Այն երեկո, երբ դու մահացար,
ես ուրիշի մասին էտյուդ էի գրում...
Քեզ համար մեկ է, թե ինչ
կլինի ինձ հետ երկրաշարժից հետո, երբ բոլորը ներում են միմյանց... երբ ջրհեղեղները
խառնվում են ջրվեժներին, ոչինչ չի մնում կյանքից առավել... ես այսպես գունատ ու
անտարբեր չեմ ծնվել, ես քո ցավերից էի գողանում քեզ ու տողեր քո մասին, որոնք դու
երբեք չես կարդացել, որովհետև այնպես է պատահել, որ ինձ միշտ գողացել են իմ տողերի
միջից, ինձ հանել են զոռով, դատարկել ինձանից քո գոյությունը... էսպես բարդ է եղել
ամեն ինչ միշտ... և երեկոն, երբ դու
մահացար հիշվեց էտյուդով, որ քո մասին չէր... ես հիշում եմ քեզ ամեն մի ցնցման
ժամանակ`նույնքան անգիտակցաբար, որքան երազում եմ տեսնում քեզ արդեն հազար գիշեր...
և ամեն անգամ ես քեզ նույնն եմ ասում `չեմ հավատում քեզ...ասում եմ նույնքան
վախեցած, որքան մտածում եմ արթուն ժամանակ... ես քեզ չեմ հավատում... նույնիսկ
երազներիս մեջ...
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий