Поиск по этому блогу

четверг, 13 сентября 2018 г.

... թակարդ...


Քեզ սպասելը լարած թակարդ է…
Կյանքի ավարտ է, սրտի կանգառ
Եվ ժամանակը, արյան մակարդ է
Թանձր է ու լացը՝ կոկորդի ցավ

Քեզ հավատալը երկնքում կայծ է
Հրդեհված անտառ, մոլեգնած ծով…
Ընկած մի աստղ է, հանգած, մարած է
Աչքերիս միջից գողացված շող…

Քեզ հետ խոսելը անդունդի եզր է
Անզգուշ քայլ է, ազատ անկում…
Տատրակի թևից պոկված փետուր է
Եվ իր երամից կտրված թռչուն…

Քո հրաժեշտը ընդհատված կանչ է
Ցամաքած կյանք է, անարև օր…
Անանձրև աշուն, անձմեռ ձյուն է
Երաշտից մեռած դաշտավայր է չոր….

Քեզ հասկանալը արյունոտ վերք է
Աղի նեղ հետք է վերքի վրա
Երկար պայքար է, վերջ…պարտություն է
Անկեղծանալու էլ հույս չկա…

Անի Մաղաքյան 

понедельник, 13 августа 2018 г.

Ավերակներ....











....ես հստակ հիշում եմ դիմագծերը, բայց մտածում եմ, որ չեմ ճանաչի նրան, երբ տեսնեմ պատահական մի օր, մարդաշատ փողոցներում արդեն օտարացած քաղաքի...հիշողությամբ բնություն չեն նկարում, դա նույնն է թե հիշողությանբ սիրահարված մնան...կամ սիրեն հիշելով, որ սիրել են մի ժամանակ...ես այսօր փնտրել եմ նրան...նա ինձ միայն իր անունն է թողել...և մի տխուր պատմություն մոր դժվար կյանքի մասին... ես չգիտեմ, ինչպես կարող եմ գտնել նրան...թեև հիմա դժվար է պատկերացնել, որ ուզածդ մարդուն չես կարող գտնել, գոնե նկարները տեսնելու համար... հիմա մարդիկ չեն բաժանվում ընդմիշտ, ոչ ոք ոչ մեկի կյանքից անվերադարձ չի անհետանում, չի վերանում անհետ, ինչպես նա... մարդիկ բաժանվում են իրարից, հետո սկսում են միմյանց նկարներին հետևել՝ այ տես նա արձակուրդին Իտալիա է մեկնել, նա գնել է իր երազանքների մեքենան, նա ամուսնացել է, ծնվել է նրա առաջնեկը և այսպես շարունակ...և մենք ապրում ենք միմյանց հարևանությամբ... իրար թաքուն ու բացահայտ հետևելով և ոչ ոք չի հասցնում զգալ, որ կարոտել է... և ես հիմա......ես ոչինչ չգիտեի նրա մասին, ոչինչ ինձ պետք չէր իմանալ...նա դիմավորում էր ինձ երեկոյան ուշ խնջույքից դուրս գալիս և փորձում էր նախատել, որ չափից շատ եմ խմել...մի փոքր դժգոհում էր, բայց բավական էր մեր հայացքները հատվեին ու մենք սկսում էինք ծիծաղել իր բարկության ու իմ անորոշ օրորվելու վրա ... ես հիշում եմ նրա սիրելի երգերը, որոնք լսում էր ինձ մոտ գալու ճանապարհին և այն օրը, երբ երեկոյան ուշ թատրոնից մենակ վերադարձա տուն, որովհետև ինքը նեղացել էր ինձանից...ես նրան այնքան շատ եմ նեղացրել...ժամանակ եկավ, երբ ես նրա մեջ քարը քարին չթողեցի, այն գորշ արջի նման, որ մեղր ուտելու համար մի ողջ փեթակ է ավիրում, ես ագահաբար վերցրեցի նրանից իր մեծ սերը և փոխարենը միայն ավերակներ թողեցի...հիմա այնքան եմ ուզում իմանալ, որ նա արձակուրդին մեկնել է Իտալիա, որ ծնվել է նրա առաջնեկը և ինքը գնել է վերջապես իր երազանքների մեքենան...ես ուզում եմ իմանալ, որ նա այդքան ուժեղ էր...և վախենում եմ մտածել, որ չի ճանաչի ինձ մի օր, երբ տեսնի օտարացած քաղաքի մարդաշատ մայթերին...Նա սիրում էր քաղաքին նայել երեկոյան Կասկադի ամենավերևից և մենք երկար կանգնում էինք այտեղ ու հետևում վառվող լույսերին: Նա այնքան շատ բան գիտեր իմ մասին, որ ես զարմանում էի, թե ինչպես է դեռ սիրում ինձ, ինչպես է ներում ինձ այն ամենն ինչի համար ես ինքս ինձ հետ չեմ հաշտվում արդեն այսքան տարի...հետո պետք է հասկանայի, որ մարդուն հնարավոր է սիրել միայն իր մասին ամեն ինչ իմանալուց հետո...միայն այդ դեպքում է սերը անկեղծ, իսկ ես նրա մասին ոչինչ չգիտեի, բացի անունը... թե որևէ մեկը ինձ իսկապես սիրել է, դա նա է եղել և հիմա այնքան դժվար է հարմարվել դրա հետ... հիմա ցավեցնում է միտքը՝ որ ես այնքան մեծ չէի, որ կարողանայի գնահատել նրան...
