ չդարձա ընկեր
Եվ ամենքի համար ես թշնամի եղա
Այս ամենի համար դու կաղոթես մի օր
Եվ կթողնես վերև իմ մեղքերը բոլոր...
Այն օրերի համար, որ քեզ չտվեցի
Այն կարոտի համար, որ վերցրեցի ագահ
Եվ հրաշքից հեռու քեզ պահելու համար
Եվ անկումին մոտիկ քեզ թողնելու համար
Դու կաղոթես մի օր...
Եվ կթողնես անհոգ իմ սերերը բոլոր...
Այն մտքերի համար, որ ես չգրեցի,
Այն տողերի համար, որ այրեցի համառ
Եվ ասվածի համար և չասվածի
Դու կաղոթես մի օր...
Ու ես կհեռանամ նույն քայլերով հանդարտ,
Որ դու բաց չթողնես ոչ մի հայացք ինձնից,
Որ ես գլխից գլուխ լցվեմ քո ներումով...
Քո հավատով լցվեմ ...


Անի Մաղաքյան

воскресенье, 10 мая 2015 г.

Ոչինչ ես չեմ կորցնի...



Չէ, Դու չես հասկանում, թե ինչպես են մաշկի տակից հանում մի ամբոջ կյանք ու նվիրում անորոշությանը... Պարզը միապաղաղ է, անորոշության մեջ անակնկալ կա, սպասում, հույս... Դու չես հասկանում, թե որքան բարդ է անկեղծությունը, երբ էլ բռնվելու տեղ չկա, երբ արդեն թռչում ես... Ոչինչ ես չեմ կորցնի՝ օրը, սպասումը... Դու տարածվում ես ինձանում մառախուղի նման և երբ դու կաս, ոչինչ այլևս չի երևում, երբ ցրվում ես տարածության մեջ, բացվում է հին տեսարանը՝ միօրինակ և ես չգիտեմ, որն է ավելի լավ...չէ, դու չգիտես որքան դժվար է անկեղծանալը, երբ ամեն բառդ մեղք է, երբ հեռանում ես սկզբունքներիցդ, երբ փոխվում ես ընդմիշտ... դու չգիտես, թե ինչպես եմ ես ողջ մեղքը իմ մուսերին տանում, ինչպես եմ մենակ մնում ամեն անգամ քո գնալու հետո... դու ինչ-որ տեղ գարեջուր ես խմում ընկերներիդ հետ, զրուցում ապագայից, ֆուտբոլից, մեքենաներից, ես գուշակում եմ միայն քո մտքերը, երկատվում եմ ու շփվում ինքս ինձ հետ, խոսում, ապագայից, ֆիլմերից, կյանքից, որը երբեք չեմ ունենա... Դու չես հասկանում, որ չասված բառերը ծանրանում են ու ցած քաշում, մտքերդ էլ բաց չեն թողնում... մեղք չգործած, բայց կործանման կողքին հնազանդ քայլող ոտնաձայնը կխլանա հենց այն պահին, երբ չասվածը հատ-հատ խաղաքարտերի նման դրվի սեղանին...  

Անի Մաղաքյան

вторник, 14 октября 2014 г.

Ծանոթ

Այս քաղաքը շատ է ծանոթ ինձ,
Այն ճնշում է ինձ կիսաչոր գինու նման,
Որ ես էի գնել քեզ համար...
Դու շատ ես ծանոթ ինձ,
Ես դիմում եմ քեզ սիրո բոլոր անուններով,
Ես հարբում եմ քո համար, առանց քեզ
Այս քաղաքի ձմեռ-մայթերում...
Ձմեռ-մայթերում գետինը մտնենք հազար անգամ ...
Հազար անգամ թուղթուգիր անենք իրար...
Իրար չտեսնելու չափ հպվենք աչքերով
Սիրենք իրար չհպվելու չափ...
Չհպվենք իրար...
Ես քո օրերը հաշվեմ անտարբեր
Դու իմ օրերը դնես նժարին
Ոչինչ չթողնենք ուրիշին նվեր
Ես քեզ չեմ տա քեզ, դու չես թողնի ինձ...
Գրողը տանի՞, թե՞ ինձ մոտ պահեմ
Ինձ այսքան ճնշող կիսաչոր գինին...
Այս քաղաքում աշունը երբեք օտար չէ
Քո հիվանդ մտքերի նման
Ես թաքնվում եմ քո մեջ, որ չգտնես ինձ,
Չտեսնես ինձ լացելիս
Կամ կոտրված
Կամ ըմբոստ…
Ես քամում եմ վերջին կաթիլները կարմիր…
Գիշերվա մեջ այսքան հարբած ժամեր չկան
Բայց քո ձայնից դողում են իմ բառերը,
Որովհետև, գիտես, կարևոր ես այդքան…
Այդքան անկարևոր ուրիշներին մոտիկ
Քեզ այդքան չսազող օտար կնոջ կողքին
Դու, գետինը մտնես, չե՞ս կարող գտնել
Քեզ ինձ հետ կապող միակ քաղաքը հին…
Այն քաղաքը, որը շատ է ճնշում
Կիսաչոր կարմիր գինու նման …

Անի Մաղաքյան

пятница, 5 сентября 2014 г.

Իսկական լոռեցու նման...

Վրույր Հարությունյան
Զրուցեց Անի Մաղաքյանը


Ծնվել է 1949թ.-ին Կիրովականում (այժմ Վանաձոր): Սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում` Քեսայանցի արվեստանոցում: Աշխատել է նաև Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական թատրոնում: 2003թ.-ից ընկերների հետ հիմնել է Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը: Աշխատում է Վանաձորի Հ. Աբելյանի Անվան պետական դրամատիկական թատրոնում`որպես բեմի վրպետ-դերասան:
Կերտել է շուրջ հիսուն թատերական դեր: Նկարահանվել է «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Ղարաբաղյան անավարտ օրագիր», «Մի վախեցիր», «Ծովահենների կայսրությունը», «Ընդհատված մանկություն», «Պարացելիուսի վարդը» և մի շարք այլ ֆիլմերում: 2008թ.-ին «Թատերական Լոռի» փառատոնում արժանացել է մրցանակի` լավագույն տղամարդու դերակատարման համար:

Ա.Մ. Ե՞րբ կայացրեցիք դերասան դառնալու որոշումը:

Վ.Հ. Մայրս ինձ շատ էր թատրոն տանում,  6-7 տարեկանից ես թատրոն էի գնում: Սովետի ժամանակ փորձում էին անխտիր բոլորին մոտեցնել թատրոնին: Տոմսեր էին վաճառում գրեթե բոլոր հիմնարկներում, անգամ ինչ-որ տեղ պարտադրաբար: Մայրս թատրոն շատ էր սիրում: Փոքր էի, չէին թույլատրում դահլիճ մտնել, բայց մայրս խնդրում էր, ասում էր`պահող չկա երեխային թույլ տվեք գա, լուռ կնստի և իհարկե թույլ էին տալիս: Թատրոնի հանդեպ սերս այդ օրերից է հավանաբար գալիս, որովհետև շատ տպավորիչ էր վարագույրի բացվելը, դեկորացիաները:

Ա.Մ. Հետաքրքիր մանկություն ե    ք ունեցել...

Վ.Հ. Չեմ ասի`շատ ծանր մանկություն եմ ունեցել, բայց ոչ այնքան ապահով, հարթ չի եղել, անընդհատ կապված եմ եղել մորս հետ և նա ինձ տվեց թատրոնի զարմանահրաշ, հեքիաթային աշխարհին մոտենալու հնարավորությունը:

Ա.Մ. Ո՞ր ներկայացումն է ամենից շատ տպավորվել:

Վ.Հ. Հիսունականներն էին, բեմադրվում էին և կոմեդիաներ, և դրամաներ, վերջիններն ավելի շատ և նայում էի, թե ինչպես է մայրս արտասվում ներկայացման ժամանակ: «Ռուզան» էին խաղում, ժողովրդական դերասանուհի Լենա Փաշինյանն էր գլխավոր դերում և երբ հնչում էր `«Ռուզան, ետ դարձիր`հրամայում է հայրիկը» և Ռուզանը ոգեշունչ պատասխանում էր` «Բայց կանչում է Հայրենիքը», այդ խոսքերի հետ դահլիճը ոտքի էր կանգնում, բարձր ծափահարություններ և ես տեսնում էի, թե ինչպես է մայրս լաց լինում...


Ա.Մ. Ո՞րը եղավ դեպի թատրոն ձեր առաջին քայլը

Վ.Հ. Դպրոցական էի, իմացա, որ ուսուցչի տանը թատերախումբ է գործում, ծանոթ տղաներ կային, որ հաճախում էին, որոշեցի գնալ, այդպես էլ սկսեց ամեն ինչ: Թեև այդ տարիների ընկերներով գնում էինք «կինո», այնքան հետաքրքիր ֆիլմեր էին ցուցադրում հետախույզների մասին, և մենք որոշել էինք, որ հետախույզների դպրոց պետք է գնանք: Հետո հասկացա, որ հետախույզի և դերասանի մասնագիտությունների մեջ տարբերությունը շատ քիչ է:

Ա.Մ. Գիտեմ, որ երիտասարդ տարիներին աշխատել եք Արտաշատի թատրոնում, ինչու՞ հենց այնտեղ

Վ.Հ. Երևանում էի ապրում, արդեն ամուսնացել էի և աշխատանք էր պետք, որը Երևանին հնարավորինս մոտ կլիներ, բայց այդ տարիներին շատ էինք նեղվում,  ժողովուրդը թատրոն չէր գալիս, նեղվում էինք, թե ու՞մ համար ենք այսքան չարչարվում` փորձեր, ներկայացումներ: Այդ դժվար օրերին, երբ հաճախ նեղսրտած զրուցում էինք, ավագ գործընկերներիցս մեկն ասաց` «այ բալա էդ քացր թույնը, որ դու կուլ ես տվել, էլ փրկություն չունես... » և իհարկե նա ճիշտ էր...

Ա.Մ. Ասում եք, որ Արտաշատցիք թատրոն չէին գալիս, իսկ որտե՞ղ է հանդիսատեսը «ձեր սրտով»:

Վ.Հ.  Տավուշի, Թալինի հանդիսատեսը ... բայց իհարկե Լոռվա հանդիսատեսը եղել է հրաշալի բոլոր ժամանակներում: Սովետական կարգերի փլուզումից հետո եկավ վակումային շրջան, երկրաշարժ, պատերազմ, ժողովուրդը թատրոնի ժամանակն ու սիրտը չուներ, բայց միևնույն ժամանակ ապշելու բան էր, երբ «Ռուզան» բեմադրեցին, դարձյալ «Ռուզան», ժողովուրդը եկավ, դրա կարիքը կար, ժողովուրդը ոգեշնչման կարիք ուներ:

Ա.Մ. Ինչպես «Հին օրերի երգը» ֆիլմում`պատերազմի տարիներին մարդիկ «Քաջ Նազար էին բեմադրում»...

Վ.Հ. Այո, ճիշտ ես,  դա միշտ է եղել, ժողովրդին ստրեսից հանելու, ոգեշնչելու և ինչ-որ տեղ ամենօրյա հոգսերից ցրելու համար:

Ա.Մ. Որքան գիտեմ այդ դժվար տարիներին աշխատել եք նաև Ռուսաստանում

Վ.Հ.  Ռուսաստանի աշխատանքը կապ չուներ թատրոնի հետ: Երբ, տեսա, որ հնարավոր չէ Երևանում վարձով ապրել և ընտանիք պահել, որոշեցի «խոպան» գնալ: Այդ ժամանակ ուրիշ ելք չէր երևում և Անի ջան, կարծում եմ տղամարդու համար ամոթալի աշխատանք չկա, այն տղամարդը, որը ձեռքերին կոշտուկներ չունենա, ի՞նչ տղամարդ է: Այդպես վեց տարի գնացի-եկա: Հրաշալի մարդկանց հետ էի աշխատում` Հայաստանի տարբեր քաղաքներից, տարբեր մասնագիտության տեր տղաներ էին: Նրանցից շատ բան սովորեցի, բազմաթիվ հետաքրքիր ու յուրահատուկ կերպարներ գտա ի դեմս նրանց: Այդ տարիների փորձը ինձ որպես դերասան, շատ օգնեց, տարբեր մտածելակերպ, քաղաքական հայացք և ապրելակերպ ունեցող կերպարներ կերտելիս:

Ա.Մ. Դուք մոտ 50 դեր եք կերտել թատրոնում, դրանցից, ո՞րն է ձեզ ավելի հարազատ, որ դերն եք համարում իսկապես ձերը

Վ.Հ. Ցավոք չեղավ այդպես, իմ երազած դերերը ես այդպես էլ չխաղացի`դա չգրված օրենք է, հարցրեք ցանկացած դերասանի, հատկապես իմ սերնդակիցներին, նրանցից յուրաքանչյուրը կասի նույն բանը: Սովետական միության տարիներին մեծ մասամբ պարտադրված դերեր էին:

Ա.Մ. Այնուամենայնիվ ի՞նչ դեր կցանկանայիք խաղալ, որն այդպես էլ չեք խաղացել

Վ.Հ. Իմ ողջ կյանքի ընթացքում ես ինձ համարել եմ կոմեդիոն ժանրի դերասան, բայց մինչ օրս ես չխաղացի նման ոչ մի դեր: Չիրականացավ իմ երազանքը և կամաց դա մարեց իմ մեջ, խեղդվեց: Ես համակերպվեցի այդ մտքի հետ և դա իմ կորուստն եմ համարում: Հետագայում մեծ ցանկություն առաջացավ խաղալ Լիր արքա, ինչը նույնպես չհաջողեց: Անգամ, երբ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում  հատուկ հայտ ներկայացրեցի այդ դերը խաղալու համար, դարձյալ այն ինձ չտվեցին: Արդեն մի քանի անգամ այդ նույն խնդրին բախվելուց հետո, թատրոնի գեղարվեստական ղեկավարի հետ կոնֆլիկտ ունեցա: Դերասանի ուզածն ընդամենը դեր է, ուրիշ ոչինչ, և երբ դա էլ է մերժվում, հիասթափությունն անխուսափելի է: Բայց կարծում եմ կյանքում էլ ավելի կարևոր բաներ կան:

Ա.Մ.  ուստի, ի՞նչն է ձեզ համար կարևոր

Վ.Հ. Կարևորը լավ անուն թողնելն է, ես Վանաձորից 12 ուսանող եմ տվել Երևանի Թատերական ինստիտուտին: Պարապել եմ ցուրտ ստուդիաներում, բայց ոչ մի աշակերտ չի բացակայել և բոլորը հասել են իրենց նպատակին, ինձ համար կարևոր էր դա այն ժամանակ և հիմա: Իսկ ամենակարևորը` լավ մարդ մնալն է...

Ա.Մ. Ո՞րն է դերասանի առաջնային խնդիրը

Վ.Հ. Դերասանի գերխնդիրը միշտ լինելու է հանդիսատեսին ծառայելը`այդպես եղել է և այդպես կլինի: Մեր խնդիրն է նաև ճշմարիտ, գեղեցիկ արվեստ մատուցելը: Չեմ հիշում`որտեղ եմ կարդացել `արվեստը հոգու գեղեցիկի վերարտադրությունն է, սա լավագույն բնորոշումն է, և մեր խնդիրն է վերարտադրել գեղեցիկն ու ճշմարիտը, որը կա մեր մեջ:

Ա.Մ.  Բացի թատրոնի դերերը, նաև մի քանի ֆիլմերում եք նկարահանվել, ո՞րը կառանձնացնեք

Վ.Հ. Հայֆիլմում նկարահնվեցի «Որտեղ էիր, մարդ աստծո», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» հրաշալի ֆիլմերում, բայց Սովետական միության փլուզումից հետո դադար եղավ: Վերջին տարիներին մի քանի առաջարկներ ստացա նաև ռուս ռեժիսյորներից` այդ թվում ռեժիսյոր Նատալիա Վասիլենկոյի կողմից, ով իր դիպլոմային աշխատանքը որոշեց նկարահանել Հայաստանում: Նկարահանվում էր կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ`Բորխեսի «Պարացելիուսի վարդը» ստեղծագործության հիման վրա: Դերն ինձ հետաքրքրեց, հրաշալի խումբ էր հավաքվել, բոլորն իրենց գործը լավ գիտեին, պրոֆեսիոնալ թիմ էր, ինչն աշխատանքը ավելի հետաքրքիր և պատասխանատու էր դարձնում: Վերջին տարիների համար այս ֆիլմը կարող եմ վստահ առանձնացնել:


Ա.Մ. Ձեր մասնակցությամբ վերջին աշխատանքը, որին հետևել եմ «Մեր գյուղը» հեռուստասերիալն էր, գիտեմ, որ շատ է սիրվել ժողովրդի կողմից: Բազմաթիվ անգամ դրական կարծիքներ եմ լսել այդ աշխատանքի վերաբերյալ:

Վ.Հ. Նախ, պետք է ասեմ, որ ի տարբերություն թատրոնի, ես շատ շնորհակալ եմ և կինոյին, և հեռուստատեսությանը: Չապրելով մայրաքաղաքում`ես հնարավորություն եմ ստացել ներգրավվել տարբեր հեռուստանախագծերում, որոնցից վերջինը  «Մեր Գյուղը»  հեռուստաֆիլմն էր, ինչի համար չեմ կարող երախտագիտությունս չհայտնել ռեժիսյոր Ելենա Արշակյանին:

Ա.Մ. Հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալների մեծ մասը դժգոհությունների ալիք է բարձրացնում, բայց այս գործը, կարծես, արդարացրեց հեռուստադիտողի սպասումները:

Վ.Հ. Իսկապես, այսօր պարզապես ամոթ չկա, այդքան գրում են, քարկոծում, միևնույնն է: «Մեր գյուղը»  կարող եմ վստահ ասել`ստացված է: Երբ սկսեց ցուցադրվել հեռուստատեսությամբ, ինձ ամենուրեք կանգնեցնում էին, նկարվում կամ ստորագրություն էին խնդրում: Ինձ հակացուցված էր անգամ շուկա մտնել: Մարդիկ կանգնեցնում էին, հարցեր տալիս, կատակում: Եվ դա այնքան լավ է, հասկանում ես, որ քո արածը ճիշտ է: Մարդիկ անկեղծ սիրել էին ֆիլմի պարզ ու ազնիվ կերպարներին: Մենք բոլորս կարոտ ենք մնացել մի սիրո գեղեցիկ պատմության, մարդկային պարզ փոխհարաբերությունների: Ամենուրեք լարվածություն առաջացնող ֆիլմեր են ցուցադրվում,  դա է պատճառը, որ «Մեր գյուղը» ֆիլմը այդպիսի ջերմ ընդունելություն ստացավ:

Ա.Մ. Ֆիլմը նկարահանվել է Դսեղում, հասցրեցի՞ք շփվել գյուղացիների հետ:

Վ.Հ. Դսեղն ինձ համար Թումանյանական սրբագույն, գեղեցիկ մի վայր էր: Միշտ Թումանյանական օրերին գնում էինք թանգարան, «Ծովեր»: Այդքանով էր սահմանափակվում Դսեղի հետ իմ շփումը, բայց նկարահանման օրերին մարդկանց ջերմությունը, օգնելու պատրաստակամությունը ապշեցրեց ողջ նկարահաման խմբին: Գյուղացիք ամեն մեկն իր հերթին իր տուն էր հրավիրում `թարմ մածուն, տնական ձու ու անարատ մեղր հյուրասիրելու: Ֆիլմի ռեժսյորը`Ելենա Արշակյանը պատմում էր, որ ուրիշ ոչ մի տեղ նման հյուրընկալություն չի տեսել:

Ա.Մ. Ֆիլմում ձեր կերպարը իսկական լոռեցի էր`մի քիչ ըմբոստ, մի քիչ համառ ու մևնույն ժամանակ բարի, ճշմարտախոս:

Վ.Հ. Իմ կերպարը գյուղի հենարաններից մեկն է: Դե, դա էլ լոռեցու արյան մեջ է, այդ ըմբոստության, համառության ու բարության ընդհանրությունը: Այդպիսին են լոռեցիները, բայց սա դեռ այն չէ`կոտրված է լոռեցու սիրտը, ոգին: Մեծ հոգու ու սրտի տեր լոռեցիների մեծ մասը ցավոք երկրից դուրս են հիմա: Այդ ուրախ օրերում ցավով նկատում էինք, որ ամեն երրորդ տան դուռը փակ էր`կողպեքը կախված: Այգիները լքված, պոպոքն ու խնձորը թափված գետնին: Այդ սրբագույն հողում, արտագաղթի պայմաններում, ժողովուրդը դեռ կարողանում է իր ունեցածով ուրախանալ ու ոնց հարկն է, իսկական լոռեցու նման, հյուրընկալություն կազմակերպել:

Տպագրվել է TV Ալիք շաբաթաթերթում 


понедельник, 21 июля 2014 г.

Կակաչը...

Ես գիտեմ, որ դու կարոտել ես ինձ և հիմա այնքան դժվար է շնչել...բայց ինչ–որ մի տեղ ծաղկել է, քարոտ մի անապատում, կակաչը սևաչ և չգիտի, որ էլ իմը չես, երանի նրան... Անի Մաղաքյան 


четверг, 10 июля 2014 г.

ես քեզ չեմ հավատում...

Այն երեկո, երբ դու մահացար, ես ուրիշի մասին էտյուդ էի գրում...
Քեզ համար մեկ է, թե ինչ կլինի ինձ հետ երկրաշարժից հետո, երբ բոլորը ներում են միմյանց... երբ ջրհեղեղները խառնվում են ջրվեժներին, ոչինչ չի մնում կյանքից առավել... ես այսպես գունատ ու անտարբեր չեմ ծնվել, ես քո ցավերից էի գողանում քեզ ու տողեր քո մասին, որոնք դու երբեք չես կարդացել, որովհետև այնպես է պատահել, որ ինձ միշտ գողացել են իմ տողերի միջից, ինձ հանել են զոռով, դատարկել ինձանից քո գոյությունը... էսպես բարդ է եղել ամեն ինչ միշտ...  և երեկոն, երբ դու մահացար հիշվեց էտյուդով, որ քո մասին չէր... ես հիշում եմ քեզ ամեն մի ցնցման ժամանակ`նույնքան անգիտակցաբար, որքան երազում եմ տեսնում քեզ արդեն հազար գիշեր... և ամեն անգամ ես քեզ նույնն եմ ասում `չեմ հավատում քեզ...ասում եմ նույնքան վախեցած, որքան մտածում եմ արթուն ժամանակ... ես քեզ չեմ հավատում... նույնիսկ երազներիս մեջ...

 Անի Մաղաքյան

вторник, 10 июня 2014 г.

հարբած օր
















Օղին է բացել գաղտնապահ լեզուդ
Տես թե ինչեր ես սկսել խոսել
Անցած սերդ ես հիշել,
որ Հոսել ու այլ երկնքում անձրև է դարձել
Օղուց է այսօր արյունդ եռում
Կարմիր է դեմքդ ու անհրապույր
Դու ինձ քո վաղվա սիրուց ես պատմում
Եվ քո անցյալից ոչինչ չես հիշում…
Այդ օղին է քեզ շատախոս դարձնում
Չես կարող ոչինչ լեզվիդ տակ պահել
Բայց ինչ իմաստ կա լսել քեզ այսօր
Երբ երեկն ես դու արդեն մոռացել
-չէ, շատ խմեցի,- բողոքում ես դու
-ավելի լավ է տուն գնամ, քնեմ
Հետո կանգնում ես, ինձ ամուր գրկում
-կարոտել եմ քեզ, պետք է հանդիպել
Մեկ ուրիշ վայրում, օրում մեկ ուրիշ
Գուցե քեզ համար երգեր հորինեմ
Կպատմեմ կյանքիս ամեն մի մանրուք
Վաղը քաղաքում երկար կզբոսնենք…
Կարմիր է դեմքդ արդեն ոչ օղուց
Ինքդ էլ գիտես, որ անկեղծ էիր ավելորդ անգամ
Եվ հեռանում ենք դու հարբած օրդ մոռանալ տալու
Ես՝ հարբած ներկաս ոտքերիդ տակից փրկելու համար…


Անի Մաղաքյան  2008թ. մարտ       ինչ ասես, որ չես գտնի հայրական տանը :) 

և կյանքը ամբողջ ի՞նչ գրողիս էր…













Եթե քեզ ոչինչ թվաց մեց փոթորիկը իմ լուսաբացի,
 էլ ի՞նչ կարող եմ քեզ առաջարկել բացի սերս՝ միակը…
Երբ աշխարհները չեն հասկանում մեզ
 և նետվում ենք մենք ափը ոչնչի,
երբ այսքան անկեղծ խոսքերից հետո
անհնարին է դառնում հավատը,
 էլ ի՞նչ կարող եմ ես առաջարկել
 քո լռությունը կոտրելու համար…
եթե քեզ ոչինչ թվաց իմ հույսը
և ծիծղելի՝ կարոտն ու լույսը,
էլ ի՞նչ կարող եմ փոխել հիմա ես
քո այսքան երկար մենակությունը կիսելու համար…
Եթե քո ձայնը ես չլսեի անգամ տարին մեկ
Էլ ինչի՞ս էր պետք տարին՝ ամբողջը
և կյանքը ամբողջ ի՞նչ գրողիս էր…

Անի Մաղաքյան

среда, 25 сентября 2013 г.

