Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком քաղաք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком քաղաք. Показать все сообщения

суббота, 1 апреля 2017 г.

Լինում է չի լինում քաղաքը...



Այս քաղաքում կարելի է մեռնել ձանձրույթից...
Այս քաղաքում ...որտեղ ոչինչ չի կատարվում... բացի անձրևը...
Լինում է չի լինում քաղաքը...
լինում է չի լինում իմ սեր...
Այստեղ կարելի է քայլել երկար և ոչ մի տեղ չհասնել...
Եվ շփոթել սերը...
Կարելի է ծխել և նայել պատուհանից...
Այս քաղաքում իմ սեր... միայն այս քաղաքում...
Լինում է չի լինում սերը...
Լինում է չի լինում իմ սեր...
Այստեղ կարելի է կարդալ աշխարհի բոլոր գրքերը...
Ահա այդ տեղը...և այդ գրքերը... վեպերը սիրո մասին...
Ամպի չափ քաղաք է... քաղաք է ամպի մեջ...
Այս խոտերը որ աճում են անձրևից...
և ծածկում ոտնատեղերը...
խուտուտ են տալիս ոտքիս թաթերը...
խոտածածկ  շավիղ է սեր իմ...
բոբիկ ու թաց մի շավիղ...
Այս քաղաքում կարելի է սիրահարվել ձանձրույթից...
Ոչինչ չանելու նման... սիրահարվել...
Պարապ մնալու նման....
Թեյ խմել...նայել պատուհանից...
Հիշել, թե ինչպիսին էր ամառն անցած... հագնվել տաք...
Լինում է չի լինում ամառը...
Սեր իմ...այս ամառը... չի լինում...
Այս քաղաքում, որն անտանելի մոտ է...
Այն մոտ է աշխարհի բոլոր քաղաքներին...
Բայց սարսափելի հեռու է քեզանից...
Աշխարհի չափ քաղաք է սեր իմ...
Աշխարհ է քաղաքի մեջ...

Անի Մաղաքյան

воскресенье, 4 октября 2015 г.

թափառող կարոտ...


Ինձ բավական է անունդ տեսնել
և շնչել օդը ծանոթ քաղաքի...
Մեր միջև Սողոմոն Իմաստուն է պետք,
քեզ՝ գուցե <<ոչինչ>>  մի աններելի...
Այս գիշեր նորից ամպրոպ էր, անձրև...
Աշնան նույն երգը հին ու ձանձրալի,
Մենք իրար այնքան հարազատ էինք,
Հիմա ոչինչ է կապը անցյալի...
Եվ երազներից տխուրն ամենա
Այն է, որում մենք երջանիկ էինք...
Ինձ բավական է անունդ տեսնել...
Եվ չլինել քեզ ոչ կին, ոչ ընկեր...
Իմանալ, որ կաս աշխարհում մի Տեղ,
Եվ այդ Տեղին միշտ անհաղորդ լինել,
Փոշոտ քաղաքի մայթերը չափել...
Հետևել սրտիս, դառնալ անծանոթ...
Տերևների մեջ թափառող կարոտ...


Անի Մաղաքյան 

воскресенье, 5 июля 2015 г.

...ընկերուհիս...


