Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком անտիպ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком անտիպ. Показать все сообщения

четверг, 13 сентября 2018 г.

... թակարդ...


Քեզ սպասելը լարած թակարդ է…
Կյանքի ավարտ է, սրտի կանգառ
Եվ ժամանակը, արյան մակարդ է
Թանձր է ու լացը՝ կոկորդի ցավ

Քեզ հավատալը երկնքում կայծ է
Հրդեհված անտառ, մոլեգնած ծով…
Ընկած մի աստղ է, հանգած, մարած է
Աչքերիս միջից գողացված շող…

Քեզ հետ խոսելը անդունդի եզր է
Անզգուշ քայլ է, ազատ անկում…
Տատրակի թևից պոկված փետուր է
Եվ իր երամից կտրված թռչուն…

Քո հրաժեշտը ընդհատված կանչ է
Ցամաքած կյանք է, անարև օր…
Անանձրև աշուն, անձմեռ ձյուն է
Երաշտից մեռած դաշտավայր է չոր….

Քեզ հասկանալը արյունոտ վերք է
Աղի նեղ հետք է վերքի վրա
Երկար պայքար է, վերջ…պարտություն է
Անկեղծանալու էլ հույս չկա…

Անի Մաղաքյան 

вторник, 9 июня 2015 г.

ՇԱՏ ԲԱՆԵՐ ԿԱՆ ԱՍԵԼՈՒ, ԲԱՅՑ ԴՈՒՔ ԱԿԱՆՋՆԵՐ ՉՈՒՆԵՔ ԼՍԵԼՈՒ 2011 թ.


