Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком ընդամենը. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ընդամենը. Показать все сообщения

четверг, 31 марта 2011 г.

Կարուսելը նորից կանգնեց...


Կարուսելը մի քանի պտույտ արեց և կանգնեց նույն դիրքում, որից սկսել էր պտտվել։ Միակ երեխան, որ նստած էր այդ կարուսելին, ես էի։ Մի շրջանագծի վրա հավասարաչափ դասավորված էին գետաձին, փիղը, առյուծը,

ձին և այլ բարի ու անվնաս կենդանիներ։ Ես ամուր բռնել էի ձիու սանձը և պտտվում էի...Աշնանային այգում միայն ես էի, ծեր պահակն ու տերևների մեջ կորած կարուսելը:

Նարնից հետո սկսեցի պատկերներ տեսնել այնտեղ, որտեղ մյուսները միայն դատարկություն ու ձանձրույթ են տեսնում:

Նա նկարիչ էր... Պատկերներ էր փնտրում ամենուր և խուսափում էր բառերից... Սովորական նկարիչ էր, չնայած` անսովոր նկարիչ էլ չի լինում... Տաղանդավոր էր, թե ոչ խուսափում եմ ասել, որովհետև ինձ պետք էին նրա ձեռքերը, ոչ թե կտավները...

Երջանի՞կ էի արդյոք նրա հետ... այն ժամանակ հավատում էի, որ երջանիկ եմ, ան

գամ նրան կորցնելուց հետո մի քանի օր ինձ դժբախտ զգացի...

Մենք հաճախ անիմաստ թափառում էինք նրա քաղաքում, որտեղ լույսերը երբեք չեն հանգչում, և ես շարունակ պատմում էի նրան այն հեքիաթային քաղաքի մասին, որտեղ գիշերները մութ են ավելի քան նրա սև աչքերը և փողոցներն ամային են ավելի քան իմ հոգին...

Ես պտտվում էի ու մտածում, թե որ կենդանին կընտրեր նա...երևի փիղը։

Կարուսելը նորից կանգնեց։ Ծեր պահակը էլ չսպասեց խնդրանքիս, նորից միացրեց այն...Այդ մարդը երևի ավելի ծեր էր քան այգին ու ավելի

հիվանդ քան փորագրություններով լի հաստաբուն ծառը:

Փոքր ժամանակ հերթով բոլոր կենդանիներին նստում էի, բացի ձիուց. տանը փայտե ձի ունեի, բայց այն միայն ետուառաջ էր կարողանում անել: Այդ ձին հետո բարեկամիս երեխային տվեցին ու ես լաց եղա, թեև մեծ էի արդեն։

-Ձի, Ձի փայտե Ձի...

Երբ նեղանում էի, ձի կամ կատու էր նկարում, որ հաշտվենք: Բառեր ասել չգիտեր, միայն մի անգամ նամակ գրեց, երբ բաժանումից ամիսներ անցան, երբ էլ նկարները չօգնեցին, բայց նամակն ի՞նչ է... Նամակները միշտ էլ մի քանի անգամ են կարդում և դրանից հետո էլ չեն պատասխանում:

<<... կգա՞ս... երբ չկաս նույնիսկ չեմ սափրվում ու այս տեղը դառնում է անհույսի դրախտ, մենավորի հույս և մեղքի բուն... Երբ չկաս, երբ անիմաստ հարբում եմ, չգիտեմ էլ ով հերթական մեղքն է փաթաթում իմ ու իր վզին, այստեղ՝ քո տեղում, ի հեճուկս քեզ... >>...

Նրան ասելու այնքան բան կար, բայց մենք այնքան քիչ էինք խոսում , իսկ ես նկարել երբեք չեմ իմացել, թեև ժամանակ եղավ, երբ նա սովորեցնում էր ինձ, ես էլ նկարում էի ու բոլորին ցույց էի տալիս` տեսեք որքան լավ եմ նկարում... Այնքան արագ ստացվեց հեռանալս, որ ժամանակ չունեցա ասելու , թե որքան կարևոր է մարդը մարդու համար, ավելի քան ծխախոտը, կամ խմիչքը։ Ես անգամ չասացի, որ բառի կարիք ունեմ, լավ բառի... Եվ նա այդպես էլ չիմացավ, որ մենք երջանիկ չէինք...

