Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком բանաստեղծություններ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком բանաստեղծություններ. Показать все сообщения

четверг, 13 сентября 2018 г.

... թակարդ...


Քեզ սպասելը լարած թակարդ է…
Կյանքի ավարտ է, սրտի կանգառ
Եվ ժամանակը, արյան մակարդ է
Թանձր է ու լացը՝ կոկորդի ցավ…

Քեզ հավատալը երկնքում կայծ է
Հրդեհված անտառ, մոլեգնած ծով…
Ընկած մի աստղ է, հանգած, մարած է
Աչքերիս միջից գողացված շող…

Քեզ հետ խոսելը անդունդի եզր է
Անզգուշ քայլ է, ազատ անկում…
Տատրակի թևից պոկված փետուր է
Եվ իր երամից կտրված թռչուն…

Քո հրաժեշտը ընդհատված կանչ է
Ցամաքած կյանք է, անարև օր…
Անանձրև աշուն, անձմեռ ձյուն է
Երաշտից մեռած դաշտավայր է չոր….

Քեզ հասկանալը արյունոտ վերք է
Աղի նեղ հետք է վերքի վրա
Երկար պայքար է, վերջ…պարտություն է
Անկեղծանալու էլ հույս չկա…

Անի Մաղաքյան 

суббота, 1 апреля 2017 г.

Լինում է չի լինում քաղաքը...



Այս քաղաքում կարելի է մեռնել ձանձրույթից...
Այս քաղաքում ...որտեղ ոչինչ չի կատարվում... բացի անձրևը...
Լինում է չի լինում քաղաքը...
լինում է չի լինում իմ սեր...
Այստեղ կարելի է քայլել երկար և ոչ մի տեղ չհասնել...
Եվ շփոթել սերը...
Կարելի է ծխել և նայել պատուհանից...
Այս քաղաքում իմ սեր... միայն այս քաղաքում...
Լինում է չի լինում սերը...
Լինում է չի լինում իմ սեր...
Այստեղ կարելի է կարդալ աշխարհի բոլոր գրքերը...
Ահա այդ տեղը...և այդ գրքերը... վեպերը սիրո մասին...
Ամպի չափ քաղաք է... քաղաք է ամպի մեջ...
Այս խոտերը որ աճում են անձրևից...
և ծածկում ոտնատեղերը...
խուտուտ են տալիս ոտքիս թաթերը...
խոտածածկ  շավիղ է սեր իմ...
բոբիկ ու թաց մի շավիղ...
Այս քաղաքում կարելի է սիրահարվել ձանձրույթից...
Ոչինչ չանելու նման... սիրահարվել...
Պարապ մնալու նման....
Թեյ խմել...նայել պատուհանից...
Հիշել, թե ինչպիսին էր ամառն անցած... հագնվել տաք...
Լինում է չի լինում ամառը...
Սեր իմ...այս ամառը... չի լինում...
Այս քաղաքում, որն անտանելի մոտ է...
Այն մոտ է աշխարհի բոլոր քաղաքներին...
Բայց սարսափելի հեռու է քեզանից...
Աշխարհի չափ քաղաք է սեր իմ...
Աշխարհ է քաղաքի մեջ...

Անի Մաղաքյան

воскресенье, 4 октября 2015 г.

թափառող կարոտ...


Ինձ բավական է անունդ տեսնել
և շնչել օդը ծանոթ քաղաքի...
Մեր միջև Սողոմոն Իմաստուն է պետք,
քեզ՝ գուցե <<ոչինչ>>  մի աններելի...
Այս գիշեր նորից ամպրոպ էր, անձրև...
Աշնան նույն երգը հին ու ձանձրալի,
Մենք իրար այնքան հարազատ էինք,
Հիմա ոչինչ է կապը անցյալի...
Եվ երազներից տխուրն ամենա
Այն է, որում մենք երջանիկ էինք...
Ինձ բավական է անունդ տեսնել...
Եվ չլինել քեզ ոչ կին, ոչ ընկեր...
Իմանալ, որ կաս աշխարհում մի Տեղ,
Եվ այդ Տեղին միշտ անհաղորդ լինել,
Փոշոտ քաղաքի մայթերը չափել...
Հետևել սրտիս, դառնալ անծանոթ...
Տերևների մեջ թափառող կարոտ...


Անի Մաղաքյան 

вторник, 1 сентября 2015 г.

Դու ինձ տանում էիր....


Դու ինձ տանում էիր քո մեջքի վրա,
Մութը չէր թողել բացահայտ ոչինչ...
Օդ էր ծանրացել ուսերս ի վար,
Եվ ես ամոթից համրացել էի,
Քարքարոտ ճամփան թվում էր հրաշք,
Շավիղ էր սիրո խոստովանանքի,
Հոգնությամբ թեթև իջնում էին վար
Իմ համբույրները քո պարանոցին,
Ոտքս այդ օրը քարին չդիպավ,
(Տատս իմանար՝ կօրհներ քեզ անվերջ)
Դու ինձ տանում էիր քո մեջքի վրա
Եվ թաքուն պահում քո ափերի մեջ...
Դա օր էր միայն, հասարակ մի օր,
Ոչ ոք չէր կարող այն մեզնից վերցնել,
Մենք այն ինքներս ետ վերադարձրինք,
Ճակատագիրն էր մեզանից հոգնել...
Կրկնությամբ թեթև ու առանց ձևի
Դու բռնել էիր իմ ձեռքն օղակված,
Ես քեզ չսիրել կարող եմ հիմա,
Եվ քո խոսքերն են իմ ճամփին ընկած...

 Անի Մաղաքյան

понедельник, 3 августа 2015 г.

կիսալուսնոտ...

դու մեղմ սուլիր ես դուրս կգամ սիրելիս...
Ռ.Բյոռնս


Ես կգամ մի օր քեզ մոտ
Այսքան փախչելուց հետո...
Լինելու է այդ օրը,
երբ ես կգամ ինքս ...
Եվ թեև դու չես կանչի ինձ,
բայց սպասելիս կլինես...
Դու պարզապես կիմանաս, որ ես գալիս եմ...
գիտեմ, որ ոչինչ չի սպասվում մեզ...
և գիշերը կանցնի կիսալուսնոտ...
եվ կգնամ ես առավոտյան վաղ...
... ասես չեմ էլ եկել...
...կմրսեմ քեզանից հետո...
իսկ դու կարթնանաս՝ իմանալով, որ ես գալու եմ մի օր...

Անի Մաղաքյան


понедельник, 27 июля 2015 г.

....չես կարող...


Դու այդքան չես կարող ինձ սիրել
Պոկված են թռչելու թևերս...
Երկնքում թռչուններն են սառել
Կանգնած են անցնելու օրերս...

Վառվել են ծառերը անտառում
Ոչինչ է հիմա ներելս...
Ծովերն են սառույցից կարծրանում
Վազքի մեջ հոգնել են ժամերս...

Աղջիկ է ինձ նայում փողոցում
Տալիս եմ գրպանից կոնֆետս...
Եվ օդն է իմ մեղքից թանձրանում
Այսպես եմ ապրելու սերերս...

Չես կարող ուժով ինձ պահել
Այդքան է կտրում բազուկդ....
Ծաղկել են դաշտերում կակաչներ
Եվ հիմա բուրում է կարոտդ...

Անի Մաղաքյան 


суббота, 18 июля 2015 г.

...օր էր քեզ հետ...


Օր էր քեզ հետ...
Ալիքների ձայնով իմ օրերն են
շերտ-շերտ վերադառնում ...
լավ է ուրիշինը լինես ամբողջովին...
քան իմը լինես կիսով...
միակ կեսով քո անցյալի...
իմ անցյալը կիսող միակ կեսով...
կմասնատեն քեզ ամեն մեկն իր կեսի համար...
քիչ-քիչ... մաս-մաս կունենան քեզ իրենց կողքին...
հներն ու նորերը կխառնվեն իրար...
Ալիքների ձայնով իմ օրերն են վերադառնում...
Օր էր քեզ հետ... անինձ մի օր...
լավ է ուրիշինը եղիր ամբողջովին...

Անի Մաղաքյան

вторник, 14 июля 2015 г.

...ափին... (նամակներ Սևանից)


Ես քայլել եմ օրերի ալիքների մեջ
Եվ թողել եմ ավազին հետքերս...
Ալիքները մաքրել են ինձ ու քեզ
Եվ գինին, որ ափին թափվել էր...
Ափը գրկում է հետքերս...
Քայլերս բերում են հուշեր...
Ես քեզ եմ կապում մտքերս...
Ինձ հետ ես այսօր և այստեղ...
Նավերը մեկնում են առանց ինձ...
Թափվում է ավազին կարոտս...
Ինձ պետք չէ հեռանալ քո ափից...
Եվ հիմա մնալն էլ ամոթ է...

Անի Մաղաքյան

пятница, 10 июля 2015 г.

Մեզ պարտվում է ժամանակը...

Ի՞նչ գրեմ քեզ համար, իմ սեր, երբ ամբողջ ապրածս է քոնը....
Երբ առավոտյան լույսից առաջ ես համբուրում ,
երբ չես թողնում միայնության մեջ խեղդվեն ձայներս,
արդեն այսքան տարի...
ի՞նչ գրեմ, երբ այդքան չես սիրում կարդալ,
հատկապես ինձ...
երբ այդքան երկրային ես ու իսկական...
պետք չեն քեզ իմ տողերը, սեր իմ..
ինչպիսի՞ն լինեմ քեզ համար....
չա՞ր լինեմ, կամակո՞ր, մե՞ծ, խոհե՞մ...
ինչպիսի՞ն լինեմ այսքան տարի հետո,
երբ հեռանալս ծիծաղելի մի սուտ է
և լինելս՝ ծիծաղելի ճշմարտություն...
 և դու այդքան սիրում ես մեր սուտն ու ճիշտը...
Ես թունդ չեմ... թունդ չեմ այնքան, որ հարբեցնեմ քեզ...
էլ թունդ չեմ սիրելիս...
ասում ես ՝ դժվար եմ...
ինձ հետ, ինչպես մեղվանոցում
խլանում են ձայները աշխարհի,
և մենք մնում ենք մեր փոքրիկ փեթակի մեջ...
արդեն այսքան տարի...  
Մեզ պարտվում է ժամանակը, տես...


11.07.15 Անի Մաղաքյան

воскресенье, 5 июля 2015 г.

...ընկերուհիս...


Այս քաղաքը մերն էր, ընկերուհիս...
Եվ մենք այն լքեցինք հերթով...
եվ այդպես հերթով կվերադառնանք...
Եվ կհատվենք այդպես ճանապարհներին...
Բայց ոչ երբեք այգում մեր...
Եվ չենք քայլի այնպես անհոգ ու անշտապ...
Երբ կան շտապելու տեղեր... երբ կանչում են մեզ...
Զանգում են մեզ... մեզ չեն թողնում լինել...
Ընկերուհիս, այս քաղաքը իմը չէ անքեզ...
Էլ իմը չէ...
Երբ վերադարձիս ճանապարհին անհանգիստ չես...
Եվ չես դիմավորում...
Եվ գալիս եմ ես տուն ու անիմաստ է զանգել ուրիշ քաղաք...
Զանգել, քեզ ու ասել, որ տանն եմ ես, որ սպասում եմ...
Իմաստ չկա, սպասել քեզ անսպասելի...
Այս քաղաքը էլ ի՞նչ է անքեզ...
Մենք էլ չունենք մեր քաղաքը, ընկերուհիս...
Արդեն հյուր ենք այստեղ...
Այս քաղաքը մերն էր, ընկերուհիս...
Եվ մենք այն լքեցինք հերթով...
Դու նայում էիր իմ պատուհանից...
Մայրամուտի ժամը մոտ էր լինում...
Եվ հիմա ես նորից հեռանալու պատճառ ունեմ...
Եվ չունեմ ես պատճառ մնալ այստեղ...
Դու մի ուրիշ քաղաք քեզնով կանես...
Ես մի ուրիշ աշխարհ կգրավեմ, ու ետ կգամ... ու չեմ մնա...
Թափառական ու անարմատ իմ օրերում, ընկերուհիս,
Դու կզանգես ու կկանչես ինձ խմելու...
Երբ կհարբենք, դու հեռախոսս կպահես...
Կծիծաղենք ու չենք հիշի, որ լքել ենք մեր քաղաքը, ընկերուհիս...
Մենք լքել ենք մեր քաղաքը...

...Եվ հետո քիչ-քիչ դեմքերը կօտարանան...

Անի Մաղաքյան

пятница, 3 июля 2015 г.

Մոռացար խնայել ինձ մի քիչ...



Օրը անցել է անքեզ...արդեն անցել է...
Փողոցում մի մարդ ինձանից ճանապարհ հարցրեց,
Ես քո տան տեղը բացատրեցի...նա գնաց...
Ես ինքս ինձ ասացի ՝ լաց չլինես...
Դու նորից մոռացար...
Մոռացար խնայել ինձ մի քիչ...
Եվ հիմա ես շփոթվել եմ ցավից...
Կտրեցի մազերս, սիրելիս...
Քո այդքան սիրելի, երկար...
Դու դրանք էլ երբեք չես շոյի,
բայց չես էլ նեղանա, որ չկան...
Ես այնպես էի ուզում գրկել քեզ...
Այն օրը մռայլ, անձրևոտ, գալ քեզ մոտ...
Անտեսել մայթերի փոշին...
Մոռանալ ցույցերի մասին...
Մոռանալ վարդերն անճաշակ, դեղին...
Հիմա, քեզ տեսնելիս մտովի կապում եմ թևերս...
Թռչելու համար են դրանք... թե բացեմ, էլ բռնել չի լինի...
Կարճամազ եմ հիմա, սիրելիս...
Փետուրների նման թափվում են մազերս...
Աչքերիս մեջ առավոտներ են թաց...
Լվա ձեռքերդ թարթիչներիս ցողով...
Ես այն ծառի նման օրորվում եմ...
Եվ այն կակաչի պես՝ պոկած թերթիկներով...

Անի Մաղաքյան



четверг, 4 июня 2015 г.

....անորոշ....


ես քեզ չեմ ապտակի ճշմարտությամբ...
անթև ու անտուն է հասցեն քո հույսերի
ես կժպտամ նորից անհոգ թեթևությամբ
Որ մտածես՝ երջանիկ է երևի...
Չկասկածես անգամ, որ ցավ էր բաժանումը
Չհավատաս երբեք, որ կարող եմ լացել
Ես քեզ միշտ կժպտամ, այդպիսին եմ դարձել...

Անի Մաղաքյան

воскресенье, 24 мая 2015 г.

Գարուն էր, մայիսն էր ...


Գարուն էր, մայիսն էր ...
Եվ հարբած մայթերին
 շրթհարմոն էր նվագում ծերունին...
Արևը ընկել էր շուրթերիս...
Դու՝ շողի ետևից ընկած...
Չէր զիջում գարունը, չէր խնայում...
Արևը մազերիս էր ընկել...
Քո ձեռքերն՝ արևի ետևից...
Նեղանում էիր աչքերիս ընկած,
Աչքերս ծածկած մազերից...
Արի՝ ասում էր վերհուշը,
կպատմեմ հեքիաթ այն մասին,
Թե ինչպես էր արևը աչքերիդ
Ինչպես էր քեզ սիրում այդ պահից
Մի աղջիկ...
Արևը եղնիկ էր վախեցած
Փախչում էր որսորդի ձեռքերից...
Գարուն էր, մայիսն էր ...
Եվ հարբած մայթերին
 շրթհարմոն էր նվագում ծերունին...

Անի Մաղաքյան