Պատուհանները բաց են… ներս եկեք գիշերվա ցրտում մրսող թիթռներ, եկեք մահացեք իմ տան մեջ` իմ սենյակում, որ ես գնահատեմ կյանքս: Թեև շոգ է հիմա, բայց մերկ եք դուք,ախր…իսկ ինձ դեռ 20 տարի է պետք անկեղծանալու համար: Եկեք գիշերվա ցրտում մրսող թիթեռներ, եկեք, մահացեք իմ տան մեջ…
Այսօր այնքան անտարբեր եմ ամեն ինչի նկատմամբ, որ մի տեսակ անհարմար էլ եմ զգում ինձ մարդկության առաջ: Տարիներ շարունակ գիտափորձեր ու հետազոտություններ են արել ու ինչ-որ բաներ են ստեղծել, որոնց շնորհիվ ես հիմա խոսում եմ մոլորակի հեռավոր մի կետում նստած մեկի հետ, ում մոտ գուցե նոր է սկսել օրը հիմա, երբ ինձ մոտ խոր գիշեր է` առանց լուսանալու հույսի:
-Հիվանդ եմ
-Գժվե՞լ ես
-Չէ ուղեղս լավ է, ձեռքերս են մրսել, մտածում եմ շպրտեմ, ինչի՞ս են պետք…
Բայց հետո ուշքի եմ գալիս: Լսիր, ասում եմ ` քեզ ո՞վ խոստացավ արևը համայնի: Ի՞նչ ես քեզ լուսատու զգում, դու, որ խավար ես փռել աչքերիս: Չէ, ի՞նչ բանաստեղծություն… ի՞նչ պոեզիա…
Ես ամեն գիշեր հարևաններիս շնչառությունն եմ լսում, գիտե՞ս` դա ինչ պոետիկ է…
Ես ապրում եմ միայն ամեն ամիս 3 օր: Աշխատավարձ ստանալու նման, մնացած օրերը վատնում եմ անիմաստ, գոյատևում եմ…դու իմ հաց, իմ ջուր, իմ օդ իմ արև…Ու բանաստեղծների գահերից հեռու ապրում ես դու կյանքդ հանճարեղ, ովքե՞ր են սրանք… էժան քնքշանքներ, պարտքով ձեռք բռնել, ապառիկով համբույր, տոկոսով մարմիններ…զզվում եմ սրանցից, գիտե՞ս, սրանք նայում են ինձ, բայց չեն տեսնում էությունս… իսկ դու կապրեցնես ինձ 3 օր միայն… հետո կմեռնեմ, բայց պարտք չեմ վերցնի… Առևտուր անող սրանց ձեռքերից պարտքով ծաղիկներ չեմ ուզում ստանալ… սրանք ի՞նչ գիտեն մեր սիրո մասին… Սրանց ի՞նչ ասեմ … երկար գովում են իրենց սերերին, ես լուռ եմ մնում, քո տված երջանկության դեմ ոչինչ են բառերը … չէ բառ չկա մեր մեջ… ես հոգնել եմ բառերով սիրելուց… ուղղակի գրկիր ինձ ու վերջ…
Ինքնահաստատվելու համար սրանց անգամ իրենց սուտը չի հերիքում: Օգնիր, թող կայանան, թեկուզ քո ապրածի հաշվին . մեծահոգի ես դու միշտ …
Եկեք գիշերվա մթից վախեցող թիթեռներ, արևոտ չէ ինձ մոտ, բայց թակարդներ չկան…եկեք մահացեք իմ սենյակի մեջ, որ չվախենամ ձեզ պես ապրելուց: Լույս է , հա, գիտեմ, բայց կույր եք, ախր:
-Հիվանդ եմ, էլի…
-Դու հո խելառ չե՞ս…
-Չէ, ուղեղս լավ է, մատներս են մաշվել…մտածում եմ, մեկին տամ, պրծնեմ…
Բայց հետո էլի ուշքի եմ գալիս, ասում եմ ` գնա ուղեղդ փոխիր, հնացել ես դու, մաշվել ես վաղուց, լսիր, ով ասաց, որ հիմք ես եղել, դու, որ փլել ես կառուցվող ամեն պատ, եթե պատնեշ չէր…
Հիմա այնքան միևնույնն է ամեն բան, որ նույնիսկ անհարմար եմ զգում ինձ մարդկության առաջ, և նրա առաջ, ով ստեղծեց հեռախոսը: Երևակայությունը մարդկության շարժիչ ուժն է:
-Ինչու՞ ստեղծվեց հեռախոսը…
-Երևի ստեղծողը սիրահարված է եղել, ես ինչ իմանամ…երևի պատկերացրել է ` ինչ լավ կլինի, որ հեռվից հեռու նրա ձայնը լսի…
Հիմա, երբ դու այսքան հեռու ես, ես սկսել եմ երկրպագել նրան, ով ինձ քո ձայնը լսելու հնարավորություն է տվել և ասելու, թե որքան լի է կյանքս քո գոյությամբ…


Ասում են ` դու լավ էներգետիկա ունես … ծիծաղում եմ ` ախր հոգեբաններ են ամեն անկյունում, գիտեն բոլորը` ինչ է պետք մեզ, գիտեն ինչու արեցինք այսպես, ինչու ասեցին այն, ինչու գրեցինք այն մյուսը… ինչ գրողի տարած էներգետիկա …
-Հարգելի հոգեբաններ, ասացեք խնդրեմ ինչո՞վ կօգնեիք այն տղային, ով երազում է հեռավորության մեջ իր սիրելիի ձայնը լսել…
-գժվեցիր էլի…
-չէ, ուղեղս լավ է ` ոտքերս են մաշվել, ասում եմ ` մեխեմ մի բազմոցի, պրծնեմ…
Բայց հետո էլի ուշքի եմ գալիս…
-բա վաղն ի՞նչ կլինի…
-դու տեսնու՞մ ես վաղը… դու շոշափու՞մ ես այն… դու ի՞նչ կապ ունես վաղվա հետ, երբ համատարած այսօր է… միշտ, ամենուրեք մենք այսօրներ ենք ապրում… ի՞նչ է վաղը… ո՞վ է վաղը… հավերժական այսօր է մեր կյանքը… Վաղը ես չունեմ ոչինչ անելու, ու եթե պետք է այսօր ես մրսեմ, թող մրսեմ, չէ որ այսօրն է իմը, ես չունեմ վաղը, ոչ մի դարակում ես այն չեմ պահում, ես չեմ փակցրել այն իմ պատերից գեղեցիկ շրջանակի մեջ… այսօրն է իմը…
Երկարացնում եմ երևի էլի… երևի էլի ձեռքս է գրում, ոչ թե ուղեղս, կամ հոգիս… հարց է իսկապես, թե մարդու մեջ այդ որ բջիջն է պատասխանատու պատմվածք, նամակ կամ ետյուդ գրելու համար…
Եկեք, դե եկեք թիթեռներ… ինչ եք սառել … բաց է պատուհանս և չեմ թռչելու ես…
Տապանաքարի սառնությամբ այսօր ես նայում եմ ձեզ, ու հիշում հեռվում ինձ սպասող այն ջերմությունը, որից մաս չունեք ու չեք ունենա դուք ձերը նաև, որովհետև սիրում եք տառապանք խաղալ… բայց խաղաղվեք ու փնտրեք ձերը ձեր մեջ…
Եկեք գիշերվա խավարում մրսող թիթեռներ ես արդեն գիտեմ, թե ինչ է կյանքը…

Հ.Գ. ասված է ԳՐՔՈՒՄ` շատ բաներ կան ասելու, բայց դուք ականջներ չունեք լսելու…

Անի Մաղաքյան / 19.01.11

… գալիս են, որ պղտորեն … 2010 թ.



Նոր բացված յասամանի գույն էին ստանում նրա շրթունքներն ամեն անգամ, երբ լողանում էր սառը գետի մեջ: Այստեղ ջուրը սառն էր բոլոր եղանակներին, բայց նա սովորել էր դրան: Նրա բարակ մարմինը կոփված լինելու հույս չէր ներշնչում. ամրությունը ներսից էր:
Երկար մազերի փունջը բարձր հավաքում էր ու սուզվում վարար գետի ալիքների մեջ: Այդտեղից մի քիչ վերև` թավ անտառին չհասած, գետը նոսր էր և այնքան էլ վարար չէր` գրեթե կանգնած էր թվում: Բայց նա սիրում էր անշարժ կանգնել ալիքներին հակառակ և զգալ դրանց շարժումը:
Բացի այդ ` վերևում` գետի խաղաղ մասում, կեսօրից հետո գյուղի համարյա բոլոր ջահելները լցվում էին լողնալու, իսկ ինքը սիրում էր մենակ մնալ: Այնտեղ աղջիկները բարձրացնում են փեշն ու միայն ոտքերը թրջում, իսկ տղաները մի քիչ խաղաղ լողալուց հետո, ասես հարբում են գետի ջրից ու հրմշտում իրար, անիմաստ, տարօրինակ խաղեր են խաղում` մոռանալով, չզգալով գետի պարգևած իրական հաճույքը:
Ինքը սիրում էր մերկ մարմինը սուզել ջրի տակ և կիսաբաց աչքերով նայել գունավոր մանր ու մեծ քարերին: Հետո ոտքով շոշափում էր դրանք, փորձում գուշակել ըստ ձևի ու չափի, թե որ քարն է, նորից էր սուզվում` համոզվելու համար ճիշտ է գուշակել, թե ոչ:
Այսպես` ամեն առավոտ գալիս էր այստեղ, համոզվում էր, որ շուրջը ոչ ոք չկա, հանում էր իր միակ ծաղկավոր ամառային շրջազգեստն ու սուզվում էր սառը ջրի մեջ: Սկզբում փշաքաղվում էր, հետո մարմնի ` ջրից դուրս գտնվող հատվածը նրան տաք էր թվում…շունչը հավաքում էր ու սուզվում ջրի տակի: Իսկ երբ դուրս էր գալիս, նրա շրթունքներն արդեն նոր բացված յասամանի գույն ունեին:
Կեսօրից հետո գալիս էր, նստում ափին ու հետևում հեռացող ալիքներին: Երեկ այնքան էր տարվել գետի ալիքներին նայելով, որ սովորական ժամից 2 ժամ ուշ էր տուն հասել: Հայրն արդեն աշխատանքից եկել էր ու մռայլված նստած էր.  անգամ չսպասեց, որ ոտքերը լվանալու համար ջուր տաքացնի, իսկ դա ամենօրյա արարողակարգ էր: Նա սրբիչը ձեռքին կանգնում էր և սպասում, որ սրբի հոր ոտքերը: Նա սիրում էր դա անել: Առհասարակ հորը շատ էր սիրում: Երևի նրանից էր, որ մի օր արթնացավ լրիվ միայնակ, առանց որևէ մեկի և այդ օրից միայն հորը տեսավ իր կողքին` հաճախ լուռ, բայց միշտ բարի աչքերով: Այդ առավոտից սկսած էլ երբեք չտեսավ մորը: Մտածեց, թե շատերի նման նա էլ է երկինք գնացել: Բայց մի օր պատահաբար լսեց հոր և հորաքրոջ զրույցը: Հորաքույրը չարացած ասում էր.
-Գնաց, իր գործն է, թող էլ չերևա էս կողմերի վրա…Թե որ գրողից էդ լռփին բերեցինք…
Հայրը չէր խոսում, իսկ հորաքույրը բորբոքված շարունակում էր.
-Եկավ, ավիրեց հորս տունը, մորս արած-դրածը քի՞չ էր ` մի լակոտ էլ քո վզին թողեց…
Հանկարծ հոր ձայնը բարձրացավ.
-Էլ ծպտուն չհանես… իմ էրեխու մասին ես խոսում… նա իմ վզին չէ…իմ հույսն է, երջանկությունս է…
Էլի խոսեցին, ձայնները բարձրացրին, հորաքույրը լացելով դուրս գնաց ու արդեն 10 տարի է անցել այդ դեպքից, բայց էլ երբեք չեկավ իրենց տուն:
Ինքն էլ այդ օրը մտածեց, որ մայրը հաստատ երկինք չէր գնացել, որովհետև երկինք գնացածների մասին  միշտ լավն են խոսում:
Գյուղում երեխաները շուտ են մեծանում, ինքն ` առավել ևս: Հայրն աշխատում է լեռների ու սարերի մեջ` քարի հանքում: Առավոտից այնտեղ է լինում: Երեկոյան, երբ գալիս է, տունը պետք է կարգի բերված լինի, ճաշը պատրաստ, անասունը կուշտ , գոմում կապած:
Իսկ երեկ երեկոյան չէր հասցրել, խելքը դրել էր գետի ալիքներին, մոռացել էր ամեն ինչի մասին, միայն մի բան էր հիշում. առավոտյան, երբ գետից տուն էր վերադառնում անծանոթ մի տղա տեսավ: Տղան մոտցավ ինչ-որ բան հարցրեց, բայց նա չհասկացավ, թե ինչ ասաց, չլսեց, իսկ տղան տարօրինակ ժպտաց, ձեռքի յասամանի փոքրիկ ճյուղը տվեց նրան ու գնաց:
Երևի ինչ-որ մեկի տուն հանգստանալու է եկել ` մտածեց նա:
Յասամանի ճյուղը դրեց պոչը կոտրած կարմիր ծաղիկներով թեյի բաժակի մեջ ու դրեց իր անկողնուն մոտ:
Տարօրինակ աչքեր ուներ այդ տղան: Դեմքը գունատ էր, ուսերը` նեղ, իսկ ձեռքերը նոր թխած հացի միջուկի նման սպիտակ էին, տաք ու նուրբ:
Անծանոթի մասին մտքերը մեղմացնում էին անհանգստությունը, որ հայրը բարկացած է իր վրա:

Առավոտյան արտասովոր ոչինչ չկար: Կեսօրից հետո որոշեց տանը մնալ, որ հորը անպայման դիմավորի: Երբ խոհանոցում էր գործ լինում բաժակով յասամանը տանում էր այնտեղ, երբ հոր սենյակն էր հավաքում ծաղիկը այնտեղ էր դնում, իսկ դրսում` տան դիմացն ավլելիս յասամանով բաժակը դրել էր պատուհանագոգին, որ դրսից էլ երևա:
Ձիու սմբակների ձայն լսեց: Վարդանն էր` հարևանի տղան: Ձիուն նստած էր` ձեռքին յասամանի փարթամ փունջ:
-Բարև, քեզ համար եմ բերել, վերցրու,-անգիր արած ոտանավորի նման ասաց նա:
-Էս որտեղի՞ց էսքան շատ,-հարցրեց ու մոտեցավ ձիուն սիրելու:
Գյուղի ամենալավ ձին էր, կարմիր, արագավազ, մորթը առողջ, փայլուն:
Վարդանն իջավ ձիուց:
-Դե քաղել եմ էլի, քեզ համար…վերցրու…կգա՞ս գնանք գետ…
-Չէ, ես գետ չեմ գնում,-տան դռներին մոտենալով` ասաց նա…
-Գնում ես, ես տեսել եմ…
Միանգամից կարմրեց, ասես ինքն իրեն գրկեց ու շրջվեց:
-Ի՞նչ ես տեսել…
Վարդանը հասկացավ , որ սխալ արեց. չպետք է ասեր:
-Դէ… տեսա էդ կողմից ես գալիս, մազերդ թաց էին…
-Չեմ գա ոչ մի տեղ, դու էլ գնա…համ էլ մայրդ մենակ է, մեղք է…
-Դու դրանից ի՞նչ ես հասկանում,-բարկացած ասաց Վարդանը, նույն վայրկյանին էլ փոշմանեց ասածի համար, բայց էլ չէր կարող մնալ, արագ թռավ ձիու վրա, խփեց կողերին ու մի քանի վայրկյան անց էլ չերևաց:
Յասամանի փունջը ձեռքին կանգնած էր մնացել դռների մոտ: Ինքը գիտեր, ինքը հասկանում էր, ախր, թե որն է մենակությունը: Մի օր մենակ մնացին մայրը, հայրը, հորաքույրը, ինքը…
Բոլորը մի օրում ,միանգամից իր աչքերում մենակացան, դարձան անպետք…
Վարդանն իր համար համարյա ամեն օր էր ծաղիկ բերում:
Մի անգամ էլ գյուղի տղաներից մեկին խփեց իրեն նեղացնելու համար: Վարդանն էնպես խփեց, որ այդ տղան ընկավ, հետո ողջ գյուղը խոսում էր, թե ինքը տղաների մեջ կռիվ է գցում: Բայց Վարդանը գալիս էր իր մոտ, ծաղիկ էր բերում ու ասում, որ չլսի ոչ ոքի:
Մոր մեկնելուց հետո գյուղի կանայք խեթ էին նայում իր կողմը ` բացի Վարդանի մայրն ու էլի մի քանիսը: Մի օր էլ հորաքրոջը հանդիպեց, սա էլ թե .
-Գիտե՞ս` էսօր ինչ օր է… մի քանի տարի առաջ` էս օրը, մայրդ փախավ էն ոչ բարով եկած քաղաքացու հետ…
Հուլիսի 24-ն էր… այդ դեպքից անցել է ուղիղ մեկ տարի…
Իսկ երեկ առավոտյան իրեն ծաղիկ նվիրեց մի տղա, ում ձեռքերը նոր թխած հացի միջուկի նման սպիտակ էին ու տաք:
Մտքերի ու հիշողությունների ծանրությունից սթափվեց հանկարծ հնչած բարևից, նայեց իրենց բակից փողոց բարձրացող աստիճաններին` երեկ առավոտյան իրեն ծաղիկ նվիրող տղան էր` նույն տարօրինակ ժպիտով…
-Բարև, ասում եմ… դու խոսել գիտե՞ս…
-Հա…Բարև…
-Երեկ էլ խաչքարի տեղն էի հարցնում, էլի մի բառ չասացիր…Անունդ  ո՞նց է…
-Նանե…
-Ես մի քանի օր է որ այստեղ եմ, բայց կարգին չեմ ճանաչում տեղանքը ինձ գյուղը ցույց կտա՞ս…
Սիրտը թրթռաց, անհասկանլի ցանկություն ուներ անընդհատ այդ տարօրինակ ժպիտը տեսնելու… համաձայնեց…
Վարդանի բերած յասմանները դրեց դռան կողքի նստարանին ու դուրս եկավ նոր ծանոթի հետ:
-Բա ինչի՞ ինձ հետ խոսեցիր: ինչի՞ ուզեցիր, որ ես քեզ գյուղը ցույց տամ…
-Երեկվանից մտքիցս դուրս չէիր գալիս, այսօր էլ պատահակն տեսա քեզ, ուրախացա… գիտե՞ս ինչ ` ինձ տար քո ամենասիրելի վայրը…
Երբեք ոչ ոք չէր ասել, թե իրեն տեսնելով ուրախացավ… ուրեմն այնքան էլ անպետք չէ ինքը… Որոշեց, որ հենց նրան, ում ուրախություն է պատճառել միայն իր գոյությունը, հենց նրան կտանի այնտեղ, ուր ոչ ոքի երբեք չի տարել:
Գնացին գետի իր ափը: Խաղաղ էր ամեն ինչ, գետը հանդարտ ալիքներ էր ուղարկում հեռուն…
-Նայիր, էս ալիքը, որ գնաց էլ չի գալու… էլ երբեք ետ չի գալու…,-ասաց նա…
-Բայց գալիս են նորերը…
-Հա գալիս են ու էլի գնում են… դու էլ ես գնալու…
 Լռեցին…
Տղան կողքից մանր քարեր էր վերցնում ու նետում գետի մեջ…
Հիշեց հորաքրոջ խոսքերը ` էն ոչ բարով էկած քաղաքացին…
Սկսեց մտածել, որ դժբախտություն, մենակություն են բերում իրենց հետ քաղաքից եկածները… գալիս են խանգարում հանգստությունը…գալիս են, որ պղտորեն գետը, որ քարեր լցնեն մեջը, որ նոսրացնեն գետի հոսանքը, որ իր , հոր, հորաքրոջ ու իր մոր նման շատերը մենականան, դառնան անպետք… Գալիս են, որ հին ալիքը ավելի արագ մոռացվի … Այդ մտքերի հետ մի տեսակ անպետք թվաց կողքինի ժպիտը…
Թեև չէր զգացել գետի սառնությունը, բայց բարկությունից շուրթերը նորից նոր բացված յասամանի գույն ստացան…
-Մտածում եմ` ո՞նց քեզ ավելի շուտ չէի տեսել…ափսոս` վաղը գնում եմ…
-Գնա , ավելի լավ…,-գրեթե բղավելով ասաց նա,- իսկ ես վազելու եմ հին ալիքի ետևից… սխալվում են, երբ ասում են ` թե ես մորս նման եմ…թե դավաճան եմ…
-Չեմ հասկանում քեզ…
-Ոչ մայրս է դավաճան, ոչ էլ ես, հասկացա՞ր… գնա… ու էլ քարեր մի գցիր իմ գետի մեջ… մի պղտորիր այն…
Ասաց ու արագ հեռացավ…
Դեպի իրենց բակ իջնող աստիճաններին նստած էր Վարդանը… Հանդարտվեց, նստեց կողքին, գլուխը հենեց Վարդանի ամուր ուսին ու յասամանաբույր շուրթերով շշնջաց.
-Դու գետի ամենամաքուր ալիքն ես…


Անի Մաղաքյան