<<... ու՞ր էիր... եկավ մի ժամանակ, երբ ուրիշներին էի նկարում... անհագ նկարում էի օտար աչքեր, օտար ձեռքեր, նկարում էի ողջ աշխարհից նեղացած... քո գնած վարագույրներն անգամ փոխեցի, բայց հավատա՝ նոր վարագույրները դեռևս նոր կյանք չեն...կգա՞ս... այսօր արի, ապտակիր, թե ուրիշի տեսնես կողքիս, բայց մի գնա, որ սթափվեմ, որ նկարեմ նորից, որ քեզ նկարեմ...>> :...

Նա դեռ երկար էր ապրելու կորուստ տեսած մարդու կերպարի մեջ , բայց մի օր պետք է հասկանար, որ ես երբեք էլ իր կողքին չեմ եղել... Դա կդարձնի նարն ավելի անտարբեր ու ավելի լուռ, քան առաջ էր...Եվ այն նույն պահին, երբ այգում պտտվում էի կարուսելի վրա, ես կհասկանամ, որ լռության ու պատկերների մեջ կյանքն ավելի բովանդակալից է, քան հին ու կրկնվող բառերի կողքին... Վերջապես կհասկանամ, որ երջանկությունը անընդմեջ թրթռացող սիրտը չէ, այլ հանգստությունը, խաղաղությունը և ձիեր ու կատուներ նկարող ձեռքերը...

<< ...էլ ձեռքեր չունեմ... Ես , մեր հին, ներկված տունը, արդեն հարյուրի հասնող կատուներն ու ձիերը, քո գնած վարագույրներն, իմ սիրելի սուրճի բաժակն ու մեր հին սրճեփը կարոտել ենք քեզ... կգա՞ս...>>:

Կարուսելը կանգնեց, ես նայեցի ծեր պահակին ու հասկացա, որ աշխարհի ամենաբարի մարդիկ խաղալիք սարքողներն են...

Հ.Գ- Պատկերը չէր փոխվում՝ աշնան այգում ես էի, ծեր պահակը, գետաձին, փիղը, առյուծը և ձին, միայն թե կարուսելը կանգնել էր և էլ երբեք չէր պտտվելու...Կտավի վրա նրա ստորագրությունն էր...

2009թ. հուլիս, լուսանկարները Անի Մաղաքյանի

Երբ ինքնաթիռները չեն թռչում

Ես երկար նայում էի երկնքին, բայց ինքնաթիռը չէր երևում. Միայն ձայնն էր լսվում:

<<Ուրեմն այն չի թռչում>>,- մտածում էի ես: Հետո ողջ օրը մտածում էի թռչողների մասին, այն մասին, որ ինքնաթիռը մեծ տռչուն է, թե ինչու չկան ծիծեռնակները, և երբ նրանք գալիս են ճնճղուկները մի տեսակ խեղճանում, անտեսվում են:

Մի օր պապս բակի իմ սիրած յասամանի ծառը կտրեց, որ կողքի խմձորենուն չխանգարի:

Ես լաց եղա: Իսկ գիշերը երազումս տեսա, թե ինչեպես են յասամանի ծառի ճյուղերից թռչունների բներ թապվում:

Հիմա խնձորենին մեծացել է: Այն տնկել էր դեռ վաղուց իմ պապի պապը: Ծեր է խնձորենին, ինչպես իմ նախապապի շիրիմը: Մեր գյուղում մի մարդ է եղել, նա մահացել է ճիշտ այն օրը, երբ ես ծնվել եմ, երկուսիս համար էլ նույն 19 տարին է անցել, բայց դա իմ կյանքի համար շատ քիչ է, իսկ նրա մահվան համար այնքան շատ, որ նույնիսկ հարազատները չեն հիշում:

Խնձորենու համար սա առատ բերքի 19 հարուստ տար էր:

Հիմա հաճախ եմ մտածում փոստատարների, Վանաձորի և այն ցուրտ տեղի մասին, որտեղ հիմա հայրս է: Հիմա այնտեղ ձյուն է, ինչպիին դեռ չեմ տեսել: Հայրս երազում ծաղկած խնձորենի է տեսնում, նա մտքերով մեզ հետ է. Երևի մի լավ բան է հիշում ու բեղի տակ ծիծաղում, հին երազներն է հիշում ու տխրում, հոտո մորս է հիշում և ժպտում նորից: Սա է սերը` բոլոր տեսակների սերը, որոնց մասին գրված է գեղարվեստական և <<գիտահոգեբանահետազոտական>> գրքերում:

