Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком լոռեցիներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком լոռեցիներ. Показать все сообщения

пятница, 5 сентября 2014 г.

Իսկական լոռեցու նման...

Վրույր Հարությունյան
Զրուցեց Անի Մաղաքյանը


Ծնվել է 1949թ.-ին Կիրովականում (այժմ Վանաձոր): Սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում` Քեսայանցի արվեստանոցում: Աշխատել է նաև Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական թատրոնում: 2003թ.-ից ընկերների հետ հիմնել է Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը: Աշխատում է Վանաձորի Հ. Աբելյանի Անվան պետական դրամատիկական թատրոնում`որպես բեմի վրպետ-դերասան:
Կերտել է շուրջ հիսուն թատերական դեր: Նկարահանվել է «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Ղարաբաղյան անավարտ օրագիր», «Մի վախեցիր», «Ծովահենների կայսրությունը», «Ընդհատված մանկություն», «Պարացելիուսի վարդը» և մի շարք այլ ֆիլմերում: 2008թ.-ին «Թատերական Լոռի» փառատոնում արժանացել է մրցանակի` լավագույն տղամարդու դերակատարման համար:

Ա.Մ. Ե՞րբ կայացրեցիք դերասան դառնալու որոշումը:

Վ.Հ. Մայրս ինձ շատ էր թատրոն տանում,  6-7 տարեկանից ես թատրոն էի գնում: Սովետի ժամանակ փորձում էին անխտիր բոլորին մոտեցնել թատրոնին: Տոմսեր էին վաճառում գրեթե բոլոր հիմնարկներում, անգամ ինչ-որ տեղ պարտադրաբար: Մայրս թատրոն շատ էր սիրում: Փոքր էի, չէին թույլատրում դահլիճ մտնել, բայց մայրս խնդրում էր, ասում էր`պահող չկա երեխային թույլ տվեք գա, լուռ կնստի և իհարկե թույլ էին տալիս: Թատրոնի հանդեպ սերս այդ օրերից է հավանաբար գալիս, որովհետև շատ տպավորիչ էր վարագույրի բացվելը, դեկորացիաները:

Ա.Մ. Հետաքրքիր մանկություն ե    ք ունեցել...

Վ.Հ. Չեմ ասի`շատ ծանր մանկություն եմ ունեցել, բայց ոչ այնքան ապահով, հարթ չի եղել, անընդհատ կապված եմ եղել մորս հետ և նա ինձ տվեց թատրոնի զարմանահրաշ, հեքիաթային աշխարհին մոտենալու հնարավորությունը:

Ա.Մ. Ո՞ր ներկայացումն է ամենից շատ տպավորվել:

Վ.Հ. Հիսունականներն էին, բեմադրվում էին և կոմեդիաներ, և դրամաներ, վերջիններն ավելի շատ և նայում էի, թե ինչպես է մայրս արտասվում ներկայացման ժամանակ: «Ռուզան» էին խաղում, ժողովրդական դերասանուհի Լենա Փաշինյանն էր գլխավոր դերում և երբ հնչում էր `«Ռուզան, ետ դարձիր`հրամայում է հայրիկը» և Ռուզանը ոգեշունչ պատասխանում էր` «Բայց կանչում է Հայրենիքը», այդ խոսքերի հետ դահլիճը ոտքի էր կանգնում, բարձր ծափահարություններ և ես տեսնում էի, թե ինչպես է մայրս լաց լինում...


Ա.Մ. Ո՞րը եղավ դեպի թատրոն ձեր առաջին քայլը

Վ.Հ. Դպրոցական էի, իմացա, որ ուսուցչի տանը թատերախումբ է գործում, ծանոթ տղաներ կային, որ հաճախում էին, որոշեցի գնալ, այդպես էլ սկսեց ամեն ինչ: Թեև այդ տարիների ընկերներով գնում էինք «կինո», այնքան հետաքրքիր ֆիլմեր էին ցուցադրում հետախույզների մասին, և մենք որոշել էինք, որ հետախույզների դպրոց պետք է գնանք: Հետո հասկացա, որ հետախույզի և դերասանի մասնագիտությունների մեջ տարբերությունը շատ քիչ է:

Ա.Մ. Գիտեմ, որ երիտասարդ տարիներին աշխատել եք Արտաշատի թատրոնում, ինչու՞ հենց այնտեղ

Վ.Հ. Երևանում էի ապրում, արդեն ամուսնացել էի և աշխատանք էր պետք, որը Երևանին հնարավորինս մոտ կլիներ, բայց այդ տարիներին շատ էինք նեղվում,  ժողովուրդը թատրոն չէր գալիս, նեղվում էինք, թե ու՞մ համար ենք այսքան չարչարվում` փորձեր, ներկայացումներ: Այդ դժվար օրերին, երբ հաճախ նեղսրտած զրուցում էինք, ավագ գործընկերներիցս մեկն ասաց` «այ բալա էդ քացր թույնը, որ դու կուլ ես տվել, էլ փրկություն չունես... » և իհարկե նա ճիշտ էր...

Ա.Մ. Ասում եք, որ Արտաշատցիք թատրոն չէին գալիս, իսկ որտե՞ղ է հանդիսատեսը «ձեր սրտով»:

Վ.Հ.  Տավուշի, Թալինի հանդիսատեսը ... բայց իհարկե Լոռվա հանդիսատեսը եղել է հրաշալի բոլոր ժամանակներում: Սովետական կարգերի փլուզումից հետո եկավ վակումային շրջան, երկրաշարժ, պատերազմ, ժողովուրդը թատրոնի ժամանակն ու սիրտը չուներ, բայց միևնույն ժամանակ ապշելու բան էր, երբ «Ռուզան» բեմադրեցին, դարձյալ «Ռուզան», ժողովուրդը եկավ, դրա կարիքը կար, ժողովուրդը ոգեշնչման կարիք ուներ:

Ա.Մ. Ինչպես «Հին օրերի երգը» ֆիլմում`պատերազմի տարիներին մարդիկ «Քաջ Նազար էին բեմադրում»...

Վ.Հ. Այո, ճիշտ ես,  դա միշտ է եղել, ժողովրդին ստրեսից հանելու, ոգեշնչելու և ինչ-որ տեղ ամենօրյա հոգսերից ցրելու համար:

Ա.Մ. Որքան գիտեմ այդ դժվար տարիներին աշխատել եք նաև Ռուսաստանում

Վ.Հ.  Ռուսաստանի աշխատանքը կապ չուներ թատրոնի հետ: Երբ, տեսա, որ հնարավոր չէ Երևանում վարձով ապրել և ընտանիք պահել, որոշեցի «խոպան» գնալ: Այդ ժամանակ ուրիշ ելք չէր երևում և Անի ջան, կարծում եմ տղամարդու համար ամոթալի աշխատանք չկա, այն տղամարդը, որը ձեռքերին կոշտուկներ չունենա, ի՞նչ տղամարդ է: Այդպես վեց տարի գնացի-եկա: Հրաշալի մարդկանց հետ էի աշխատում` Հայաստանի տարբեր քաղաքներից, տարբեր մասնագիտության տեր տղաներ էին: Նրանցից շատ բան սովորեցի, բազմաթիվ հետաքրքիր ու յուրահատուկ կերպարներ գտա ի դեմս նրանց: Այդ տարիների փորձը ինձ որպես դերասան, շատ օգնեց, տարբեր մտածելակերպ, քաղաքական հայացք և ապրելակերպ ունեցող կերպարներ կերտելիս:

Ա.Մ. Դուք մոտ 50 դեր եք կերտել թատրոնում, դրանցից, ո՞րն է ձեզ ավելի հարազատ, որ դերն եք համարում իսկապես ձերը

Վ.Հ. Ցավոք չեղավ այդպես, իմ երազած դերերը ես այդպես էլ չխաղացի`դա չգրված օրենք է, հարցրեք ցանկացած դերասանի, հատկապես իմ սերնդակիցներին, նրանցից յուրաքանչյուրը կասի նույն բանը: Սովետական միության տարիներին մեծ մասամբ պարտադրված դերեր էին:

Ա.Մ. Այնուամենայնիվ ի՞նչ դեր կցանկանայիք խաղալ, որն այդպես էլ չեք խաղացել

Վ.Հ. Իմ ողջ կյանքի ընթացքում ես ինձ համարել եմ կոմեդիոն ժանրի դերասան, բայց մինչ օրս ես չխաղացի նման ոչ մի դեր: Չիրականացավ իմ երազանքը և կամաց դա մարեց իմ մեջ, խեղդվեց: Ես համակերպվեցի այդ մտքի հետ և դա իմ կորուստն եմ համարում: Հետագայում մեծ ցանկություն առաջացավ խաղալ Լիր արքա, ինչը նույնպես չհաջողեց: Անգամ, երբ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում  հատուկ հայտ ներկայացրեցի այդ դերը խաղալու համար, դարձյալ այն ինձ չտվեցին: Արդեն մի քանի անգամ այդ նույն խնդրին բախվելուց հետո, թատրոնի գեղարվեստական ղեկավարի հետ կոնֆլիկտ ունեցա: Դերասանի ուզածն ընդամենը դեր է, ուրիշ ոչինչ, և երբ դա էլ է մերժվում, հիասթափությունն անխուսափելի է: Բայց կարծում եմ կյանքում էլ ավելի կարևոր բաներ կան:

Ա.Մ.  ուստի, ի՞նչն է ձեզ համար կարևոր

Վ.Հ. Կարևորը լավ անուն թողնելն է, ես Վանաձորից 12 ուսանող եմ տվել Երևանի Թատերական ինստիտուտին: Պարապել եմ ցուրտ ստուդիաներում, բայց ոչ մի աշակերտ չի բացակայել և բոլորը հասել են իրենց նպատակին, ինձ համար կարևոր էր դա այն ժամանակ և հիմա: Իսկ ամենակարևորը` լավ մարդ մնալն է...

Ա.Մ. Ո՞րն է դերասանի առաջնային խնդիրը

Վ.Հ. Դերասանի գերխնդիրը միշտ լինելու է հանդիսատեսին ծառայելը`այդպես եղել է և այդպես կլինի: Մեր խնդիրն է նաև ճշմարիտ, գեղեցիկ արվեստ մատուցելը: Չեմ հիշում`որտեղ եմ կարդացել `արվեստը հոգու գեղեցիկի վերարտադրությունն է, սա լավագույն բնորոշումն է, և մեր խնդիրն է վերարտադրել գեղեցիկն ու ճշմարիտը, որը կա մեր մեջ:

Ա.Մ.  Բացի թատրոնի դերերը, նաև մի քանի ֆիլմերում եք նկարահանվել, ո՞րը կառանձնացնեք

Վ.Հ. Հայֆիլմում նկարահնվեցի «Որտեղ էիր, մարդ աստծո», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» հրաշալի ֆիլմերում, բայց Սովետական միության փլուզումից հետո դադար եղավ: Վերջին տարիներին մի քանի առաջարկներ ստացա նաև ռուս ռեժիսյորներից` այդ թվում ռեժիսյոր Նատալիա Վասիլենկոյի կողմից, ով իր դիպլոմային աշխատանքը որոշեց նկարահանել Հայաստանում: Նկարահանվում էր կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ`Բորխեսի «Պարացելիուսի վարդը» ստեղծագործության հիման վրա: Դերն ինձ հետաքրքրեց, հրաշալի խումբ էր հավաքվել, բոլորն իրենց գործը լավ գիտեին, պրոֆեսիոնալ թիմ էր, ինչն աշխատանքը ավելի հետաքրքիր և պատասխանատու էր դարձնում: Վերջին տարիների համար այս ֆիլմը կարող եմ վստահ առանձնացնել:


Ա.Մ. Ձեր մասնակցությամբ վերջին աշխատանքը, որին հետևել եմ «Մեր գյուղը» հեռուստասերիալն էր, գիտեմ, որ շատ է սիրվել ժողովրդի կողմից: Բազմաթիվ անգամ դրական կարծիքներ եմ լսել այդ աշխատանքի վերաբերյալ:

Վ.Հ. Նախ, պետք է ասեմ, որ ի տարբերություն թատրոնի, ես շատ շնորհակալ եմ և կինոյին, և հեռուստատեսությանը: Չապրելով մայրաքաղաքում`ես հնարավորություն եմ ստացել ներգրավվել տարբեր հեռուստանախագծերում, որոնցից վերջինը  «Մեր Գյուղը»  հեռուստաֆիլմն էր, ինչի համար չեմ կարող երախտագիտությունս չհայտնել ռեժիսյոր Ելենա Արշակյանին:

Ա.Մ. Հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալների մեծ մասը դժգոհությունների ալիք է բարձրացնում, բայց այս գործը, կարծես, արդարացրեց հեռուստադիտողի սպասումները:

Վ.Հ. Իսկապես, այսօր պարզապես ամոթ չկա, այդքան գրում են, քարկոծում, միևնույնն է: «Մեր գյուղը»  կարող եմ վստահ ասել`ստացված է: Երբ սկսեց ցուցադրվել հեռուստատեսությամբ, ինձ ամենուրեք կանգնեցնում էին, նկարվում կամ ստորագրություն էին խնդրում: Ինձ հակացուցված էր անգամ շուկա մտնել: Մարդիկ կանգնեցնում էին, հարցեր տալիս, կատակում: Եվ դա այնքան լավ է, հասկանում ես, որ քո արածը ճիշտ է: Մարդիկ անկեղծ սիրել էին ֆիլմի պարզ ու ազնիվ կերպարներին: Մենք բոլորս կարոտ ենք մնացել մի սիրո գեղեցիկ պատմության, մարդկային պարզ փոխհարաբերությունների: Ամենուրեք լարվածություն առաջացնող ֆիլմեր են ցուցադրվում,  դա է պատճառը, որ «Մեր գյուղը» ֆիլմը այդպիսի ջերմ ընդունելություն ստացավ:

Ա.Մ. Ֆիլմը նկարահանվել է Դսեղում, հասցրեցի՞ք շփվել գյուղացիների հետ:

Վ.Հ. Դսեղն ինձ համար Թումանյանական սրբագույն, գեղեցիկ մի վայր էր: Միշտ Թումանյանական օրերին գնում էինք թանգարան, «Ծովեր»: Այդքանով էր սահմանափակվում Դսեղի հետ իմ շփումը, բայց նկարահանման օրերին մարդկանց ջերմությունը, օգնելու պատրաստակամությունը ապշեցրեց ողջ նկարահաման խմբին: Գյուղացիք ամեն մեկն իր հերթին իր տուն էր հրավիրում `թարմ մածուն, տնական ձու ու անարատ մեղր հյուրասիրելու: Ֆիլմի ռեժսյորը`Ելենա Արշակյանը պատմում էր, որ ուրիշ ոչ մի տեղ նման հյուրընկալություն չի տեսել:

Ա.Մ. Ֆիլմում ձեր կերպարը իսկական լոռեցի էր`մի քիչ ըմբոստ, մի քիչ համառ ու մևնույն ժամանակ բարի, ճշմարտախոս:

Վ.Հ. Իմ կերպարը գյուղի հենարաններից մեկն է: Դե, դա էլ լոռեցու արյան մեջ է, այդ ըմբոստության, համառության ու բարության ընդհանրությունը: Այդպիսին են լոռեցիները, բայց սա դեռ այն չէ`կոտրված է լոռեցու սիրտը, ոգին: Մեծ հոգու ու սրտի տեր լոռեցիների մեծ մասը ցավոք երկրից դուրս են հիմա: Այդ ուրախ օրերում ցավով նկատում էինք, որ ամեն երրորդ տան դուռը փակ էր`կողպեքը կախված: Այգիները լքված, պոպոքն ու խնձորը թափված գետնին: Այդ սրբագույն հողում, արտագաղթի պայմաններում, ժողովուրդը դեռ կարողանում է իր ունեցածով ուրախանալ ու ոնց հարկն է, իսկական լոռեցու նման, հյուրընկալություն կազմակերպել:

Տպագրվել է TV Ալիք շաբաթաթերթում 


суббота, 9 августа 2014 г.

Թվում էր, թե ողջ աշխարհը կարդացել է իմ գրածը...

