Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком նվիրվում է. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком նվիրվում է. Показать все сообщения

пятница, 10 июля 2015 г.

Մեզ պարտվում է ժամանակը...

Ի՞նչ գրեմ քեզ համար, իմ սեր, երբ ամբողջ ապրածս է քոնը....
Երբ առավոտյան լույսից առաջ ես համբուրում ,
երբ չես թողնում միայնության մեջ խեղդվեն ձայներս,
արդեն այսքան տարի...
ի՞նչ գրեմ, երբ այդքան չես սիրում կարդալ,
հատկապես ինձ...
երբ այդքան երկրային ես ու իսկական...
պետք չեն քեզ իմ տողերը, սեր իմ..
ինչպիսի՞ն լինեմ քեզ համար....
չա՞ր լինեմ, կամակո՞ր, մե՞ծ, խոհե՞մ...
ինչպիսի՞ն լինեմ այսքան տարի հետո,
երբ հեռանալս ծիծաղելի մի սուտ է
և լինելս՝ ծիծաղելի ճշմարտություն...
 և դու այդքան սիրում ես մեր սուտն ու ճիշտը...
Ես թունդ չեմ... թունդ չեմ այնքան, որ հարբեցնեմ քեզ...
էլ թունդ չեմ սիրելիս...
ասում ես ՝ դժվար եմ...
ինձ հետ, ինչպես մեղվանոցում
խլանում են ձայները աշխարհի,
և մենք մնում ենք մեր փոքրիկ փեթակի մեջ...
արդեն այսքան տարի...  
Մեզ պարտվում է ժամանակը, տես...


11.07.15 Անի Մաղաքյան

воскресенье, 5 июля 2015 г.

...ընկերուհիս...


Այս քաղաքը մերն էր, ընկերուհիս...
Եվ մենք այն լքեցինք հերթով...
եվ այդպես հերթով կվերադառնանք...
Եվ կհատվենք այդպես ճանապարհներին...
Բայց ոչ երբեք այգում մեր...
Եվ չենք քայլի այնպես անհոգ ու անշտապ...
Երբ կան շտապելու տեղեր... երբ կանչում են մեզ...
Զանգում են մեզ... մեզ չեն թողնում լինել...
Ընկերուհիս, այս քաղաքը իմը չէ անքեզ...
Էլ իմը չէ...
Երբ վերադարձիս ճանապարհին անհանգիստ չես...
Եվ չես դիմավորում...
Եվ գալիս եմ ես տուն ու անիմաստ է զանգել ուրիշ քաղաք...
Զանգել, քեզ ու ասել, որ տանն եմ ես, որ սպասում եմ...
Իմաստ չկա, սպասել քեզ անսպասելի...
Այս քաղաքը էլ ի՞նչ է անքեզ...
Մենք էլ չունենք մեր քաղաքը, ընկերուհիս...
Արդեն հյուր ենք այստեղ...
Այս քաղաքը մերն էր, ընկերուհիս...
Եվ մենք այն լքեցինք հերթով...
Դու նայում էիր իմ պատուհանից...
Մայրամուտի ժամը մոտ էր լինում...
Եվ հիմա ես նորից հեռանալու պատճառ ունեմ...
Եվ չունեմ ես պատճառ մնալ այստեղ...
Դու մի ուրիշ քաղաք քեզնով կանես...
Ես մի ուրիշ աշխարհ կգրավեմ, ու ետ կգամ... ու չեմ մնա...
Թափառական ու անարմատ իմ օրերում, ընկերուհիս,
Դու կզանգես ու կկանչես ինձ խմելու...
Երբ կհարբենք, դու հեռախոսս կպահես...
Կծիծաղենք ու չենք հիշի, որ լքել ենք մեր քաղաքը, ընկերուհիս...
Մենք լքել ենք մեր քաղաքը...

...Եվ հետո քիչ-քիչ դեմքերը կօտարանան...

Անի Մաղաքյան

среда, 20 мая 2015 г.

Ծառը


Նուրբ վարդագույն էր ծառը...
Երևի ծաղկել էր վերջին անգամ,
Որքան ուժ ուներ գեղեցիկ էր ծաղկել...
Իմ ափերում գծերը շատացել են,
Դու չես կարող դրանք հարթել...
Երևի վերջին անգամ եմ ծերացել...
Քեզ հետ վերջին անգամ եմ հեռացել...
Քեզնով վերջին անգամ եմ կուրացել...