…Ես երկար նայում էի երկնքին իսկ իմ խնձորենին երազում տատրակներ էր տեսնում…

Յասամանի չորացած տերևներ կային խնձորենու արմատների մոտ:

…Ու ես հիմա թռչող ինքնաթիռների եմ սպասում, ինչպես մի ժամանակ, երբ ծառաբներից մեղր էր հոսում:

Իմ ուշքը երկնքում էր. Խաղից դուրս օրվա մեջ, կյանքի մատներին…

…Ու ես քաղցրից էլ քաղցր խնձորներ եմ ուտում հիմա, իսկ ուշքս նախապապիս ու նախատատիս կողմն է. Նրանց անցած ճանապարհներին, երեկվա մեջ և մահվան աչքախոռոչներում…

…Ես երկար նայում էի երկնքին ու մտածում ` հայրս շուտով աշխարհի ամենաթռչող ինքնաթիռով կգա:

суббота, 26 марта 2011 г.

... իմ մեջ …


Թող կարոտեն ինձ անվերջ ուրիշ ծխախոտներ օտար … թափառեն նրանք դեռ չունեցած

անցյալում մեր սիրո … թող ծխեն նրանք իմ օրերն անիմաստ ու անջատվեն իրենք իրենց ապրումներից … ու ծխահար, ու կույր կմնամ ես այսպես` ուրիշ աչքերի ցավով ապրող …ես կմնամ մի օր այնպես մենակ ու խեղճ, ինչպես օտար երկրում օտար մի շուն … թող չունենամ օրեր քեզանով դառնացած ու թող չապրեմ այսպես կիսատ-պռատ ` միայն ծխեն նորից օտար ծխախոտներ իմ դեռահաս սիրո կարոտն այրված… կտարածվի նրանց ծուխն ամենուրեք և կպատմի բոլոր անցորդներին , թե որքան է մի շուն կարոտում քեզ ու որքան են դատարկ օրերս մերկ … կհեռանամ հետո բոլոր հայացքներից ,կմնամ իմ հյութեղ կարոտի հետ, կկծեմ այն, կուտեմ ինչպես խնձոր հասած, որ սերմերը մնան միայն իմ մեջ, կհավատամ մորս հեքիաթներին պատմած, թե կորիզը ծառ կդառնա եթե ուտեմ … Ու կսպասեմ վախով հրաշքին այդ վեհ . ես էլ ծառ կդառնամ ու ես կաճեմ իմ մեջ … Ու թող ծխեն նորից ծխախոտներն օտար իմ իմացած հեքիաթները բոլոր … Ես կափսոսեմ միայն խղճիս կորուստն անդարձ . ուրիշ ոչինչ չունեմ ափսոսալու …

Ես կսիրեմ նրան ինչպես էլ ոչ ոքի… ես կդարձնեմ նրան իմ արմատին ընկեր… նա կլինի այնքան մաքուր ու ճիշտ, որքան ոչ ոք ուրիշ էլ չէր կարող լինել…

Մեզ կհիշեն էլի ուրիշ ծխախոտներ… ու կծխեն իրենք իրենց… կկործանվեն նրանք սեփական մաղձի մեջ, ինչպես կործանեցին նաև հեքիաթն իրենց մեջ …

Կհեռանամ հետո բոլոր հայացքներից … կմնամ իմ հյութեղ կարոտի հետ… կհավատամ մորս հեքիաթներին պատմած…ու ես ծառ կդառնամ ու ես կաճեմ իմ մեջ…

Անի Մաղաքյան

вторник, 22 февраля 2011 г.

Ագռավները չվում են տաք երկրներ


...Եվ այսպես նա դեռ մի քանի անգամ պետք է գոռար իմ անունը գնացքի ետևից, ու ես պետք է ամուր փակեի ականջներս, որ չլսեմ նրան... Թեև նրա ձայնը միշտ էր իմ մեջ...

Այսօր էլի աշխատանքից հոգնած եկա տուն, միջանցքում անփութորեն հանեցի կոշիկներս, վերարկուս...ու անջատված ընկա բազմոցին...

Ամեն առավոտ ձկներիս կերակրելուց հետո գնում եմ աշխատանքի: Դա սովորոկան, մի քիչ ձանձրալի և բացի բարձր աշխատավարձից, ուրիշ ոչնչով աչքի չընկնող աշխատանք է:

Ընդմիջմանը գնում եմ մեր գրասենյակի դիմացի փոքրիկ սրճարանը, կոնյակով սուրճ եմ խմում, մի քիչ զրուցում եմ մատուցողուհու հետ ու վերադառնում եմ աշխատանքիս: Երեկոյան տանն ինձ սպասում են ակվարիումի պատերին հենված ձկները և դատարկ կաթսաները:

-Մի օր էլ գալու ես տուն ու տեսնես ձկներդ սովից մեջքի վրա են լողում, իսկ սարդերին շուտով <<պարոն>>-ով պիտի դիմես ,- հեռախոսով ասաց մայրս ու խորհուրդ տվեց ձկներիս որևէ մեկին նվիրեմ ու հաճախ մաքրեմ տունս: Ես նրան այդպես էլ չեմ ասի, որ եթե այդ ձկներն ու սարդերն էլ չլինեն, ես լիովին մենակ մարդ կդառնամ:

Տարիներ առաջ ես այս մասին անգամ պատկերացնել չէի կարող: Աղմկոտ ընկերախումբը ինձ ամեն օր տանում էր քաղաքի արվարձաններում ռոք լսելու, և երեկոներս անցնում էին աննկատ, ինչպես վրա էր հասնում գարեջրից հարբածությունը: Կարճ ու երկար օրերիս մեջ ամեն ինչ գնում էր իր բնական հունով: Միայն հաճախ նախանձով էի նայում հարեվանուհուս աղջկան, ով շաբաթը 3 անգամ բաց պատշգամբում փոխում էր ակվարիումի ջուրը:

Երբեմն գնում էի կենդանիների խանութ` ձկներին մոտիկից նայելու: Այդպես էլ մի օր նրան հանդիպեցի խանութում: Չգիտեմ որտեղից ու ինչպես ագռավի ճուտ էր գտել, բերել էր, որ վաճառի: Խանութի տերը չգնեց:

-Ինչ լավ ծիտ է,-ասացի ես, իսկ նա <<ծիտ>> բառի վրա սկսեց ծիծախել: Այդպես էլ անլուրջ ծանոթացանք:

Ես հետո կհասկանամ, որ ժպիտը կամ ծիծաղը համակրանքի առաջին դրսևորումներն են, իսկ այն ժամանակ ինձ համար անլուրջ էր այն ամենն, ինչ ծիծաղ էր առաջացնում:

Անլուրջ էի և ես...

-Մամ ես այսօր մաքրել եմ տունս, հա մամ, ձկների ջուրն էլ եմ փոխել, դու ինչպե՞ս ես...

Մայրս երբեք չի ասում, թե ինչպես է, նա նախընտրում է իմ մասին իմանալ` ինչ եմ հագել, ինչ եմ կերել, ում եմ հանդիպել: Ուզում է իմանալ այն ամենն ինչի վրա ես վաղուց ուշադրություն չեմ դարձնում:

Նրա հետ սկսեցինք հաճախ հանդիպել: Ամեն անգամ ագռավին բերում էր հետը: Նա մերն էր, անունը Սև էինք դրել, չնայած այնքան էլ սև չէր և ընդհանրապես նման չէր այլ ագռավների, մի տեսակ ուրիշ էր:

Հանդիպեցինք մինչև աշուն` 3 ամիս...Սևը մեծացել էր, բայց թռչել չգիտեր...Վերջին օրերն էին մեր միության, կամ ինչպես հետո հասկացա` մեր մենության, որովհետև ամենքս մեր հերթին միայնակ էինք այդ օրերի անիմաստ զբոսանքներում:

Մի օր էլ եկավ առանց Սևի: Ասաց, որ առավոտյան արթնացել է Սևը տանը չի եղել:

-Պատուհանը բաց էր,- ասաց նա,- երեևի չվել է...

-Ու՞ր է չվել...բայց ագռավները չեն չվում... հասկանու՞մ ես և հետո Սևը թռչել չգիտեր...

-Հա, հասկանում եմ, բայց ի՞նչ կարող եմ անել...չվեց, գնաց. Էլ չկա, մոռացիր...հետո էլ, մեր ինչի՞ն է պետք, մենք էսպես էլ ենք մեզ լավ զգում, չէ՞...Նայիր ինչ գեղեցիկ վարդեր եմ բերել քեզ համար…

Վարդերն իրոք գեղեցիկ էին, բայց չպատասխանեցի, թեև վստահ էի, որ երջանիկ եմ: Վստահ էի նաև, որ կորցրել եմ հարազատ ու տաք մի բան, և որ սա միայն սկիզբն է...

Հավատում էի, որ մի օր Սևը կվերադառնա, չի կարող չէ՞ մոռանալ մեզ: Չվերադարձավ… Օրեր հետո իմացա, որ սատկել էր, ավելի ճիշտ նրանց հարևանի կատվի համար համեղ նախաճաշ էր դարձել, ու այդ նախաճաշը կատվի տիրոջ վրա 3 կամ 4 հազար դրամ էր նստել, ինձ համար այն վարդերի փունջ արժեցավ և ձկնային լռությամբ լցված մի ողջ կյանք… Մեկ շաբաթ անց բաժանվեցինք, թվում էր` պատճառը Սևը չէր, այլ երեևի այն, որ պետք է մեկնեի, իսկ մեկնելուս պատճառն այդպես էլ չբացատրված ու չքննարկված մնաց… Բաժանվեցինք կայարանում, նա հանգիստ էր երևում, բայց երբ գնացքը շարժվեց, նա սկսեց վազել հետևից ու գոռալ անունս, ու ես ամուր փակեցի ականջներս…

Մեկնելուցս հետո առաջին անգամն է, որ հիշում եմ այս պատմությունը, թեև ինքս ինձ համար, ինքս իմ մեջ…

Պարզապես երեկ այն սրջարանում, որտեղ անց եմ կացնում ընդմիջմիջմանս մեկ ժամը հանդիպեցի նրան, մի 2 բառ խոսեցինք…Բարևեց ու առանց ավելորդ ձևականությունների նստեց դիմացս…

Միանգամից հարցրեց.

-Ի՞նչ կա անձնականումդ…

Ուզում էի պատասխանել, որ անձնականիս անբաժանելի մասն են դարձել գունավոր ձկներն ու գորշ սարդերը, որ մենակ եմ վաղուց և ինչպես միշտ, բայց լրիվ ուրիշ բան ասացի.

-Ամեն ինչ լավ է, ամեն օր անհամբեր սպասում եմ աշխատանքային օրվա ավարտին, որ շուտ հասնեմ տուն ու միանամ ընտանիքիս…հետո…

-Ես մենակ եմ…

-Ինչու՞…

-Չգիտեմ, քեզ կորցնելուց հետո…

-Այն ժամանակ ինձ կորցրեցիր, հիմա`մի ամբողջ կյանք…Ո՞րն է ավելի հեշտ մարսելը…

-Եթե այն ժամանակ քո կորուստը մարսեի, հիմա երևի…

Չշարունակեց, վեր կացավ ու գնաց…հեշտ, առանց ետ նայելու…

Այդպես էլ չհասկացա, թե ժամանակի ընթացքում ինչն է փոխվում մարդու մեջ: Այն օրը գնացքի մեջ ես ձեռքերով փակել էի ականջներս, ամուր սեղմել էի աչքերս և միայն մի բան էի երազում, որ մի հրաշքով միանգամից 10 տարի անցնի, որ ուրիշ լինեմ` անտարբեր այս ցավին: Հրաշք պետք չեղավ` հիմա թվում է, թե հենց նոր բացեցի աչքերս և հայտնվեցի այս օտար քաղաքի օտար տան օտար բազմոցին: Անցել են 10 տարիները, բայց իմ մեջ ոչինչ չի փոխվել:

Անի Մաղաքյան

2009թ.

пятница, 18 февраля 2011 г.