Այս քաղաքը մերն էր, ընկերուհիս...
Եվ մենք այն լքեցինք հերթով...
եվ այդպես հերթով կվերադառնանք...
Եվ կհատվենք այդպես ճանապարհներին...
Բայց ոչ երբեք այգում մեր...
Եվ չենք քայլի այնպես անհոգ ու անշտապ...
Երբ կան շտապելու տեղեր... երբ կանչում են մեզ...
Զանգում են մեզ... մեզ չեն թողնում լինել...
Ընկերուհիս, այս քաղաքը իմը չէ անքեզ...
Էլ իմը չէ...
Երբ վերադարձիս ճանապարհին անհանգիստ չես...
Եվ չես դիմավորում...
Եվ գալիս եմ ես տուն ու անիմաստ է զանգել ուրիշ քաղաք...
Զանգել, քեզ ու ասել, որ տանն եմ ես, որ սպասում եմ...
Իմաստ չկա, սպասել քեզ անսպասելի...
Այս քաղաքը էլ ի՞նչ է անքեզ...
Մենք էլ չունենք մեր քաղաքը, ընկերուհիս...
Արդեն հյուր ենք այստեղ...
Այս քաղաքը մերն էր, ընկերուհիս...
Եվ մենք այն լքեցինք հերթով...
Դու նայում էիր իմ պատուհանից...
Մայրամուտի ժամը մոտ էր լինում...
Եվ հիմա ես նորից հեռանալու պատճառ ունեմ...
Եվ չունեմ ես պատճառ մնալ այստեղ...
Դու մի ուրիշ քաղաք քեզնով կանես...
Ես մի ուրիշ աշխարհ կգրավեմ, ու ետ կգամ... ու չեմ մնա...
Թափառական ու անարմատ իմ օրերում, ընկերուհիս,
Դու կզանգես ու կկանչես ինձ խմելու...
Երբ կհարբենք, դու հեռախոսս կպահես...
Կծիծաղենք ու չենք հիշի, որ լքել ենք մեր քաղաքը, ընկերուհիս...
Մենք լքել ենք մեր քաղաքը...

...Եվ հետո քիչ-քիչ դեմքերը կօտարանան...

Անի Մաղաքյան

вторник, 9 июня 2015 г.

… գալիս են, որ պղտորեն … 2010 թ.