Բայց դու դեռ չես անցել...
Չես վերջանում և մնում է մեր մեջ
Պահն անհարմար,
ինչպես հանդիպում են հաշմանդամներ երկու
Ու հասկանում իրար այնքան հարմար նշաններով...
Ծառը նշաններ չուներ,
Միայն ծաղկել էր նուրբ վարդագույնով
Երևի վերջին անգամ էր ծաղկել,
Որքան ուժ ուներ գեղեցիկ էր ծաղկել...


 Անի Մաղաքյան

воскресенье, 10 мая 2015 г.

Ոչինչ ես չեմ կորցնի...



Չէ, Դու չես հասկանում, թե ինչպես են մաշկի տակից հանում մի ամբոջ կյանք ու նվիրում անորոշությանը... Պարզը միապաղաղ է, անորոշության մեջ անակնկալ կա, սպասում, հույս... Դու չես հասկանում, թե որքան բարդ է անկեղծությունը, երբ էլ բռնվելու տեղ չկա, երբ արդեն թռչում ես... Ոչինչ ես չեմ կորցնի՝ օրը, սպասումը... Դու տարածվում ես ինձանում մառախուղի նման և երբ դու կաս, ոչինչ այլևս չի երևում, երբ ցրվում ես տարածության մեջ, բացվում է հին տեսարանը՝ միօրինակ և ես չգիտեմ, որն է ավելի լավ...չէ, դու չգիտես որքան դժվար է անկեղծանալը, երբ ամեն բառդ մեղք է, երբ հեռանում ես սկզբունքներիցդ, երբ փոխվում ես ընդմիշտ... դու չգիտես, թե ինչպես եմ ես ողջ մեղքը իմ մուսերին տանում, ինչպես եմ մենակ մնում ամեն անգամ քո գնալու հետո... դու ինչ-որ տեղ գարեջուր ես խմում ընկերներիդ հետ, զրուցում ապագայից, ֆուտբոլից, մեքենաներից, ես գուշակում եմ միայն քո մտքերը, երկատվում եմ ու շփվում ինքս ինձ հետ, խոսում, ապագայից, ֆիլմերից, կյանքից, որը երբեք չեմ ունենա... Դու չես հասկանում, որ չասված բառերը ծանրանում են ու ցած քաշում, մտքերդ էլ բաց չեն թողնում... մեղք չգործած, բայց կործանման կողքին հնազանդ քայլող ոտնաձայնը կխլանա հենց այն պահին, երբ չասվածը հատ-հատ խաղաքարտերի նման դրվի սեղանին...  

Անի Մաղաքյան

понедельник, 20 апреля 2015 г.

Արի խոսենք....



































Լավ, լավ արի անցնենք այլ թեմայի...
Արի խոսենք բարձրակրունկների վրա գլորվող աղջիկներից,
Կամ առաջին անգամ ծխախոտ փորձած
Ու հազը հազիվ զսպած տղաներից...
Արի խոսենք այն մասին, թե ինչպես է
Ինչ-որ մեկը մի ողջ կյանք նախագծում
Եվ ինչպես է այդ հիմարին ամենը հաջողվում...
Չէ չխոսենք մեր օրերից, չսիրենք քաղաքը որտեղ ապրում ենք...
Չհիշենք վայրերը որտեղ եղել ենք,
Միասին մաշել ենք գետափները...
Արի խոսենք միայն, թե ինչպես դու չհամբուրեցիր,
Ինչպես ես ծիծաղեցի, ինչպես չխմեցինք, բայց հարբեցինք...
Արի  խոսենք, թե ինչպես են մեզ նման ջահելները,
Քայլում ամայի տեղերով...
Չեմ ուզում լսել, որ բաց թողիր, որ չհասկացա...
Արի նստենք հին ծառուղում ու դնենք բացակա
Բոլոր ապրումներին, որ չներկայացան...
Խոսենք, թե ինչպես են բոլորը խոսում լռությունից
Ու չեն լռում...
Խոսում մենակությունից, երբ մենակ չեն...
Պատմիր ինձ, թե որքան հաճելի է
ասել սիրում եմ նրան, ում իսկապես սիրում ես...
Եվ այն մասին ասա, որ յուրաքանչյուրն արժանի է իմանալ,
որ իրեն սիրում են կամ սիրել են ...
Պատմիր ինձ, որ սիրում ես շախմատ խաղալ,
Որ չես սիրում սենտիմենտալներին,
Չես սիրում աշխատանքդ...
Որ դժվար է տրվում հիմա տողը...
Պատմիր, թե ինչպես էր անձրևի տակ պատել դողը,
Երբ երկուսով էիք... (ես չէի երկրորդը)...
Արի խոսենք մոդայիկ բառերով՝
-ես ինքնամփոփ չեմ, ինտրովերտ եմ,
չեմ ձանձրանում ինքս ինձ հետ, բայց քեզ հետ եմ ուզում  մեռնել...
Էլի սենտիմ... լավ թողեցի...
Արի խոսենք մի օր հանկարծ սատկած քո շնից,
Թե ինչպես փախավ սիամական կատուն գյուղի ձեր մեծ տանից...
Բացատրիր, թե ինչու էին թաքցնում շանս մահն ինձանից...
Եվ թե ինչու թութակս թուղթ ուտելով ինքնասպան էր եղել,
Երևի, որ ազատվի ինձանից...
Դրանից հետո ես խուսափում եմ բոլոր կենդանիներից...
Խոսենք, թե ինչպես են զույգերը ետ գալիս մեղրամսից
Եվ նետվում կենցաղի մեջ և մոռանում դուրս գալ անգամ տանից՝
Զբոսնելու, երեկոներ զուր վատնելու ու թաքուն տեղ համբուրվելու համար...
-Կենցաղն ու հոգսերն են մեղավոր,- կասես երևի ինձ...
Չէ, չենք խոսում էլ դրանից...
Հիմա պատմիր, թե ինչպես են մարդիկ ապրում մենակ և լինում երջանիկ,
Եվ ինչու են ամուսնացած կանայք այսքան տրագիկ...
Արի խոսենք յուրահատուկ անուններից, թատրոնից, Դալիից,
Չէ, չենք խոսում այսօր մթության մեջ փայլող խաչից,
Այն կանգնեցրել են Թագավորանիստի գագաթին,
Որ երևում է իմ պատուհանից՝ դատաստանի օրը հիշեցնելով...
Պե՞տք է ասել արդյոք, որ ես էլ չեմ նայում պատուհանից...
Ես ուզում եմ խոսենք անկարևոր հիմար թեմաներից,
Ասենք՝ երեկ կայացած պատահական հանդիպումից,
կամ լվացքի փոշու թանկացումից...
...իմ մատների սառնությունից...ու քո արյան տաքությունից...
Չէ, չեմ ուզում խոսենք մեր մեջ եղած ֆիզիկայից,
Դառնալ մեկը նրանցից, ովքեր սեր են խոսում իրար
Ու չեն հոգնում իրենք իրենց պարզությունից...
Եվ դառնալ մատնությունից թույլ...
Եվ նախանձից դառնալ թույն...
Միայն չասես, որ հոտ է գալիս ինձանից արդեն պառավի,
Որ զզվում ես հոտից իմ օծանելիքի...
Արի խոսենք ամենահին թեմաներից,
Չխուսափենք շաբլոններից...
Էսէմէսով բաժանվենք իրարից...
Եվ այդպես էլ չանդրադառնանք
իմ մեջ ապրող սենտիմենտալ ռոմանտիկին
քո մեջ ապրող անուղղելի այդ ցինիկին...
Լավ...լավ... փոխենք թեման....
Պատկերացնենք, թե ինպես են ծերանում մեկ բարձի,
Ինչպես են դեռ տաք անկողնում պառկած
Մտածում տարբեր բաների մասին...
Պատմիր, թե ինչպես են տրվում գրած տողին
Հավատարիմ մնում միայն մեկի,
բայց դավաճանում իրենք իրենց...
Չեմ ուզում խոսենք ապագայից, խոսենք հետևանքից
Մտածեք անել, թե ոչ, գնալ թե ոչ, երգել, թե ուտել բարձրախոսը...
Չասենք չասվածը, չկարդանք թաքունը, իսկականը...
Արի վերադառնանք այն ամենին, ինչը խնամքով չենք մոռացել,
Ինչից միայն հիմա կադրեր են մնացել,
վերադառնանք ու մոռանանք միանգամից...
Վերդառնանք ես՝ կենցաղիս, դու՝ քո անտանելի գործին...
Լավ, լավ էլ չեմ անդրադառնում այս ամենին....
Անի Մաղաքյան