Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком չափածո. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком չափածո. Показать все сообщения

четверг, 13 сентября 2018 г.

... թակարդ...


Քեզ սպասելը լարած թակարդ է…
Կյանքի ավարտ է, սրտի կանգառ
Եվ ժամանակը, արյան մակարդ է
Թանձր է ու լացը՝ կոկորդի ցավ…

Քեզ հավատալը երկնքում կայծ է
Հրդեհված անտառ, մոլեգնած ծով…
Ընկած մի աստղ է, հանգած, մարած է
Աչքերիս միջից գողացված շող…

Քեզ հետ խոսելը անդունդի եզր է
Անզգուշ քայլ է, ազատ անկում…
Տատրակի թևից պոկված փետուր է
Եվ իր երամից կտրված թռչուն…

Քո հրաժեշտը ընդհատված կանչ է
Ցամաքած կյանք է, անարև օր…
Անանձրև աշուն, անձմեռ ձյուն է
Երաշտից մեռած դաշտավայր է չոր….

Քեզ հասկանալը արյունոտ վերք է
Աղի նեղ հետք է վերքի վրա
Երկար պայքար է, վերջ…պարտություն է
Անկեղծանալու էլ հույս չկա…

Անի Մաղաքյան 

среда, 6 января 2016 г.

Քույր


Արի, նստիր կողքիս՝ գետնին՝ հողի վրա,
Նայիր մեր դիմաց...
Իրենց հանդարտությամբ վախեցնում են քարերը...
...և նկարները քարերի վրա....
Նայիր, քույր,  այստեղ մեր նախնիներն են...
Նրանք, ում հիշում ենք մենք...
Դու քո մեջ, քո նման...
քո աչքով տեսածն ես պատմում...
ես իմ մեջ, բայց քո պատմածն եմ գրում...
Արի, քույր, նստիր, և մենք կխոսենք,
Այնպես, ինչպես երբեք չենք խոսել...
Այնքան, որքան կորցրել ենք ժամանակի մեջ...
Քույր, քո ամեն հայացք ես հիշում եմ...
Թռչնավարի պոկվում եմ քո մտքերից, գիտեմ,
որ իմ կողքին ապրեմ...
երբ դու հեռու ես...
Քաղաքը, որը մերն էր դարձել, հիմա հեռու է կրկնակի...
Մենք մի օր սիրեցինք այդ քաղաքը...
Բայց արդյո՞ք որևէ բան մերն է դառնում,
երբ մենք շատ ենք սիրում այն...
Մերն այս հողն է, քույր, այս գետինը՝ արևից սև...
և այս քարերը, որ վախեցնում են...
եթե չսիրենք նույնիսկ...
ես քեզ հետ եմ...
իսկ դու միշտ մեծ ես ու լացկան...
օրերը խարիսխ են անցյալի...
մանկությունը՝ լացի նման շուտ մոռացվող...
Այսօր փողոցում մարդիկ տեսա...
Քեզ չտեսա էլի, քույր...
Վախեցած մի լույս է թաքնվել քո մեջ...
պատժված իմ նման կուչ է եկել անկյունում սրտիդ...
Նեղացրել են նրան, քույր...
Առանց ինձ, այդ ո՞վ է նեղացրել...
Թող այդ ամենը, արի, նստենք, հողին...տաքանանք...
Նայենք քարերին ու արմատներ ձգենք նորից առողջ...
Հեռացել ենք... մենք լքել ենք մեզ, քույր...
Ես չեմ հիշում քո մանկությունը,
դու միշտ մեծ ես եղել...
և պատմել ես ինձ իմ մասին,
որ ես չօտարանամ ինձ, որ հիշեմ ինձ,
քույր, դու նվիրել ես ինձ իմ մանկությունը...
Ես հիշում եմ ինձ միայն քո ձայնով...
քեզ իմ օրերը տամ,
շարունակվեմ քո պատմությունների մեջ...
իսկ հիմա, արի և մենք միասին կքայլենք,
բոլոր այն տեղերով,
որտեղ մեր հետքերը թարմ են դեռ...
որտեղ ես մենակ եմ քայլում՝ քո ստվերի հետ...
Արի, միացիր քո ստվերին, քույր...

Անի Մաղաքյան 

Տպագրվել է Անդին ամսագրում 

понедельник, 3 августа 2015 г.

կիսալուսնոտ...

դու մեղմ սուլիր ես դուրս կգամ սիրելիս...
Ռ.Բյոռնս


Ես կգամ մի օր քեզ մոտ
Այսքան փախչելուց հետո...
Լինելու է այդ օրը,
երբ ես կգամ ինքս ...
Եվ թեև դու չես կանչի ինձ,
բայց սպասելիս կլինես...
Դու պարզապես կիմանաս, որ ես գալիս եմ...
գիտեմ, որ ոչինչ չի սպասվում մեզ...
և գիշերը կանցնի կիսալուսնոտ...
եվ կգնամ ես առավոտյան վաղ...
... ասես չեմ էլ եկել...
...կմրսեմ քեզանից հետո...
իսկ դու կարթնանաս՝ իմանալով, որ ես գալու եմ մի օր...

Անի Մաղաքյան


понедельник, 27 июля 2015 г.

....չես կարող...


Դու այդքան չես կարող ինձ սիրել
Պոկված են թռչելու թևերս...
Երկնքում թռչուններն են սառել
Կանգնած են անցնելու օրերս...

Վառվել են ծառերը անտառում
Ոչինչ է հիմա ներելս...
Ծովերն են սառույցից կարծրանում
Վազքի մեջ հոգնել են ժամերս...

Աղջիկ է ինձ նայում փողոցում
Տալիս եմ գրպանից կոնֆետս...
Եվ օդն է իմ մեղքից թանձրանում
Այսպես եմ ապրելու սերերս...

Չես կարող ուժով ինձ պահել
Այդքան է կտրում բազուկդ....
Ծաղկել են դաշտերում կակաչներ
Եվ հիմա բուրում է կարոտդ...

Անի Մաղաքյան 


суббота, 18 июля 2015 г.

...օր էր քեզ հետ...


Օր էր քեզ հետ...
Ալիքների ձայնով իմ օրերն են
շերտ-շերտ վերադառնում ...
լավ է ուրիշինը լինես ամբողջովին...
քան իմը լինես կիսով...
միակ կեսով քո անցյալի...
իմ անցյալը կիսող միակ կեսով...
կմասնատեն քեզ ամեն մեկն իր կեսի համար...
քիչ-քիչ... մաս-մաս կունենան քեզ իրենց կողքին...
հներն ու նորերը կխառնվեն իրար...
Ալիքների ձայնով իմ օրերն են վերադառնում...
Օր էր քեզ հետ... անինձ մի օր...
լավ է ուրիշինը եղիր ամբողջովին...

Անի Մաղաքյան

вторник, 14 июля 2015 г.

...ափին... (նամակներ Սևանից)


Ես քայլել եմ օրերի ալիքների մեջ
Եվ թողել եմ ավազին հետքերս...
Ալիքները մաքրել են ինձ ու քեզ
Եվ գինին, որ ափին թափվել էր...
Ափը գրկում է հետքերս...
Քայլերս բերում են հուշեր...
Ես քեզ եմ կապում մտքերս...
Ինձ հետ ես այսօր և այստեղ...
Նավերը մեկնում են առանց ինձ...
Թափվում է ավազին կարոտս...
Ինձ պետք չէ հեռանալ քո ափից...
Եվ հիմա մնալն էլ ամոթ է...

Անի Մաղաքյան

пятница, 10 июля 2015 г.

Մեզ պարտվում է ժամանակը...

Ի՞նչ գրեմ քեզ համար, իմ սեր, երբ ամբողջ ապրածս է քոնը....
Երբ առավոտյան լույսից առաջ ես համբուրում ,
երբ չես թողնում միայնության մեջ խեղդվեն ձայներս,
արդեն այսքան տարի...
ի՞նչ գրեմ, երբ այդքան չես սիրում կարդալ,
հատկապես ինձ...
երբ այդքան երկրային ես ու իսկական...
պետք չեն քեզ իմ տողերը, սեր իմ..
ինչպիսի՞ն լինեմ քեզ համար....
չա՞ր լինեմ, կամակո՞ր, մե՞ծ, խոհե՞մ...
ինչպիսի՞ն լինեմ այսքան տարի հետո,
երբ հեռանալս ծիծաղելի մի սուտ է
և լինելս՝ ծիծաղելի ճշմարտություն...
 և դու այդքան սիրում ես մեր սուտն ու ճիշտը...
Ես թունդ չեմ... թունդ չեմ այնքան, որ հարբեցնեմ քեզ...
էլ թունդ չեմ սիրելիս...
ասում ես ՝ դժվար եմ...
ինձ հետ, ինչպես մեղվանոցում
խլանում են ձայները աշխարհի,
և մենք մնում ենք մեր փոքրիկ փեթակի մեջ...
արդեն այսքան տարի...  
Մեզ պարտվում է ժամանակը, տես...


11.07.15 Անի Մաղաքյան

пятница, 3 июля 2015 г.

Մոռացար խնայել ինձ մի քիչ...



Օրը անցել է անքեզ...արդեն անցել է...
Փողոցում մի մարդ ինձանից ճանապարհ հարցրեց,
Ես քո տան տեղը բացատրեցի...նա գնաց...
Ես ինքս ինձ ասացի ՝ լաց չլինես...
Դու նորից մոռացար...
Մոռացար խնայել ինձ մի քիչ...
Եվ հիմա ես շփոթվել եմ ցավից...
Կտրեցի մազերս, սիրելիս...
Քո այդքան սիրելի, երկար...
Դու դրանք էլ երբեք չես շոյի,
բայց չես էլ նեղանա, որ չկան...
Ես այնպես էի ուզում գրկել քեզ...
Այն օրը մռայլ, անձրևոտ, գալ քեզ մոտ...
Անտեսել մայթերի փոշին...
Մոռանալ ցույցերի մասին...
Մոռանալ վարդերն անճաշակ, դեղին...
Հիմա, քեզ տեսնելիս մտովի կապում եմ թևերս...
Թռչելու համար են դրանք... թե բացեմ, էլ բռնել չի լինի...
Կարճամազ եմ հիմա, սիրելիս...
Փետուրների նման թափվում են մազերս...
Աչքերիս մեջ առավոտներ են թաց...
Լվա ձեռքերդ թարթիչներիս ցողով...
Ես այն ծառի նման օրորվում եմ...
Եվ այն կակաչի պես՝ պոկած թերթիկներով...

Անի Մաղաքյան



четверг, 4 июня 2015 г.

....անորոշ....


ես քեզ չեմ ապտակի ճշմարտությամբ...
անթև ու անտուն է հասցեն քո հույսերի
ես կժպտամ նորից անհոգ թեթևությամբ
Որ մտածես՝ երջանիկ է երևի...
Չկասկածես անգամ, որ ցավ էր բաժանումը
Չհավատաս երբեք, որ կարող եմ լացել
Ես քեզ միշտ կժպտամ, այդպիսին եմ դարձել...

Անի Մաղաքյան

воскресенье, 24 мая 2015 г.

Գարուն էր, մայիսն էր ...


Գարուն էր, մայիսն էր ...
Եվ հարբած մայթերին
 շրթհարմոն էր նվագում ծերունին...
Արևը ընկել էր շուրթերիս...
Դու՝ շողի ետևից ընկած...
Չէր զիջում գարունը, չէր խնայում...
Արևը մազերիս էր ընկել...
Քո ձեռքերն՝ արևի ետևից...
Նեղանում էիր աչքերիս ընկած,
Աչքերս ծածկած մազերից...
Արի՝ ասում էր վերհուշը,
կպատմեմ հեքիաթ այն մասին,
Թե ինչպես էր արևը աչքերիդ
Ինչպես էր քեզ սիրում այդ պահից
Մի աղջիկ...
Արևը եղնիկ էր վախեցած
Փախչում էր որսորդի ձեռքերից...
Գարուն էր, մայիսն էր ...
Եվ հարբած մայթերին
 շրթհարմոն էր նվագում ծերունին...

Անի Մաղաքյան 

суббота, 23 мая 2015 г.

.... կներես...