նա ծնվեց , եկավ…


Աշխարհում արդեն կա մեկը,


ով կսիրի ինձ այնպես,


ինչպես ես մորս եմ սիրում՝


սա էր միակ միտքը,


երբ տեսա նրան առաջին անգամ…


հետո պետք է հասկանայի, որ


արդեն կա ՆԱ ում ես եմ սիրելու,


ինչպես մայրս է ինձ սիրում…

ՄԱՄ, ինձ դարձրու քո թևերի փետուրներից մեկը և տար բոլոր երկինքների վրայով, տար ինձ ծովերն ի վար, լեռներն ի վեր … ինձ համոզիր, որ չենթարկվեմ քամիների խուլ սուլոցին ու երևամ այգաբացի լույսերի մեջ, որ չկորչեմ մայրամուտի կարմիրներում… սովորեցրու, ՄԱՄ, չափոսոսել արթուն ապրած գիշերների և մեկ-մեկ էլ քնած օրվա, կորած օրվա վարձի համար… ՄԱՄ, ինձ դարձրու քո թևերի փետուրներից մեկը միայն և հեռացրու ինձ փորձանքից, ներիր պարտքս, սովորեցրու ներել մերձավորիս…
Ես դեռ այնքան երկար ճամփա ունեմ քեզ հետ, ՄԱՅՐԻԿ… ես կամ արդեն քո ամեն մի հայացքի մեջ, քո ափերում պառկած եմ դեռ՝ միմյանց գրկած մեր առաջին պահից ի վեր… Միայն, ՄԱՅՐԻԿ, քո թևերի մաքրության մեջ պահիր դու ինձ…Դու ինձ դարձրու քո թևերի փետուրներից մեկը, ՄԱՄ, ես կամրանամ, կպահեմ քեզ հողմերի դեմ պայքարելիս, երբ քո ճերմակ, փափուկ թևերն ի վար թափվեն հազար ճերմակ փետուր, ես կմնամ քեզ հետ, կօգնեմ, որ բարձրանաս նորից, ՄԱՄ, որ միասին ճախրենք նորից բոլոր ջրերն ի վար, լեռներն ի վեր, բոլոր երկինքների վրայով, բոլոր ցամաքներին ընդառաջ… Միայն թե, ՄԱՄ, ինձ դարձրու քո ճերմակ թևերի փետուրներից մեկը… միայն թե միշտ պարզած պահիր թևերդ … 

Ինձ վայր չնետես, չզատվես ինձանից… ախր ես միայն քեզ հետ եմ ճախրանքի մեջ, ՄԱՄ…

Անի Մաղաքյան   


вторник, 29 января 2013 г.

Այնտեղ ոչ ոք անցյալ չունի


Նրա կողքին աշխարհում ամեն ինչ կարելի էր մոռանալ…
Այգին մարդաշատ չէր երբեք… մենք քայլում էինք, նստում, էլի քայլում … երամները չվում էին այն երկիր, որտեղ երևի ոչ ոք անցյալ չունի, որովհետև այնտեղ միայն սեզոնային են մեկնում, հետո էլի վերադառնում են…
-Ինչ ես կարծում, ուր որ մեկնում են ծիծեռնակները, էնտեղ միշտ թռչուններ կան, թե բոլորը հետո վերադառնում են, ու էդ երկիրը մնում ա դատարկ…
-Չգիտեմ…երևի էնտեղ էլ բնիկ թռչուններ կան… չի կարող դատարկ մնալ երևի…
Հավատացի նրան… բայց վախը դեռ կար…վախը, որը դեռ չէր սկսել երազների տեսքով հիշեցնել իր մասին…
Ժամանակն անցնում էր… նորից վերադառնում նույն օրերին, երբ չվում են ծիծեռնակները, իսկ հեռվից, շատ հեռվից ես չէի կարողանում տարբերել դրանց ագռավներից…
Նորից այգին էր, նորից մենք էինք…
Երկինքը մուգ էր արդեն, երևի ուշ էր ժամը, չեմ հիշում: Հետո ավելի մգացավ. ծիծեռնակների երամը ծածկեց ամեն մի լուսավոր կետ, որ մնացել էր երկնքում: Ես ամուր գրկեցի նրան.
-Ի՞նչ եղավ
-Չթողնես, չթողնես, ամուր պահի, Տիկ, նայի սրանք իսկական չեն , ես վախենում եմ սրանցից…
-Իսկական են, ծիծեռնակներ են էլի…
-Չէ, նայի, սրանց փորիկները սպիտակ չեն մոխրագույն են, սրանք իսկական չեն, սուտ են…
Ու չէր կարող լինել իմ կյանքում ավելի վախով լի ու միաժամանակ ավելի պաշտպանված պահ…
-Պահիր ինձ թևերիդ տակ, իմ մեծ ու բարի ծիծեռնակ…
Ասացի ` առանց մտածելու…ծիծաղեց…
-Բալա, բայց ինչ փոքր ես … մեկ-մեկ էնպիսի բաներ կասես, որ հազիվ եմ ծիծաղս զսպում…
Բայց ես արդեն տեսել էի սև, լռիվ սև երկինքը…ես տեսել էի ծիծեռնակներին խառնված ագռավներին, տեսել էի անձրևի նման երկնքից թափվող վիրավոր ծիծեռնակներին ու աշնան չորացած տերևների հանդարտությամբ գետնին իջնող նրանց սև փետուրները … Ես տեսել էի դա մի անգամ երազում, իսկ հիմա ես կանգնած էի այդ սև անձրևի տակ մի մարդու հետ, ում պատրաստ էի պաշտպանել ամեն տեսակ չարիքից, ում համար առանց մտածելու կյաքս կտայի… բայց չէի կարողանում անել նրա համար ոչինչ. Նա ամուր գրկել էր ինձ, փակել հայացքս իր մարմնով ու ականջիս տակ երգում էր մեր երգը` անձրևը թափվում է երկնքից, երկու կատու տաքացնում են իրար տանիքի վրա, ես գնում եմ իմ սիրելիին անձրև նվիրեմ, ես տանում եմ իմ սիրելիի համար Փարիզի անձրևը մեղմ…
Նրա ձայնը ինձ տանում էր Փարիզ, որտեղ մենք դեռ պետք է ապրենք, նրա ձայնը հեռացնում էր ագռավների ու ծիծեռնակների աղմուկը , որքան բան էի ես պատրաստ անել նրա համար, երբ ինքը ոչինչ չէր ուզում ինձանից…
Ես արդեն հեռու էի բոլոր չարիքներից, ես նրա ձայնի հետ փարիզում էի, կամ այնտեղ, որտեղ ոչ ոք անցյալ չունի և չունի ապագա, որտեղ համտարած այսօր է…
Երկինքն այնքան սև էր, որ թվում էր, թե ահա, սա է աշխարհի վերջին րոպեն…հիմա կլինի պայթյուն, կլինի աղմուկ ու կվերանա աշխարհը և էլ ոչինչ չի զգա ոչ ոք…Եվ ես էլ չեմ զգա ինձ պաշտպանված ու չեմ զգա, թե որքան եմ սիրում նրան, … ես չեմ լսի էլ մեր երգը… Եվ ամեն ինչ կդառնա ծայրահեղ անգույն, թափանցիք…շուրջն ամեն ինչ կվերածվի տիեզերքի…
Ահա վախը…
Վախը, որ չեմ կարող անել ոչինչ նրան փրկելու համար… միայն թե տիեզերքում մի տեղ հնչի նրա ձայնը, երբ երգում է `ես տանում եմ իմ սիրելիի համար Փարիզի անձևը մեղմ, ես տանում եմ նրա համար հոգուս արևը ջերմ, որ ծիածան հայտնվի նրա ափերի մեջ…
…Եվ չի լինի էլ ծիածանը… ու ես կգոռամ նրա անունը տիեզեքով մեկ ` Տիիիգ~րաա~ն …Ու աշխարհի գոյության ամենավերջին պահին այն կարձագանքվի տիեզերքում, եվ քանի որ անսահման է տիեզերքն ուրեմն արձագանքն էլ պետք է ավարտ չունենա…եվ կհնչի հավերժի մեջ նրա անունը…
-Վերջ, էլ մի վախենա… ես հետդ եմ…
Ասաց նա ու աչքերս ծածկող մազափունջը մի կողմ տարավ…
-Լացել ես? Բայց ինչի ես Լացել…
-Որովհետև չէի կարողանում փրկել քեզ…
-Ինչից
-Ագռավներից…
-բալա, լավ էլի… ես ապահով եմ, եթե դու ապահով ես … երբ ես հասկանալու… հետո էլ էսպիսի պատերազմներ ագռավների ու ծիծեռնակների միջև միշտ էլ լինում են…
-ինչի…
-Դե մի տեղ գրած էր, թե ագռավները ծիծեռնակներ են տանում իրենց երամ…
-Հեքիաթների պես…սիրուն ծիծեռնակ արքայադստերը գողանում են չար ագռավները ու…
-Ու դարձավ սերիալ ոչ թե հեքիաթ…
-Ես համաձայն եմ, թող անվերջանալի սերիալ դառնա մերը… հեքիաթներ ես կհորինեմ լիքը հետո…
… հետո ես դեռ երկար էի հիշելու այն վայրկյանը, երբ ինձ թվաց թե աշխարհի վերջին րոպեն ենք ապրում, էդպես գրկած իրար, էդպես անվախ, հերոսաբար…

Անի Մաղաքյան