Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

пятница, 5 сентября 2014 г.

Իսկական լոռեցու նման...

Վրույր Հարությունյան
Զրուցեց Անի Մաղաքյանը


Ծնվել է 1949թ.-ին Կիրովականում (այժմ Վանաձոր): Սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում` Քեսայանցի արվեստանոցում: Աշխատել է նաև Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական թատրոնում: 2003թ.-ից ընկերների հետ հիմնել է Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը: Աշխատում է Վանաձորի Հ. Աբելյանի Անվան պետական դրամատիկական թատրոնում`որպես բեմի վրպետ-դերասան:
Կերտել է շուրջ հիսուն թատերական դեր: Նկարահանվել է «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Ղարաբաղյան անավարտ օրագիր», «Մի վախեցիր», «Ծովահենների կայսրությունը», «Ընդհատված մանկություն», «Պարացելիուսի վարդը» և մի շարք այլ ֆիլմերում: 2008թ.-ին «Թատերական Լոռի» փառատոնում արժանացել է մրցանակի` լավագույն տղամարդու դերակատարման համար:

Ա.Մ. Ե՞րբ կայացրեցիք դերասան դառնալու որոշումը:

Վ.Հ. Մայրս ինձ շատ էր թատրոն տանում,  6-7 տարեկանից ես թատրոն էի գնում: Սովետի ժամանակ փորձում էին անխտիր բոլորին մոտեցնել թատրոնին: Տոմսեր էին վաճառում գրեթե բոլոր հիմնարկներում, անգամ ինչ-որ տեղ պարտադրաբար: Մայրս թատրոն շատ էր սիրում: Փոքր էի, չէին թույլատրում դահլիճ մտնել, բայց մայրս խնդրում էր, ասում էր`պահող չկա երեխային թույլ տվեք գա, լուռ կնստի և իհարկե թույլ էին տալիս: Թատրոնի հանդեպ սերս այդ օրերից է հավանաբար գալիս, որովհետև շատ տպավորիչ էր վարագույրի բացվելը, դեկորացիաները:

Ա.Մ. Հետաքրքիր մանկություն ե    ք ունեցել...

Վ.Հ. Չեմ ասի`շատ ծանր մանկություն եմ ունեցել, բայց ոչ այնքան ապահով, հարթ չի եղել, անընդհատ կապված եմ եղել մորս հետ և նա ինձ տվեց թատրոնի զարմանահրաշ, հեքիաթային աշխարհին մոտենալու հնարավորությունը:

Ա.Մ. Ո՞ր ներկայացումն է ամենից շատ տպավորվել:

Վ.Հ. Հիսունականներն էին, բեմադրվում էին և կոմեդիաներ, և դրամաներ, վերջիններն ավելի շատ և նայում էի, թե ինչպես է մայրս արտասվում ներկայացման ժամանակ: «Ռուզան» էին խաղում, ժողովրդական դերասանուհի Լենա Փաշինյանն էր գլխավոր դերում և երբ հնչում էր `«Ռուզան, ետ դարձիր`հրամայում է հայրիկը» և Ռուզանը ոգեշունչ պատասխանում էր` «Բայց կանչում է Հայրենիքը», այդ խոսքերի հետ դահլիճը ոտքի էր կանգնում, բարձր ծափահարություններ և ես տեսնում էի, թե ինչպես է մայրս լաց լինում...


Ա.Մ. Ո՞րը եղավ դեպի թատրոն ձեր առաջին քայլը

Վ.Հ. Դպրոցական էի, իմացա, որ ուսուցչի տանը թատերախումբ է գործում, ծանոթ տղաներ կային, որ հաճախում էին, որոշեցի գնալ, այդպես էլ սկսեց ամեն ինչ: Թեև այդ տարիների ընկերներով գնում էինք «կինո», այնքան հետաքրքիր ֆիլմեր էին ցուցադրում հետախույզների մասին, և մենք որոշել էինք, որ հետախույզների դպրոց պետք է գնանք: Հետո հասկացա, որ հետախույզի և դերասանի մասնագիտությունների մեջ տարբերությունը շատ քիչ է:

Ա.Մ. Գիտեմ, որ երիտասարդ տարիներին աշխատել եք Արտաշատի թատրոնում, ինչու՞ հենց այնտեղ

Վ.Հ. Երևանում էի ապրում, արդեն ամուսնացել էի և աշխատանք էր պետք, որը Երևանին հնարավորինս մոտ կլիներ, բայց այդ տարիներին շատ էինք նեղվում,  ժողովուրդը թատրոն չէր գալիս, նեղվում էինք, թե ու՞մ համար ենք այսքան չարչարվում` փորձեր, ներկայացումներ: Այդ դժվար օրերին, երբ հաճախ նեղսրտած զրուցում էինք, ավագ գործընկերներիցս մեկն ասաց` «այ բալա էդ քացր թույնը, որ դու կուլ ես տվել, էլ փրկություն չունես... » և իհարկե նա ճիշտ էր...

Ա.Մ. Ասում եք, որ Արտաշատցիք թատրոն չէին գալիս, իսկ որտե՞ղ է հանդիսատեսը «ձեր սրտով»:

Վ.Հ.  Տավուշի, Թալինի հանդիսատեսը ... բայց իհարկե Լոռվա հանդիսատեսը եղել է հրաշալի բոլոր ժամանակներում: Սովետական կարգերի փլուզումից հետո եկավ վակումային շրջան, երկրաշարժ, պատերազմ, ժողովուրդը թատրոնի ժամանակն ու սիրտը չուներ, բայց միևնույն ժամանակ ապշելու բան էր, երբ «Ռուզան» բեմադրեցին, դարձյալ «Ռուզան», ժողովուրդը եկավ, դրա կարիքը կար, ժողովուրդը ոգեշնչման կարիք ուներ:

Ա.Մ. Ինչպես «Հին օրերի երգը» ֆիլմում`պատերազմի տարիներին մարդիկ «Քաջ Նազար էին բեմադրում»...

Վ.Հ. Այո, ճիշտ ես,  դա միշտ է եղել, ժողովրդին ստրեսից հանելու, ոգեշնչելու և ինչ-որ տեղ ամենօրյա հոգսերից ցրելու համար:

Ա.Մ. Որքան գիտեմ այդ դժվար տարիներին աշխատել եք նաև Ռուսաստանում

Վ.Հ.  Ռուսաստանի աշխատանքը կապ չուներ թատրոնի հետ: Երբ, տեսա, որ հնարավոր չէ Երևանում վարձով ապրել և ընտանիք պահել, որոշեցի «խոպան» գնալ: Այդ ժամանակ ուրիշ ելք չէր երևում և Անի ջան, կարծում եմ տղամարդու համար ամոթալի աշխատանք չկա, այն տղամարդը, որը ձեռքերին կոշտուկներ չունենա, ի՞նչ տղամարդ է: Այդպես վեց տարի գնացի-եկա: Հրաշալի մարդկանց հետ էի աշխատում` Հայաստանի տարբեր քաղաքներից, տարբեր մասնագիտության տեր տղաներ էին: Նրանցից շատ բան սովորեցի, բազմաթիվ հետաքրքիր ու յուրահատուկ կերպարներ գտա ի դեմս նրանց: Այդ տարիների փորձը ինձ որպես դերասան, շատ օգնեց, տարբեր մտածելակերպ, քաղաքական հայացք և ապրելակերպ ունեցող կերպարներ կերտելիս:

Ա.Մ. Դուք մոտ 50 դեր եք կերտել թատրոնում, դրանցից, ո՞րն է ձեզ ավելի հարազատ, որ դերն եք համարում իսկապես ձերը

Վ.Հ. Ցավոք չեղավ այդպես, իմ երազած դերերը ես այդպես էլ չխաղացի`դա չգրված օրենք է, հարցրեք ցանկացած դերասանի, հատկապես իմ սերնդակիցներին, նրանցից յուրաքանչյուրը կասի նույն բանը: Սովետական միության տարիներին մեծ մասամբ պարտադրված դերեր էին:

Ա.Մ. Այնուամենայնիվ ի՞նչ դեր կցանկանայիք խաղալ, որն այդպես էլ չեք խաղացել

Վ.Հ. Իմ ողջ կյանքի ընթացքում ես ինձ համարել եմ կոմեդիոն ժանրի դերասան, բայց մինչ օրս ես չխաղացի նման ոչ մի դեր: Չիրականացավ իմ երազանքը և կամաց դա մարեց իմ մեջ, խեղդվեց: Ես համակերպվեցի այդ մտքի հետ և դա իմ կորուստն եմ համարում: Հետագայում մեծ ցանկություն առաջացավ խաղալ Լիր արքա, ինչը նույնպես չհաջողեց: Անգամ, երբ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում  հատուկ հայտ ներկայացրեցի այդ դերը խաղալու համար, դարձյալ այն ինձ չտվեցին: Արդեն մի քանի անգամ այդ նույն խնդրին բախվելուց հետո, թատրոնի գեղարվեստական ղեկավարի հետ կոնֆլիկտ ունեցա: Դերասանի ուզածն ընդամենը դեր է, ուրիշ ոչինչ, և երբ դա էլ է մերժվում, հիասթափությունն անխուսափելի է: Բայց կարծում եմ կյանքում էլ ավելի կարևոր բաներ կան:

Ա.Մ.  ուստի, ի՞նչն է ձեզ համար կարևոր

Վ.Հ. Կարևորը լավ անուն թողնելն է, ես Վանաձորից 12 ուսանող եմ տվել Երևանի Թատերական ինստիտուտին: Պարապել եմ ցուրտ ստուդիաներում, բայց ոչ մի աշակերտ չի բացակայել և բոլորը հասել են իրենց նպատակին, ինձ համար կարևոր էր դա այն ժամանակ և հիմա: Իսկ ամենակարևորը` լավ մարդ մնալն է...

Ա.Մ. Ո՞րն է դերասանի առաջնային խնդիրը

Վ.Հ. Դերասանի գերխնդիրը միշտ լինելու է հանդիսատեսին ծառայելը`այդպես եղել է և այդպես կլինի: Մեր խնդիրն է նաև ճշմարիտ, գեղեցիկ արվեստ մատուցելը: Չեմ հիշում`որտեղ եմ կարդացել `արվեստը հոգու գեղեցիկի վերարտադրությունն է, սա լավագույն բնորոշումն է, և մեր խնդիրն է վերարտադրել գեղեցիկն ու ճշմարիտը, որը կա մեր մեջ:

Ա.Մ.  Բացի թատրոնի դերերը, նաև մի քանի ֆիլմերում եք նկարահանվել, ո՞րը կառանձնացնեք

Վ.Հ. Հայֆիլմում նկարահնվեցի «Որտեղ էիր, մարդ աստծո», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» հրաշալի ֆիլմերում, բայց Սովետական միության փլուզումից հետո դադար եղավ: Վերջին տարիներին մի քանի առաջարկներ ստացա նաև ռուս ռեժիսյորներից` այդ թվում ռեժիսյոր Նատալիա Վասիլենկոյի կողմից, ով իր դիպլոմային աշխատանքը որոշեց նկարահանել Հայաստանում: Նկարահանվում էր կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ`Բորխեսի «Պարացելիուսի վարդը» ստեղծագործության հիման վրա: Դերն ինձ հետաքրքրեց, հրաշալի խումբ էր հավաքվել, բոլորն իրենց գործը լավ գիտեին, պրոֆեսիոնալ թիմ էր, ինչն աշխատանքը ավելի հետաքրքիր և պատասխանատու էր դարձնում: Վերջին տարիների համար այս ֆիլմը կարող եմ վստահ առանձնացնել:


Ա.Մ. Ձեր մասնակցությամբ վերջին աշխատանքը, որին հետևել եմ «Մեր գյուղը» հեռուստասերիալն էր, գիտեմ, որ շատ է սիրվել ժողովրդի կողմից: Բազմաթիվ անգամ դրական կարծիքներ եմ լսել այդ աշխատանքի վերաբերյալ:

Վ.Հ. Նախ, պետք է ասեմ, որ ի տարբերություն թատրոնի, ես շատ շնորհակալ եմ և կինոյին, և հեռուստատեսությանը: Չապրելով մայրաքաղաքում`ես հնարավորություն եմ ստացել ներգրավվել տարբեր հեռուստանախագծերում, որոնցից վերջինը  «Մեր Գյուղը»  հեռուստաֆիլմն էր, ինչի համար չեմ կարող երախտագիտությունս չհայտնել ռեժիսյոր Ելենա Արշակյանին:

Ա.Մ. Հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալների մեծ մասը դժգոհությունների ալիք է բարձրացնում, բայց այս գործը, կարծես, արդարացրեց հեռուստադիտողի սպասումները:

Վ.Հ. Իսկապես, այսօր պարզապես ամոթ չկա, այդքան գրում են, քարկոծում, միևնույնն է: «Մեր գյուղը»  կարող եմ վստահ ասել`ստացված է: Երբ սկսեց ցուցադրվել հեռուստատեսությամբ, ինձ ամենուրեք կանգնեցնում էին, նկարվում կամ ստորագրություն էին խնդրում: Ինձ հակացուցված էր անգամ շուկա մտնել: Մարդիկ կանգնեցնում էին, հարցեր տալիս, կատակում: Եվ դա այնքան լավ է, հասկանում ես, որ քո արածը ճիշտ է: Մարդիկ անկեղծ սիրել էին ֆիլմի պարզ ու ազնիվ կերպարներին: Մենք բոլորս կարոտ ենք մնացել մի սիրո գեղեցիկ պատմության, մարդկային պարզ փոխհարաբերությունների: Ամենուրեք լարվածություն առաջացնող ֆիլմեր են ցուցադրվում,  դա է պատճառը, որ «Մեր գյուղը» ֆիլմը այդպիսի ջերմ ընդունելություն ստացավ:

Ա.Մ. Ֆիլմը նկարահանվել է Դսեղում, հասցրեցի՞ք շփվել գյուղացիների հետ:

Վ.Հ. Դսեղն ինձ համար Թումանյանական սրբագույն, գեղեցիկ մի վայր էր: Միշտ Թումանյանական օրերին գնում էինք թանգարան, «Ծովեր»: Այդքանով էր սահմանափակվում Դսեղի հետ իմ շփումը, բայց նկարահանման օրերին մարդկանց ջերմությունը, օգնելու պատրաստակամությունը ապշեցրեց ողջ նկարահաման խմբին: Գյուղացիք ամեն մեկն իր հերթին իր տուն էր հրավիրում `թարմ մածուն, տնական ձու ու անարատ մեղր հյուրասիրելու: Ֆիլմի ռեժսյորը`Ելենա Արշակյանը պատմում էր, որ ուրիշ ոչ մի տեղ նման հյուրընկալություն չի տեսել:

Ա.Մ. Ֆիլմում ձեր կերպարը իսկական լոռեցի էր`մի քիչ ըմբոստ, մի քիչ համառ ու մևնույն ժամանակ բարի, ճշմարտախոս:

Վ.Հ. Իմ կերպարը գյուղի հենարաններից մեկն է: Դե, դա էլ լոռեցու արյան մեջ է, այդ ըմբոստության, համառության ու բարության ընդհանրությունը: Այդպիսին են լոռեցիները, բայց սա դեռ այն չէ`կոտրված է լոռեցու սիրտը, ոգին: Մեծ հոգու ու սրտի տեր լոռեցիների մեծ մասը ցավոք երկրից դուրս են հիմա: Այդ ուրախ օրերում ցավով նկատում էինք, որ ամեն երրորդ տան դուռը փակ էր`կողպեքը կախված: Այգիները լքված, պոպոքն ու խնձորը թափված գետնին: Այդ սրբագույն հողում, արտագաղթի պայմաններում, ժողովուրդը դեռ կարողանում է իր ունեցածով ուրախանալ ու ոնց հարկն է, իսկական լոռեցու նման, հյուրընկալություն կազմակերպել:

Տպագրվել է TV Ալիք շաբաթաթերթում 


Комментариев нет:

Отправить комментарий