Կներես, որ այն աղջիկը չեմ էլ բարակիրան ու ծիծաղկոտ…
Որ մեկ ձեռքդ էլ չի օղակում մեջքս…
Որ քաղաքը մեզ լավ ծանոթ հոգնեցնում է արդեն ոտքերս…
Որ նեղվում եմ արդեն աղմուկից…
Կներես, որ չեմ ասում խոսքեր դատարկությամբ թեթև…
Որ լռում եմ ավելի շատ…
Որ խմում եմ նանայով թեյ և չեմ հարբում առաջինից…
Կներես, որ այն աղջիկը չեմ էլ՝ երկարածամ …
Որ չեմ լցվում քեզնով և ցնցվում եմ դատարկությամբ…
Ոչինչ էլ չի զնգում իմ սրտի մեջ…
Կներես, որ չի լցվում…

Անի Մաղաքյան


понедельник, 11 мая 2015 г.

Քո հավատով լցվեմ...


Այն ամենի համար, ինչ չեմ ապրել,
Այն ամենի համար, ինչ չտեսա,
Եվ ամենքի համար, որ չդարձա ընկեր
Եվ ամենքի համար ես թշնամի եղա
Այս ամենի համար դու կաղոթես մի օր
Եվ կթողնես վերև իմ մեղքերը բոլոր...
Այն օրերի համար, որ քեզ չտվեցի
Այն կարոտի համար, որ վերցրեցի ագահ
Եվ հրաշքից հեռու քեզ պահելու համար
Եվ անկումին մոտիկ քեզ թողնելու համար
Դու կաղոթես մի օր...
Եվ կթողնես անհոգ իմ սերերը բոլոր...
Այն մտքերի համար, որ ես չգրեցի,
Այն տողերի համար, որ այրեցի համառ
Եվ ասվածի համար և չասվածի
Դու կաղոթես մի օր...
Ու ես կհեռանամ նույն քայլերով հանդարտ,
Որ դու բաց չթողնես ոչ մի հայացք ինձնից,
Որ ես գլխից գլուխ լցվեմ քո ներումով...
Քո հավատով լցվեմ ...


Անի Մաղաքյան

понедельник, 20 апреля 2015 г.

Արի խոսենք....



































Լավ, լավ արի անցնենք այլ թեմայի...
Արի խոսենք բարձրակրունկների վրա գլորվող աղջիկներից,
Կամ առաջին անգամ ծխախոտ փորձած
Ու հազը հազիվ զսպած տղաներից...
Արի խոսենք այն մասին, թե ինչպես է
Ինչ-որ մեկը մի ողջ կյանք նախագծում
Եվ ինչպես է այդ հիմարին ամենը հաջողվում...
Չէ չխոսենք մեր օրերից, չսիրենք քաղաքը որտեղ ապրում ենք...
Չհիշենք վայրերը որտեղ եղել ենք,
Միասին մաշել ենք գետափները...
Արի խոսենք միայն, թե ինչպես դու չհամբուրեցիր,
Ինչպես ես ծիծաղեցի, ինչպես չխմեցինք, բայց հարբեցինք...
Արի  խոսենք, թե ինչպես են մեզ նման ջահելները,
Քայլում ամայի տեղերով...
Չեմ ուզում լսել, որ բաց թողիր, որ չհասկացա...
Արի նստենք հին ծառուղում ու դնենք բացակա
Բոլոր ապրումներին, որ չներկայացան...
Խոսենք, թե ինչպես են բոլորը խոսում լռությունից
Ու չեն լռում...
Խոսում մենակությունից, երբ մենակ չեն...
Պատմիր ինձ, թե որքան հաճելի է
ասել սիրում եմ նրան, ում իսկապես սիրում ես...
Եվ այն մասին ասա, որ յուրաքանչյուրն արժանի է իմանալ,
որ իրեն սիրում են կամ սիրել են ...
Պատմիր ինձ, որ սիրում ես շախմատ խաղալ,
Որ չես սիրում սենտիմենտալներին,
Չես սիրում աշխատանքդ...
Որ դժվար է տրվում հիմա տողը...
Պատմիր, թե ինչպես էր անձրևի տակ պատել դողը,
Երբ երկուսով էիք... (ես չէի երկրորդը)...
Արի խոսենք մոդայիկ բառերով՝
-ես ինքնամփոփ չեմ, ինտրովերտ եմ,
չեմ ձանձրանում ինքս ինձ հետ, բայց քեզ հետ եմ ուզում  մեռնել...
Էլի սենտիմ... լավ թողեցի...
Արի խոսենք մի օր հանկարծ սատկած քո շնից,
Թե ինչպես փախավ սիամական կատուն գյուղի ձեր մեծ տանից...
Բացատրիր, թե ինչու էին թաքցնում շանս մահն ինձանից...
Եվ թե ինչու թութակս թուղթ ուտելով ինքնասպան էր եղել,
Երևի, որ ազատվի ինձանից...
Դրանից հետո ես խուսափում եմ բոլոր կենդանիներից...
Խոսենք, թե ինչպես են զույգերը ետ գալիս մեղրամսից
Եվ նետվում կենցաղի մեջ և մոռանում դուրս գալ անգամ տանից՝
Զբոսնելու, երեկոներ զուր վատնելու ու թաքուն տեղ համբուրվելու համար...
-Կենցաղն ու հոգսերն են մեղավոր,- կասես երևի ինձ...
Չէ, չենք խոսում էլ դրանից...
Հիմա պատմիր, թե ինչպես են մարդիկ ապրում մենակ և լինում երջանիկ,
Եվ ինչու են ամուսնացած կանայք այսքան տրագիկ...
Արի խոսենք յուրահատուկ անուններից, թատրոնից, Դալիից,
Չէ, չենք խոսում այսօր մթության մեջ փայլող խաչից,
Այն կանգնեցրել են Թագավորանիստի գագաթին,
Որ երևում է իմ պատուհանից՝ դատաստանի օրը հիշեցնելով...
Պե՞տք է ասել արդյոք, որ ես էլ չեմ նայում պատուհանից...
Ես ուզում եմ խոսենք անկարևոր հիմար թեմաներից,
Ասենք՝ երեկ կայացած պատահական հանդիպումից,
կամ լվացքի փոշու թանկացումից...
...իմ մատների սառնությունից...ու քո արյան տաքությունից...
Չէ, չեմ ուզում խոսենք մեր մեջ եղած ֆիզիկայից,
Դառնալ մեկը նրանցից, ովքեր սեր են խոսում իրար
Ու չեն հոգնում իրենք իրենց պարզությունից...
Եվ դառնալ մատնությունից թույլ...
Եվ նախանձից դառնալ թույն...
Միայն չասես, որ հոտ է գալիս ինձանից արդեն պառավի,
Որ զզվում ես հոտից իմ օծանելիքի...
Արի խոսենք ամենահին թեմաներից,
Չխուսափենք շաբլոններից...
Էսէմէսով բաժանվենք իրարից...
Եվ այդպես էլ չանդրադառնանք
իմ մեջ ապրող սենտիմենտալ ռոմանտիկին
քո մեջ ապրող անուղղելի այդ ցինիկին...
Լավ...լավ... փոխենք թեման....
Պատկերացնենք, թե ինպես են ծերանում մեկ բարձի,
Ինչպես են դեռ տաք անկողնում պառկած
Մտածում տարբեր բաների մասին...
Պատմիր, թե ինչպես են տրվում գրած տողին
Հավատարիմ մնում միայն մեկի,
բայց դավաճանում իրենք իրենց...
Չեմ ուզում խոսենք ապագայից, խոսենք հետևանքից
Մտածեք անել, թե ոչ, գնալ թե ոչ, երգել, թե ուտել բարձրախոսը...
Չասենք չասվածը, չկարդանք թաքունը, իսկականը...
Արի վերադառնանք այն ամենին, ինչը խնամքով չենք մոռացել,
Ինչից միայն հիմա կադրեր են մնացել,
վերադառնանք ու մոռանանք միանգամից...
Վերդառնանք ես՝ կենցաղիս, դու՝ քո անտանելի գործին...
Լավ, լավ էլ չեմ անդրադառնում այս ամենին....
Անի Մաղաքյան