Նախատոնական մի գիշեր, երբ
քաղաքում բոլոր լույսերը վառվում էին, մեծ տոնածառը իր ողջ շքեղությամբ զարդարում էր
քաղաքի հրապարակը, երբ անգամ պատուհանների լույսերն էի դեռ վառ, որովհետև բոլորը պատրաստվում
էին Ամանորին, երկնքից մի աստղ ընկավ: Աստղը այնքան մեծ էր ու պայծառ, որ եթե այդ պահին
քաղաքի բոլոր բնակիչները ամենատարբեր երազանքները պահեին, դրանք բոլորը հաստատ կիրականանային:
Բայց այդպես չեղավ, որովհետև բոլորը զբաղված էին տարբեր համեղ ուտեստներ պատրաստելով
իսկ շատ փոքրիկ բնակիչները վաղուց քնած էին:
Նրանց բոլորի մեջ, գույնզգույն
լույսերի ու հրաշքների գիշերում արթուն էր միայն մի փոքրիկ տղա: Միգուցե նա այնքան
էլ փոքրիկ չեր, որքան ամենաերազկոտ և հեքիաթների հավատացողներն են, բայց այնքան էլ
մեծ չէր, որպեսզի մոռանա երազանքներ պահելու մասին: Նա երկար մտածում էր: Իր անկողնում`
վերմակի տակ, այնքան ցուրտ չէր արդեն, որքան ողջ սենյակում: Նա նայում էր ձեռքում ամուր
պահած ապակե խաղալիքին, որը երևի պետք է տոնածառից կախեին, եթե լիներ տոնածառ: Տղան
նայում էր մթության մեջ հազիվ փայլող ոսկեգույն զարդին ու չէր կողմնորոշվում, թե ինչ
երազանք պահի: Նա հիշում էր խանութի ցուցափեղկում փայլող չմուշկները: Ամեն անգամ խանութի կողքով անցնելիս,
նա երկար նայում էր դրանց, բայց չմուշկները 2 ամսից էլ պետք չեն գա, ուրմեն պետք չէր
երազանքն անտեղի վատնել: Տղան հիշում էր նաև, որ հայրիկը մտահոգ է, ձմեռը սպասվածից
խիստ եղավ, «բայց չէ, որ ձմռանը դեռ 2 ամիս կա և դժվար թե որևէ երազանք կարողանա փոխել
բնության կարգը»` մտածեց նա:
Տղան հավատում էր, որ այդ
կախարդական, լուսավոր ու ջերմ գիշերը անարձագանք չի թողնի իր երազանքը, նա գիտեր, որ
իր սրտի տարողությամբ մի ողջ կյանք կարող է լցվել, ասենք` երևի չգիտեր, բայց զգում
էր: Նա հավատում էր, որ ցանկացած երազանք, որը ծնված է բարության, հոգատարության և
հավատի մեջ, անպայման իրականանում է:
Փոքրիկը բոլորովին շփոթվել
էր իր մտքերի մեջ: Նա շատ էր ուզում այնպիսի գնդակ ունենալ, որը բակում ամենալավը կլիներ,
ուզում էր, որ քույրիկը ամենագեղեցիկ մազակալը
ունենար, չէ որ նա այնքան գեղեցիկ մազեր ունի: Ուզում էր, որ հայրիկը էլ երբեք մտահոգվելու
առիթ չունենա և մռայլ խոհերի մեջ անցնող նրա օրերը լինեն անհոգ ու ջերմ: Թեև ինքը հասկանում
էր ու մեկ-մեկ էլ պատահական լսում էր մայրիկի ու հայրիկի զրույցները, ովքեր փորձում
էին թաքցնել փոքրիկներից իրենց դժվարությունները, բայց ախր ամանորյա երազանքը պետք
է, որ այնքան, այնքան ուժեղ լինի, որ կարողանա ուղղել այս ամենը: Փոքրիկ տղան այնքան
շատ մտքեր ուներ և այնքան երկար մտածեց, որ չհասկացավ, թե ինչպես քնեց ճիշտ այն պահին, երբ երկնքից երկար ժամանակ ներքև
սլացող աստղը վերջապես հասավ իր ճանապարհի վերջնակետին: Տղան քնել էր խորը և տաք քնով,
բայց այդպես էլ չէր ընտրել իր երազանքը: Նա երազում մեծ ու շքեղ տոնածառ էր տեսնում,
որի վրա փայլում էր իր ոսկեգույն ապակե խաղալիքը: Տեսնում էր իր երազանքների չմուշկները,
նա տեսավ նաև իր բոլոր հարազատներին ուրախ ու անհոգ: Տղան երբեք այսքան լավ չէր քնել,
որքան այդ գիշեր:
Աստղը, որը չգիտես` ինչու
որոշել էր երկնքից տեղափոխվել Երկիր, թռչում էր արդեն շատ վաղուց: Նրա ճանապարհը բավական
երկար էր: Աստղն ինքն էլ չգիտեր, որ այդքան պայծառ ու ջերմ է, չէր էլ կասկածում, որ
կարող է իր սրտի ողջ տարողությամբ մի ողջ կյանք լցնել: Երևի միշտ է այդպես` մենք երբեք
չենք իմանում, մեր հնարավորությունների իրական չափը, ոչ այն պատճառով, որ չենք ուզում
օգտագործել դրանք, պարզապես չենք հավատում ոչ մեր երազանքներին և ոչ էլ ուրիշների երազանքները
իրականացնելու մեր կարողություններին: Այն ուժը, որը կա յուրաքանչյուրիս հավատի մեջ,
թուլանում է մինչ այն պահը, երբ հանդիպում է միգուցե շատ փոքրիկ թվացող, բայց շատ ավելի
մեծ մի նոր, լուսավոր երազանքի:
Այդպես փոքրիկ տղան` իր մեծ
երազանքներով հանդիպեց մեծ աստղին իր` փոքրիկ հավատով:
Ամանորյա առավոտը բացվեց բոլոր
ձմեռային առավոտների նման լուսավոր ու սառնաշունչ, բայց պայծառ և ուրախ` ինչպես երբեք:
Տղան արթնացավ ու հիշեց, որ քնել է առանց երազանք պահելու: Նա վերցրեց իր ապակե զարդը
և գնաց հյուրասենյակ, որպեսզի այն նվիրի քրոջը` «չէ որ Ամանորին պետք է գոնե մեկը նվեր
ստանա»` մտածեց տղան: Նա մտավ հյուրասենյակ և զարմացած կանգնեց մեծ տոնածառի դիմաց,
որը հրաշքով հայտնվել էր իրենց տանը: Տոնածառի կողքին ուրախ կանգնած էր տղայի քույրը`
մազերին անասելի գեղեցկության մի զարդ, ճյուղերի տակ մի քանի տոնական զարդարված նվերների
տուփեր էին դրված: Փոքրիկ տղան չէր ուզում իմանալ, թե ինչպես է այդ ամենը հայտնվել
իրենց տանը, նրա համար բավական էր տեսնել իր հարազատներին երջանիկ: Տոնածառի գագաթին
փայլում էր մի մեծ պայծառ աստղ, որը վերջապես հասկացել էր իր երկար ճանապարհորդության
նպատակն ու իմաստը: Փոքրի տղան իր ոսկեգույն զարդը կախեց տոնածառից և հասկացավ, որ
երազել պետք է միշտ, չէ որ ամեն վայրկյան կարող է երկնքից ընկնել ամենապայծառ աստղը
և բոլորովին անհրաժեշ չէ ընտրել բազմաթիվ երազանքներից մեկը, որովհետև ամենակարևորը
և ամենացանկալին անպայման կատարվում են:
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий