Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком մտորումներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком մտորումներ. Показать все сообщения

вторник, 2 июня 2015 г.

էտյուդ...

Ինձ խանգարում է նկարդ: Այն չի անհետանում տեսադաշտից: Ոչինչ վաղուց այդքան հեշտ չէր եղել, ոչինչ չէր տրվել այդպես առանց պայքար, առանց ջարդվելու, բայց ես չընդունեցի... ոչինչ ինձ չի փոխի, նույնիսկ աշխարհի ամենամեծ սերը և հիասթափությունը ամենամեծ... եթե ես լինեի հարյուր տարեկան և ունենայի նույն երիտասարդ տեսքը՝ կլինեի աշխարհի ամենաձանձրալի մարդը... ես ինձ վաղուց այդպիսին եմ զգում և դա ձանձրալի է նույնքան, որքան սպասելը...թեև դու համոզում ես ինձ, որ ամեն ինչ դեռ առջևում է, որ ես քոնն եմ...որ առանց քեզ էլ երբեք չի լինելու իմ կյանքը...
... դու չես վերադառնում և գիշերը մատնում է ինձ... ափսոս, որ բավական գինով չեմ, որ զանգեմ քեզ և պատմեմ օրերիս մասին և ափսոս, որ դու ինքդ երբեք չես զանգի...և ափսոս, և փառք Աստծո...
Եվ ավելի շատ դու ես իմը, քան ես ինքս...
Իսկ ես քեզ նամակներ եմ գրել... շատ երկար ու շատ սենտիմենտալ նամակներ, որոնք քեզ չեն հասել... դրանք կորել են ժամանկի մեջ, ինչպես ես... դու երազում ինձ մեծ սլաքներով ժամացույց նվիրեցիր՝ ակնարկելով, որ կորցրել ենք մեր ժամանակը, որ հիմա ուրիշներինը լինելու օրեր են... օրերը անցնում են... շուտով իմ ծննդյան օրն է և դու չես շնորհավորի ինձ...


Անի Մաղաքյան

среда, 15 октября 2014 г.

Այնտեղ շատ մեծ ու ծեր ծառեր կան...

«Աղջիկս մենք միայնակ ենք
այս աշխարհում... »
Մարկես

Այնքան դժվար է դուրս գալ անկողնուց, երբ դու այնտեղ քնած ես, թողնել քո տաքությունը, նստել համակարգչի առաջ ու լռել մի քանի ժամ... բայց ես պետք է գրեմ, ես չեմ կարող այլ կերպ...գիշերը միակ ժամանակն է, երբ ես մի քիչ առաջվանն եմ... մի քիչ ուրիշ այն տեսակից, որին դու ճանաչում ես և միգուցե սիրում նաև... ես գիտեմ, որ դու մեկ-մեկ նայում ես նրա լուսանկարները, դու երբեք ինձ չես խոստովանի, բայց ես գիտեմ դա, ինչպես իմանում են որ անձրև է գալու, երբ հոդերն են ցավում... ես հարմարվել եմ դրան այնպես, ինչպես դու հարմարվել ես իմ գիշերային վերափոխումներին... Գրող կինը արդեն դավաճան է... այդ միտքը վերջերս կծում է ինձ, երբ ասում եմ քեզ, որ սիրում եմ... ես քեզ սիրում եմ, իսկապես, առանց զարդերի ու ձևերի... թեև իմ սերը չես կարող դնել նժարին ու կշռել, բայց դու ամեն անգամ զգում ես դրա ծանրությունը, երբ չեմ կարողանում զսպել խանդս...

Դու կարդում ես իմ գրածները միայն, երբ նեղացած եմ լինում քեզանից, երևի այդ օրերին կարոտում ես ինձ, կամ փորձում ես ավելի լավ հասկանալ, որովհետև ես գիտեմ, որ դժվար է  նեղացկոտ կնոջ հետ... 
Ես վախենում եմ այս տան մթությունից...ամեն տուն չէ, որ այսպիսի չար մութ ունի...Երեկոյան դու հերթով անջատում ես բոլոր սենյակների լույսերը, որոնք ես վառ եմ թողել... հետո նստում ես կողքիս ու հարցնում, թե ինչից եմ վախենում էդպես... ես ամեն անգամ ուզում եմ ասել քեզ ճիշտը, բայց ստում եմ միշտ, թե վախենում եմ այս օտար տան մութ պատերից, բայց կծում է լեզուս ճշմարտությունը, թե ես վախենում եմ միայն օրերից, տներից, տարիներից անքեզ...  ես վախենում եմ, որ մարմինս կծերանա մի օր և հոգիս, որ հենց այս մարմինն է ընտրել, էլ չի հարմարվի իր ընտրության հետ... էդպես հաճախ է լինում, ախր... ես վախենում եմ, որ մի օր դու կզգաս այն, ինչ ես...
Թեև մարդիկ ծիծաղում են իմ վախերի վրա, բայց ես գիտեմ, որ մենք քայլում ու ապրում ենք նույնության մեջ լճանալու վախից միայն:
Ես մտածում եմ, որ պատուհանից այնկողմ պետք է միայն ծով լինի: Ուրիշ ոչինչ չի կարող լիացնել ինձ այնքան, որքան անեզր ջրերի տեսարանը: Մենք ճայերի նման վերև-ներքև ենք անում, անընդհատ ու անհագիստ, թեև հիմա ես բացել եմ թևերս ու վայելում եմ թռիչքս, եթե նույնիսկ այն շատ կարճ տևի...
Ինչը կարող է պակասել մարդկանց, ովքեր ապրում են օվկիանոսի ափին, արմավենիների երկար տերևներից ու ճյուղերից պատրաստված փոքրիկ խրճիթներում, ուտում են եդեմական մրգեր, պարում են`ռիթմիկ շարժելով իրենց ոտքերն ու կոնքերը և գուցե ազատվում են այդպիսով բոլոր վախերից կամ գրավում են աստվածներին: Հետո աստվածները նրանց անձրև են ուղարկում և խաղաղություն:
Խաղաղությունը անհնարին է հիմա, ինչպես քամու ժամանակ ծառերի չշարժվելը:


Դու ասում ես, որ ոչինչ չի կարող փոխել քեզ, բայց ինչպես մենք նույնը մնանք, երբ անգամ բնությունն է հազար անգամ փոխում իրեն: Ոչինչ չկա մեր մեջ անբնական ուրեմն մենք էլ կարող ենք փոխվել, ինչպես ես, երբ գիշերները դժվարությամբ դուրս եմ գալիս անկողնուց ու նստում համակարգչի առաջ և հաճախ ինձ ավելի պարզ եմ տեսնում համակարգչի էկրանին, քան տողերիս մեջ, թեև պետք է հակառակը լիներ: Ուրեմն ինձանից գրող դուրս չեկավ էդպես էլ:
Դու իսկապես լավն ես, այնքան տարբեր բոլորից, ում ունեցել եմ ու չեմ ունեցել, բոլորից ում մասին երազել ու չեմ երազել: Դու ինձանից ես տարբեր և դա արդեն սիրելու մեծ առիթ է:
Այն ժամանակ, երբ ես առաջին անգամ զգացի տարիքս ու բողոքեցի քեզ, թե հիշողությունս վատացել է, իսկ ես այնքան շատ եմ սիրում հիշել, դու ասացիր, որ լավագույն հիշողություններն առջևում են, որ ապագայի ամեն մի հնարավոր իրադարձություն մի հրաշալի հիշողության առիթ է: Բայց դու չգիտեիր, որ
իրադարձությունները հենց էնպես հիշողություն չեն դառնում, դրանք օծանելիքի պես են, մարմնի վրա երկար մնալով դառնում են քո բնական բույրը, այն, որը բնությամբ է քեզ տրված: Հիշողությունը այդպես դառնում է բնության նման սովորական ու նույնքան հրաշալի...
Մենք երջանիկ ենք մեր փոքրիկ տանը: Այն շքեղ չէ և մեր երազած բուխարին էլ չունի, բայց երբ մենք միասին ենք այնտեղ, անգամ մութն է անկարևոր դառնում: Սա այն սահմանն է, որը անցնել է պետք չկորցնելով այն ինչ ունենք, իսկ մենք այնքան շատ բան ունենք, որ մեկ-մեկ վախենում եմ անվերջ ճանապարհներին անցնող մեր կյանքում ինչ-որ բան կորցնեմ դրանցից, ասենք այն ակնոցների նման, որը կորավ հերթական տունը տեղափոխվելիս: Թեև հոգևոր արժեքները ակնոցների տուփի նման չեն կարող կորչել, բայց եթե տուփը կարող ես ինչ-որ տեղ գտնել, ապա հոգևոր արժեքի կորուստը անվերադարձ է:
Ես երբեք չեմ երազել քեզ ցույց տալ այն վայրերը, որտեղ ես մեծացել եմ, չեմ ձգտել պատմել քեզ պատմություններ, որոնք մեկ-մեկ հիշում եմ թաքուն: Ես քեզ հետ փոխել եմ ամեն ինչ և նորն ինձ դուր է գալիս: Ինձ դուր է գալիս այն ամենն ինչ դու սովորեցրել ես ինձ ինքդ էլ չկասկածելով դրա մասին:
Կա մի տեղ մոլորակի վրա, որտեղ ես ինձ այնքան լավ եմ զգում, որքան օվկիանոսի ափին: Այնտեղ շատ մեծ ու ծեր ծառեր կան: Այդ ծառերը շատ վաղուց են այնտեղ, դրանք աճել են Մեծ ջրհեղեղից անմիջապես հետո: Ես այդ ծառերի ստվերներում եմ մեծացել և չեմ կարող երբեք  կտրվել դրանցից: Դու էլ քո հարազատ ստվերներն ունես, որոնք ուզում էիր մի օր ցույց տալ ինձ, բայց ես չհասկացա: Ես արդեն այն տարիքում չեմ, որ այդպես ամուր կապվեմ օտար հիշողությունների: Թեև դու օտար չես ինձ, բայց ուրիշների հուշերը, երբեք մերը չեն դառնում, որքան էլ դրանք հրաշալի լինեն:
Այսպես, մի ամբողջ գիշեր ես փորձում եմ հասկանալ քեզ, իսկ դու այնքան խորն ես քնում և երևի երազներ ես տեսնում, իսկ երազներում մենք իսկական ենք, այնքան, որքան նույնիսկ ինքներս մեզ չի հայտնի:
Քո թողած հետքերը ես հաշվում եմ հերթով, ոչինչ բաց չթողնելու համար... գիշերը միակ ժամանակն է, երբ ես մի քիչ առաջվանն եմ, այնպիսին, ինչպիսին դու սիրեցիր ինձ...  


Անի Մաղաքյան   ՏՊԱԳՐՎԵԼ Է TV ԱԼԻՔ ՇԱԲԱԹԱԹԵՐԹՈՒՄ

пятница, 10 января 2014 г.

Չընտրված երազանքը

Նախատոնական մի գիշեր, երբ քաղաքում բոլոր լույսերը վառվում էին, մեծ տոնածառը իր ողջ շքեղությամբ զարդարում էր քաղաքի հրապարակը, երբ անգամ պատուհանների լույսերն էի դեռ վառ, որովհետև բոլորը պատրաստվում էին Ամանորին, երկնքից մի աստղ ընկավ: Աստղը այնքան մեծ էր ու պայծառ, որ եթե այդ պահին քաղաքի բոլոր բնակիչները ամենատարբեր երազանքները պահեին, դրանք բոլորը հաստատ կիրականանային: Բայց այդպես չեղավ, որովհետև բոլորը զբաղված էին տարբեր համեղ ուտեստներ պատրաստելով իսկ շատ փոքրիկ բնակիչները վաղուց քնած էին:
Նրանց բոլորի մեջ, գույնզգույն լույսերի ու հրաշքների գիշերում արթուն էր միայն մի փոքրիկ տղա: Միգուցե նա այնքան էլ փոքրիկ չեր, որքան ամենաերազկոտ և հեքիաթների հավատացողներն են, բայց այնքան էլ մեծ չէր, որպեսզի մոռանա երազանքներ պահելու մասին: Նա երկար մտածում էր: Իր անկողնում` վերմակի տակ, այնքան ցուրտ չէր արդեն, որքան ողջ սենյակում: Նա նայում էր ձեռքում ամուր պահած ապակե խաղալիքին, որը երևի պետք է տոնածառից կախեին, եթե լիներ տոնածառ: Տղան նայում էր մթության մեջ հազիվ փայլող ոսկեգույն զարդին ու չէր կողմնորոշվում, թե ինչ երազանք պահի: Նա հիշում էր խանութի ցուցափեղկում փայլող  չմուշկները: Ամեն անգամ խանութի կողքով անցնելիս, նա երկար նայում էր դրանց, բայց չմուշկները 2 ամսից էլ պետք չեն գա, ուրմեն պետք չէր երազանքն անտեղի վատնել: Տղան հիշում էր նաև, որ հայրիկը մտահոգ է, ձմեռը սպասվածից խիստ եղավ, «բայց չէ, որ ձմռանը դեռ 2 ամիս կա և դժվար թե որևէ երազանք կարողանա փոխել բնության կարգը»` մտածեց նա:
Տղան հավատում էր, որ այդ կախարդական, լուսավոր ու ջերմ գիշերը անարձագանք չի թողնի իր երազանքը, նա գիտեր, որ իր սրտի տարողությամբ մի ողջ կյանք կարող է լցվել, ասենք` երևի չգիտեր, բայց զգում էր: Նա հավատում էր, որ ցանկացած երազանք, որը ծնված է բարության, հոգատարության և հավատի մեջ, անպայման իրականանում է:
Փոքրիկը բոլորովին շփոթվել էր իր մտքերի մեջ: Նա շատ էր ուզում այնպիսի գնդակ ունենալ, որը բակում ամենալավը կլիներ, ուզում էր, որ քույրիկը  ամենագեղեցիկ մազակալը ունենար, չէ որ նա այնքան գեղեցիկ մազեր ունի: Ուզում էր, որ հայրիկը էլ երբեք մտահոգվելու առիթ չունենա և մռայլ խոհերի մեջ անցնող նրա օրերը լինեն անհոգ ու ջերմ: Թեև ինքը հասկանում էր ու մեկ-մեկ էլ պատահական լսում էր մայրիկի ու հայրիկի զրույցները, ովքեր փորձում էին թաքցնել փոքրիկներից իրենց դժվարությունները, բայց ախր ամանորյա երազանքը պետք է, որ այնքան, այնքան ուժեղ լինի, որ կարողանա ուղղել այս ամենը: Փոքրիկ տղան այնքան շատ մտքեր ուներ և այնքան երկար մտածեց, որ չհասկացավ, թե ինչպես քնեց  ճիշտ այն պահին, երբ երկնքից երկար ժամանակ ներքև սլացող աստղը վերջապես հասավ իր ճանապարհի վերջնակետին: Տղան քնել էր խորը և տաք քնով, բայց այդպես էլ չէր ընտրել իր երազանքը: Նա երազում մեծ ու շքեղ տոնածառ էր տեսնում, որի վրա փայլում էր իր ոսկեգույն ապակե խաղալիքը: Տեսնում էր իր երազանքների չմուշկները, նա տեսավ նաև իր բոլոր հարազատներին ուրախ ու անհոգ: Տղան երբեք այսքան լավ չէր քնել, որքան այդ գիշեր:
Աստղը, որը չգիտես` ինչու որոշել էր երկնքից տեղափոխվել Երկիր, թռչում էր արդեն շատ վաղուց: Նրա ճանապարհը բավական երկար էր: Աստղն ինքն էլ չգիտեր, որ այդքան պայծառ ու ջերմ է, չէր էլ կասկածում, որ կարող է իր սրտի ողջ տարողությամբ մի ողջ կյանք լցնել: Երևի միշտ է այդպես` մենք երբեք չենք իմանում, մեր հնարավորությունների իրական չափը, ոչ այն պատճառով, որ չենք ուզում օգտագործել դրանք, պարզապես չենք հավատում ոչ մեր երազանքներին և ոչ էլ ուրիշների երազանքները իրականացնելու մեր կարողություններին: Այն ուժը, որը կա յուրաքանչյուրիս հավատի մեջ, թուլանում է մինչ այն պահը, երբ հանդիպում է միգուցե շատ փոքրիկ թվացող, բայց շատ ավելի մեծ մի նոր, լուսավոր երազանքի:

Այդպես փոքրիկ տղան` իր մեծ երազանքներով հանդիպեց մեծ աստղին իր` փոքրիկ հավատով:

Ամանորյա առավոտը բացվեց բոլոր ձմեռային առավոտների նման լուսավոր ու սառնաշունչ, բայց պայծառ և ուրախ` ինչպես երբեք: Տղան արթնացավ ու հիշեց, որ քնել է առանց երազանք պահելու: Նա վերցրեց իր ապակե զարդը և գնաց հյուրասենյակ, որպեսզի այն նվիրի քրոջը` «չէ որ Ամանորին պետք է գոնե մեկը նվեր ստանա»` մտածեց տղան: Նա մտավ հյուրասենյակ և զարմացած կանգնեց մեծ տոնածառի դիմաց, որը հրաշքով հայտնվել էր իրենց տանը: Տոնածառի կողքին ուրախ կանգնած էր տղայի քույրը` մազերին անասելի գեղեցկության մի զարդ, ճյուղերի տակ մի քանի տոնական զարդարված նվերների տուփեր էին դրված: Փոքրիկ տղան չէր ուզում իմանալ, թե ինչպես է այդ ամենը հայտնվել իրենց տանը, նրա համար բավական էր տեսնել իր հարազատներին երջանիկ: Տոնածառի գագաթին փայլում էր մի մեծ պայծառ աստղ, որը վերջապես հասկացել էր իր երկար ճանապարհորդության նպատակն ու իմաստը: Փոքրի տղան իր ոսկեգույն զարդը կախեց տոնածառից և հասկացավ, որ երազել պետք է միշտ, չէ որ ամեն վայրկյան կարող է երկնքից ընկնել ամենապայծառ աստղը և բոլորովին անհրաժեշ չէ ընտրել բազմաթիվ երազանքներից մեկը, որովհետև ամենակարևորը և ամենացանկալին անպայման կատարվում են:
Անի Մաղաքյան 

среда, 11 сентября 2013 г.

.

Մի մտեք ելքից
կամ

<<70 գրադուս` մաքուր քաշած>>

Սատանան ասաց.
-Արի գնանք, ես քեզ ցույց կտամ այն բոլոր ելքերը, որոնք մի օր բերեցին քեզ այստեղ…
-Ի՞նչ ելքեր… մի տեղ հասնելու համար մուտքեր են պետք նախ…
-Դու չես մտել այստեղ…դու դուրս ես եկել այնտեղից…
Սատանան ասաց, ես` շփոթվեցի…հետո 5 օր ու 5 գիշեր քնած էի … երազում թիթեռներ էի տեսնում , մեկ էլ գառ էի տեսնում… սպիտակ գառ էր, վզկապով ` գնեցի, որ մատաղ անեմ…
Սկսեցի փնտրել գուգլում… ով ինչ գիտեր գրել էր…չհավատացի… համակերպվեցի սպասմանը` տեսնեմ  ի՞նչ կլինի…
Ոչինչ էլ չեղավ… բայց էլ չէի քնում…
Սատանան ասաց.
-Արի գնանք, ես քեզ ցույց կտամ խցանումները սխալներիդ… մեկը մյուսին հերթ չեն տալիս…
-Բա ինձ էլ թվացել է, թե հերթով եմ սխալվել, ամեն մեկն իր ժամանակին ` անվրեպ…
Ծիծաղեց թարախոտ, ասաց ` նայիր…
Ու տեսա ես բոլոր նրանց, ում չեմ ներել… մեծ էր այդ սխալը… խցանման բուն պատճառն էր…տեսա նրանց, ում ապտակին ապտակով պատասխանեցի`առաջինին հրելով ուզում էր խցկվել… առաջին մահս ձայնը գլուխն էր գցել ` գոռում էր, թե ուշանում եմ, տեղ տվեք… Մեր դասարանի էն երկուսը նայում էին գոռացող սխալին ու քթների տակ ծիծաղում…սրանց հրմշտում էր երկրորդ մահս ու գոռում էր առաջինի վրա` եթե չես գնալու թող ես գնամ, հոգնեցի սպասելուց… ու սրանց արանքներում մանր սխալներ էին ոտքի տակ ընկնում հասցնում էին դուրս թռչել ճեղքերից…սխալներից մեկն էլ հարբած ընկել էր բոլորի ոտքի տակ, քնել էր անխռով, անարթնացնելի քնով…սրա գրպաններից մեկում մահվան մեղքն էր ննջում, իսկ մյուսում խռռացնում էր հանգիստ սիրտս…
Սատանան ասաց.
-Պետք է անցնես էստեղով… սա միակ ելքն է…
Կորցրեցի ինձ…սկսեցի գոռալ…
- Մի խցանեք ելքը…առաջ գնացեք… ես ինձ լավ չեմ զգում…ես երկար ճանապարհ եմ անցել… ես եկել եմ այստեղ մեծ ավտոբուսով…հետո 3 ժամ նավի մեջ եմ եղել… այնտեղից մի ամբողջ գիշեր ես գնացքով եկա…հետո 4 օր եղա ինքնաթիռի մեջ` երկնքում… սիրտս խառնում է…մի խցանեք ելքը… թողեք դուրս գամ… Լռեք… մի աղմկեք…անցեք… այ պառավ ու՞ր ես գնում. էստեղից դուրս են գալիս, դու քեզ խցկում ես ներս… հա, կներեք տատիկ ջան…ինձ սովորեցրել են դեռ փոքրուց, որ ձեզ պետք է հարգել միայն նրա համար, որ դուք ապրել եք արդեն 304 կարճ տարիներ …
Էլի երազում տեսա գառ… ամեն անգամ առնում եմ, բայց չեմ մորթում նրան…հին, մաշված երազահան ունենք…գրած էր ` <<մաքուր, հավատարիմ սեր>>… ծիծաղեցի…
Ես ապրում եմ արդեն 200 տարի, եթե հաշվեր շունս ավելի շատ կտար…
Ես չեմ նայում շանս… ես վախենում եմ արդեն, որ նա կխոսի մի օր ու ես չեմ իմանա ինչ անեմ դրա հետ… իսկ եթե խոսի՞… մի բամբասող, մի չարախոս, մի խառնակիչ կավելանա…
Սիրտս խառնում է էս ելքերից… մուտքի մոտ մարդ չկա… ելքերում է խցանում…
Սատանան ասաց.
-Քեզ ո՞վ էր ասում էդքան խմես, էն էլ 70 գրադուս` մաքուր քաշած…
Էլ չլսեցի… պատերը պտտվում  էին, կռանում գլխիս վրա, էլի հետ գնում…սիրտս խառնում էր ձեր արարքներից…
-Որտե՞ղ եմ հիմա…
Պատասխան չեղավ…
-Սիրտս խառնում է, չեմ հանգստանում…թողեք…թողեք ինձ ` ես պիտի թքեմ ձեր երեսներին… չար եմ, ուժեղ չեմ…թույլ եմ , արնախում, քինախնդիր եմ…չե՞ս մոռանում ինձ… ես մոռացել եմ…բայց չեմ ներելու քեզ, այ բամբասկոտ…Ադամն էլ, երբ տեսավ, որ իրենը չէ Լիլիթը, գնաց ու բամբասեց Աստծո մոտ…Ու տվեց Աստված նրան մի հատ Եվա… ասաց` քոնը սա է…քեզ հասկանալի չեն լիլիթները…
Եվ մեծանում էր ելքի մոտ խցանումը, որովհետև մեծանում էր առաջին ` առանց այն էլ ամենամեծ սխալը…
Դեպի ներս մուտք չկա ` ելքերն են տանում դեպի ներս…
Մուտքի դուռը փակ էր… բաց էր պատուհանս …
Սատանան ասաց.
-Քեզ ո՞վ էր ասում թռչես…

Անի Մաղաքյան

06.09.10թ.

Անի Մաղաքյան Մտքափնջեր

Երբ մեկին թևեր ես տալիս, նա անպայման թռչում է քո ձեռքերից …
●●●
Ես հրեշտակին թևեր տվեցի, որ կողքիս լինի, իսկ քեզ ազատության թևեր եմ տալիս, որ միասին ճախրենք ընդարձակ հորիզոններում և երբ քո սպիտակ փափուկ թևերը հոգնեն մենք կհանգրվանենք բարի տանիքներին և դու կպատմես ինձ քո կարդացած բազմաթիվ սիրավեպերից մեկը, բայց այն անպայման երջանիկ ավարտ կունենա: Մենք գոհ ու երջանիկ կլինենք՝ լի երազանքներով… Եվ ես կհավատամ դրանց ու քեզ կհավատամ, որովհետև դու չես դավաճանում նրան, ով հավատարիմ է քեզ…
Ես հետո կհասկանամ, որ ժպիտը կամ ծիծաղը համակրանքի առաջին դրսևորումներն են, իսկ այն ժամանակ ինձ համար անլուրջ էր այն ամենն, ինչ ծիծաղ էր առաջացնում:
●●●
ոչ մի պատճառ չի արդարացնում հետևանքը
●●● 
 ես միշտ մտածել եմ, որ եթե հիվանդ լինեմ դու գարուն կնկարես իմ հիվանդասենյակի պատուհանին, կամ ասֆալտին ջրաշուշաններ կցանես, բայց դու հիմա գնում ես…, որ գաս վաղըիսկ եթե վաղը չլինի՞
●●●
հրաժեշտը մեկն է միայն` ցավոտը ամենից, միացումներն են կարճ ու առաձին-անջատժամանակը չի երկարի ու դանդաղ չի ընթանա , միևնույնն է, թե որքան դեռ կնստենք այսպես, վեր կաց ու հեռացիր այնպես, ասես հիմա ոչինչ արտասովոր չի տանջում քո հոգինոչ մի կասկած անկիրք, ոչ մի չասված խոսքեր
●●●
մեզ միության համար հարկավոր է գնալ 
●●●
Անժամ ու անտուն քո կարոտն է դարձել ինձ ուղեկից...
●●●
Եվ լուռ հեռանում է թաղման թափորն իմ անցյալի...
●●●

Սրբիր ձեռքերդ մեղքից իմ արյան, ես աղոթում եմ քո մաքրության մեջ և հասկանալու համար հիմա քեզ մի անմեղ բառ է պակասում միայնու մի այրող դեմք աչքերիդ առաջ
●●●
Դու մի հարվածով թռչնավարի կտցում ես վերջին ձայներն իմ ափից ու հավատացնում, որ քո սպասման խուլ անապատում հավերժացած եմ
●●●
իմ երջանկության համար պետք չեղար, թեև հավերժ ես իմ թախիծի մեջ

●●●
Ես հեռացողի իմ հիմար դերով էլի քեզ դարձրի հենակ իմ մահճին, այս անգամ հաստատ մոռացել էիր, որ հեռանալս միշտ ձև է եղել ու ես կամ` աներեսի պես գամված անցյալիդ ու ներկայիդ ծուռ :
●●●
Արևը էլի երես չի տալիսԴու կգաս էլի..ես երես կառնեմ ու կլավանամ ... կհիասթափվես
●●●
Մեկը մի օրխոսում էր, թեորքան կարճ էկյանքը, որ պետք է ամեն վայրկյանմտածել կյանքիմասին։ Նա էդպեսէլ չի հասկանա, որ այդպես ավելի շատ մտածում են մահվանմասին։<<;Կյանքը կարճ է >> նշանակում է՝ <<մահը մոտ է>>։
●●●
Սև չէր իմտան կատուն, բայց նավս էր շնչում անիծվածը... Ես սնահավատ ուանհավատ արդեն, չարացա անտեղի ու ներկեցի կատվիս սևով... Եվ ով տեսավ խաչակնքեց...
●●●
Իսկ կատուս մեղք չուներ. թեև մկան ուզածը մեծ բան չէր, բայց կատուն էլ ընդհամենը կուշտ փոր էր երազում... 
●●●
Քո խորհրդից ու քեզանից հեռացած` կգամ, կմաքրեմ կրծքիցդ ծորացող արյունը ու կխոստանամ ապրել ...
●●●
ես շարունակ պատմում էի նրան այն հեքիաթային քաղաքի մասին, որտեղ գիշերները մութ են ավելի քան նրա սև աչքերը և փողոցներն ամային են ավելի քան իմ հոգին...
●●●
Երբ չկաս, երբ անիմաստ հարբում եմ, չգիտեմ էլ ով հերթական մեղքն է փաթաթում իմ ու իր վզին, այստեղ՝ քո տեղում, ի հեճուկս քեզ... 
●●●
նոր վարագույրները դեռևս նոր կյանք չեն...
●●●
այսօր արի, ապտակիր, թե ուրիշի տեսնես կողքիս, բայց մի գնա, որ սթափվեմ, որ նկարեմ նորից, որ քեզ նկարեմ...
●●●
Եվ այն նույն պահին, երբ այգում պտտվում էի կարուսելի վրա, ես կհասկանամ, որ լռության ու պատկերների մեջ կյանքն ավելի բովանդակալից է, քան հին ու կրկնվող բառերի կողքին... 
●●●
Վերջապես կհասկանամ, որ երջանկությունը անընդմեջ թրթռացող սիրտը չէ, այլ հանգստությունը, խաղաղությունը և ձիեր ու կատուներ նկարող ձեռքերը...
●●●
Կարուսելը կանգնեց, ես նայեցի ծեր պահակին ու հասկացա, որ աշխարհի ամենաբարի մարդիկ խաղալիք սարքողներն են...
●●●
ինչու չկան ծիծեռնակները, և երբ նրանք գալիս են ճնճղուկները մի տեսակ խեղճանում, անտեսվում են:
●●●
Մեր գյուղում մի մարդ է եղել, նա մահացել է ճիշտ այն օրը, երբ ես ծնվել եմ, երկուսիս համար էլ նույն 19 տարին է անցել, բայց դա իմ կյանքի համար շատ քիչ է, իսկ նրա մահվան համար այնքան շատ, որ նույնիսկ հարազատները չեն հիշում:
●●●
Սև կատվի քո դերից եմ հոգնել, ու սառած իմ կերպից եմ հոգնելչգիտեմ ինչքան դեռ կապրես, քո ապրած կեղծից եմ հոգնելիմ այսքան շատ գրված երկերի հանգերից ու ռիթմից եմ հոգնել
●●●
 չգիտեմ որքան դեռ կանցնի որ հասնեմ փախած-կորածին , իմ չապրած օրերին որ հասնեմ ու չապրած հույզերին, լույսերին , սպասվող ցավերին գամ փարվեմ
●●●
Մայրս երբեք չի ասում, թե ինչպես է, նա նախընտրում է իմ մասին իմանալ` ինչ եմ հագել, ինչ եմ կերել, ում եմ հանդիպել: Ուզում է իմանալ այն ամենն ինչի վրա ես վաղուց ուշադրություն չեմ դարձնում:
●●●
Ծորակից ջուրը կաթ-կաթ` ուղեղիս վրաԱլարում եմ փակելԻնչպես ալարում եմ սիրել քեզ այն օրերին, երբ անցած գնացած մի քանի ուրվական այցելում են հիվանդիս ` վերջնական տապալելու համար
●●●
Իսկ ես ալարում եմ մոռանալ քեզ, որովհետև ալարում եմ մտածել մեկ այլ բանի մասին, որ գուցե ավելի քիչ ջանքեր պահանջեր ուղեղիցս
●●●
Շունս լալիս է, թեև մի հեռու օր ինչ-որ մեկը ասել է, թե կենդանիները բնազդակիր մարմիններ են` զուրկ բանականությունիցՆա լալիս է մի քիչ, հետո ուժասպառ քնում շեմքին պառկածԵվ թեև ես պահում եմ նրան մարմնական` 13 և հոգևոր 230 երկար տարիներ, բայց նա ինձ համար երբեք այդքան չի տխրել
●●●
Ես ներել եմ քեզ, դու ինքդ էլ գիտես, որ չներելով ապրելն ավելի դժվար է, քան չներված ապրելը, բայց մոռանալ չեմ կարողանում: 
●●●
Շատ եմ ուզում մոռանալ, թեև միլիոնավոր մարդիկ աշխարում սկլերոզի դեմ են բուժվում, իսկ ես շարունակ մոռանում եմ

●●●
Հավատալը դժվար չէ, չհավատալն է հեշտԻսկ ես վախենում եմ անհավատներից ու ինձանից
●●●
Դու նայում էիր շանս ու ասում ` տեսնես ինչ է մտածում հիմաՀետո նայում էիր ինձ ու քեզ թվում էր, թե հասկանում ես այն ամենն ինչ մտածում եմ, որովհետև խոսել գիտեմԻսկ ես իրականում միայն մլավել եմ անուժ, ես չեմ խոսել երբեք
●●●
… Եվ մի օր էլ ինձ կդաջեք ձեր շապիկներին և կհագնեք իմ դեմքը. Երևի գունատ, կամ սև…
●●●
Ու պաստառապատ հիմար քաղաքի ստվերների մեջ ես կթաքցնեմ իմ գողացածը` այն , ինչ ստացվեց ձեռք գցել մի օրես կթաքցնեմ միայն մի մաքուր, չեղծված մի ՊԱՏԵվ ընդամենը…


Անի Մաղաքյան