Ամռանը ես սովորաբար մեկնում եմ գյուղ կամ մի տեղ, որտեղ ինձ այնքան էլ չեն ճանաչում, որովհետև այդպես հանգիստն ավելի, այսպես ասած, հանգիստ է անցնում և , իհարկե, չէի կարող հրաժարվել ընկերուհիներիցս մեկի՝ իրենց գյուղ մեկնելու առաջարկից ։
Գյուղը փոքր էր։Այն տունը, որտեղ մենք մնում էինք շրջապատված էր մեծ այգով։Մեր հարևանները լավ մարդիկ էին, գյուղում հաց չէին վաճառում, և նրանք ամեն անգամ հաց թխելիս մեզ հաց էին տալիս կամ հրավիրում էին բոլորի հետ նստելու փռան կողքին և տաք հաց համտեսել պանրի կամ կարագի հետ։Մեր հարևաններց մեկի տղան նոր էր ամուսնացել։Տղան 26 տարեկան էր, իսկ կինը՝ 19։Նոր հարսը չէր զիջում սկեսրոջը հյուրասիրությամբ և բարեհամբույրությամբ։Մի անգամ, երբ նա տանը մենակ էր ինձ հրավիրեց մի քիչ զրուցելու։Զրույցը անսպասելիորեն շատ մտերմիկ ստացվեց ու անկեղծ։
-Դու ինչո՞վ ես զբաղվում, սովորու՞մ ես,- հարցրեց նա
-Հա սովորում եմ մեկ-մեկ գրում-մրում եմ, տպագրվում...
–Ես էլ էի ուզում սովորեմ, բայց դպրոցս ավարտեցի ու հայրս մահացավ, էլ չէի կարող քաղաք գալ, դե հասկանում ես էլի գումարի հարց էր...Դրանից հետո տատս ամեն օր գալիս էր, թե քեզ համար մարդ եմ գտել, ասես գնում էր հանդում ման գալիս, գտնում գալիս ինձ ասում։ Նրա վերջին ասածը ինձ ծիծաղելի թվաց, պատկերացրեցի, թե ինչպես է ծեր կինը փայտով հանդում մարդ ման գալիս։
-Քո ծիծաղն է գալիս, իմ՝ լացը...Ամեն անգամ մի բան հնարում էի, գլուխս ազատում, մայրս ձայն չէր հանում, հարս եկած օրից էլ ենթակա է եղել, ես էի միայն խոսում, տատս էլ ասում էր՝ լեզվիդ ես տալիս, սրանից լավ մարդ չես ճարի...Մի օր էլ եկավ, թե. –Մի տղա կա, քաղաքից նոր է եկել սովորում է, բժիշկ է, կուզե՞ս..
–Հա կուզեմ, քանի՞ս են ասում,-հեգնելով ասեցի ես, տատս զարմացավ, թե ի՞նչն են քանիս ասում։Ասացի .
_Դե էդ տղայի գինը քանի՞ս է, էնպես ես ասում՝ կուզե՞ս, ասես վարունգ է կամ ձմերուկ...
–Լեզվիդ ես անում, ասում եմ բժիշկ է, կենդանիների բժիշկ է, ի՞նչ են ասում, է՛...լավ կարևոր չէ, մեր գյուղական համայնքում էդ բժիշկներից չկան... Պատկերացնու՞մ ես, հենց այդպես էլ ասաց՝ գյուղական համայնքում,տատս, որի մայրը գյումրեցի էր, հայրը՝ իջևանցի, ամուսինը՝ լոռեցի, հանկարծ ասում է՝ գյուղական համայնքի բժիշկ, այդ պահին ուզում էի ծիծաղել, բայց լացս եկավ, էլ ուժ չունեի ինչ-որ բան ասելու, համաձայնվեցի, ու հիմա կին եմ դարձել։Հարսանիքից մի քանի օր հետո տատս մահացավ, օղորմի իրան, բայց շատ եմ մտածում, տեսնես հիմա գոհ է իմ բախտից...Տեսնու՞մ ես, տները, բաղը-բոստանը, կովը, խոզը, հավը...ամեն ինչից էլ գլուխ եմ հանում, բայց թե ի՛նչ էի ուզում, ի՛նչ ստացա... Վերջին խոսքերի հետ այնպես հոգոց հանեց ասես, ողջ պատմությունը բերանով դուրս եկավ։Ուզեցի մի ձևով մխիթարել, մի բանի հույս արթնացնել մեջը։ -Բայց ամուսինդ հիմա գումարի խնդիր չունի չէ՞, կարող ես գոնե հեռակայել որևէ համալսարանում, ամուսինդ կիրթ մարդ է երևում, կհասկանա, կօգնի... –Վայ, դրա կիրթ...լսիր, ի՞նչ ես կարծում կարող է մարդկային կիրթ լեզուն հասկանալ նա, ով փոքր հասակից կենդանիներով է հետաքրքրվել, ով նույնիսկ հասուն տարիքում նրանց հետ կապը չկորցնելու համար նման մասնագիտություն է ընտրել... –Բայց դա վատ մասնագիտություն չէ... –Հա վատը չէ, եթե բացի դրանից ուրիշ բաներ էլ նկատի, մի քանի ամիս առաջ մրսել էի,հազում էի, արգելեց գոմը մտնել, ասեց՝ կովերիս կվարակես, տո, տեր օրհնած, ես էի կարևոր, թե կովերը, ասեց ՝ գոմում գործ մի արա, բոստանը ջրիր...Էդպես, ոտքի վրա եմ տարել մրսածությունս...հիմա տեսնու՞մ ես, թե որքան կիրթ է ամուսինս... Նրան ասելու բան չգտա, նա էլ դա հասկացավ ու էլ չշարունակեց...2 օր անց մենք քաղաք էինք վերադառնում, առավոտյան սպասում էինք գյուղի ավտոբուսին, երբ վազելով մեզ հասավ նա ու մի տոպրակ լիքը միրգ տվեց.
–Սա վերցրու, երեկ եմ քաղել, կուտես ու ինձ կհիշես, մյուս տարի էլ համեցեք...
–Շնորհակալ եմ, անպայման կգանք,-ասացի ես, երբ արդեն մի ոտքով մեքենայի մեջ էի։Պատուհանից նրան էի նայում, երբ ավտոբուսն արդեն հեռանում էր, նա այնպես էր նայում մեր ետևից ասես իր երբեմնի երազանքները պահված էին այդ ավտոբուսի մեջ։ Քաղաքում արդեն մտածում էի, թե ինչն է մարդկանց այսքան ձգում դեպի մեծ քաղաքներ, դեպի քաղքացին, պարզապես լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք...Մտածեցի, որ եթե նա այդքան երազանքներ չունենար, գուցե հիմա երջանիկ լիներ իր ամուսնու հետ։Մեծ տատս ասում էր ամենքիս ճակատին մի բան է գրված, ինչ ուզում ես արա, դա է լինելու, ուրիշ ելք չկա, պետք է համակերպվես, բայց չի կարելի նստել ու սպասել, թե երբ է ճակատիդ գրվածը լինելու, ապրել է պետք, ապրել։
ԱՆԻ ՄԱՂԱՔՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий