Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком ընտանեկան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ընտանեկան. Показать все сообщения

среда, 25 сентября 2013 г.

նա ծնվեց , եկավ…


Աշխարհում արդեն կա մեկը,


ով կսիրի ինձ այնպես,


ինչպես ես մորս եմ սիրում՝


սա էր միակ միտքը,


երբ տեսա նրան առաջին անգամ…


հետո պետք է հասկանայի, որ


արդեն կա ՆԱ ում ես եմ սիրելու,


ինչպես մայրս է ինձ սիրում…

ՄԱՄ, ինձ դարձրու քո թևերի փետուրներից մեկը և տար բոլոր երկինքների վրայով, տար ինձ ծովերն ի վար, լեռներն ի վեր … ինձ համոզիր, որ չենթարկվեմ քամիների խուլ սուլոցին ու երևամ այգաբացի լույսերի մեջ, որ չկորչեմ մայրամուտի կարմիրներում… սովորեցրու, ՄԱՄ, չափոսոսել արթուն ապրած գիշերների և մեկ-մեկ էլ քնած օրվա, կորած օրվա վարձի համար… ՄԱՄ, ինձ դարձրու քո թևերի փետուրներից մեկը միայն և հեռացրու ինձ փորձանքից, ներիր պարտքս, սովորեցրու ներել մերձավորիս…
Ես դեռ այնքան երկար ճամփա ունեմ քեզ հետ, ՄԱՅՐԻԿ… ես կամ արդեն քո ամեն մի հայացքի մեջ, քո ափերում պառկած եմ դեռ՝ միմյանց գրկած մեր առաջին պահից ի վեր… Միայն, ՄԱՅՐԻԿ, քո թևերի մաքրության մեջ պահիր դու ինձ…Դու ինձ դարձրու քո թևերի փետուրներից մեկը, ՄԱՄ, ես կամրանամ, կպահեմ քեզ հողմերի դեմ պայքարելիս, երբ քո ճերմակ, փափուկ թևերն ի վար թափվեն հազար ճերմակ փետուր, ես կմնամ քեզ հետ, կօգնեմ, որ բարձրանաս նորից, ՄԱՄ, որ միասին ճախրենք նորից բոլոր ջրերն ի վար, լեռներն ի վեր, բոլոր երկինքների վրայով, բոլոր ցամաքներին ընդառաջ… Միայն թե, ՄԱՄ, ինձ դարձրու քո ճերմակ թևերի փետուրներից մեկը… միայն թե միշտ պարզած պահիր թևերդ … 

Ինձ վայր չնետես, չզատվես ինձանից… ախր ես միայն քեզ հետ եմ ճախրանքի մեջ, ՄԱՄ…

Անի Մաղաքյան   


вторник, 10 сентября 2013 г.

Մեծ տատիս շալերը

2013-ին մեծ տատս ուղիղ 100 տարեկան կդառնար :

…շատ էին:Առաջինը բարակ էր կապում էր միայն ճակատը ծածկելու համար, բայց դա ամենագեղեցիկն էր, որովհետև քանի հատ շալ էլ որ կապեր առաջինը երևալու էր ճակատի վրա: Երկրոդը կապում էր դնչի տակ՝ ռուսների նման, անունն էլ «կասինկա» էր: Երրորդը կապում էր ետևից՝ վզի մոտ, այս մեկը կամ ծաղկավոր էր լինում, կամ գծավոր, սա մազերը ամուր պահելու համար էր: Վերջինը ամենահաստն էր, սովորաբար սև էր լինում կամ մուգ շագանակագույն, սա էլ մյուսները ծածկելու համար էր:
-Տատ, էդքան շալ ինչի ես կապում, վերջինը կապի հերիք է էլի,- մի օր ասացի նրան:
Բայց չպատասխանեց, շարունակեց լուռ բերանում խաղացնել սուրճի հատիկները՝ատամների ցավի դեմ, լնդերի քորի համար:
Մեծ տատս իր շալերի պես հերթով դեղեր էր խմում: Իմ «դեղասեր» տատը ամեն ցավի դեմ ճար ուներ, ամեն հիվանդության համար՝ դարման:
-Սա շատ լավ դեղ ա, մեկն էլ դու խմի,- ասում էր կողքի նստածին ու հերթով խմում դեղին, կանաչ, սև ու սպիտակ դեղերը, որոնք պահում էր փոքր արկղի մեջ իր մահճակալի կողքին: Թե որքան էի սիրում այդ արկղը փորփրել ու որքան էի հավանում այդքան շատ դեղերի իրար խառնված հոտը՝ ուրիշ պատմության նյութ է, միայն կասեմ, որ այդ արկղի մեջ մեծ տատս ծխախոտի գլանակներ էր պահում: Ատամների շատ ուժեղ ցավի ժամանակ մի քանի քուլա ծխում էր բոլորից թաքուն՝ բոլորից, բայց ոչ ինձանից, որովհետև ես փոքր էի, հետաքրքրասեր ու գիտեի այդ փոքր տան մեծ մարդկանց բոլոր թաքստոցներն ու գաղտնիքները: Գիտեի, որ մեծ տատս գիշերները հանում էր մեծ պապիս նկարից կախված տերօղորմյան ու երկար պահում ձեռքերում՝ կարոտն առնում և նախքան լույսի բացվելը կախում տեղը: Ես սա գիտեմ, որովհետև քնում էի մեծ տատիս սենյակում, ուղիղ մեծ պապիս նկարի տակ:
Երբ տանը մենակ էինք մնում տատս ինձ ուղարկում էր մեծ պապիս անձնական իրերի փոքր ճամպրուկի ետևից: Պապս այնտեղ պահում էր իր հորինած հեքիաթների, բանաստեղծությունների ձեռագրերը, լուսնի օրերի հաշվարկներն ու այլ գրառումներ, օրինակ ՝ «1977թ. –ին մայիսին ձյուն եկավ, շատ ցուրտ էր», կամ «1965թ.-ի ամռանը մեր գյուղում կարտոֆիլի լավ բերք էր»: Պապս այնտեղ էր պահում նաև իր եղբայրների բանակից ուղարկած նամակները, նրանց բանաստեղծություններն ու այլ ձեռագրեր: Մեծ տատս հերթով բացում էր, կարդում, հանում էր ճամպրուկից պապիս սափրվելու պարագանները, հետո նույնությամբ դասավորում էր ու ես տանում էի այն դնում իր տեղում, որ ոչ ոք չիմանա: Տատս սիրում էր պատմել իր ջահելությունից: Նա պատմում էր, որ մի օր, երբ պապիցս նամակ է ստացել, հորեղբայրը նկատել է, իսկ ինքը այդ նամակը կերել է, որ սիրելիին չմատնի: Պատերազմի ու գերության տարիների պապիս սպասող փարոսն է եղել մեծ տատս ու առողջությունը գերմանական ճամբարներում քայքայած նրա միակ բժիշկն ու ուժը: Իսկ հետո, այդ նույն ուժով մենք բոլորս էինք նրան սիրում: Ես ամենաշատը սիրում էի նրա կողքին նստել, խաղալ նրա ձեռքերի հետ ու լիքը-լիքը հարցեր տալ:
Առավոտյան շատ վաղ էի արթնանում, որ տեսնեմ, թե ինչպես է նա հերթով կապում իր շալերը: Իսկ երեկոյան ես էի քանդում կապ գցած ծայրերն ու հիանում նրա անսահման ճերմակ մազերով: Նրա շալերից թեթև ողու հոտ էր գալիս, որովհետև գլխացավի կամ հոդացավերի ժամանակ տատս վզին օղի էր քսում:
Տարիներ անց հասկացա, որ կյանքս նույնքան բազմաշերտ, բազմանշանակ էր՝ համեմված օղու թմրեցնող հոտով, որքան Աստղիկ տատիս շալերը: Ու թեև աշխարհը երբեք չի դավաճանում մեզ և անմահության խոստում էլ չի տալիս, բայց նրա ներկայությունը անվիճելի է՝ անկախ գտնվելու վայրից: Իր կյանքի նման դժվար ու հեշտ նրա հայացքներում միշտ հիացմունք խրախուսանք ու ջերմություն կար: Նրա աշխարհը մերից տարբեր էր, նրա տեսած ու լսածը՝ մեզ անհասանելի:
Նրա ծննդյան օրից անցած այս հարյուր տարիները նրա գեղեցիկ, ծաղկավոր, գծավոր, սև ու սպիտակ շալերի նման էին՝ առաջինը ամենագեղեցիկն էր, երկրորդը՝ դնչի տակ էր կապում, երրորդը մազերը ամուր պահելու համար էր, վերջինը՝ ամենահաստն էր՝ նախորդները ծածկելու համար…

