Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком մանկություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком մանկություն. Показать все сообщения

пятница, 10 января 2014 г.

Չընտրված երազանքը

Նախատոնական մի գիշեր, երբ քաղաքում բոլոր լույսերը վառվում էին, մեծ տոնածառը իր ողջ շքեղությամբ զարդարում էր քաղաքի հրապարակը, երբ անգամ պատուհանների լույսերն էի դեռ վառ, որովհետև բոլորը պատրաստվում էին Ամանորին, երկնքից մի աստղ ընկավ: Աստղը այնքան մեծ էր ու պայծառ, որ եթե այդ պահին քաղաքի բոլոր բնակիչները ամենատարբեր երազանքները պահեին, դրանք բոլորը հաստատ կիրականանային: Բայց այդպես չեղավ, որովհետև բոլորը զբաղված էին տարբեր համեղ ուտեստներ պատրաստելով իսկ շատ փոքրիկ բնակիչները վաղուց քնած էին:
Նրանց բոլորի մեջ, գույնզգույն լույսերի ու հրաշքների գիշերում արթուն էր միայն մի փոքրիկ տղա: Միգուցե նա այնքան էլ փոքրիկ չեր, որքան ամենաերազկոտ և հեքիաթների հավատացողներն են, բայց այնքան էլ մեծ չէր, որպեսզի մոռանա երազանքներ պահելու մասին: Նա երկար մտածում էր: Իր անկողնում` վերմակի տակ, այնքան ցուրտ չէր արդեն, որքան ողջ սենյակում: Նա նայում էր ձեռքում ամուր պահած ապակե խաղալիքին, որը երևի պետք է տոնածառից կախեին, եթե լիներ տոնածառ: Տղան նայում էր մթության մեջ հազիվ փայլող ոսկեգույն զարդին ու չէր կողմնորոշվում, թե ինչ երազանք պահի: Նա հիշում էր խանութի ցուցափեղկում փայլող  չմուշկները: Ամեն անգամ խանութի կողքով անցնելիս, նա երկար նայում էր դրանց, բայց չմուշկները 2 ամսից էլ պետք չեն գա, ուրմեն պետք չէր երազանքն անտեղի վատնել: Տղան հիշում էր նաև, որ հայրիկը մտահոգ է, ձմեռը սպասվածից խիստ եղավ, «բայց չէ, որ ձմռանը դեռ 2 ամիս կա և դժվար թե որևէ երազանք կարողանա փոխել բնության կարգը»` մտածեց նա:
Տղան հավատում էր, որ այդ կախարդական, լուսավոր ու ջերմ գիշերը անարձագանք չի թողնի իր երազանքը, նա գիտեր, որ իր սրտի տարողությամբ մի ողջ կյանք կարող է լցվել, ասենք` երևի չգիտեր, բայց զգում էր: Նա հավատում էր, որ ցանկացած երազանք, որը ծնված է բարության, հոգատարության և հավատի մեջ, անպայման իրականանում է:
Փոքրիկը բոլորովին շփոթվել էր իր մտքերի մեջ: Նա շատ էր ուզում այնպիսի գնդակ ունենալ, որը բակում ամենալավը կլիներ, ուզում էր, որ քույրիկը  ամենագեղեցիկ մազակալը ունենար, չէ որ նա այնքան գեղեցիկ մազեր ունի: Ուզում էր, որ հայրիկը էլ երբեք մտահոգվելու առիթ չունենա և մռայլ խոհերի մեջ անցնող նրա օրերը լինեն անհոգ ու ջերմ: Թեև ինքը հասկանում էր ու մեկ-մեկ էլ պատահական լսում էր մայրիկի ու հայրիկի զրույցները, ովքեր փորձում էին թաքցնել փոքրիկներից իրենց դժվարությունները, բայց ախր ամանորյա երազանքը պետք է, որ այնքան, այնքան ուժեղ լինի, որ կարողանա ուղղել այս ամենը: Փոքրիկ տղան այնքան շատ մտքեր ուներ և այնքան երկար մտածեց, որ չհասկացավ, թե ինչպես քնեց  ճիշտ այն պահին, երբ երկնքից երկար ժամանակ ներքև սլացող աստղը վերջապես հասավ իր ճանապարհի վերջնակետին: Տղան քնել էր խորը և տաք քնով, բայց այդպես էլ չէր ընտրել իր երազանքը: Նա երազում մեծ ու շքեղ տոնածառ էր տեսնում, որի վրա փայլում էր իր ոսկեգույն ապակե խաղալիքը: Տեսնում էր իր երազանքների չմուշկները, նա տեսավ նաև իր բոլոր հարազատներին ուրախ ու անհոգ: Տղան երբեք այսքան լավ չէր քնել, որքան այդ գիշեր:
Աստղը, որը չգիտես` ինչու որոշել էր երկնքից տեղափոխվել Երկիր, թռչում էր արդեն շատ վաղուց: Նրա ճանապարհը բավական երկար էր: Աստղն ինքն էլ չգիտեր, որ այդքան պայծառ ու ջերմ է, չէր էլ կասկածում, որ կարող է իր սրտի ողջ տարողությամբ մի ողջ կյանք լցնել: Երևի միշտ է այդպես` մենք երբեք չենք իմանում, մեր հնարավորությունների իրական չափը, ոչ այն պատճառով, որ չենք ուզում օգտագործել դրանք, պարզապես չենք հավատում ոչ մեր երազանքներին և ոչ էլ ուրիշների երազանքները իրականացնելու մեր կարողություններին: Այն ուժը, որը կա յուրաքանչյուրիս հավատի մեջ, թուլանում է մինչ այն պահը, երբ հանդիպում է միգուցե շատ փոքրիկ թվացող, բայց շատ ավելի մեծ մի նոր, լուսավոր երազանքի:

Այդպես փոքրիկ տղան` իր մեծ երազանքներով հանդիպեց մեծ աստղին իր` փոքրիկ հավատով:

Ամանորյա առավոտը բացվեց բոլոր ձմեռային առավոտների նման լուսավոր ու սառնաշունչ, բայց պայծառ և ուրախ` ինչպես երբեք: Տղան արթնացավ ու հիշեց, որ քնել է առանց երազանք պահելու: Նա վերցրեց իր ապակե զարդը և գնաց հյուրասենյակ, որպեսզի այն նվիրի քրոջը` «չէ որ Ամանորին պետք է գոնե մեկը նվեր ստանա»` մտածեց տղան: Նա մտավ հյուրասենյակ և զարմացած կանգնեց մեծ տոնածառի դիմաց, որը հրաշքով հայտնվել էր իրենց տանը: Տոնածառի կողքին ուրախ կանգնած էր տղայի քույրը` մազերին անասելի գեղեցկության մի զարդ, ճյուղերի տակ մի քանի տոնական զարդարված նվերների տուփեր էին դրված: Փոքրիկ տղան չէր ուզում իմանալ, թե ինչպես է այդ ամենը հայտնվել իրենց տանը, նրա համար բավական էր տեսնել իր հարազատներին երջանիկ: Տոնածառի գագաթին փայլում էր մի մեծ պայծառ աստղ, որը վերջապես հասկացել էր իր երկար ճանապարհորդության նպատակն ու իմաստը: Փոքրի տղան իր ոսկեգույն զարդը կախեց տոնածառից և հասկացավ, որ երազել պետք է միշտ, չէ որ ամեն վայրկյան կարող է երկնքից ընկնել ամենապայծառ աստղը և բոլորովին անհրաժեշ չէ ընտրել բազմաթիվ երազանքներից մեկը, որովհետև ամենակարևորը և ամենացանկալին անպայման կատարվում են:
Անի Մաղաքյան 

среда, 25 сентября 2013 г.

