Ես մի շատ կարևոր առաջադրանքով շտապում էի մեծ հորաքրոջս տուն:
Գործս հորաքրոջս հետ չէր, այլ նրա ամուսնու՝ Հայկազի: Հայացքս չէի կտրում հեռվում,
իր կտրուկ եզրերով կապույտից զատվող եռաժանի լեռից՝ Սվաքարից:
Սվաքարը մեր գյուղից երևացող ժայռի ամենամեծ գագաթն է: Իր բարձրությունից գյուղին հետևող մշտարթուն աչքն է: Եթե Աստված է ստեղծել այդ բնությունն, ուրեմն Սվաքարը կանգնեցրել է այդտեղ՝ ի հիշատակ մի հսկայի, ինչպես Դիլիջանի
սարերից մեկում՝ Ջուխտակ վանքերից վերև, կանգնեցված է իմ պապի՝ Ամիրբեկի, հիշատակի քարը, ճիշտ այն տեղում, որտեղ նրան հաղթել է կայծակը: Տասնյակ սարվորների միջից կայծակն իրեն հավասարին էր ընտրել՝ իմ բեկ պապին: Ասում են Դիլիջանը նրա նման գեղեցիկ ու իր բնության պես ազդեցիկ մարդ չի տեսել: Ասում են՝ բնությունը քո պապի ծառան էր, թե սովորական մարդը իր փոքրությունն
է զգում այս լեռների մեջ, քո պապի առաջ լեռներն էին փոքրանում:
Եվ մարդիկ նրա հիշատակի քարը կանգնեցրին սարերում:
Բայց մահվան հետ հաշտություն
կնքած մարդու համար միևնույնն
է իր համար քար կկանգնեցնեն թե ոչ, քարը գնացողի համար չէ, քարն ապրողի համար է, այդպես թռչունների թռիչքը հողին ամուր կանգնած մարդու համար է:
Ես նայում եմ մեր տան պատշգամբից: Դիմացի երեք բարձրահարկերը Սվաքարի ուրվագիծն են հիշեցնում: Խոհանոցում մայրս խառնում է ճաշն ու լսվում է մետաղյա շերեփի
զնգոցը: Ես հիշում եմ, թե ինչպես էի շատ կարևոր առաջադրանքով շտապում Հայկազ պապի մոտ:
Տատիս շերեփը մաշվել էր, փայտը սևացել էր տաքությունից:
-կասես, արդեն քանի տարվա շերեփ ա, բոլորի համար սարքում ա, մեզ
մոռացել ա...կասես՝ տատն ասում ա մի լավ մեծ շերեփ սարքի, մի հատ փոքր թի, երկու հատ
էլ փոքր շերեփ, կասես՝ շատ խորը չանի...
Եվ ես շտապում էի: Հայկազ պապը շերեփ ու գդալ էր սարքում փայտից:
Փայտը տատիս պղինձների տակը չէր քերում ու տհաճ զնգոց չէր արձակում ճաշը խառնելիս:
Հայկազ պապը պարապ ժամանակ մեծ ու փոքր խոհանոցային պարագաներ էր տաշում փայտի հարմար
կտորներից:
Տաշած շերեփը մի լավ հարթեցնում էր, պոչին ծայրից ձևավոր կորություն էր
տալիս ու անցք անում, որ խոհանոցում կախելը հարմար լինի:
Ես որոշել էի, իմ կողմից էլ խնդրել, որ նա մեր շերեփների պոչերին
նաև նախշեր անի, որ դրանք ամենագեղեցիկը լինեն, բայց մոռացա, որովհետև ուշքս Սվաքարի
վրա էր:
Սվաքարին մոտիկ սարվորների օդաներն են: Մոշուտը առատ բերք է տալիս, բայց սարվորներից
մեկը գյուղի բերանն է գցել, թե մոշուտի կողքերին արջի հետքեր է տեսել, որ գյուղացիք
վախենան ու Եղնհաղոցի մոշուտը մնա բինավորի տրամադրության տակ:
Հորաքույրս իր կյանքի առաջին
ամառն է որպես սարվոր ապրում: Այդ բնությանն անտարբեր չես մնա, եթե նույնիսկ ողջ կյանքդ
դրա դեմ ես պայքարել, քաղաք, շենք ու ասֆալտ ես ուզել շուրջդ տեսնել, բնությունը խեղճացնում
է, իր գերին է դարձնում:
-Եկեք, եկեք տեսեք էս ինչ
տեղեր են, տեսեք, որտեղ եմ ապրում ու նախանձեք,- ասում է հորաքույրս ու նույնիսկ հեռախոսի
միջից է լսվում, թե ինչպես է հանգստությամբ հագենում նրա մարմինը՝ յուրաքանչյուր շնչի
հետ:
Հորաքրոջս սկեսրայրը կլոր տարին գյուղ չէր իջնում: Սարը նրա աշխարհն
էր: Այդտեղ էր սկսում կյանքը բացվող օրվա նման, և այդտեղ էլ պետք է ավարտվեր՝ մայրամուտից
առաջ: Այնտեղ՝ նեղ կածաններից մեկի եզրին, Սամվել պապի թոռները մի քար են դրել ՝ ծնվեց
և մահացավ սարում...որպեսզի նրա ներկայությունն զգան, ամեն անգամ ծանոթ արահետով գնալիս:
Պապս՝