                                                                                   Անի Մաղաքյան

понедельник, 11 февраля 2013 г.

Մի քանի ժամ առանց լույսի (Նշումներ նոթատետրի մեջ)


Ափսոս, որ մթության մեջ հնարավոր չէ գրել՝ մտածեցի ես և հեռախոսիս լույսը  ուղղեցի նոթատետրիս: Էլեկտրական վառարանի վրա չորացող մանկական հագուստը գոլորշի էր թողել պատուհաններին: Քրտնած ապակիների վրա միշտ էլ հաճելի ու զվարճալի է նկարելը: Մոտեցա պատուհանին ու փորձեցի վերարտադրել մանկությունից եկող կնոջ պրոֆիլը: Այն քույրս էր նկարում: ՆՐա մեջ գենետիկորեն է մտած նկարելը՝ հորիցս է փոխանցվել, հորս՝ իր պապից, սա նշում եմ, որովհետև իմ մեջ հորս պապից, մորիցս ու Հրանտ Մաթևոսյանից մեկ այլ ջիղ կա՝ բառեր նկարելը, իսկ գծերն ու դեմքերն իմը չեն: Բայց միևնույնն է փորձում եմ գծել խոշոր աչքը, գեղեցիկ շուրթերը, փոքրիկ քիթն ու երկար, տեղ-տեղ ալիքվող, տեղ-տեղ կլորացող շքեղ մազերը:  Փոքր էի, ուզում էի մեծանալ ու դառնալ այդ նկարի աղջիկը, երկար ու գանգուր մազերս այդ երազանքի արդյունքն են: Մտածում եմ այս ամենը, նկարում ու ժպտում միամտությանս վրա, որովհետև հասկանում եմ, որ քույրս մորս էր նկարում և ես էլ մինչև հիմա երազում եմ նրա նման լինել, թեև նկարել նրան երբեք էլ չեմ  կարողանա:
Ափսոս, որ մի կերպ եմ տեսնում թուղթն ու թանաքի թողած հետագիծը, բայց իմ տանը լույսը միանգամից երկու միտք է կտրում՝ իմ մուսան և աղջկաս երազաները: Թեև չեմ ուզում, որ նա սովորականից ավելի վաղ արթնանա, բայց հաճախ մոտենում եմ ու համբուրում թաթիկը և ճակատը՝ այդքան մաքուր, անմեղ, լուսավոր: Դե իհարկե՝ մայրական համբույրից չեն արթնանում այլ ավելի խորն ու քաղցր են քնում:
Ապակու վրա թողածս նկարները սկսել են հալչել: Աղջկա պրոֆիլը թվաց լաց է լինում, որ իրեն այդքան անճոռնի են նկարել: Նշանակում է այս տարի ձմեռը մեղմ է լինելու: Մթության մեջ աղջկաս շնչառույունը հեքիաթներ է հորինում ինձ համար ու հիշեցնում վաղուց մոռացված մեղեդիներ, հին լուսանկարներ ու հորս պատմած հեքիաթը պարծենկոտ գորտի մասին: Ես դեռ չգիտեմ որքան սիերմ ծնողներիս, որ արժանի լինեմ նրանց, չգիտեմ ինչպես համբուրեմ նրանց ձեռքերը տարածության միջից, որպեսզի առնեմ կարոտս ու հագեցնեմ ինձ: Չգիտեմ ինչպիսին պետք է լինլ, որ վստահ ասեմ՝ ես սիրել ու հավատարիմ եմ եղել ծնողներիս, ես սիրել ու հավատարիմ եմ եղել երեխաներիս՝ ահա այն երկու չափանիշները, որոնցով պետք է չափել մարդու ինքնությունը: Մնացածը իրավիճակի հետևանք է, պահի թելադրանք, ճակատագրի կամք կամ տրամադրության արդյունք, մնացածը կարծիքների փոխանակում է և շահերի բախում:
Փողոցում հերթով վառվում են լապտերները սենյակը դեղին լուսավորություն է ստացել: Փողոցը դատարկ է, մենակ: Մեզանից ով էլ այդքան մենակ լիներ, չէր դիմանա: Չնայած ես հավատում եմ, որ եթե մարդ կարողանում է ինքն իր մեջքը քորել, ուրեմն նա մեծ պոտենցիալ ունի միայնակ երջանիկ լինելու համար:  Մենակությունն էլ ծերանալու հատկություն ունի. չպետք է թողնես, որ պիտանելիության ժամկետն անցնի:
Գուցե շատ են մտքերս, բայց երկար-բարակ խոհագրություններ անելը առնվազն մեծամտություն է: Մութն էլ կամաց ծերացել ու արդեն ճնշում է: Աղջիկս քիչ-քիչ արթնանում է, նա չի սիրում քնից հետո մութը տեսնել և ես շտապում եմ վառել լույսը: Կտրվեց նրա երազների թելը, բայց ես նրան լիքը նոր հեքիաթներ կպատմեմ…