Նոր բացված յասամանի գույն էին ստանում նրա շրթունքներն ամեն անգամ, երբ լողանում էր սառը գետի մեջ: Այստեղ ջուրը սառն էր բոլոր եղանակներին, բայց նա սովորել էր դրան: Նրա բարակ մարմինը կոփված լինելու հույս չէր ներշնչում. ամրությունը ներսից էր:
Երկար մազերի փունջը բարձր հավաքում էր ու սուզվում վարար գետի ալիքների մեջ: Այդտեղից մի քիչ վերև` թավ անտառին չհասած, գետը նոսր էր և այնքան էլ վարար չէր` գրեթե կանգնած էր թվում: Բայց նա սիրում էր անշարժ կանգնել ալիքներին հակառակ և զգալ դրանց շարժումը:
Բացի այդ ` վերևում` գետի խաղաղ մասում, կեսօրից հետո գյուղի համարյա բոլոր ջահելները լցվում էին լողնալու, իսկ ինքը սիրում էր մենակ մնալ: Այնտեղ աղջիկները բարձրացնում են փեշն ու միայն ոտքերը թրջում, իսկ տղաները մի քիչ խաղաղ լողալուց հետո, ասես հարբում են գետի ջրից ու հրմշտում իրար, անիմաստ, տարօրինակ խաղեր են խաղում` մոռանալով, չզգալով գետի պարգևած իրական հաճույքը:
Ինքը սիրում էր մերկ մարմինը սուզել ջրի տակ և կիսաբաց աչքերով նայել գունավոր մանր ու մեծ քարերին: Հետո ոտքով շոշափում էր դրանք, փորձում գուշակել ըստ ձևի ու չափի, թե որ քարն է, նորից էր սուզվում` համոզվելու համար ճիշտ է գուշակել, թե ոչ:
Այսպես` ամեն առավոտ գալիս էր այստեղ, համոզվում էր, որ շուրջը ոչ ոք չկա, հանում էր իր միակ ծաղկավոր ամառային շրջազգեստն ու սուզվում էր սառը ջրի մեջ: Սկզբում փշաքաղվում էր, հետո մարմնի ` ջրից դուրս գտնվող հատվածը նրան տաք էր թվում…շունչը հավաքում էր ու սուզվում ջրի տակի: Իսկ երբ դուրս էր գալիս, նրա շրթունքներն արդեն նոր բացված յասամանի գույն ունեին:
Կեսօրից հետո գալիս էր, նստում ափին ու հետևում հեռացող ալիքներին: Երեկ այնքան էր տարվել գետի ալիքներին նայելով, որ սովորական ժամից 2 ժամ ուշ էր տուն հասել: Հայրն արդեն աշխատանքից եկել էր ու մռայլված նստած էր.  անգամ չսպասեց, որ ոտքերը լվանալու համար ջուր տաքացնի, իսկ դա ամենօրյա արարողակարգ էր: Նա սրբիչը ձեռքին կանգնում էր և սպասում, որ սրբի հոր ոտքերը: Նա սիրում էր դա անել: Առհասարակ հորը շատ էր սիրում: Երևի նրանից էր, որ մի օր արթնացավ լրիվ միայնակ, առանց որևէ մեկի և այդ օրից միայն հորը տեսավ իր կողքին` հաճախ լուռ, բայց միշտ բարի աչքերով: Այդ առավոտից սկսած էլ երբեք չտեսավ մորը: Մտածեց, թե շատերի նման նա էլ է երկինք գնացել: Բայց մի օր պատահաբար լսեց հոր և հորաքրոջ զրույցը: Հորաքույրը չարացած ասում էր.
-Գնաց, իր գործն է, թող էլ չերևա էս կողմերի վրա…Թե որ գրողից էդ լռփին բերեցինք…
Հայրը չէր խոսում, իսկ հորաքույրը բորբոքված շարունակում էր.
-Եկավ, ավիրեց հորս տունը, մորս արած-դրածը քի՞չ էր ` մի լակոտ էլ քո վզին թողեց…
Հանկարծ հոր ձայնը բարձրացավ.
-Էլ ծպտուն չհանես… իմ էրեխու մասին ես խոսում… նա իմ վզին չէ…իմ հույսն է, երջանկությունս է…
Էլի խոսեցին, ձայնները բարձրացրին, հորաքույրը լացելով դուրս գնաց ու արդեն 10 տարի է անցել այդ դեպքից, բայց էլ երբեք չեկավ իրենց տուն:
Ինքն էլ այդ օրը մտածեց, որ մայրը հաստատ երկինք չէր գնացել, որովհետև երկինք գնացածների մասին  միշտ լավն են խոսում:
Գյուղում երեխաները շուտ են մեծանում, ինքն ` առավել ևս: Հայրն աշխատում է լեռների ու սարերի մեջ` քարի հանքում: Առավոտից այնտեղ է լինում: Երեկոյան, երբ գալիս է, տունը պետք է կարգի բերված լինի, ճաշը պատրաստ, անասունը կուշտ , գոմում կապած:
Իսկ երեկ երեկոյան չէր հասցրել, խելքը դրել էր գետի ալիքներին, մոռացել էր ամեն ինչի մասին, միայն մի բան էր հիշում. առավոտյան, երբ գետից տուն էր վերադառնում անծանոթ մի տղա տեսավ: Տղան մոտցավ ինչ-որ բան հարցրեց, բայց նա չհասկացավ, թե ինչ ասաց, չլսեց, իսկ տղան տարօրինակ ժպտաց, ձեռքի յասամանի փոքրիկ ճյուղը տվեց նրան ու գնաց:
Երևի ինչ-որ մեկի տուն հանգստանալու է եկել ` մտածեց նա:
Յասամանի ճյուղը դրեց պոչը կոտրած կարմիր ծաղիկներով թեյի բաժակի մեջ ու դրեց իր անկողնուն մոտ:
Տարօրինակ աչքեր ուներ այդ տղան: Դեմքը գունատ էր, ուսերը` նեղ, իսկ ձեռքերը նոր թխած հացի միջուկի նման սպիտակ էին, տաք ու նուրբ:
Անծանոթի մասին մտքերը մեղմացնում էին անհանգստությունը, որ հայրը բարկացած է իր վրա:

Առավոտյան արտասովոր ոչինչ չկար: Կեսօրից հետո որոշեց տանը մնալ, որ հորը անպայման դիմավորի: Երբ խոհանոցում էր գործ լինում բաժակով յասամանը տանում էր այնտեղ, երբ հոր սենյակն էր հավաքում ծաղիկը այնտեղ էր դնում, իսկ դրսում` տան դիմացն ավլելիս յասամանով բաժակը դրել էր պատուհանագոգին, որ դրսից էլ երևա:
Ձիու սմբակների ձայն լսեց: Վարդանն էր` հարևանի տղան: Ձիուն նստած էր` ձեռքին յասամանի փարթամ փունջ:
-Բարև, քեզ համար եմ բերել, վերցրու,-անգիր արած ոտանավորի նման ասաց նա:
-Էս որտեղի՞ց էսքան շատ,-հարցրեց ու մոտեցավ ձիուն սիրելու:
Գյուղի ամենալավ ձին էր, կարմիր, արագավազ, մորթը առողջ, փայլուն:
Վարդանն իջավ ձիուց:
-Դե քաղել եմ էլի, քեզ համար…վերցրու…կգա՞ս գնանք գետ…
-Չէ, ես գետ չեմ գնում,-տան դռներին մոտենալով` ասաց նա…
-Գնում ես, ես տեսել եմ…
Միանգամից կարմրեց, ասես ինքն իրեն գրկեց ու շրջվեց:
-Ի՞նչ ես տեսել…
Վարդանը հասկացավ , որ սխալ արեց. չպետք է ասեր:
-Դէ… տեսա էդ կողմից ես գալիս, մազերդ թաց էին…
-Չեմ գա ոչ մի տեղ, դու էլ գնա…համ էլ մայրդ մենակ է, մեղք է…
-Դու դրանից ի՞նչ ես հասկանում,-բարկացած ասաց Վարդանը, նույն վայրկյանին էլ փոշմանեց ասածի համար, բայց էլ չէր կարող մնալ, արագ թռավ ձիու վրա, խփեց կողերին ու մի քանի վայրկյան անց էլ չերևաց:
Յասամանի փունջը ձեռքին կանգնած էր մնացել դռների մոտ: Ինքը գիտեր, ինքը հասկանում էր, ախր, թե որն է մենակությունը: Մի օր մենակ մնացին մայրը, հայրը, հորաքույրը, ինքը…
Բոլորը մի օրում ,միանգամից իր աչքերում մենակացան, դարձան անպետք…
Վարդանն իր համար համարյա ամեն օր էր ծաղիկ բերում:
Մի անգամ էլ գյուղի տղաներից մեկին խփեց իրեն նեղացնելու համար: Վարդանն էնպես խփեց, որ այդ տղան ընկավ, հետո ողջ գյուղը խոսում էր, թե ինքը տղաների մեջ կռիվ է գցում: Բայց Վարդանը գալիս էր իր մոտ, ծաղիկ էր բերում ու ասում, որ չլսի ոչ ոքի:
Մոր մեկնելուց հետո գյուղի կանայք խեթ էին նայում իր կողմը ` բացի Վարդանի մայրն ու էլի մի քանիսը: Մի օր էլ հորաքրոջը հանդիպեց, սա էլ թե .
-Գիտե՞ս` էսօր ինչ օր է… մի քանի տարի առաջ` էս օրը, մայրդ փախավ էն ոչ բարով եկած քաղաքացու հետ…
Հուլիսի 24-ն էր… այդ դեպքից անցել է ուղիղ մեկ տարի…
Իսկ երեկ առավոտյան իրեն ծաղիկ նվիրեց մի տղա, ում ձեռքերը նոր թխած հացի միջուկի նման սպիտակ էին ու տաք:
Մտքերի ու հիշողությունների ծանրությունից սթափվեց հանկարծ հնչած բարևից, նայեց իրենց բակից փողոց բարձրացող աստիճաններին` երեկ առավոտյան իրեն ծաղիկ նվիրող տղան էր` նույն տարօրինակ ժպիտով…
-Բարև, ասում եմ… դու խոսել գիտե՞ս…
-Հա…Բարև…
-Երեկ էլ խաչքարի տեղն էի հարցնում, էլի մի բառ չասացիր…Անունդ  ո՞նց է…
-Նանե…
-Ես մի քանի օր է որ այստեղ եմ, բայց կարգին չեմ ճանաչում տեղանքը ինձ գյուղը ցույց կտա՞ս…
Սիրտը թրթռաց, անհասկանլի ցանկություն ուներ անընդհատ այդ տարօրինակ ժպիտը տեսնելու… համաձայնեց…
Վարդանի բերած յասմանները դրեց դռան կողքի նստարանին ու դուրս եկավ նոր ծանոթի հետ:
-Բա ինչի՞ ինձ հետ խոսեցիր: ինչի՞ ուզեցիր, որ ես քեզ գյուղը ցույց տամ…
-Երեկվանից մտքիցս դուրս չէիր գալիս, այսօր էլ պատահակն տեսա քեզ, ուրախացա… գիտե՞ս ինչ ` ինձ տար քո ամենասիրելի վայրը…
Երբեք ոչ ոք չէր ասել, թե իրեն տեսնելով ուրախացավ… ուրեմն այնքան էլ անպետք չէ ինքը… Որոշեց, որ հենց նրան, ում ուրախություն է պատճառել միայն իր գոյությունը, հենց նրան կտանի այնտեղ, ուր ոչ ոքի երբեք չի տարել:
Գնացին գետի իր ափը: Խաղաղ էր ամեն ինչ, գետը հանդարտ ալիքներ էր ուղարկում հեռուն…
-Նայիր, էս ալիքը, որ գնաց էլ չի գալու… էլ երբեք ետ չի գալու…,-ասաց նա…
-Բայց գալիս են նորերը…
-Հա գալիս են ու էլի գնում են… դու էլ ես գնալու…
 Լռեցին…
Տղան կողքից մանր քարեր էր վերցնում ու նետում գետի մեջ…
Հիշեց հորաքրոջ խոսքերը ` էն ոչ բարով էկած քաղաքացին…
Սկսեց մտածել, որ դժբախտություն, մենակություն են բերում իրենց հետ քաղաքից եկածները… գալիս են խանգարում հանգստությունը…գալիս են, որ պղտորեն գետը, որ քարեր լցնեն մեջը, որ նոսրացնեն գետի հոսանքը, որ իր , հոր, հորաքրոջ ու իր մոր նման շատերը մենականան, դառնան անպետք… Գալիս են, որ հին ալիքը ավելի արագ մոռացվի … Այդ մտքերի հետ մի տեսակ անպետք թվաց կողքինի ժպիտը…
Թեև չէր զգացել գետի սառնությունը, բայց բարկությունից շուրթերը նորից նոր բացված յասամանի գույն ստացան…
-Մտածում եմ` ո՞նց քեզ ավելի շուտ չէի տեսել…ափսոս` վաղը գնում եմ…
-Գնա , ավելի լավ…,-գրեթե բղավելով ասաց նա,- իսկ ես վազելու եմ հին ալիքի ետևից… սխալվում են, երբ ասում են ` թե ես մորս նման եմ…թե դավաճան եմ…
-Չեմ հասկանում քեզ…
-Ոչ մայրս է դավաճան, ոչ էլ ես, հասկացա՞ր… գնա… ու էլ քարեր մի գցիր իմ գետի մեջ… մի պղտորիր այն…
Ասաց ու արագ հեռացավ…
Դեպի իրենց բակ իջնող աստիճաններին նստած էր Վարդանը… Հանդարտվեց, նստեց կողքին, գլուխը հենեց Վարդանի ամուր ուսին ու յասամանաբույր շուրթերով շշնջաց.
-Դու գետի ամենամաքուր ալիքն ես…


Անի Մաղաքյան

воскресенье, 10 мая 2015 г.

Հիմա Վանաձորում... ԱՅՍՏԵՂ....

Հիմա Վանաձորում անձրև է... մոտակա երեք օրը այսպես կլինի, այդպես է ԱՅՍՏԵՂ ... մտածում եմ, որ պետք է որքան հհնարավոր է արագ և ՀԱՃԱԽ հեռանալ այն վայրերից, որոնք սիրում ես, որպեսզի չհասցնես հիասթափվել, սովորել, որպեսզի որտեղ էլ լինես իմանաս, որ աշխարհում ԿԱ մի վայր, որտեղից դու միշտ հեռանում ես և միշտ ձգտում ես այնտեղ լինել...
Անի Մաղաքյան 

среда, 29 апреля 2015 г.

Ապրել օրեր պատուհանից այսկողմ....



Ունենալ մեծ պատուհան, որից երևում է քաղաքը իր ողջ մեծությամբ, նստել պատուհանագոգին խմել կանաչ թեյ, կարդալ...ապրել պատուհանից այսկողմ,
միայն նայել քաղաքին, լսել անձրևը, սիրել մեր բոլոր 13 կատուներին...
Պատուհանից այնկողմ չլինի Երևանը, չլինի Վանաձորը, Փարիզը կամ Բարսան,
լինի անանուն քաղաք առանց տեսարժան վայրերի, միայն շենքեր լինեն բնակելի ու սրճարաններ մայթերի վրա, որտեղ կնստեն տղաներ ու աղջիկներ, կծանոթանան, կբաժանվեն...Կպատրաստենք դիետիկ ընթիրք, որովհետև ես շատ եմ գիրացել վերջերս...
Գիշերը կնայենք սարսափ ֆիլմ ու կքնենք հենց էդպես՝ բազմոցին նստած,
իրար գրկած...Կպատրաստվենք նորության, կգնենք նոր օրորոց, կդնենք այն արևի շողերի տակ...
Ապրենք պատուհանից այսկողմ, լինենք ճարտարապետ, նկարիչ, հորինենք կլոր շենքեր՝ կարմիր ու սպիտակ տներ՝ մեծ պատուհաններով... պատուհանների տակ օորորոցներ...
Ապրել օրեր պատուհանից այսկողմ՝ պատուհանագոգին նստած....

Անի Մաղաքյան

понедельник, 1 сентября 2014 г.

սենտիմենտալ էսքիզներ...


Եվ մութ գիշերը կորցրեց իրեն,
փակեց աչքերդ ու քեզ ինձ տվեց,
ասես չէր եղել անցյալը ամբողջ
և պատմությունը մեր չէր հորինվել,
ասես դու այնքան հեռու չես եղել,
 որ ես կորցնեմ ինքս ինձ գիշերում,
և քո համբույրից չեն ուշաթափվել
լուսաբացները իմ մութ աչքերում...
Ես քեզ շատ վաղուց չէի նկարել,
չէր հպվել անգամ հայացքս սրտիդ,
բայց մութ գիշերը կորցրեց իրեն,
երբ հավատացի քո վերադարձին...
Քո ձայնը զնգաց լապտերների մեջ
Երբ քայլում էի մայթերով ծանոթ
Քո դիմագիծը հետևում էր ինձ
Ամեն անցորդի սառը հայացքով
Քաղաքը ծանոթ ինձ չճանաչեց
Շատ էի ուրիշ այս անգամ, օտար
Բարեկամներ ենք`շշնջաց քամին
Դե ավելի ճիշտ`քո ձայնով ասաց...
Հետո քո ձայնը ինձ տուն ուղեկցեց
Գիշեր էր արդեն անքուն, ամայի
Եվ մութ գիշերը կորցրեց իրեն,
Երբ ես խավարում ձայնդ կորցրի...


01.09.2014 Անի Մաղաքյան