Սամվել Խալաթյան
Զրուցեց Անի Մաղաքյանը

Ծնվել է 1950թ-ին Ալթայի երկրամասի Տյագուն գյուղում: Վաղ մանկության տարիներն անցել են աքսորավայր հանդիսացող այդ երկրամասում, որտեղից գրողի ընտանիքը տեղափոխվել է Կիրովական (այժմ`Վանաձոր): ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է, դրամատուրգ, երգիծաբան, Հայաստանի գրողների , թատերական գործիչների, ժուռնալիստների, նկարիչների միությունների և ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ:
Երկար տարիներ աշխատել է որպես Վանաձորի և Լոռու մարզային պաշտոնաթերթերի խմբագիր: Հիմնադրել և խմբագրել է երգիծական «Եղինջ», «Խաթաբալա» հանդեսները: Հրատարակել է բանաստեղծությունների, վիպակների, մենագրությունների, պիեսների և երգիծանքների 32 ժողովածու:

Ա.Մ. – Գիտեմ, որ դպրոցական տարիքից եք տպագրվում, ինչպե՞ս սկսեցիք գրել և ե՞րբ հասկացաք, որ գրելը այն է, ինչով դուք միշտ եք ուզում զբաղվել:

Ս.Խ. – Ծաղկաբեր գյուղում մի ծեր հեքիաթասաց կար, մի անգամ մի շատ հետաքրքիր հեքիաթ պատմեց, ես էլ առանց երկար մտածելու, այդ հեքիաթը դարձրեցի պոեմ, ծրարով ժողկրթբաժին ուղարկեցի առանց իմանալու, թե մարդիկ ինչպես են տպագրվում: Շուտով ինձ կանչեցին իրենց մոտ: Մի քանի հարց տվեցին ու ետ ուղարկեցին տուն: Մի տեսակ անհանգստացա` կարո՞ղ է հանկարծ պատժեն ինձ, նման համարձակության համար: Մի քանի օր անց ինձ իր մոտ կանչեց դպրոցի տնօրենը և ժողկրթբաժնի կողմից գովասանագիր շնորհեց: Իհարկե տարիներ անց ես նորից կարդացի իմ գրած պոեմը և հիացա այդ մարդկանց մանկավարժական մոտեցման վրա, որովհետև եթե հիմա ինձ որևէ մեկը նման գործ տար, ես դժվար թե լավ բան ասեի, էլ ուր մնաց, թե գովասանագիր շնորհեի: Այդ դեպքը ինձ հուշեց, որ բառերն արժեք, կշիռ ունեն: Սկսեցի ավելի շատ կարդալ, տառերը գերող հատկություն ունեն և ես անհագ կարդում էի:

Ա.Մ.- Որտե՞ղ տպագրվեց Ձեր առաջին հոդվածը:

Ս.Խ.- Առաջին անգամ տպագրվեցի «Կայծ» թերթում, ինձ թվում էր, թե ողջ աշխարհը կարդացել է իմ գրածը: Զարմանում էի, որ փողոցով քայլելիս ինձ չեն ասում `էդ ինչ լավ էիր գրել (ժպտում է` Ա.Մ.): Այդպես մի քանի անգամ տպագրվեցի, մի օր էլ ինձ ասացին`կգաս, որ հոնորար ստանաս: Առաջին պահին մտածեցի գնամ հոնորար բառի բացատրությունն իմանամ, միգուցե էլի գովասանագիր են տալու, պարզվեց`ոչ, գումար է: Տարիներ անցան ես դարձա «Պիոներ կանչ» թերթի «Շավիղ» մանկապատանեկան բաժնի Վանաձորում թղթակցական կետի ղեկավար: Շատ էի երազում Ավանգարդում տպագրվել, դա էլ կատարվեց և այդպես շարունակ...Ամեն անգամ տպագրված հոդվածս տեսնելիս աշխարհը մի տեսակ սիրունանում էր...

Ա.Մ.- Գրում էիք, որովհետև ձեզ տպագրվելու միտքն էր դուր գալիս, թե՞ գրելն էր ձեր նպատակը:

Ս.Խ. – Գիտես, երբ սկսեցի լրագրող աշխատել տպագրվելը դարձավ աշխատանք և օրվա պահանջ, այդ տեսակետից ճակատագիրն ինձ երես տվեց. Ես չունեմ գործ, որը տպագրված չլինի... և գրելը և տպագրվելը դառնում են կենսաձև, այլևս առանց դրա չես կարող... ես հասա այն ամենին, ինչի մասին երազում էի, տպագրվեցի բոլոր թերթերում, որտեղ ուզում էի տպագրվել... և գիտես, մի քիչ էլ տխուր է, երբ մարդ հասնում է իր բոլոր ձգտումներին և այլևս չի լինում նման վառ նպատակ...



Ա.Մ. – Հիմա ինչի՞ եք ձգտում

Ս.Խ. – Հարցիդ, որպես դրմատուրգ կպատասխանեմ... Աբսուրդ դրաման, որպես ժանր նախկինում ինձ չէր հետաքրքրել, բայց վերջերս գրեցի նման մի գործ` «Գնացքի երկու տոմս», որն ստացավ «Շանթ» մրցանակ: Մարդկությունը տարբեր ուղղությունների է տուրք տվել՝ կլասիցիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմ, սիմվոլիզմ… Բայց հիմա գալիս է, եկել է մի այլ ժամանակ: Արվեստը ձգտում է խոսել Վերին զգացմունքների միջոցով: Ես չգիտեմ, թե ինչ ԻԶՄ կասեն դրան, թերևս դա անդրսահմանայինի մի նոր տարբերակ է, ես դա պարզ ու հասարակ անվանում եմ ,,խելքից դուրս,, , զուտ անանձնական վիճակ, և հիմա այդ խմորումների մեջ եմ՝ այդպիսի մի գործ ստեղծելու ճանապարհին:

Ա.Մ. - Դուք բազմաժանր գրող եք`բանաստեղծություններ, վիպակներ, պիեսներ, ո՞ր ժանրում եք ձեզ ավելի ազատ զգում:

Ս.Խ.- Երբ մի քիչ թախծոտ, մտածկոտ եմ լինում սկսում եմ բանաստեղծություններ գրել, բայց ես ինձ բանաստեղծ չեմ համարում, դրամատուրգիայով նույնպես սիրով եմ աշխատում, դա այնքան հեշտ է, երբ գտնում ես ճիշտ կերպարները նրանք սկսում են ապրել, քեզ մնում է միայն նրանց ետևից գնալ, հասցնել գրել, բայց ինձ համար ավելի հարազատ է երգիծանքը: Այսօր երգիծաբաններ քիչ ունենք: Այս ժանրը հայ գրականության մեջ թուլանում է, մինչդեռ սա շատ կարևոր և հետաքրքիր գրելաոճ է, մանավանդ, երբ հանրությունն ունի խնդիրներ:

Ա.Մ.- Ձեր գործերը տարբեր լեզուներով են թագմանվել, ո՞ր լեզվով եք ավելի լավ հնչում:

Ս.Խ. – Բանն այն է, որ երբ իմ մանկական պիեսներից երկուսը ԽՍՀՄ ազգային մանկական պիեսների մրցույթում արժանացան առաջին մրցանակի, դրանք թարգմանվեցին ԽՍՀՄ բոլոր լեզուներով և բեմադրվեցին տարբեր հանրապետություններում, կարգն էր այդպես: Բայց ես դրանք չեմ թվարկում, երբ խոսում եմ իմ թարգմանված գործերի մասին: Նշում եմ միայն այն թարգմանությունները, որոնք արվել են գնահատելով ինձ որպես հասուն գրողի և ոչ՝ որևէ մրցույթի հանձնաժողովի պարտադրմամբ: Բայց թե ինչպես են հնչում իմ գործերը այլ լեզուներով, ասենք `ռումիներեն, ես չգիտեմ, որովհետև այդ լեզուներին չեմ տիրապետում: Ինչպես Թումանյանն է ասել` թարգմանված գործը նկարած վարդ է՝ ապակու տակ դրված, ես համոզվեցի սրանում, երբ կարդացի Իսահակյանի բանաստեղծության ռուսերեն թարգմանությունը...

Ա.Մ.- Դուք մոտ 21 կոչում և մրցանակ ունեք, ո՞րն է ձեզ համար ամենաթանկը

Ս.Խ. – Ամեն մեկն իմ աշխատանքի գնահատականն է, չեմ կարող առանձնացնել, բայց շատ շոյված էի, երբ արժանացա ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման, հատկապես կարևորում եմ այն, որովհետև ստացա Հայաստանի անկախության և իմ 60-ամյակի առթիվ: Ինձ համար առանձնակի է նաև Մկրտիչ Սարգսյանի անվան մրցանակը:

Ա.Մ. – Ձեր հեղինակած ավելի քան 20 պիես է բեմադրվել Հայաստանում և արտերկրում, ո՞ր ներկայացումն եք համարում ամենաստացվածը