Անի Մաղաքյան     (Շավիղ+) 

вторник, 29 января 2013 г.

Այնտեղ ոչ ոք անցյալ չունի


Նրա կողքին աշխարհում ամեն ինչ կարելի էր մոռանալ
Այգին մարդաշատ չէր երբեք… մենք քայլում էինք, նստում, էլի քայլում … երամները չվում էին այն երկիր, որտեղ երևի ոչ ոք անցյալ չունի, որովհետև այնտեղ միայն սեզոնային են մեկնում, հետո էլի վերադառնում են…
-Ինչ ես կարծում, ուր որ մեկնում են ծիծեռնակները, էնտեղ միշտ թռչուններ կան, թե բոլորը հետո վերադառնում են, ու էդ երկիրը մնում ա դատարկ…
-Չգիտեմ…երևի էնտեղ էլ բնիկ թռչուններ կան… չի կարող դատարկ մնալ երևի…
Հավատացի նրան… բայց վախը դեռ կար…վախը, որը դեռ չէր սկսել երազների տեսքով հիշեցնել իր մասին…
Ժամանակն անցնում էր… նորից վերադառնում նույն օրերին, երբ չվում են ծիծեռնակները, իսկ հեռվից, շատ հեռվից ես չէի կարողանում տարբերել դրանց ագռավներից…
Նորից այգին էր, նորից մենք էինք…
Երկինքը մուգ էր արդեն, երևի ուշ էր ժամը, չեմ հիշում: Հետո ավելի մգացավ. ծիծեռնակների երամը ծածկեց ամեն մի լուսավոր կետ, որ մնացել էր երկնքում: Ես ամուր գրկեցի նրան.
-Ի՞նչ եղավ
-Չթողնես, չթողնես, ամուր պահի, Տիկ, նայի սրանք իսկական չեն , ես վախենում եմ սրանցից
-Իսկական են, ծիծեռնակներ են էլի
-Չէ, նայի, սրանց փորիկները սպիտակ չեն մոխրագույն են, սրանք իսկական չեն, սուտ են…
Ու չէր կարող լինել իմ կյանքում ավելի վախով լի ու միաժամանակ ավելի պաշտպանված պահ…
-Պահիր ինձ թևերիդ տակ, իմ մեծ ու բարի ծիծեռնակ…
Ասացի ` առանց մտածելու…ծիծաղեց…
-Բալա, բայց ինչ փոքր ես … մեկ-մեկ էնպիսի բաներ կասես, որ հազիվ եմ ծիծաղս զսպում…
Բայց ես արդեն տեսել էի սև, լռիվ սև երկինքը…ես տեսել էի ծիծեռնակներին խառնված ագռավներին, տեսել էի անձրևի նման երկնքից թափվող վիրավոր ծիծեռնակներին ու աշնան չորացած տերևների հանդարտությամբ գետնին իջնող նրանց սև փետուրները … Ես տեսել էի դա մի անգամ երազում, իսկ հիմա ես կանգնած էի այդ սև անձրևի տակ մի մարդու հետ, ում պատրաստ էի պաշտպանել ամեն տեսակ չարիքից, ում համար առանց մտածելու կյաքս կտայի… բայց չէի կարողանում անել նրա համար ոչինչ. Նա ամուր գրկել էր ինձ, փակել հայացքս իր մարմնով ու ականջիս տակ երգում էր մեր երգը` անձրևը թափվում է երկնքից, երկու կատու տաքացնում են իրար տանիքի վրա, ես գնում եմ իմ սիրելիին անձրև նվիրեմ, ես տանում եմ իմ սիրելիի համար Փարիզի անձրևը մեղմ…
Նրա ձայնը ինձ տանում էր Փարիզ, որտեղ մենք դեռ պետք է ապրենք, նրա ձայնը հեռացնում էր ագռավների ու ծիծեռնակների աղմուկը , որքան բան էի ես պատրաստ անել նրա համար, երբ ինքը ոչինչ չէր ուզում ինձանից…
Ես արդեն հեռու էի բոլոր չարիքներից, ես նրա ձայնի հետ փարիզում էի, կամ այնտեղ, որտեղ ոչ ոք անցյալ չունի և չունի ապագա, որտեղ համտարած այսօր է…
Երկինքն այնքան սև էր, որ թվում էր, թե ահա, սա է աշխարհի վերջին րոպեն…հիմա կլինի պայթյուն, կլինի աղմուկ ու կվերանա աշխարհը և էլ ոչինչ չի զգա ոչ ոք…Եվ ես էլ չեմ զգա ինձ պաշտպանված ու չեմ զգա, թե որքան եմ սիրում նրան, … ես չեմ լսի էլ մեր երգը… Եվ ամեն ինչ կդառնա ծայրահեղ անգույն, թափանցիք…շուրջն ամեն ինչ կվերածվի տիեզերքի…
Ահա վախը…
Վախը, որ չեմ կարող անել ոչինչ նրան փրկելու համար… միայն թե տիեզերքում մի տեղ հնչի նրա ձայնը, երբ երգում է `ես տանում եմ իմ սիրելիի համար Փարիզի անձևը մեղմ, ես տանում եմ նրա համար հոգուս արևը ջերմ, որ ծիածան հայտնվի նրա ափերի մեջ…
…Եվ չի լինի էլ ծիածանը… ու ես կգոռամ նրա անունը տիեզեքով մեկ ` Տիիիգ~րաա~ն …Ու աշխարհի գոյության ամենավերջին պահին այն կարձագանքվի տիեզերքում, եվ քանի որ անսահման է տիեզերքն ուրեմն արձագանքն էլ պետք է ավարտ չունենա…եվ կհնչի հավերժի մեջ նրա անունը…
-Վերջ, էլ մի վախենա… ես հետդ եմ…
Ասաց նա ու աչքերս ծածկող մազափունջը մի կողմ տարավ…
-Լացել ես? Բայց ինչի ես Լացել…
-Որովհետև չէի կարողանում փրկել քեզ…
-Ինչից
-Ագռավներից…
-բալա, լավ էլի… ես ապահով եմ, եթե դու ապահով ես … երբ ես հասկանալու… հետո էլ էսպիսի պատերազմներ ագռավների ու ծիծեռնակների միջև միշտ էլ լինում են…
-ինչի…
-Դե մի տեղ գրած էր, թե ագռավները ծիծեռնակներ են տանում իրենց երամ…
-Հեքիաթների պես…սիրուն ծիծեռնակ արքայադստերը գողանում են չար ագռավները ու…
-Ու դարձավ սերիալ ոչ թե հեքիաթ…
-Ես համաձայն եմ, թող անվերջանալի սերիալ դառնա մերը… հեքիաթներ ես կհորինեմ լիքը հետո…
… հետո ես դեռ երկար էի հիշելու այն վայրկյանը, երբ ինձ թվաց թե աշխարհի վերջին րոպեն ենք ապրում, էդպես գրկած իրար, էդպես անվախ, հերոսաբար…

Անի Մաղաքյան


четверг, 2 июня 2011 г.

Իմ ծննդյան օրը, կամ 23 տարի սրանից առաջ…

Ահա, թե ես ինչպիսին էի… մանկության նկարներս շատ չեն, բայց եղածներն էլ հերիք են անկարգությանս աստիճանը հասկանալու համար… Վաղը կգան ,կհավաքվենք,կխմեն, մյուս օրը կխմեն, ու թդպես յոթ օր, յոթ գիշեր…. Թեզս մնաց, ղեկավարիս աչքը ջուր կըտրեց ինձանից վերջնական արդյունք սպասելով… :)
Միշտ երազել եմ ծնունդս էն սուր նկարազարդ գլխարկներով նշեմ ու լիքը փուչիկներ լինեն տանը ու ամենաուրախ երաժշտությունը… հարազատների ու ծննդյանս առթիվ ինձանից ավելի շատ ուրախացողների պակաս չեմ զգացել երբեք, բայց սուր նկարազարդ գլխարկներ, փուչիկներ ու բենգալյան կրակներ անգամ էսօր չգնեցի, թեև մի կես ժամ կանգնել եմ խանութում այդ բաժնի կողքին… միշտ ուզել եմ խելառ ընկերներս ինչ-որ խելառ անակնկալ անեն,ասենք աղմուկով, բաղաձայն երգելով լցվեն մեր տուն, ու սկսեն իրենց իսկ երգածի տակ պարել… բայց միշտ իրանց բոլոր անակնկալները ինձ հետ համաձայնեցված են լինում …ՄԵԿԱ ԵՍ ՁԵԶ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ… դեհ, ապա ձեզ տեսնեմ … եվ ամենակարևորը տանել չեմ կարողանում ծնուդիս համար հրավերք անել, սիրում եմ, երբ չեն սպասում իմ ավելորդ պաշտոնական զանգին…:)
Չեմ սիում, երբ ինձ մաղթում են անամպ երկինք` տպավորություն է, որ ուզում են միշտ արևահարված լինեմ, և չեմ սիրում, երբ մաղթում են կանաչ ճանապարհ` տպավորություն է, որ ուղարկում են ինչ-որ տեղ… :)
Իմ ամենամեծ ծնունդը եղել է միամյակս… այնքան մեծ, որ հենց այդ օրը սկսել եմ քայլել… դա ապացուցում է անակնկալների մասին վերը ասվածը… քայլել եմ, բայց դե չեն թողել շատ հեռու գնամ, դրա համար էլ միչև հիմա սովոր եմ ծնունդս նշել տանը մոտիկ, կամ հենց տան մեջ …:) մի խոսքով 23 տարի սրանից առաջ ծնվեցի, դրանից մի տարի հետո քայլեցի… խոսեցի… սովորեցի…գրեցի… ու գրում եմ մինչ օրս...
Ախր համ գիտեմ, որ իմ մասին բան չեմ կարողանալու գրել, համ էլ փիլիսոփայում եմ…
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ, ՍՐՏԱԼԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԵՐԲևԷ ՈՒՆԵՆԱԼ ՍՈՒՐ ՈՒ ԳՈՒՆԱՎՈՐ ԳԼԽԱՐԿՆԵՐՈՎ ԾՆՈՒՆԴ , ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԱՆԱՄՊ ԵՐԿԻՆՔ, ԱՅՆՔԱՆ ԲԱՐԻՔ ՈՐՔԱՆ ԾՈՎԸ ՈՒՆԻ ԱԼԻՔ, ՍԵՐ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՓՈՂ և ՄԵՔԵՆԱ…. ԵՍ ԴԺՎԱՐՆ ԱՐԵՑԻ, ՁԵԶ ԹՈՂՆԵԼՈՎ ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ` ՉԸԿՐԿՆԵԼ ԻՆՔՍ ԻՆՁ ՈՒՂՂԱԾ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԸ…. ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ ԾՆՆԴՅԱՆՍ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ… :)