Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком տեսիլք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком տեսիլք. Показать все сообщения

пятница, 10 января 2014 г.

Չընտրված երազանքը

Նախատոնական մի գիշեր, երբ քաղաքում բոլոր լույսերը վառվում էին, մեծ տոնածառը իր ողջ շքեղությամբ զարդարում էր քաղաքի հրապարակը, երբ անգամ պատուհանների լույսերն էի դեռ վառ, որովհետև բոլորը պատրաստվում էին Ամանորին, երկնքից մի աստղ ընկավ: Աստղը այնքան մեծ էր ու պայծառ, որ եթե այդ պահին քաղաքի բոլոր բնակիչները ամենատարբեր երազանքները պահեին, դրանք բոլորը հաստատ կիրականանային: Բայց այդպես չեղավ, որովհետև բոլորը զբաղված էին տարբեր համեղ ուտեստներ պատրաստելով իսկ շատ փոքրիկ բնակիչները վաղուց քնած էին:
Նրանց բոլորի մեջ, գույնզգույն լույսերի ու հրաշքների գիշերում արթուն էր միայն մի փոքրիկ տղա: Միգուցե նա այնքան էլ փոքրիկ չեր, որքան ամենաերազկոտ և հեքիաթների հավատացողներն են, բայց այնքան էլ մեծ չէր, որպեսզի մոռանա երազանքներ պահելու մասին: Նա երկար մտածում էր: Իր անկողնում` վերմակի տակ, այնքան ցուրտ չէր արդեն, որքան ողջ սենյակում: Նա նայում էր ձեռքում ամուր պահած ապակե խաղալիքին, որը երևի պետք է տոնածառից կախեին, եթե լիներ տոնածառ: Տղան նայում էր մթության մեջ հազիվ փայլող ոսկեգույն զարդին ու չէր կողմնորոշվում, թե ինչ երազանք պահի: Նա հիշում էր խանութի ցուցափեղկում փայլող  չմուշկները: Ամեն անգամ խանութի կողքով անցնելիս, նա երկար նայում էր դրանց, բայց չմուշկները 2 ամսից էլ պետք չեն գա, ուրմեն պետք չէր երազանքն անտեղի վատնել: Տղան հիշում էր նաև, որ հայրիկը մտահոգ է, ձմեռը սպասվածից խիստ եղավ, «բայց չէ, որ ձմռանը դեռ 2 ամիս կա և դժվար թե որևէ երազանք կարողանա փոխել բնության կարգը»` մտածեց նա:
Տղան հավատում էր, որ այդ կախարդական, լուսավոր ու ջերմ գիշերը անարձագանք չի թողնի իր երազանքը, նա գիտեր, որ իր սրտի տարողությամբ մի ողջ կյանք կարող է լցվել, ասենք` երևի չգիտեր, բայց զգում էր: Նա հավատում էր, որ ցանկացած երազանք, որը ծնված է բարության, հոգատարության և հավատի մեջ, անպայման իրականանում է:
Փոքրիկը բոլորովին շփոթվել էր իր մտքերի մեջ: Նա շատ էր ուզում այնպիսի գնդակ ունենալ, որը բակում ամենալավը կլիներ, ուզում էր, որ քույրիկը  ամենագեղեցիկ մազակալը ունենար, չէ որ նա այնքան գեղեցիկ մազեր ունի: Ուզում էր, որ հայրիկը էլ երբեք մտահոգվելու առիթ չունենա և մռայլ խոհերի մեջ անցնող նրա օրերը լինեն անհոգ ու ջերմ: Թեև ինքը հասկանում էր ու մեկ-մեկ էլ պատահական լսում էր մայրիկի ու հայրիկի զրույցները, ովքեր փորձում էին թաքցնել փոքրիկներից իրենց դժվարությունները, բայց ախր ամանորյա երազանքը պետք է, որ այնքան, այնքան ուժեղ լինի, որ կարողանա ուղղել այս ամենը: Փոքրիկ տղան այնքան շատ մտքեր ուներ և այնքան երկար մտածեց, որ չհասկացավ, թե ինչպես քնեց  ճիշտ այն պահին, երբ երկնքից երկար ժամանակ ներքև սլացող աստղը վերջապես հասավ իր ճանապարհի վերջնակետին: Տղան քնել էր խորը և տաք քնով, բայց այդպես էլ չէր ընտրել իր երազանքը: Նա երազում մեծ ու շքեղ տոնածառ էր տեսնում, որի վրա փայլում էր իր ոսկեգույն ապակե խաղալիքը: Տեսնում էր իր երազանքների չմուշկները, նա տեսավ նաև իր բոլոր հարազատներին ուրախ ու անհոգ: Տղան երբեք այսքան լավ չէր քնել, որքան այդ գիշեր:
Աստղը, որը չգիտես` ինչու որոշել էր երկնքից տեղափոխվել Երկիր, թռչում էր արդեն շատ վաղուց: Նրա ճանապարհը բավական երկար էր: Աստղն ինքն էլ չգիտեր, որ այդքան պայծառ ու ջերմ է, չէր էլ կասկածում, որ կարող է իր սրտի ողջ տարողությամբ մի ողջ կյանք լցնել: Երևի միշտ է այդպես` մենք երբեք չենք իմանում, մեր հնարավորությունների իրական չափը, ոչ այն պատճառով, որ չենք ուզում օգտագործել դրանք, պարզապես չենք հավատում ոչ մեր երազանքներին և ոչ էլ ուրիշների երազանքները իրականացնելու մեր կարողություններին: Այն ուժը, որը կա յուրաքանչյուրիս հավատի մեջ, թուլանում է մինչ այն պահը, երբ հանդիպում է միգուցե շատ փոքրիկ թվացող, բայց շատ ավելի մեծ մի նոր, լուսավոր երազանքի:

Այդպես փոքրիկ տղան` իր մեծ երազանքներով հանդիպեց մեծ աստղին իր` փոքրիկ հավատով:

Ամանորյա առավոտը բացվեց բոլոր ձմեռային առավոտների նման լուսավոր ու սառնաշունչ, բայց պայծառ և ուրախ` ինչպես երբեք: Տղան արթնացավ ու հիշեց, որ քնել է առանց երազանք պահելու: Նա վերցրեց իր ապակե զարդը և գնաց հյուրասենյակ, որպեսզի այն նվիրի քրոջը` «չէ որ Ամանորին պետք է գոնե մեկը նվեր ստանա»` մտածեց տղան: Նա մտավ հյուրասենյակ և զարմացած կանգնեց մեծ տոնածառի դիմաց, որը հրաշքով հայտնվել էր իրենց տանը: Տոնածառի կողքին ուրախ կանգնած էր տղայի քույրը` մազերին անասելի գեղեցկության մի զարդ, ճյուղերի տակ մի քանի տոնական զարդարված նվերների տուփեր էին դրված: Փոքրիկ տղան չէր ուզում իմանալ, թե ինչպես է այդ ամենը հայտնվել իրենց տանը, նրա համար բավական էր տեսնել իր հարազատներին երջանիկ: Տոնածառի գագաթին փայլում էր մի մեծ պայծառ աստղ, որը վերջապես հասկացել էր իր երկար ճանապարհորդության նպատակն ու իմաստը: Փոքրի տղան իր ոսկեգույն զարդը կախեց տոնածառից և հասկացավ, որ երազել պետք է միշտ, չէ որ ամեն վայրկյան կարող է երկնքից ընկնել ամենապայծառ աստղը և բոլորովին անհրաժեշ չէ ընտրել բազմաթիվ երազանքներից մեկը, որովհետև ամենակարևորը և ամենացանկալին անպայման կատարվում են:
Անի Մաղաքյան 

среда, 11 сентября 2013 г.

.

Մի մտեք ելքից
կամ

<<70 գրադուս` մաքուր քաշած>>

Սատանան ասաց.
-Արի գնանք, ես քեզ ցույց կտամ այն բոլոր ելքերը, որոնք մի օր բերեցին քեզ այստեղ…
-Ի՞նչ ելքեր… մի տեղ հասնելու համար մուտքեր են պետք նախ…
-Դու չես մտել այստեղ…դու դուրս ես եկել այնտեղից…
Սատանան ասաց, ես` շփոթվեցի…հետո 5 օր ու 5 գիշեր քնած էի … երազում թիթեռներ էի տեսնում , մեկ էլ գառ էի տեսնում… սպիտակ գառ էր, վզկապով ` գնեցի, որ մատաղ անեմ…
Սկսեցի փնտրել գուգլում… ով ինչ գիտեր գրել էր…չհավատացի… համակերպվեցի սպասմանը` տեսնեմ  ի՞նչ կլինի…
Ոչինչ էլ չեղավ… բայց էլ չէի քնում…
Սատանան ասաց.
-Արի գնանք, ես քեզ ցույց կտամ խցանումները սխալներիդ… մեկը մյուսին հերթ չեն տալիս…
-Բա ինձ էլ թվացել է, թե հերթով եմ սխալվել, ամեն մեկն իր ժամանակին ` անվրեպ…
Ծիծաղեց թարախոտ, ասաց ` նայիր…
Ու տեսա ես բոլոր նրանց, ում չեմ ներել… մեծ էր այդ սխալը… խցանման բուն պատճառն էր…տեսա նրանց, ում ապտակին ապտակով պատասխանեցի`առաջինին հրելով ուզում էր խցկվել… առաջին մահս ձայնը գլուխն էր գցել ` գոռում էր, թե ուշանում եմ, տեղ տվեք… Մեր դասարանի էն երկուսը նայում էին գոռացող սխալին ու քթների տակ ծիծաղում…սրանց հրմշտում էր երկրորդ մահս ու գոռում էր առաջինի վրա` եթե չես գնալու թող ես գնամ, հոգնեցի սպասելուց… ու սրանց արանքներում մանր սխալներ էին ոտքի տակ ընկնում հասցնում էին դուրս թռչել ճեղքերից…սխալներից մեկն էլ հարբած ընկել էր բոլորի ոտքի տակ, քնել էր անխռով, անարթնացնելի քնով…սրա գրպաններից մեկում մահվան մեղքն էր ննջում, իսկ մյուսում խռռացնում էր հանգիստ սիրտս…
Սատանան ասաց.
-Պետք է անցնես էստեղով… սա միակ ելքն է…
Կորցրեցի ինձ…սկսեցի գոռալ…
- Մի խցանեք ելքը…առաջ գնացեք… ես ինձ լավ չեմ զգում…ես երկար ճանապարհ եմ անցել… ես եկել եմ այստեղ մեծ ավտոբուսով…հետո 3 ժամ նավի մեջ եմ եղել… այնտեղից մի ամբողջ գիշեր ես գնացքով եկա…հետո 4 օր եղա ինքնաթիռի մեջ` երկնքում… սիրտս խառնում է…մի խցանեք ելքը… թողեք դուրս գամ… Լռեք… մի աղմկեք…անցեք… այ պառավ ու՞ր ես գնում. էստեղից դուրս են գալիս, դու քեզ խցկում ես ներս… հա, կներեք տատիկ ջան…ինձ սովորեցրել են դեռ փոքրուց, որ ձեզ պետք է հարգել միայն նրա համար, որ դուք ապրել եք արդեն 304 կարճ տարիներ …
Էլի երազում տեսա գառ… ամեն անգամ առնում եմ, բայց չեմ մորթում նրան…հին, մաշված երազահան ունենք…գրած էր ` <<մաքուր, հավատարիմ սեր>>… ծիծաղեցի…
Ես ապրում եմ արդեն 200 տարի, եթե հաշվեր շունս ավելի շատ կտար…
Ես չեմ նայում շանս… ես վախենում եմ արդեն, որ նա կխոսի մի օր ու ես չեմ իմանա ինչ անեմ դրա հետ… իսկ եթե խոսի՞… մի բամբասող, մի չարախոս, մի խառնակիչ կավելանա…
Սիրտս խառնում է էս ելքերից… մուտքի մոտ մարդ չկա… ելքերում է խցանում…
Սատանան ասաց.
-Քեզ ո՞վ էր ասում էդքան խմես, էն էլ 70 գրադուս` մաքուր քաշած…
Էլ չլսեցի… պատերը պտտվում  էին, կռանում գլխիս վրա, էլի հետ գնում…սիրտս խառնում էր ձեր արարքներից…
-Որտե՞ղ եմ հիմա…
Պատասխան չեղավ…
-Սիրտս խառնում է, չեմ հանգստանում…թողեք…թողեք ինձ ` ես պիտի թքեմ ձեր երեսներին… չար եմ, ուժեղ չեմ…թույլ եմ , արնախում, քինախնդիր եմ…չե՞ս մոռանում ինձ… ես մոռացել եմ…բայց չեմ ներելու քեզ, այ բամբասկոտ…Ադամն էլ, երբ տեսավ, որ իրենը չէ Լիլիթը, գնաց ու բամբասեց Աստծո մոտ…Ու տվեց Աստված նրան մի հատ Եվա… ասաց` քոնը սա է…քեզ հասկանալի չեն լիլիթները…
Եվ մեծանում էր ելքի մոտ խցանումը, որովհետև մեծանում էր առաջին ` առանց այն էլ ամենամեծ սխալը…
Դեպի ներս մուտք չկա ` ելքերն են տանում դեպի ներս…
Մուտքի դուռը փակ էր… բաց էր պատուհանս …
Սատանան ասաց.
-Քեզ ո՞վ էր ասում թռչես…

Անի Մաղաքյան

06.09.10թ.