Եվ ընդամենը


… Եվ մի օր էլ ինձ կդաջեք ձեր շապիկներին և կհագնեք իմ դեմքը. Երևի գունատ, կամ սև…

Ում ինչ, թե հին էր ապրածս, թե չկար ոչինչ մեզ միավորող .բայց ես պայքարից հոգնել չգիտեմ ու պարտվեցի, ինչպես բոլոր նրանք, ովքեր շատ են ուզում հաղթել…

Ձեռքերիս նայիր. Դրանցից ավելի հետաքրքիր բան երևի չկա…

Ախր, չգիտեինք, չհասկացանք այդպես էլ, որ հին էր մեր ապրածը, մեզ միավորող ոչինչ չկար…

Այս նույն ճակատագիրն էր` կրկնեց նաև միլիոն տարի հետո մեր իբր թոռը… Նա կրկնել էր սա ժամանակից շուտ ու չէր իմացել մեր գոյությունը… մենք երազում ենք մեր թոռան մասին, իսկ նա ինչ-որ տեղ մեզ երազում է տեսնում ու հավատում, որ իր նախատատն ու նախաեսիմովն իր պահապան հրեշտակներն են:

Միշտ էլ ելք կա, իմ դեպքում դրանք մի քանիսն էին ու մեկը մյուսից ախմախ, մեկը մյուսից սխալ…

Դուք կռիվ արեք, ես կդիմանամ… նեղացրեք իրար, և թող ձեզ թվա, թե ուրախ եմ ես ու հաշտվեք նորից ի հեճուկս ինձ. Ինչ տարբերություն, իմ մեջ է հիմա ձեր նախատատը:

Հրեշտակություն արա իմ գլխին ու թափահարիր թևերդ ծեր. Ես էլ չեմ կարող ինքս որոշել, թե ուր եմ գնում և ուր եմ տանում իմ այն թոռնիկին, որ ինչ-որ մի տեղ հիմա ապրում է ու տեսնում է ինձ իր երազներում…

Ես մեղավոր եմ երևի հիմա…

Ու ես կվառեմ իմ նկարները, որ հիշողություն չդառնամ էլի…

Բայց միևնույնն է, մի օր էլ ինձ կդաջեք ձեր շապիկներին ու կհագնեք դեմքը իմ, երևի գունատ կամ սև, տխուր կամ ուրախ… Ու մի հավատա, երբ ասում եմ, թե քո նամակներն ինձ պետք չեն եղել… հիմա էլ են պետք …

-Այ ցնդած, այ գիժ… ու՞ր ես, ի՞նչ եղար…

Թող տանեն այսօր իմ ձեռագիրը ու նվիրեն ում որ ցանկանան, ես գիտեմ հաստատ` մի օր այն ծնվեց իմ թոռնիկների հետ միլիոն, գուցե ավելի շատ տարիներ հետո…

Իմ փախուստը էլ ելք չթողեց…

Բայց ամեն ինչ այլ կերպ կարող էր լինել… Ասենք` կարող էի անգիտակից լինել և ընդունել այն, ինչ դու սեր էիր անվանում… Դու կարող էիր անգիտակից լինել և ընդունել այն, ինչ ես երջանկություն էի անվանում և մեզ կնախանձեին բոլորը և կերազեին մեր կյանքը և կփորձեին նմանվել մեզ, և մենք կապրեինք ` այսպես անջատված, այսպես անտեղյակ սիրուն, երջանկությանն, անհաղորդ` մեր ճակատագրերին, որ մի տեղ առանց մեզ են մնացել…

Ու մենք կապրեինք առանց մտքերի, էշ-էշ կապրեինք ու կծամեինք համբերության անվերջանալի ու դառը հարդը…

… Ու անառագաստ, անղեկ… մի խոսքով, մի խարխուլ լաստ էր մեզ բաժին ընկել, ու՞մ էր պետք, ասա , մեր միությունը. Միայն ինձ ու քեզ, մյուսների համար բեռ ենք երևի…

Եվ պարսպապատ իմ մենակության ամեն անկյունում մամուռ է աճում…

-Իմ ցնդած, իմ գիժ ու՞ր ես, ի՞նչ եղար…

…Ու պաստառապատ հիմար քաղաքի ստվերների մեջ ես կթաքցնեմ իմ գողացածը` այն , ինչ ստացվեց ձեռք գցել մի օր… ես կթաքցնեմ միայն մի մաքուր, չեղծված մի ՊԱՏ… Եվ ընդամենը…

Անի Մաղաքյան