Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком բաժանում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком բաժանում. Показать все сообщения

суббота, 1 апреля 2017 г.

Լինում է չի լինում քաղաքը...



Այս քաղաքում կարելի է մեռնել ձանձրույթից...
Այս քաղաքում ...որտեղ ոչինչ չի կատարվում... բացի անձրևը...
Լինում է չի լինում քաղաքը...
լինում է չի լինում իմ սեր...
Այստեղ կարելի է քայլել երկար և ոչ մի տեղ չհասնել...
Եվ շփոթել սերը...
Կարելի է ծխել և նայել պատուհանից...
Այս քաղաքում իմ սեր... միայն այս քաղաքում...
Լինում է չի լինում սերը...
Լինում է չի լինում իմ սեր...
Այստեղ կարելի է կարդալ աշխարհի բոլոր գրքերը...
Ահա այդ տեղը...և այդ գրքերը... վեպերը սիրո մասին...
Ամպի չափ քաղաք է... քաղաք է ամպի մեջ...
Այս խոտերը որ աճում են անձրևից...
և ծածկում ոտնատեղերը...
խուտուտ են տալիս ոտքիս թաթերը...
խոտածածկ  շավիղ է սեր իմ...
բոբիկ ու թաց մի շավիղ...
Այս քաղաքում կարելի է սիրահարվել ձանձրույթից...
Ոչինչ չանելու նման... սիրահարվել...
Պարապ մնալու նման....
Թեյ խմել...նայել պատուհանից...
Հիշել, թե ինչպիսին էր ամառն անցած... հագնվել տաք...
Լինում է չի լինում ամառը...
Սեր իմ...այս ամառը... չի լինում...
Այս քաղաքում, որն անտանելի մոտ է...
Այն մոտ է աշխարհի բոլոր քաղաքներին...
Բայց սարսափելի հեռու է քեզանից...
Աշխարհի չափ քաղաք է սեր իմ...
Աշխարհ է քաղաքի մեջ...

Անի Մաղաքյան

пятница, 12 июня 2015 г.

... եթե իմն են օրերդ...



Ես չգիտեմ ինչ գրեմ քեզ, ինչը կարող է արդարացնել տեղ-տեղ հնչած լռությունս... ես չգիտեմ, որքան պետք է դեռ մենք կրկնենք ինքներս մեզ...և մարդ չի հասկանում երջանկացնել է պետք, թե երջանիկ լինել...
Ես չգիտեմ ինչն է այդպես միշտ խանգարել մեզ, ինչից է, որ իրար հետ այսքան բարդ ենք, այսքան լուռ ենք... դա՞ է սերը...սե՞րն է դա ... ես փողոց եմ եղել և դու քայլել ես, ես  եղել եմ այգի և դու զովացել ես իմ ստվերում... ես ծաղկաթափ ծառ եմ հիմա... ինչ կարող էի, ինչը չես գնի հիմա ոչնչով, ես տվել եմ քեզ`ազնվությունս, անմեղությունս և շուրթերիս ծալքերում պահված համբույրն առաջին... դու տվեցիր ինձ, ում հասցրեցիր... ես նվեր էի առանց ժապավեն...
Թող ինձ... պոկիր ինձ ինձանից, պոկիր իմ ներկայից այսքան ցավոտ... մի ցավեցրու նորից... մի լինի այդպես ու այդքան շատ, երբ բացակա ես միշտ... թող ինձ տրվի երջանկությունս առանց պայքար, առանց կոտրելու մեջքս հերթական անգամ...մի փակիր փոքր ճանապարհներս, ես չեմ կարող մնալ կանգնած...ես կգնամ շատ լուռ, երբ այլևս քո կողքի հպարտն ու ազնիվը չկարողանամ լինել, մի փակիր ճանապարհներս փոքր...
Այնպես, ինչպես երկինքն է սևանում մի վայրկյանում՝ պարզ ու արևոտ օրը դարձնելով ամպոտ, ծերանում են մարդիկ ու չեն հասցնում հարմարվել դրա հետ:Ես ուզում եմ սիրել իմ ծերությունը մի օր, սիրել օրերը բուխարու կողքին, բռնած քո ձեռքը... դու ուզու՞մ ես նույնը... դու պատրա՞ստ ես սիրել ինձ հիվանդ, թե առողջ, աղքատության, թե հարստության մեջ...

Ես գիրք եմ հիմա՝ վերջին էջերը պոկած՝ կարդալն իմաստ չունի, բայց դու իմացել ես, որ իմ մեջ, մի տեղ երկխոսություն կա ինչ-որ իմաստուն, կամ սիրուն-միրուն, ու դու կարդում ես՝ ավարտի մասին չմտածելով... թող ինձ... եթե կարող ես... թե էլի մեկ է...եթե չես կարող նորոգել խարխուլ հիմքերս... բացիր ամուր փակած ձեռքերդ, եթե կարող ես, և ես կթռչեմ դրանց միջից, եթե կարող եմ... եթե իմն են օրերդ և մտքերդ բոլոր... եթե իմն են օրերդ... 

Անի Մաղաքյան

вторник, 9 июня 2015 г.

էտյուդ...2010 թ.


Անքուն երազ մնաց մեր արանքում մի հատ…
Մի հատ արև մնաց ու այգիներ բազում:
Ո՞վ էր, ասա , մեր ձեռքերում քնած, ու՞մ արևն է մարել մեր ձեռքերում:
Մեր միջև անքուն կարոտ մնաց մի հատ, մի հատ ամպրոպ մնաց, մի  իրիկուն:
Ես չդրաձա երբեք կորուստ անվերադարձ, ու չուզեցի  լինել հավերժ կողքիդ:
Գտել եմ ես քեզ ուրիշ գրկում տաքուկ հիմա ու չեմ ուզում մնաս առանց նրա սրտի:
Անքուն երազ մնաց մեր արանքում միայն, մի հատ արև մնաց ու մի կիսատ կորուստ…
Եվ ինչու՞ է հիմա կյանքը լռել, ու ինչու՞ է այսպես կապվել ուղիս, երբ դու քո ձեռքերով նոր ուղի ես հարթել ու գնում ես առանց հին մեղքերիս…
Քո աչքերի համար էլ սուտ կարոտ չկա ու չմնաց անգամ անկեղծ բառը վերջին, քանզի վերջ չմնաց ու ավարտներ չկան մեր անընդհատ իրեն կրկնող բախտին…
Անքուն երազ մնաց մեր արանքում մի հատ, մի հատ արև մնաց ու անավարտ կորուստ, դու չուզեցիր լինել իմ կորուստն հերթական, բայց չուզեցիր լինել հավերժ կողքիս…

Անի Մաղաքյան