Գարենը, կենդանության օրոք սարում աղբյուր սարքեց՝
Մաղաքյանների աղբյուրը: Ասում էր՝ եթե աշխարհում մի Մաղաքյան էլ չմնա, թող եկողը զովանա
այդ աղբյուրի ջրով, օրհնի մեզ ու մեզ հիշի:
Եթե պապս գրող լիներ մի հանճարեղ
վեպ կգրեր, որ կարդան ու հիշեն իրեն, թե ճարտարապետ լիներ այնպիսի մի շենք կկառուցեր,
որ տեսնողն իր անունը շուրթերին հեռանա, թե պապս նկարիչ լիներ ամենագունեղ ներկապնակը
կունենար, թե լիներ զորավար, ապա ամենաանվախը,
թե բժիշկ, ապա ամենաազնիվը.... Բայց իմ պապը գյուղի ամենալավ գերանդի քաշողն էր, ամենալավ
օղի քաշողն ու հյուրեր ընդունողն էր, ամենակոկիկ բլուր դնողն էր խոտհավաքի ժամանակ, իմ պապը ներդաշնակ էր իր
բնության հետ, հետևաբար պետք է աղբյուր սարքեր, որ իրեն այդպես հիշեն, որ իրեն հիշելու
համար անցնեն ծմակուտի մեջ փռված նեղ կածանով, որով ինքն է անցել, տեսնեն վայրի մեխակների
մանուշակագույն ծաղիկներն ու մարգագետնում ցրված մանր երիցուկները, զգան ուրցի բույրն
ու վերջապես ճանապարհի հոգնությունը թոթափելու համար խմեն սառը ակունքի պարզ ջրից,
կարդան աղբյուրի վրա դրված քարի գրությունն ու այդ ջրի նման երկար կյանք մաղթեն աղբյուրը
սարքողի սերունդներին: Այսպես էր աշխատում մարդուս հիշողությունը իմ պապի պատկերացմամբ:
Հայկազ պապն այլ կերպ էր հիշվելու:
Այսօր իմ տատի դատարկված խոհանոցի
պատին դեռ կախված է շերեփը, որը ես էի նկարագրել վարպետին և պոչին նախշ էլ կար, որովհետև
թեև այդ օրը մոռացա նրան խնդրել այդ մասին, բայց հետո երբ իմացավ հենց այդ շերեփի վրա
նախշ արեց: Բնություն էր թափվում Հայկազ պապի մատներից: Իր հոր, իր պապի, իր ապուպապի
մասին հիշողությունն էր աննկատ շարժում նրա մատները՝ փայտը տաշելիս, որպեսզի հավասարակշռության
մեջ լինի մարդը բնության հետ, որպեսզի մարդը վերցնի բնությունից այն, ինչ իրենն է,
փոխարենը բնությանը հանգիստ թողնի այնտեղ, որտեղ դա պետք է: Եվ աշխարհը իմ շուրջ չէր
դժգոհում ոչնչից և ոչ ոք ծանր չէր շնչում և հոգոցներն այսքան դժվար չէին:
Եղբայրներս կովի կամ խոզի հաստ կաշի էին ճարում, դնում էին արևի
տակ՝ չորանալու: Հետո այդ կաշին ձեռքներին շտապում էին Հայկազի մոտ, որ վերջինս նրանց
համար տրեխներ կարի: Հագնում էին դիմացկուն՝ միաժամանակ և հով, և տաք, սուր, մի քիչ
բարձրացած քթերով, բաց շագանակագույն տրեխներն ու բարձրանում սարը՝ տատիս օգնելու:
Հայկազ պապից հետո էլ ոչ ոք փայտե շերեփներ չսարքեց և կաշվե տրեխների փոխարեն գյուղացիկ
սկսեցին քաղաքի իրենց հարազատների հին կոշիկները մաշեցնել սարերի ճանապարհներին և ինչ-որ
բան կտրվեց բնության ու մարդու մեջ:
Չի կարող մոռացվել մարդը, ով բնության հետ ներդաշնակ է ապրել: Բնությունն
ինքն է պահպանում նրա մասին հիշողությունը գենիդ մեջ և նշանակություն չունի նրա համար
մի ծառի տակ քար կա դրված, թե նրա քարն էլ խոհանոցի պատից կախված գրեթե աննկատ օրորվող
հին փայտե շերեփն է:
Մեր սարերում ամեն աղբյուր իր պատմությունն ունի, ամեն քար մի հիշատակ
է:
Անի Մաղաքյան
լուսանկար 1 - Սվաքար
լուսանկար 2- Ջուխտակ վանքեր
լուսանկար 3 - Ամիրբեկ պապս
լուսանկար 4 - հացկերույթ սարերում, հորաքույրս ձախից 3-րդը, Հայկազ պապը՝ ձախից 4-րդը (դեմքով դեպի ֆոտոխցիկը)
լուսանկար 5- Մեծ պապս՝ Ենոքը, սարերում
լուսանկար 6- պապս՝ Գարեգինը, սարից գյուղ է իջնում ))))
լուսանար 7 - հացկերույթ սարերում՝ Մեծ տատս՝ Աստղիկը, հորաքույրս և հորեղբայրս
լուսանկար 8 - TVալիք շբաթաթերթ, Շավիղ + ))))
Комментариев нет:
Отправить комментарий