Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком նոր տարի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком նոր տարի. Показать все сообщения

пятница, 10 января 2014 г.

Չընտրված երազանքը

Նախատոնական մի գիշեր, երբ քաղաքում բոլոր լույսերը վառվում էին, մեծ տոնածառը իր ողջ շքեղությամբ զարդարում էր քաղաքի հրապարակը, երբ անգամ պատուհանների լույսերն էի դեռ վառ, որովհետև բոլորը պատրաստվում էին Ամանորին, երկնքից մի աստղ ընկավ: Աստղը այնքան մեծ էր ու պայծառ, որ եթե այդ պահին քաղաքի բոլոր բնակիչները ամենատարբեր երազանքները պահեին, դրանք բոլորը հաստատ կիրականանային: Բայց այդպես չեղավ, որովհետև բոլորը զբաղված էին տարբեր համեղ ուտեստներ պատրաստելով իսկ շատ փոքրիկ բնակիչները վաղուց քնած էին:
Նրանց բոլորի մեջ, գույնզգույն լույսերի ու հրաշքների գիշերում արթուն էր միայն մի փոքրիկ տղա: Միգուցե նա այնքան էլ փոքրիկ չեր, որքան ամենաերազկոտ և հեքիաթների հավատացողներն են, բայց այնքան էլ մեծ չէր, որպեսզի մոռանա երազանքներ պահելու մասին: Նա երկար մտածում էր: Իր անկողնում` վերմակի տակ, այնքան ցուրտ չէր արդեն, որքան ողջ սենյակում: Նա նայում էր ձեռքում ամուր պահած ապակե խաղալիքին, որը երևի պետք է տոնածառից կախեին, եթե լիներ տոնածառ: Տղան նայում էր մթության մեջ հազիվ փայլող ոսկեգույն զարդին ու չէր կողմնորոշվում, թե ինչ երազանք պահի: Նա հիշում էր խանութի ցուցափեղկում փայլող  չմուշկները: Ամեն անգամ խանութի կողքով անցնելիս, նա երկար նայում էր դրանց, բայց չմուշկները 2 ամսից էլ պետք չեն գա, ուրմեն պետք չէր երազանքն անտեղի վատնել: Տղան հիշում էր նաև, որ հայրիկը մտահոգ է, ձմեռը սպասվածից խիստ եղավ, «բայց չէ, որ ձմռանը դեռ 2 ամիս կա և դժվար թե որևէ երազանք կարողանա փոխել բնության կարգը»` մտածեց նա:
Տղան հավատում էր, որ այդ կախարդական, լուսավոր ու ջերմ գիշերը անարձագանք չի թողնի իր երազանքը, նա գիտեր, որ իր սրտի տարողությամբ մի ողջ կյանք կարող է լցվել, ասենք` երևի չգիտեր, բայց զգում էր: Նա հավատում էր, որ ցանկացած երազանք, որը ծնված է բարության, հոգատարության և հավատի մեջ, անպայման իրականանում է:
Փոքրիկը բոլորովին շփոթվել էր իր մտքերի մեջ: Նա շատ էր ուզում այնպիսի գնդակ ունենալ, որը բակում ամենալավը կլիներ, ուզում էր, որ քույրիկը  ամենագեղեցիկ մազակալը ունենար, չէ որ նա այնքան գեղեցիկ մազեր ունի: Ուզում էր, որ հայրիկը էլ երբեք մտահոգվելու առիթ չունենա և մռայլ խոհերի մեջ անցնող նրա օրերը լինեն անհոգ ու ջերմ: Թեև ինքը հասկանում էր ու մեկ-մեկ էլ պատահական լսում էր մայրիկի ու հայրիկի զրույցները, ովքեր փորձում էին թաքցնել փոքրիկներից իրենց դժվարությունները, բայց ախր ամանորյա երազանքը պետք է, որ այնքան, այնքան ուժեղ լինի, որ կարողանա ուղղել այս ամենը: Փոքրիկ տղան այնքան շատ մտքեր ուներ և այնքան երկար մտածեց, որ չհասկացավ, թե ինչպես քնեց  ճիշտ այն պահին, երբ երկնքից երկար ժամանակ ներքև սլացող աստղը վերջապես հասավ իր ճանապարհի վերջնակետին: Տղան քնել էր խորը և տաք քնով, բայց այդպես էլ չէր ընտրել իր երազանքը: Նա երազում մեծ ու շքեղ տոնածառ էր տեսնում, որի վրա փայլում էր իր ոսկեգույն ապակե խաղալիքը: Տեսնում էր իր երազանքների չմուշկները, նա տեսավ նաև իր բոլոր հարազատներին ուրախ ու անհոգ: Տղան երբեք այսքան լավ չէր քնել, որքան այդ գիշեր:
Աստղը, որը չգիտես` ինչու որոշել էր երկնքից տեղափոխվել Երկիր, թռչում էր արդեն շատ վաղուց: Նրա ճանապարհը բավական երկար էր: Աստղն ինքն էլ չգիտեր, որ այդքան պայծառ ու ջերմ է, չէր էլ կասկածում, որ կարող է իր սրտի ողջ տարողությամբ մի ողջ կյանք լցնել: Երևի միշտ է այդպես` մենք երբեք չենք իմանում, մեր հնարավորությունների իրական չափը, ոչ այն պատճառով, որ չենք ուզում օգտագործել դրանք, պարզապես չենք հավատում ոչ մեր երազանքներին և ոչ էլ ուրիշների երազանքները իրականացնելու մեր կարողություններին: Այն ուժը, որը կա յուրաքանչյուրիս հավատի մեջ, թուլանում է մինչ այն պահը, երբ հանդիպում է միգուցե շատ փոքրիկ թվացող, բայց շատ ավելի մեծ մի նոր, լուսավոր երազանքի:

Այդպես փոքրիկ տղան` իր մեծ երազանքներով հանդիպեց մեծ աստղին իր` փոքրիկ հավատով:

Ամանորյա առավոտը բացվեց բոլոր ձմեռային առավոտների նման լուսավոր ու սառնաշունչ, բայց պայծառ և ուրախ` ինչպես երբեք: Տղան արթնացավ ու հիշեց, որ քնել է առանց երազանք պահելու: Նա վերցրեց իր ապակե զարդը և գնաց հյուրասենյակ, որպեսզի այն նվիրի քրոջը` «չէ որ Ամանորին պետք է գոնե մեկը նվեր ստանա»` մտածեց տղան: Նա մտավ հյուրասենյակ և զարմացած կանգնեց մեծ տոնածառի դիմաց, որը հրաշքով հայտնվել էր իրենց տանը: Տոնածառի կողքին ուրախ կանգնած էր տղայի քույրը` մազերին անասելի գեղեցկության մի զարդ, ճյուղերի տակ մի քանի տոնական զարդարված նվերների տուփեր էին դրված: Փոքրիկ տղան չէր ուզում իմանալ, թե ինչպես է այդ ամենը հայտնվել իրենց տանը, նրա համար բավական էր տեսնել իր հարազատներին երջանիկ: Տոնածառի գագաթին փայլում էր մի մեծ պայծառ աստղ, որը վերջապես հասկացել էր իր երկար ճանապարհորդության նպատակն ու իմաստը: Փոքրի տղան իր ոսկեգույն զարդը կախեց տոնածառից և հասկացավ, որ երազել պետք է միշտ, չէ որ ամեն վայրկյան կարող է երկնքից ընկնել ամենապայծառ աստղը և բոլորովին անհրաժեշ չէ ընտրել բազմաթիվ երազանքներից մեկը, որովհետև ամենակարևորը և ամենացանկալին անպայման կատարվում են:
Անի Մաղաքյան 

суббота, 28 сентября 2013 г.

Շառլ Ազնավուր Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք

Շառլ Ազնավուր

Թարգմ. Անի Մաղաքյան



Կնոջս մահից հետո ես մենակ եմ ապրում: Զբաղվում եմ տան գործերով, ինքս եմ խոհանոցում պատրաստում: Ծանոթներս համարում են, որ ես արժանի եմ դասվել  ֆրանսիացի մեծ խոհարարների շարքերը, ինչը բավական չփազանցված է: Խոհարարությունը միշտ էլ եղել է իմ կիրքը, այդ մասին է վկայում այն գազօջախը, որը ես նվիրեցի ինքս ինձ թոշակի անցնելու կապակցությամբ: Հաճախ ես հրավիրում եմ ընկերներիս, ավելի ճիշտ՝ նրանց, ովքեր մնացել են: Տոնական օրերը միշտ էլ լավ առիթ են որևէ համեզ բան պատրաստելու համար: Բայց այս տարի, բոլորը մեկնել են, ոմանք դեպի արևաշող կղզիներ, ոմանք էլ՝ ձյունառատ լանջեր՝ երիտասարդությունը հիշելու: Իսկ ես չեմ սիրում փոխել իրերի սովորական դրվածքը և հրաժարվել իմ փոքրիկ խենթություններից, այդ պատճառով էլ որոշեցի մնալ տանը իմ շան և մենակությանս հետ: Եվ այդ ժամանակ ես մտածեցի իմ տուն հրավիրել Սուրբ Գրվածքի  աստվածներին: Ի վերջո՝ ռիսկը գործի կեսն է: Վաղ Առավոտյան գնացի եկեղեցի: «Այս տարի չեմ գնա կեսգիշերվա պատարագին, այլ կհրավիրեմ մեծարգո հյուրերին»՝ մտածեցի ես: Ես աղոթեցի ոչ սովորականի պես, որպեսզի ոչ ոքի չնեղացնեմ՝ հիշատակելով Եհովային, Հիսուսին (Աստծո որդուն քրիստոնյաների և հենց Աստծո համար) և Ալլահին: Ծնկաչոք խնդրում էի բարձրյալներին բարեհաճ լինել իմ նկատմամբ այս յուրահատուկ օրը, երբ հոգնած տարին պատրաստվում է իր պարտականությունները զիջել ավելի երիտասարդ, ավելի եռանդուն և հույսերով լի տարվան:
Խանութներով անցնելուց և անհարժեշտ մթերքը գնելուց հետո ես արդեն գազօջախիս մոտ էի:
Ճաշացանկը չպետք է ոչ ոքի նեղացներ: Հետևաբար չէր լինի ոչ խոզի միս, ոչ էլ ալկոհոլ, բայցևայնպես կարելի է մի քանի շիշ գինի դնել իմ սեփական մառանից: Բարեբախտաբար տարվա վերջին օրը ուրբաթ էր և ես որոշեցի ձկնային հյուրասիրություն պատրաստել: Ես համոզված էի, որ այդ դեպքում բոլոր աստվածները գոհ կլինեին: Մսի միակ կտորը բաժին էր հասնելու իմ հավտարիմ ընկերոջը՝ շանս, ով նույնպես պետք է նշեր այդ տոնական օրը:
Մեծ բուխարու մեջ ուրախ վառվում էր բուրավետ փայտե կրակը, դրանից ոչ հեռու կանգնած էր գեղեցիկ եղևնին, որը ես կտրել էի անտառում: Ես և կինս սովորություն ունեինք եղևնին հավաքելու միայն տարվա ավարտի տոներից հետո, այդ պատճառով եղևնին դեռ կանգնած էր իր տեղում՝ անծանոթ մնալով էլէկտրականությանը: Եղևնու շուրջբոլորը ես շարեցի տարբեր չափերի և գույների մոմեր: Կրակների արտացոլանքները պար էին բռնել պատերի վրա. կարծես թատերական ներկայացում լիներ: Այդ ամենից սենյակն ավելի տաք ու հարմարավետ էր թվում:
Երբ վերջապես ամեն ինչ պատրաստ էր, ես թեքեցի իմ բազկաթոռը դեպի մուտքի դուռը և նստեցի, Ֆիդելիոն՝ իմ շունը, նստեց ոտքերիս մոտ: Ես չէի համբերում, թե երբ կտեսնեմ իմ աստվածային հյուրերին:
Ժամանակը գնում էր: Գնալով իմ ոգևորությունը մեծանում էր՝ արդյոք նրանք կգան: Տասներկուսից տասնհինգ պակաս է, երեք է պակաս, երկու, մեկ… Իմ հին նորմանդական ժամացույցը հերթով խփեց բոլոր տասներկու զարկեր: Վերջին զարկի հետ դուռը բացվեց և հայտնվեց մի մարդ, նա երիտասարդ չէր, բայց բավական առույգ էր երևում: Երկար մազերը փռված էին նրա ուսերին, գրեթե խառնվելով նրա խնամվախ ճերմակ մորուսին: Եկեք չվախենանք բառերից, որովհետև այս ամենի հետ միասին նրա տեսքը իսկապես աստվածային էր: Թեև ես զարմացա, նրա գլխի շուրջ լուսապսակ չտեսնլով: Մի տարօրինակ բան ևս եղավ՝ Ֆիդելիոն, ով, ինչպես և հարկն է իսկական շանը, անծանոթներին բարեհամբույր դիմավորելու սովորություն չունի, բայց այս անգամ, նա տեղից չշարժվեց այլ մնաց ոտքերիս մոտ պառկած: Նա նույնիսկ մի աչքը չբացեց, որպեսզի մեր տուն այցելած անծանոթին տեսնի:
Անկեղծ ասաց՝ ես չգիտեի, թե ում, ավելի ճիշտ՝ որ աստծո հետ եմ հանդիպել: Ես ուզում էի ծնկի գալ նրա առաջ և հարգալից համբուրել նրա ձեռքը, որպես ողջույն, նա կանգնեցրեց ինձ:
-Մտեք իմ դրության մեջ,- դողացող ձայնով ասացի ես,- ամեն օր չէ, որ իմ տուն եմ հրավիրում աստվածներին, թեև Դուք դեռ առաջինն եք:
-Մենք, առաջինն ու միակն ենք,- ասաց նա հանդարտ և խիստ:

Ես չկարողացա թաքցնել զարմանքս:
- Չեմ հասկանում, թե ինչու,- շարունակեց նա,- բայց դուք, երկրի բնակիչներդ, բազմացրել եք ինձ: Երբ ես քարոզում էի ՝ «աճեք և բազմացեք» , նկատի ունեի ձեզ, ոչ թե ինձ: Եվ ահա, ես ամենաքիչը ունեմ երեք անուն, որոնց պետք է արձագանքեմ: Ալահ, Յահվե և Աստված: ԵՍ էլ չեմ խոսում Բուդդայից, ով ընդամենը ձեզ նման մահկանացու էր, և մյուս անունների մասին, որոնցով կոչում են ինձ տասնյակ աղանդներ: Այդ աղանդները իրենց կրոն են անվանում և իմ անունից քարոզում են, որպեսզի առաջ տանեն իրենց առևտուրը: Ամեն դեպքում, դա ինձ չի անհանգստացնում, քանի դեռ այս բոլոր կրոնները միմյանց հետ խաղաղության և համերաշխության մեջ են, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Ինչ անունով էլ դիմեն ինձ, այդ, այսպես կոչված մարգարեները, ինչպես էլ, որ օգտագործեն իմ խոսքերը, ես դեմ չեմ: Ես միայն ուզում եմ, որ իմ երեխաները երջանիկ լինեն, իսկ դուք բոլորդ իմ երեխաներն եք:
Այս ամենը լսելուց հետո ես առաջարկեցի Արարչին մոտենալ սեղանին, բայց ցավոք, նա մերժեց իմ առաջարկը:
-Ես գիտեմ քո խոհարարական տաղանդի մասին,-ասաց նա,- դու հրաշալի սեղան ես պատրաստել՝ համեղ ուստեստներով, բայց այս ամենը իմ և քո համար շատ առատ է: Այստեղ ընդամենը հինգ ափսե է, բայց ուտելիքը կբավականացնի ամենաքիչը քսան քաղցած մարդ կերակրելու համար, ովքեր շատ վաղուց հնարավորություն չեն ունեցել կուշտ ուտելու: Բաց արա քո դուռը, ներս թող կյանքից հիասթափված, անտուն մնացած և դժբախտ մի քանի հոգիներ, նրանց, ովքեր զրկված են եղել հաջողության այն ուղուց, որից օգտվել են ամենահաջողակները: Դրանից հետո, դու ոչ միայն քեզ միայնակ չես զգա, այլև կհասկանաս, որ դարձել ես բոլորովին այլ մարդ:
Ես ուզում էի, որևէ բան պատասխանել, բայց Աստվածն, Ալահը, Յահվեն, անվանեք նրան ինչպես ուզում եք, ասես մի հրաշքով անհետացավ: Իմ զարմանքն այնքան մեծ էր, որ ինձ թվաց, թե այսքան ժամանակ քնած էի: Երկար ժամանակ ես մտածում էի, թե ինչպես վարվել: Ֆիդելիոն այդպես էլ տեղից չշարժվեց: Ես կամաց-կամաց ուշքի եկա, հայացքս ընկավ տաք վերարկուիս և գլխարկիս վրա: Ամանորյա սառնամանիքից պաշտպանվելու համար անհրաժեշտ պարագաները վրաս գցելուց հետո ես արագ դուրս եկա տանից: Եկեղեցու մոտ կանայք, երեխաներ և ծերունիներ էին կանգնած, ովքեր ամաչելով պարզում էին անցնողներին իրենց ձեռքերը: Քիչ հեռու տղամարդիկ և կանայք տեղավորվել էին թղթե ինքնաշեն կացարաններում: Ամենուրեք աղքատություն ու քաղցր էր, այն ժամանակ, երբ իմ տան սեղանը լի էր համեղ ուտեստներով, որոնք վաղը կհայտնվեին աղբանոցում՝ հյուրերի բացակայության պատճառով: Վերջապես ես համարձակվեցի հրավիրել այդ թշվառ մարդկանց իմ տուն՝ տաքանալու և քաղցը հագեցնելու:
Սկզբում իմ առաջարկը նրանց կասկածելի թվաց, բայց հետո նրանցից մեկը ասաց.
-Սրա երգը շատ քաղցր է, երևի խաբում է, կամ էլ չի խաբում, ամեն դեպքում կորցնելու բան չունենք: Գնացինք:
Ահա այսպես ես հայտնվեցի իմ փողոցի վրա՝ տարօրինակ խմբի հետ՝ սևամորթներ, սպիտակամորթներ, դեղնամորթներ, մուսուլմաններ, քրիստոնյաներ, հրեաներ, անհավատներ, կանայք և երեխաներ: Թվում էր, թե աղետներից փախչող քոչվորների մի փոքր խումբ գնում է դեպի մարդկայնության և հույսի փոքր կրակը:
Նրանք մտան իմ տուն և քաղաքավարի մաքրեցին իրենց ձյունոտ կոշիկները: Իմ հյուրերը կարկամելով առաջ գնացին՝ չիմանալով, թե ինչպես պետք է պահեն իրենց նման իրավիճակում:
Նրանք չէին համարձակվում նստել գեղեցիկ բազմոցին ու բազաթոռներին: Շամպայնի առաջին գավաթից հետո իմ հյուրերի այտերը վարդագույն դարձան և նրանց զրույցը աշխուժացավ: Հյուրասիրությունը բոլորին շատ դուր եկավ և նրանք գովասանքի խոսքեր շռայլեցին, իսկ ավանդական կոնյակ-կարկանդակ-սուրճ հյուրասիրությունից հետո ներկաները սկսեցին զրուցել տարբեր թեմաներից: Հնչեցին երգեր, երեխաները հեռուստացույց էին նայում: Առավոտյան երեքնանց կեսին մոտ մենք միմյանց հրաշալի Նոր տարի և ամուր առողջություն մաղթեցինք, ինչից հետո տղամարդիկ և երեխաները քնեցին՝ ով բազմոցին, ով էլ գետնին, կանայք առանձնացան խոհանոցում, իսկ ես գնացի իմ նջասենյակ, պառկեցի տաք ու փափուկ անկողնում, ես անսահման գոհ էի, թե ինչպես անցավ իմ կյանքի լավագույն ամանորյա գիշերը:
Երբ ես արթնացա խոհանոցը հավաքված էր իսկ ափսեները՝ լվացված: Բոլորը իրերը իրենց տեղում էին, ասես իմ կինը իջել էր երկնքից և ամեն ինչ կարգի բերել, իսկ իմ երեկվա հյուրերը վերադարձել էին իրենց աղքատ ու տխուր կյանքին:
Մի քանի օր հետո վերադարձան իմ հին ընկերները: Ես պատմեցի նրանց այն անհավանական, հրաշալի գիշերվա մասին, որը բախտ ունեցա ապրելու, բայց ոչ ոք չհավատաց իմ պատմությանը, նրանք նույնիսկ կատակեցին: Դա արդեն կարևոր չէ, որովհետև այդ գիշեր ես հասկացա այն ամենն, ինչի մասին առաջ պատկերացում էլ չունեի: Ինչպես և ասում էր իմ երկնային հյուրը, հիմա ես ինձ զգում եմ , որ դարձել եմ բոլորովին այլ մարդ՝ ավելի պատասխանատու, ավելի բարի և ամենակարևորը, եկեք չվախենանք բառերից, ասահման երջանիկ: