Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком Շավիղյան Բլոգ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Շավիղյան Բլոգ. Показать все сообщения

вторник, 31 января 2012 г.

Ուտել, աղոթել, սիրել… կամ թողնել ամեն ինչ և ձկնորս դառնալ… շավիղյան բլոգ շարքից


«… ես ներքաշվում եմ նրա մեջ ում սիրում եմ: Ես խոցելի թաղանթ եմ: Եթե ես սիրում եմ քեզ ուրեմն ամեն ինչ քոնն է` իմ փողերը, իմ ժամանակը, իմ մարմինը, իմ շունը, իմ շան փողերը: Ես ինձ վրա կվերցնեմ քո պարտավորությունները, քեզ կվերագրեմ մեծագույն արժանիքները, որոնց ներկայության մասին դու ինքդ էլ չգիտեիր: Ես կտամ քեզ այդ ամենը և ավելին, մինչև կդառնամ լիովին դատարկված»:

(Էլիզաբեթ Գիլբերթ «Ուտել, աղոթել, սիրել…»)

Ողջույն շավիղյան բլոգի իմ շատ սիրելի ընթերցողներ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս շաբաթվա ընթացքում նամակներ էին ուղարկել ինձ և արձագանքել հատկապես Սերինե Հայրապետյանի նամակին: Առանձնապես ուզում եմ նշել երեսունմեկամյա Արտավազդ Մխիթարյանի նամակը, ահա դրանից մի փոքրի հատված` «… սիրելի Սերինե խորհուրդ եմ տալիս քո ողջ բարությունն ու լավատեսությունը ուղղել այն աշխարհին որը կա մեր շուրջ, քանի որ լավագույն աշխարհը այն է, որում մենք ապրում ենք…»:

Քանի որ այս շաբաթվա նամակագիրներն ինձ նոր թեմա չէին առաջարկել, ես էլ որոշեցի խոսել Անահիտ Հովսեփյանի առաջարկած ֆիլմի մասին, մանավանդ, որ այն շատ եմ հավանել, թեև գիրքը ավելի նախընտրելի է: Խոսքը Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գրքի մասին է: Ի՞նչ է պետք յուրաքանչյուրիս մեզ լիարժեք զգալու համար: Մի քիչ փող, գուցե մասնագիտական հաջողություններ, հնարավոր է ընտանիք, սիրելի, երեխաներայսպես շարունակ, այնքան մինչև կանգ կառնես ու կհասկանաս, որ այն ամենն ինչ ունես միայն ցանկություններիդ չնչին մասն են, որովհետև ցանկություններդ գնալով շատանում են, նպատակներդ` բարձրանում, երազնաքներդ մնում հեռու անցյալում: Այսպես էլ այս գրքի հերոսուհին է մի օր պարզապես հասկանում, որ պետք է թողնել ամեն ինչ և մեկնել ճամփորդության, գտնել սեփական եսը, հասկանալ ինքն իրեն ու կյանքը:

Մի անգամ մի հայտնի մարդ ասաց` երազում եմ թողնել ամեն ինչ և ձկնորս դառնալ: Իհարկե ձկնորս դառնալու համար պետք է քանդել անցածդ ճանապարհը, պետք է քայլել ավերակների վրայով, գուցե արժի նպատակն այդ ամենին, ինչպես գրում է Էլիզաբեթ Գիլբերթը` «Ավերակները նախապատրաստում են վերածնունդը»:

Անահիտ Հովսեփյանն իր նամակի մեջ գրել էր, որ չի արդարացնում հերոսուհուն ` «Հերոսուհին լքում է իր սիրելի տղամարդկանց: Երեք անգամ նա անում է այդ սխալը և երեք անգամն էլ ափսոսում, տառապում: Ինչու՞ չի կարելի պարզապես երջանիկ լինել, պարզապես ընդունել կյաքնի առաջարկած երջանիկ հնարավորությունները»,- գրել էր Անահիտը: Սիրելի Անահիտ, գուցե դու ճիշտ ես, գուցե պետք չէ ավիրել ունեցածդ, բայց մեր հերոսուհին պահող ոչինչ չուներ, նա չուներ այն, ինչը ընդունակ էր գնահատել, նա ընդունակ էր միայն ազատության մեջ արժևորել սերը: Այս ֆիլմի մասին փոքրիկ հարցում ուղարկեցի այս շաբաթ ինձ նամակներ ուղղած ընթերցողներին և երկուսից պատասխան ստացա: Նրանցից մեկը Դավիթ Ստեփանյանն էր, ով դիտել էր ֆիլմը: Դավիթը գրել էր, որ հերոսուհին անտեղի բարդացնում է իր կյանքը ` «… իհարկե ցանկալի է ճամփորդել, ճանաչել աշխարհը, մարդկանց, ազգերի մշակույթները, բայց դրա համար պարտադիր չէ դառնալ միայնակ ու տառապել»: Հաջորդ նամակը Սվետա Սիրոյանից էր, նա կարծում է, որ ֆիլմը շատ ուսուցողական է, որ դիտողը պետք է սովորի գնահատել ունեցածը և ճիշտ ժամանակին կանգ առնել ու վերադառնալ երազանքներին: Սվետան նաև առանձնացրել էր ֆիլմից իրեն դուր եկած մեջբերումը ` «Կոտրված սիրտը լավ նշան է: Դա նշանակում է, որ դու գոնե փորձել ես ինչ-որ մեկին սիրել»: Ես էլ կարծում եմ, որ այսպիսի փորձերից մեկն է դառնում կյանքիդ մեծագույն սերը և այն չպետք է բաց թողնել, չպետք է տարվել ստվերներով, պետք է միայն ամուր բռնել և նորից փորձել կպցնել սիրտդ:

Դէ ինչ, ծանոթացեք միյանց հետ, ճանաչեք իրար, սիրեք, դարձեք անփոխարինելի իրար համար, դարձեք անբաժան, դարձեք ընտանիք, ունեցեք լիքը սիրուն-սիրուն բալիկներ ու ապրեք առողջ ու երջանիկ, մինչև … ընդմիշտ… J

Իսկ ես ավարտում եմ այս շաբաթվա բլոգը Էլիզաբեթ Գիլբերթի տողով ` ԵԹԵ ՀԻՇԵՍ ԻՆՁ, ՊԱՐԶԱՊԵՍ ՈՒՂԱՐԿԻՐ ԼՈՒՅՍԻ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՇՈՂ, ՀԵՏՈ ՆՈՐԻՑ ՄՈՌԱՑԻՐ…

пятница, 30 сентября 2011 г.

Եթե աշխարհը ես հորինեի …Շավիղյան բլոգ շարքից...


«Երբ խոսքերը ավելորդ են, լավ մտքերն էլ խորթ են, կյանքը թող շարունակվի…»` հայտնի երգի հայտնի տողն արժեքավորվում է հատկապես, երբ բոլոր տեսակի փակ ու կիսաբաց դռների կողքին լսվում է մի հին դռան ճռռոց, իսկ այնտեղից լույս է տարածվում ու կանչում քեզ փորձելու, հասկանալու և ճաշակելու նոր հորիզոններ, նոր ակունքներ ու սովորություններ… Բայց այս տողի իմաստը հատկապես զգալի դարձավ, երբ տասներեքամյա Սերինե Հայրապետյանից ստացա մի շատ գեղեցիկ նամակ, որից գոնե մեկ հատված պարզապես չեմ կարող ձեզ չներկայացնել` «Բարև, սիրելի Անի Մ. : Շատ ուրախ եմ, որ Շավիղում կա բլոգ և մենք կարող ենք յուրաքանչյուր շաբաթ մասնակից լինել հետաքրքիր զրույցների… Դու խնդրել էիր քեզ թեմաներ առաջարկել և ես մտածեցի, որ աշխարհում թեմաներն անսպառ են և պետք է սկսել հենց ԱՇԽԱՐՀԻՑ: Միշտ փորձել եմ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե այն ես նախագծեի: Երևի էլ չէին լինի ոչ մի սահմաններ և պարիսպներ, չէին լինի վանդակներ և բոլորս կսովորեինք ապրել միմյանց կողքի` առանց նեղացնելու իրար, առանց հողեր ու կյանքեր խլելու… Ես չեմ ակնկալում կախարդական փայտիկ, կամ ոսկե ձկնիկ գտնել, ես պարզապես հավատում եմ, որ մարդկային կամքն ու գիտակցությունը բավարար է երանելի աշխարհ ստեղծելու համար…»: Սիրելի Սերինե ներիր, որ նամակդ ամբողջովին չեմ կարող տեղադրել այստեղ, բայցևայնպես շնորհակալ եմ քո շուրջ տարածվող բարության համար: Դու հարցրել էիր, թե ես ինչպիսի աշխարհ կստեղծեի, երկար մտածելուց հետո հասկացա, որ «քո աշխարհից» ավելի լավը չեմ կարող «նախագծել»: Պարզապես ուզում եմ ասել, որ միևնույն երևույթը չի կարող համատարած բոլորի համար երանելի լինել և երբեմն սահմաններ ու ինչու ոչ վանդակներ են պետք գոնե մի չնչին չափով քո մտահղացումն իրականացնելու համար: Մարդկային գիտակցությունն իրականում անընդունակ է որևէ բան փոխել, երբ համատարած խավարի ու մթության մեջ կարկամում է կամքը, այնպես որ սահմաններն ու վանդակները վերացնելուց առաջ պետք է վերացնել մութը, միջակությունն ու այն դատարկությունը, որը լցնում է իրենով ճանապարհին հանդիպող ամեն մի տարածք:

Հաջորդ նամակը, որի մասին կցանկանայի խոսել` Արմինե Մկրտչյանինն է: Արմինեն ինձ խորհուրդ էր տվել անպայման այցելել Գանձասար և քանի որ դա նաև իմ ծրագրերի մեջ էր մտնում, նամակն ստանալու հաջորդ օրն արդեն Գանձասարում էի: Սիրելի Արմինե այնտեղ ամեն ինչ ճիշտ այնպես էր, ինչպես դու էիր նկարագրել: Նախ` Վանք գյուղն ընդհանրապես նման չէ Ղարաբաղի մյուս գյուղերին, այն շատ փոքրիկ ավանի է նման, գունավոր շինություններով և մի շատ հետաքրքիր պատով, որի վրա ամբողջովին փակցված են մեքենաների հին համարանիշեր, որտեղ լուսանկարվել եմ, ինչպես դու էիր խորհուրդ տվել, քո խորհրդով լուսանկարվել եմ նաև «Սուպերդուքյան» խանութի մոտ և հուշանվեր եմ գնել այնտեղից J : 13րդ դարին վերագրվող Գանձասարի եկեղեցին հիացրեց ինձ: Խոսքեր չունեմ արտահայտելու նախշաքանդակների թողած տպավորությունն ու եկեղեցու ներսից փոխանցվող հոգևոր խնկաբույր շունչը: Տեսարանն այնտեղից աստվածային է: Շուրջը ծառաշատ սարեր, խիտ անտառներ ու մեծ սալաքարեր: Դե իհարկե բաց չթողեցի նաև Գանձասարի հայտնի առյուծը:

Շնորհակալ եմ նաև Արմինե Վարդանյանին և Լուսինե Հունանյանին Ջտրդուզի մասին գրածիս արձագանքելու համար: Նրանք երկուսն էլ եղել են այնտեղ և գրում են, որ շատ են սիրում այդ վայրը: Լուսինեն ափսոսում է, որ չի կարող հաճախ այտեղ գնալ, իսկ Արմինեն գրել էր, որ առաջին անգամ Ջտրդուզում է զգացել, որ անսահման սիրում է աշխարհը, մարդկանց և հատկապես «իր միակին» J:

Խոստանում եմ անպայման նաև ձեր առաջարկած ֆիլմերը դիտել, և քննարկել ձեզ հետ միասին Շավիղյան բլոգում: Եղեք ակտիվ և ուղարկեք ինձ հետաքրքիր թեմաներ ու առաջարկներ: Անհամբեր սպասում եմ ձեր նամակներին: Եվ հիշեք` յուրաքանչյուրս ապրում ենք այն աշխարհում, որն ինքներս ենք ստեղծում մեր շուրջ, այնպես որ` ապրեք սիրառատ, ապրեք սիրով, ապրեք սիրո կողքին…

Ձեր շաբաթաթերթյան սիրառատ բարեկամ Անի Մաղաքյան

Գրեք ինձ maghaqyan@gmail.com էլ-հասցեով և փնտրեք facebook.com կայքում

կարդացեք TV ալիք շաբաթաթերթում

четверг, 8 сентября 2011 г.

Բարև, հունցու՞ս… / Շավիղյան բլոգ շարքից


Եթե բակում դուք լսում եք մի քանի կանանց զրույց և մտածում, որ հնչյունների ավելի անհեթեթ միաձուլում չէր կարող լինել, եթե ասֆալտի միջից աճած անհայտ բույս եք տեսնում և նկատում եք, որ մեկ տարի առաջ ներկված ճանապարհի հոծ գիծը թարմությամբ չի զիջում հենց նոր ներկվածին և երեք ժամ պատուհանից նայելով ոչ մի մեքենա չի անցնում այդ նույն փողոցով, փոխարենը` երեխաներն այնտեղ գնդակ են խաղում, եթե փոշոտ, փայտի, երկաթի ու ապակու կտորներով լի բակում կախված է վառ կարմիր ու դեղին ներկված ճոճանակը, եթե խանութում հացի փոխարեն ձեզ ալյուր և խմորիչ են առաջարկում, եթե հորիզոնում միայն սարեր, լեռներ ու անտառներ են երևում և բոլոր անծանոթ կանայք բարևում են ձեզ յուրայինի նման, իսկ երեխաները ամեն անգամ տեսնելիս հարցնում են ` հունցու՞ս և վերջապես, եթե հասարակական տրանսպորտում երեք տարեկան աղջնակը իր մեկ տարեկան եղբոր համար երգում է` «իմ կուճուր ապեր ես քեզ սիրում եմ, ազատ Ղարաբաղ»` ուրեմն անհանգստանալու կարիք չկա ` ԴՈՒՔ ՇՈՒՇԻՈՒՄ ԵՔJ

Շավիղյան բլոգի սիրելի ընթերցողներ, երջանկության որոնումներն ինձ բերել են այսօր Շուշի` հրաշալի մի վայր, որտեղ ես գտել եմ անցյալում բաց թողած բոլոր հրաշալի օրերիս փոխհատուցումը

Շուշին հրաշալի աշխարհ է, յուրահատուկ մարդկանցով, հիանալի ճարտարապետական (ցավոք` հաճախ կիսաքանդ) շինություններով, որոնց արձագանքները կարելի է լսել ամեն անգամ մոտենալով նրանց:

Ես ապրում եմ չորսհարկանի շենքի վերջին հարկում, պատուհանից բացվում է կանաչ սարալանջի տեսարանը ու մեր շենքից ոչ շատ հեռու կիսաքանդ, ավելի քան մեկ դար ապրած հնագույն վարժարանի շենքը, որն անհնար է ներկայացնել բառերով, սա այն դեպքն է, երբ տեսնել է պետք:

Երբ դեռ ոչինչ չէի տեսել Շուշիում, իմ պատուհանին կից պատուհանից մի օր մի հրաշալի մանկական ձայն ասաց.

-Բարև, հունցու՞ս…

-Բարև, Լավ եմ դու ո՞նց ես,- ասացի ես` փորձելով ավելի լավ տեսնել նրա դեմքը

-Մեր Ջդրդյուզըմ ըլալի՞ս, պիտի քյնաս

Նույն երեկոյան ես արդեն կանգնած էի հոգիդ, մտքերդ, սրտիդ զարկերն ու անգամ արյանդ կարմիր գնդիկները մի կետում հավաքող ահռելի բարձրությամբ ձորի պռնկին: Առջևում խիտ անտառ է, ներքևում գետ, թարմ քամին փաթաթվում է դեմքիդ, խառնվում մազերիդ մեջ, դու պարզում ես թևերդ և արդեն թռչում ես երկնքում պտտվող արծիվների կողքին ` ահա այսպիսն է Ջդրդուզը: Հիմա արդեն հաճախ եմ այնտեղ գնում հավաքում եմ մտքերս, հանգստանում եմ, թարմանում:

Հավատացեք Անի Մաղաքյանին, ոչ մի գիտական տեսություն, տեխնիկական նորամուծություն կամ հոգեբանական վերլուծություն չի կարող համեմատվել վերը գրվածի հետ, նույնիսկ ամենահրաշալի ֆիլմը ձեզ չի փոխանցի այդ զգացողությունը: Ի դեպ` ֆիլմի մասին, իմ նախորդ բլոգի թեմային արձագանքել են Շավիղի հավատարիմ ընթերցողներ Սիրանուշ Հովսեփյանը և Արմեն Մարտիրոսյանը: Սիրանուշի կարծիքով յուրաքանչյուր աղջիկ է երազում «հրեշի սիրո» մասին, սակայն քչերն են խոստովանում դա, Սիրանուշը ասում է`որ Շավիղյան բլոգում գտել է այն, ինչը հաճույքով կարող է քննարկել մտերիմ ընկերուհիների հետ: Արմեն Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Շավիղին հետաքրքիր թեմաների անդրադառնալու համար և խոստացել է հնարավորինս հաճախ գրել մեզ: Դե ինչ կսպասեմ ձեր հետագա նամակներին հարգելիներս: Իսկ ես ֆիլմեր դիտելու սովորությանս չեմ դավաճանել նաև Շուշիում: Այստեղ սկսել եմ նաև շատ գրել, հավատացեք գրելու նյութն անսպառ է, սա մի վայր է, որտեղ դու դառնում ես հարազատ բոլորի համար ինքդ էլ չհասկանալով` ինչպես:

Չգիտեմ դեռ որքան կմնամ այստեղ, բայց համոզված եմ, որ տեսնելու, բացահայտելու ու սովորելու շատ բան ունեմ: Եթե Շուշիի մասին որևէ բան է ձեզ հետաքրքիր գրեք ինձ և ես անպայման կպատասխանեմ: Նաև խնդրում եմ որևէ հետաքրքիր ֆիլմ խորհուրդ տվեք դիտել և մենք անպայման կքննարկենք այն մեր բլոգում: Գրեք միշտ, առաջարկեք թեմաներ, որոնց շուրջ կարող ենք զրուցել Շավիղյան բլոգում: Կսպասեմ ձեր նամակներին:

Հարգանքներով` ժամանակավոր շուշվեցի` Անի Մաղաքյան…

maghaqyan@gmail.com , ինձ կարող եք գտնել նաև facebook-ում …


կարդացեք TV ալիք շաբաթաթերթում