Այն փոքրիկ սուտը, որի մեջ նա ակամայից խճճվել էր, ինձ հունից հանեց, բայց ես պատրաստ էի ներել նրան, եթե միայն նա կարողանար նայել աչքերիս մեջ, եթե միայն կարողանար ներել ինքն իրեն... «էլ մի գրիր ինձ...»՝ գրեց վերջին անգամ ու ես էլ չգրեցի... որովհետև երբեք ոչ մեկին պահելու հարցում համառ չեմ եղել... որովհետև միշտ բաց եմ թողել գնացողներին...գնացողը վերադարձի ճանապարհը լավ է հիշում...և նա վերադարձավ մի օր...ես ներել էի, բայց ոչինչ էլ չկար մեզ կապող...իսկ հետո նա սկսեց երեկոները նստել մեր բակի նստարանին ու գրել ինձ, որ միշտ մոտ կլինի, որ ես ցանկացած պահի կարող եմ մեկնել ձեռքս ու գտնել նրա ձեռքը նույնիսկ մթության մեջ...
«Հենց էսպես, գեղավարի, պարզում եմ ձեռքս, արի էլ չխոսենք անցյալից... ձեռքս բռնիր ու մենք միայն առաջ կնայեք»՝ ասաց երեկոյան, այգու նստարանին նստած: Ես կարող էի բռնել ձեռքը, բայց գնացի, թողեցի նրան մենակ ... և կապ չունի, որ ես մենակ եմ հիմա...կապ չունի, որ կորցրած ամեն ինչ թանկ է կրկնակի...պարզապես ես հասցրել եմ կարոտել նրան...և ես ոչինչ չգիտեմ նրա մասին... ոչինչ, ինչը կօգներ տեսնել նրան գոնե հեռվից, գոնե թաքուն՝ համոզվելու, որ ես այնքան ուժեղ չէի նրան տապալելու համար... 
Ես չգիտեմ ինչպիսին էի այն ժամանակ, ես մոռացել եմ ինձ ու չգիտեմ, թե իչպիսին է հիշում ինձ նա և հիշում է արդյո՞ք...
Անի Մաղաքյան 
Հատված վիպակից...

пятница, 7 июля 2017 г.

... թիթեռը հոգուս մեջ...


Խոստնու՞մ ես մի օր գրկել մեջքս ու հիշեցել, որ ես կին եմ վաղուց սառած երակներով իմ մեջ... վաղուց հանգած կրակներով... ներսից վաղուց մեռած...
Երբ հիշեցնես, որ ապրել կա էս գրողի տարածում, կհասկանամ որ մեռնել կար ավելի խորը մի տեղ... տարածքում.... տարածքում սրտիս տարածություն է որում կորցրել եմ քեզ չունենալով... չունենալով անգամ հոգեպես...հոգուս մեջ.... էլ ուր մնաց, թե գրկիս մեջ ունենալով հագենայի...
Խոստանու՞մ ես ժպտալ մի օր այտափոսերիս նայելով ու հիշեցնել, որ ծխելը չէր սազում ինձ մի ժամանակ... մի ժամանակ մատներիս տակ սառած շոյանքներում... Ու օրերում ժամանակից առաջ ընկած... ընկած գետնին... գետի տարած... ուրիշ ոչինչ  ինձ չբերած...  
Ձայնդ ականջներիս մեջ...հայացքդ շուրթերիս տակ` բառանման... բայց չդարձած բառ... չհորինած տող... որ նախ ապրել էր պետք հանդիպման մեջ չկայացած... չկայացած բայց հազար անգամ երազ տեսած...անքնություն դարձած երազներում....
Խոստանու՞մ ես ինձ հիշեցնել, որ ես օր չէի` դար էի... հավերժ էի... հավերժութան նման անկանխատեսելի ու հավերժի նման ցանկալի.... ցանկալի է, որ հիշեցնես...
Խոստանու՞մ ես մոռանալ քեզ ալիքներում իմ մազերի ու հիշեցնել, որ ես ափ չէի` ծով էի... ալիքներով անսանձ... մայրամուտով սիրուն.... սիրուն գիշերներով մազերիս մեջ...  
Երբ հիշեցնես, որ ժամանակ չկա էս գրողի տարածում, կհասկանամ, որ իմ վերջին սերն ես... վերջին թրթիռը... թիթեռը հոգուս մեջ... գայլագույն....

Խոստանու՞մ ես վերջին տողս լինել անքուն... թե՞ փակվում են աչքերդ կամաց....

Անի Մաղաքյան

суббота, 1 апреля 2017 г.

Լինում է չի լինում քաղաքը...



Այս քաղաքում կարելի է մեռնել ձանձրույթից...
Այս քաղաքում ...որտեղ ոչինչ չի կատարվում... բացի անձրևը...
Լինում է չի լինում քաղաքը...
լինում է չի լինում իմ սեր...
Այստեղ կարելի է քայլել երկար և ոչ մի տեղ չհասնել...
Եվ շփոթել սերը...
Կարելի է ծխել և նայել պատուհանից...
Այս քաղաքում իմ սեր... միայն այս քաղաքում...
Լինում է չի լինում սերը...
Լինում է չի լինում իմ սեր...
Այստեղ կարելի է կարդալ աշխարհի բոլոր գրքերը...
Ահա այդ տեղը...և այդ գրքերը... վեպերը սիրո մասին...
Ամպի չափ քաղաք է... քաղաք է ամպի մեջ...
Այս խոտերը որ աճում են անձրևից...
և ծածկում ոտնատեղերը...
խուտուտ են տալիս ոտքիս թաթերը...
խոտածածկ  շավիղ է սեր իմ...
բոբիկ ու թաց մի շավիղ...
Այս քաղաքում կարելի է սիրահարվել ձանձրույթից...
Ոչինչ չանելու նման... սիրահարվել...
Պարապ մնալու նման....
Թեյ խմել...նայել պատուհանից...
Հիշել, թե ինչպիսին էր ամառն անցած... հագնվել տաք...
Լինում է չի լինում ամառը...
Սեր իմ...այս ամառը... չի լինում...
Այս քաղաքում, որն անտանելի մոտ է...
Այն մոտ է աշխարհի բոլոր քաղաքներին...
Բայց սարսափելի հեռու է քեզանից...
Աշխարհի չափ քաղաք է սեր իմ...
Աշխարհ է քաղաքի մեջ...

Անի Մաղաքյան

четверг, 21 апреля 2016 г.

Մորեխիկ

Մենք մենակ էինք ապրում: Այդպես ասում են երբ երկուսով, կամ երեքով են ապրում` մեկի նման... մենք մենակ էինք ապրում` ասում են, որովհետև մենակությունը հետդ ապրողների քանակով չի չափվում:
Նա սիրում էր, որ մեկ-մեկ ծխում էի իր հետ: Ծխախոտը հանում էր տուփից, իր ձեռքով դնում էր բերանիս ու վառում, ես առաջին քուլաներից հազում էի, իսկ ինքը ինքնագոհ ժպտում էր ու նայում ինձ ինչ-որ սեփականության նման...իր գտածի...իր ունեցածի նման...դա ապահվություն ներշնչող հայացք էր...
Փոքր ժամանակ, գյուղում, մենք մորեխներ էինք բռնում ու ծխացնում...ուրախանում էինք, թե ոնց է մորեխը պահում ծղոտը, ինչպես է անհանգիստ վերուվար անում նրա կրծքավանդակը...

Ամենքս մեր մեջ մի կիսատ թռիչք ունենք... մի տեղ, մի օր չի հերիքել շնչառությունդ ու դու կիսատ ես թողել շարունակությունդ... ու սկսել ես ապրել ուրիշի ընթացքի մեջ... հիանալով ու տրվելով նրա թռիչքին...
Ես նայում էի ու չէի հասկանում, թե ինչն է քեզ այդպես կապել ինձ... անցած տարի դու դեռ ապրում էիր մեր հին տանը...այդ տարի տաք ձմեռ արեց ու դու մտածեցիր, որ կարող ես առանց ինձ ապրել այդտեղ... ես գիտեմ, որ արյունդ չտաքացավ ողջ ձմեռ... որովհետև իմն էլ էր սառը...
.....Ես վերցնում եմ ծխախոտը... վերջին տուփից, որը մոռացել ես այս տանը...
Հեռվում, մեքենայի պատուհանից երևում էր սպիտակ հովիտը` տեղ-տեղ կարմիր ու մուգ կապույտ ծաղիկներով...ապրելու հովիտ էր...խրճիթ սարքելու...անձրևին բակում, ծածկի տակ նստելու, կարմիրի ու կապույտի բույրերը զգալու...
Հիմա պատուհանից քամի է...բույրեր չբերող... ծանոթ ոչինչ չհիշեցնող քամի...
Երբ սկսեցի փողով գրել, իմ մասին գրվող պատմվածքներն ու էտյուդները քչացան...կյանքս ընդհատվեց գրականության մեջ...մոռացվեց մեր վերջին հանդիպումը, որի մասին ես այդպես էլ ոչինչ չգրեցի... մեր վերջին հանդիպումը` ձմռան մի օր...պատուհանից երևացող համատարած սպիտակ գիծ հիշեցնող հովիտներով ու զրույցներով անկեղծ... փողով գրելը զզվելի է...փողով քո մասին չես գրի... փողով հորինում ես...միայն ....
Այնտեղ, այն սարի վրա, որի մասին պատմում էի, միշտ կանաչ էր: Խոտն այնտեղ միշտ երիտասարդ էր ու կարճ...աշնանը չէր հասցնում չորանալ, և դրա վրա միանգամից սառույց կտրած շաղ էր նստում: Այդ տեսարանը միշտ տաքացրել է ինձ...ինձ տաքացրել է միտքը, որ ձմեռը մի օր էլ կգա ու վառարանի հետ կբերի կտրած տանձենու մոռացված հոտը:
-Տանձենու արմատները տան տակն են հասել... վտանգավոր է...

Ասացիր ու կտրեցիք...հսկա ու ծեր ծառը...իսկ մայրդ ուրախացավ, որովհետև բակում էլ շատ տերև ու աղբ չէր հավաքվի... Տանձենուց կոճղ մնաց, որի վրա սեղան սարքեցիք ու հիմա նստում եք, հաց եք ուտում...գինի եք խմում ու դեռ անցած տարվանից մնացած տանձի չիրն եք ուտում... Տխուր է նայել դեռ թաց կոճղին...իմանալ, որ մի ժամանակ իր լավագույն ճախրանքն է ապրել... եվ ինչպես վերադառնաս այնտեղ, եթե ստվերը լքել է իր տեղը...
Ոչինչ այնպես չի ջերմացնում մարդու հոգին, ինչպես սեղանին դրված խնձորով թխվածքը, ափսեով ընկույզը, տնական կոմպոտն ու անկյունում, ոտքերը ծալապատիկ նստած կինը` շյուղերով ինչ-որ բան գործող...
Ես կուչ եմ գալիս չզգալով...հետո զգում եմ, որ շատ եմ նեղում ինձ...փորձում եմ տեսնել ավելին, քան ասում ես... դեռ անցած տարի դու ապրում էիր մեր տանը...մենակ...հետո մենք սկսեցինք բոլորով ապրել այնտեղ ու էլի մենակ...ես ներս աճեցի ու շարունակեցի մոռանալ բոլոր հեքիաթները, որոնց հավատացել եմ մի ժամանակ...
Հեքիաթներում մորեխները միշտ ջութակ են նվագում... երևի ամենքս մեր մեջ մեր Պագանինին ունենք` պոկված լարով...կտրած մի ստվերով...և թաքնված միակ հեքիաթով...
Մորեխները թռչում են կանաչի մեջ իմ ամեն քայլից առաջ... ջրի շիթերի նման թափվում են մի քիչ հեռու` ուրիշ մի հանգիստ որոնելով...իսկ ես շարունակում եմ քայլել...ձեռքիս լուցկու տուփով գնում եմ դեպի բանջարի մեծ, բարձր թփերը...այնտեղ է զատիկների թաքստոցը...