նա ծնվեց , եկավ…


Աշխարհում արդեն կա մեկը,


ով կսիրի ինձ այնպես,


ինչպես ես մորս եմ սիրում՝


սա էր միակ միտքը,


երբ տեսա նրան առաջին անգամ…


հետո պետք է հասկանայի, որ


արդեն կա ՆԱ ում ես եմ սիրելու,


ինչպես մայրս է ինձ սիրում…

ՄԱՄ, ինձ դարձրու քո թևերի փետուրներից մեկը և տար բոլոր երկինքների վրայով, տար ինձ ծովերն ի վար, լեռներն ի վեր … ինձ համոզիր, որ չենթարկվեմ քամիների խուլ սուլոցին ու երևամ այգաբացի լույսերի մեջ, որ չկորչեմ մայրամուտի կարմիրներում… սովորեցրու, ՄԱՄ, չափոսոսել արթուն ապրած գիշերների և մեկ-մեկ էլ քնած օրվա, կորած օրվա վարձի համար… ՄԱՄ, ինձ դարձրու քո թևերի փետուրներից մեկը միայն և հեռացրու ինձ փորձանքից, ներիր պարտքս, սովորեցրու ներել մերձավորիս…
Ես դեռ այնքան երկար ճամփա ունեմ քեզ հետ, ՄԱՅՐԻԿ… ես կամ արդեն քո ամեն մի հայացքի մեջ, քո ափերում պառկած եմ դեռ՝ միմյանց գրկած մեր առաջին պահից ի վեր… Միայն, ՄԱՅՐԻԿ, քո թևերի մաքրության մեջ պահիր դու ինձ…Դու ինձ դարձրու քո թևերի փետուրներից մեկը, ՄԱՄ, ես կամրանամ, կպահեմ քեզ հողմերի դեմ պայքարելիս, երբ քո ճերմակ, փափուկ թևերն ի վար թափվեն հազար ճերմակ փետուր, ես կմնամ քեզ հետ, կօգնեմ, որ բարձրանաս նորից, ՄԱՄ, որ միասին ճախրենք նորից բոլոր ջրերն ի վար, լեռներն ի վեր, բոլոր երկինքների վրայով, բոլոր ցամաքներին ընդառաջ… Միայն թե, ՄԱՄ, ինձ դարձրու քո ճերմակ թևերի փետուրներից մեկը… միայն թե միշտ պարզած պահիր թևերդ … 

Ինձ վայր չնետես, չզատվես ինձանից… ախր ես միայն քեզ հետ եմ ճախրանքի մեջ, ՄԱՄ…

Անի Մաղաքյան   


четверг, 31 марта 2011 г.

Երբ ինքնաթիռները չեն թռչում

Ես երկար նայում էի երկնքին, բայց ինքնաթիռը չէր երևում. Միայն ձայնն էր լսվում:

<<Ուրեմն այն չի թռչում>>,- մտածում էի ես: Հետո ողջ օրը մտածում էի թռչողների մասին, այն մասին, որ ինքնաթիռը մեծ տռչուն է, թե ինչու չկան ծիծեռնակները, և երբ նրանք գալիս են ճնճղուկները մի տեսակ խեղճանում, անտեսվում են:

Մի օր պապս բակի իմ սիրած յասամանի ծառը կտրեց, որ կողքի խմձորենուն չխանգարի:

Ես լաց եղա: Իսկ գիշերը երազումս տեսա, թե ինչեպես են յասամանի ծառի ճյուղերից թռչունների բներ թապվում:

Հիմա խնձորենին մեծացել է: Այն տնկել էր դեռ վաղուց իմ պապի պապը: Ծեր է խնձորենին, ինչպես իմ նախապապի շիրիմը: Մեր գյուղում մի մարդ է եղել, նա մահացել է ճիշտ այն օրը, երբ ես ծնվել եմ, երկուսիս համար էլ նույն 19 տարին է անցել, բայց դա իմ կյանքի համար շատ քիչ է, իսկ նրա մահվան համար այնքան շատ, որ նույնիսկ հարազատները չեն հիշում:

Խնձորենու համար սա առատ բերքի 19 հարուստ տար էր:

Հիմա հաճախ եմ մտածում փոստատարների, Վանաձորի և այն ցուրտ տեղի մասին, որտեղ հիմա հայրս է: Հիմա այնտեղ ձյուն է, ինչպիին դեռ չեմ տեսել: Հայրս երազում ծաղկած խնձորենի է տեսնում, նա մտքերով մեզ հետ է. Երևի մի լավ բան է հիշում ու բեղի տակ ծիծաղում, հին երազներն է հիշում ու տխրում, հոտո մորս է հիշում և ժպտում նորից: Սա է սերը` բոլոր տեսակների սերը, որոնց մասին գրված է գեղարվեստական և <<գիտահոգեբանահետազոտական>> գրքերում:

…Ես երկար նայում էի երկնքին իսկ իմ խնձորենին երազում տատրակներ էր տեսնում…

Յասամանի չորացած տերևներ կային խնձորենու արմատների մոտ:

…Ու ես հիմա թռչող ինքնաթիռների եմ սպասում, ինչպես մի ժամանակ, երբ ծառաբներից մեղր էր հոսում:

Իմ ուշքը երկնքում էր. Խաղից դուրս օրվա մեջ, կյանքի մատներին…

…Ու ես քաղցրից էլ քաղցր խնձորներ եմ ուտում հիմա, իսկ ուշքս նախապապիս ու նախատատիս կողմն է. Նրանց անցած ճանապարհներին, երեկվա մեջ և մահվան աչքախոռոչներում…

…Ես երկար նայում էի երկնքին ու մտածում ` հայրս շուտով աշխարհի ամենաթռչող ինքնաթիռով կգա: