2013-ին մեծ տատս ուղիղ 100 տարեկան կդառնար
:
…շատ էին:Առաջինը բարակ էր
կապում էր միայն ճակատը ծածկելու համար, բայց դա ամենագեղեցիկն էր, որովհետև քանի հատ
շալ էլ որ կապեր առաջինը երևալու էր ճակատի վրա: Երկրոդը կապում էր դնչի տակ՝ ռուսների
նման, անունն էլ «կասինկա» էր: Երրորդը կապում էր ետևից՝ վզի մոտ, այս մեկը կամ ծաղկավոր
էր լինում, կամ գծավոր, սա մազերը ամուր պահելու համար էր: Վերջինը ամենահաստն էր,
սովորաբար սև էր լինում կամ մուգ շագանակագույն, սա էլ մյուսները ծածկելու համար էր:
-Տատ, էդքան շալ ինչի ես կապում,
վերջինը կապի հերիք է էլի,- մի օր ասացի նրան:
Բայց չպատասխանեց, շարունակեց
լուռ բերանում խաղացնել սուրճի հատիկները՝ատամների ցավի դեմ, լնդերի քորի համար:
Մեծ տատս իր շալերի պես հերթով
դեղեր էր խմում: Իմ «դեղասեր» տատը ամեն ցավի դեմ ճար ուներ, ամեն հիվանդության համար՝
դարման:
-Սա շատ լավ դեղ ա, մեկն էլ
դու խմի,- ասում էր կողքի նստածին ու հերթով խմում դեղին, կանաչ, սև ու սպիտակ դեղերը,
որոնք պահում էր փոքր արկղի մեջ իր մահճակալի կողքին: Թե որքան էի սիրում այդ արկղը
փորփրել ու որքան էի հավանում այդքան շատ դեղերի իրար խառնված հոտը՝ ուրիշ պատմության
նյութ է, միայն կասեմ, որ այդ արկղի մեջ մեծ տատս ծխախոտի գլանակներ էր պահում: Ատամների
շատ ուժեղ ցավի ժամանակ մի քանի քուլա ծխում էր բոլորից թաքուն՝ բոլորից, բայց ոչ ինձանից,
որովհետև ես փոքր էի, հետաքրքրասեր ու գիտեի այդ փոքր տան մեծ մարդկանց բոլոր թաքստոցներն
ու գաղտնիքները: Գիտեի, որ մեծ տատս գիշերները հանում էր մեծ պապիս նկարից կախված տերօղորմյան
ու երկար պահում ձեռքերում՝ կարոտն առնում և նախքան լույսի բացվելը կախում տեղը: Ես
սա գիտեմ, որովհետև քնում էի մեծ տատիս սենյակում, ուղիղ մեծ պապիս նկարի տակ:
Երբ տանը մենակ էինք մնում
տատս ինձ ուղարկում էր մեծ պապիս անձնական իրերի փոքր ճամպրուկի ետևից: Պապս այնտեղ
պահում էր իր հորինած հեքիաթների, բանաստեղծությունների ձեռագրերը, լուսնի օրերի հաշվարկներն
ու այլ գրառումներ, օրինակ ՝ «1977թ. –ին մայիսին ձյուն եկավ, շատ ցուրտ էր», կամ
«1965թ.-ի ամռանը մեր գյուղում կարտոֆիլի լավ բերք էր»: Պապս այնտեղ էր պահում նաև
իր եղբայրների բանակից ուղարկած նամակները, նրանց բանաստեղծություններն ու այլ ձեռագրեր:
Մեծ տատս հերթով բացում էր, կարդում, հանում էր ճամպրուկից պապիս սափրվելու պարագանները,
հետո նույնությամբ դասավորում էր ու ես տանում էի այն դնում իր տեղում, որ ոչ ոք չիմանա:
Տատս սիրում էր պատմել իր ջահելությունից: Նա պատմում էր, որ մի օր, երբ պապիցս նամակ
է ստացել, հորեղբայրը նկատել է, իսկ ինքը այդ նամակը կերել է, որ սիրելիին չմատնի:
Պատերազմի ու գերության տարիների պապիս սպասող փարոսն է եղել մեծ տատս ու առողջությունը
գերմանական ճամբարներում քայքայած նրա միակ բժիշկն ու ուժը: Իսկ հետո, այդ նույն ուժով
մենք բոլորս էինք նրան սիրում: Ես ամենաշատը սիրում էի նրա կողքին նստել, խաղալ նրա
ձեռքերի հետ ու լիքը-լիքը հարցեր տալ:
Առավոտյան շատ վաղ էի արթնանում,
որ տեսնեմ, թե ինչպես է նա հերթով կապում իր շալերը: Իսկ երեկոյան ես էի քանդում կապ
գցած ծայրերն ու հիանում նրա անսահման ճերմակ մազերով: Նրա շալերից թեթև ողու հոտ էր
գալիս, որովհետև գլխացավի կամ հոդացավերի ժամանակ տատս վզին օղի էր քսում:
Տարիներ անց հասկացա, որ կյանքս
նույնքան բազմաշերտ, բազմանշանակ էր՝ համեմված օղու թմրեցնող հոտով, որքան Աստղիկ տատիս
շալերը: Ու թեև աշխարհը երբեք չի դավաճանում մեզ և անմահության խոստում էլ չի տալիս,
բայց նրա ներկայությունը անվիճելի է՝ անկախ գտնվելու վայրից: Իր կյանքի նման դժվար
ու հեշտ նրա հայացքներում միշտ հիացմունք խրախուսանք ու ջերմություն կար: Նրա աշխարհը
մերից տարբեր էր, նրա տեսած ու լսածը՝ մեզ անհասանելի:
Նրա ծննդյան օրից անցած այս
հարյուր տարիները նրա գեղեցիկ, ծաղկավոր, գծավոր, սև ու սպիտակ շալերի նման էին՝ առաջինը
ամենագեղեցիկն էր, երկրորդը՝ դնչի տակ էր կապում, երրորդը մազերը ամուր պահելու համար
էր, վերջինը՝ ամենահաստն էր՝ նախորդները ծածկելու համար…
Անի Մաղաքյան
Անի ջան, իրականում չգիտեմ հորինվածք էր, թե վերապրածդ, բայց ես վերապրեցի,շնորհակալ եմ...
ОтветитьУдалитьՎերապրածս է Վարդուհի ջան, ամեն բառը... քեզ եմ շնորհակալ :)
Удалить