Հողը ճահիճի նման քաշում է ինձ, երբ նա նայում է մեկ ուրիշին...ես ներս եմ աճում, ու դատարկվում բոլոր տեսակ կասկածներից....հայացքներում ու ժպիտների մեջ այդ սենյակը, հետո շենքը, հետո ողջ քաղաքը նեղանում են, դառնում լուցկու տուփի չափ փոքր...իսկ մենք իրար այնքան մոտ ենք դառնում ու մենակ... ես դանդաղում եմ...նրանից է նաև որ միշտ հարբած եմ մի քիչ... ծխելն այդպես էլ սովորույթուն չդարձավ, թեև փողով գրելը կեղծ ներշնչանք է պահանջում...
Զատիկները դոդ են, դմբո...մինչև մորեխը իմ քայլից առաջ արդեն թռիչք կանի, զատիկը հազիվ իր կարմիր թևը հասցնի բացել...ես հավաքում էի դրանք...հաշվում, լցնում լուցկու տուփի մեջ...խոտ էի քաղում, դնում նրանց առաջ ու փակում էի ամուր, որ դուրս չգան... մանկության ամենամեծ ու զարամանալի հրաշքը հաջորդ առավոտյան էր լինում, երբ թաքուն տեղ պահած զատիկներով լի տուփը բացում էի, ու նրանք բոլորն անհետացած էին լինում...
...ես մորեխ եմ...ես թռչում եմ ակնհայտ, առերես...ու չեմ անհետանում մութ գիշերով` հրաշքի նման...առեղծվածային ոչինչ չկա իմ մեջ... Ես այն երկար, բարակ թևերով, սուր ուսերով, բարակիրան կանացից չեմ... ես անկյունում ծալապատիկ նստած շյուղերով ինչ-որ բան գործող եմ... սառը ոչինչ չկա իմ մեջ...և ես ափսոսում եմ ջերմությունս... և նախանձում բոլոր սառը կանանց...
Ես քեզ այլևս չեմ սիրում, բայց երբ ինձ մոտ մեկը խոսում է սիրո մասին, ես քեզ եմ հիշում... այդպես է կերակրում հիշողությունը ծերացած զգացմունքներին... այդպես մարդասպանի մոտ, երբ մահից են խոսում, նա իր առաջին զոհին է հիշում...
Ես մոռացա պատմել մեր վերջի օրվա մասին... երբ պատուհանից սկսեց ոչինչ չերևալ... երբ ես փորձեցի ընկերդ լինել վերջին անգամ... երբ չհավատացիր նորից... ու ես հասկացա, որ մեզ տարիներ են պետք նորից... և խոսքը, որ կախվում է սենյակում... ու տարածվում ամենքիս մեջ մեր չափով...դեռ վաղ է վերջի համար...
....դեռ կարող եմ լսել իմաստնությունդ, հայր, հայացքով շոշափել քունքիդ զարկերակվող երակըև կիսել քեզ հետ զարկս վերջին՝ կատվի յոթ կյանքերից վերջինը ամենամինչ դու մի հայացքով բռնում ես նուրբ թելը իմ հույզերի և հասկանում ամեն ապրած տագնապԱվելորդ են բառերը հիմնականում, սովորաբար մի երկու բառ է պետք տողի մեջ ազնիվ մերկանալու համարև տրվելու համար միայն մեկ նշանի, մեկ ստեղի վրա հնչելու կիսաձայն
Ինչպես երեկոյան ճանապարհին գտնվող մարդիկ խորհրդավոր են տեսնում լույսերը հեռվի, այնպես գերում է ինձ կանչը նրա, թեև գիտեմ՝ մոտենալով նրա բառերը հատ-հատ կցավեցնեն նորիցիսկ աչքերս, հայր, այնքան կարոտած ու տխուր են նայում հիմա ամեն ինչինասես տասը տարի ես մի օտար կատվի կյանք եմ վատնել իզուրԱյդպես լինում է...այդպես մարդիկ երեք հազար տարին մեկ անգամ մոռանում են ամեն ինչ ու սկսում սիրել, երեք հազար տարին մեկ անգամ ծաղկող ծաղկի նման...
Ես վերցնում եմ ծխախոտը... անվստահ դնում եմ շուրթերիս...


Անի Մաղաքյան 

Տպագրվել է TV Ալիք շաբաթաթերթում