Ս.Խ. – Բեմադրվածների մեջ շատ եմ հավանում «40 օր համբառնալուց առաջ» պիեսը, որը 11 բեմադրություն է ունեցել, թեև ինձ շատ է դուր եկել Վանաձորյան ներկայացումը և «Վերջի սկիզբը» մոնոդրաման, որը խաղաց Գուժ Մանուկյանը: Չբեմադրված գործերի մեջ շատ եմ կարևորում «Վերջին ծաղրածուն» պիեսը, որը ցավոք, դեռ չի գտել իր բեմադրիչին, մեր շատ հայտնի ռեժիսյորներից մեկը փորձեց բեմադրել, բայց մեկ շաբաթ անց իմ խնդրանքով հանվեց խաղացամկից:

Ա.Մ. – Միգուցե գործը շատ եք սիրում, դրա համար շատ բծախնդրորեն եք մոտենում բեմադրությանը

Ս.Խ.- Պարզապես այդ գործը ստեղծվեց մեծ կրքով և շնչով, այդ գործով ես ճանաչվեցի որպես Եվրոպայի այդ տարվա վեց լավագույն դրամատուրգներից մեկը, այդ գործը թարգամնվեց պարսկերեն, անգլերեն, ռումիներեն, ռուսերեն … Ուրեմն ինչ-որ լավ բան իսկապես կա այդ աշխատանքի մեջ, բայց նրանք, ովքեր ցանկություն են հայտնում բեմադրել դա և զրուցում են ինձ հետ, մի տեսակ պարզունակ մոտեցումներ ունեն, որն իմ սրտով չէ:

Ա.Մ. – Ձեր «Կեսօրյա ստվերներ» վիպակի հիման վրա, հիմա հեռուստասերիալ է նկարահանվում «Անցյալի ստվերներ» վերնագրով: Ինչպե՞ս կգնահատեք այդ աշխատանքը:

Ս.Խ. – Ես սերիալներ չեմ սիրում, բայց այս անգամ համաձայնեցի, որ իմ գործի հիման վրա սերիալ նկարահանվի, միգուցե նաև նրանից էր, որ «Կեսօրյա ստվերներ»-ը երբեք լուրջ գործ չեմ համարել, այն իրապես սերիալային էր:

Ա.Մ.- Բայց բազմաթիվ սյուժետային փոփոխություններ են կատարվել, դրանց ինչպե՞ս եք վերաբերվում

Ս.Խ. - (Ծիծաղում է Ա.Մ.) Անի ջան, իմ վիպակը այդ սերիալում վաղուց ավարտվել է, բայց դեռ նկարահանում են, նոր կերպարներ կան, նոր իրադարձություններ... Այդ մասին ես վաղօրոք գիտեի, ուստի խնդրել եմ իմ անունը նշել վերջում և գրել, որ հեռուստասերիալը նկարահանվել է իմ ստեղծագործության մոտիվներով և ոչ սյուժեով:

Ա.Մ. – Դուք քիչ եք գրում ձեր մանկությունից, ինչպես «Բերիա» պատմվածքում եք նշել «վերհուշերը ծանր ապրումներ են ծնում», այնուամենայնիվ «Շուշա ծաղիկ» պատմվածքում մեծ անկեղծություն կա, ինչպե՞ս ձեզ տրվեց այդ անկեղծությունը...

Ս.Խ. – Եվ «Բերիա», և «Շուշա ծաղիկ» վավերագրություններում, որոնք իրենց խորը դրամատիզմով կարելի է պատմվածք համարել, բացառապես իրական անցքեր են՝ առանց հնարանքների: Աքսորավայրում իմ և ընտանիքիս անցկացրած մի քանի տարիները ինձ համար ծանր է հիշելը: (Հուզվում է, դժվարանում է խոսել, մի քանի վայրկյան փորձում է զսպել հուզմունքը, վառում է ծխախոտը Ա.Մ.)... ինձ համար իսկապես դժվար է: Ես ինձ ստիպելով պիես եմ սկսել «Պետհամարանիշ» վերնագրով, որով ուզում եմ իմ պարտքը տալ այդ մարդկանց... Ես ծանրությամբ եմ վերհիշում, թեև անկախ ինձանից` վաղ մանկության այդ տարիները շատ ամուր են դաջված հիշողությանս մեջ...

Տպագրվել է TV ԱԼԻՔ շաբաթաթերթում