Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

вторник, 22 февраля 2011 г.

Ագռավները չվում են տաք երկրներ


...Եվ այսպես նա դեռ մի քանի անգամ պետք է գոռար իմ անունը գնացքի ետևից, ու ես պետք է ամուր փակեի ականջներս, որ չլսեմ նրան... Թեև նրա ձայնը միշտ էր իմ մեջ...

Այսօր էլի աշխատանքից հոգնած եկա տուն, միջանցքում անփութորեն հանեցի կոշիկներս, վերարկուս...ու անջատված ընկա բազմոցին...

Ամեն առավոտ ձկներիս կերակրելուց հետո գնում եմ աշխատանքի: Դա սովորոկան, մի քիչ ձանձրալի և բացի բարձր աշխատավարձից, ուրիշ ոչնչով աչքի չընկնող աշխատանք է:

Ընդմիջմանը գնում եմ մեր գրասենյակի դիմացի փոքրիկ սրճարանը, կոնյակով սուրճ եմ խմում, մի քիչ զրուցում եմ մատուցողուհու հետ ու վերադառնում եմ աշխատանքիս: Երեկոյան տանն ինձ սպասում են ակվարիումի պատերին հենված ձկները և դատարկ կաթսաները:

-Մի օր էլ գալու ես տուն ու տեսնես ձկներդ սովից մեջքի վրա են լողում, իսկ սարդերին շուտով <<պարոն>>-ով պիտի դիմես ,- հեռախոսով ասաց մայրս ու խորհուրդ տվեց ձկներիս որևէ մեկին նվիրեմ ու հաճախ մաքրեմ տունս: Ես նրան այդպես էլ չեմ ասի, որ եթե այդ ձկներն ու սարդերն էլ չլինեն, ես լիովին մենակ մարդ կդառնամ:

Տարիներ առաջ ես այս մասին անգամ պատկերացնել չէի կարող: Աղմկոտ ընկերախումբը ինձ ամեն օր տանում էր քաղաքի արվարձաններում ռոք լսելու, և երեկոներս անցնում էին աննկատ, ինչպես վրա էր հասնում գարեջրից հարբածությունը: Կարճ ու երկար օրերիս մեջ ամեն ինչ գնում էր իր բնական հունով: Միայն հաճախ նախանձով էի նայում հարեվանուհուս աղջկան, ով շաբաթը 3 անգամ բաց պատշգամբում փոխում էր ակվարիումի ջուրը:

Երբեմն գնում էի կենդանիների խանութ` ձկներին մոտիկից նայելու: Այդպես էլ մի օր նրան հանդիպեցի խանութում: Չգիտեմ որտեղից ու ինչպես ագռավի ճուտ էր գտել, բերել էր, որ վաճառի: Խանութի տերը չգնեց:

-Ինչ լավ ծիտ է,-ասացի ես, իսկ նա <<ծիտ>> բառի վրա սկսեց ծիծախել: Այդպես էլ անլուրջ ծանոթացանք:

Ես հետո կհասկանամ, որ ժպիտը կամ ծիծաղը համակրանքի առաջին դրսևորումներն են, իսկ այն ժամանակ ինձ համար անլուրջ էր այն ամենն, ինչ ծիծաղ էր առաջացնում:

Անլուրջ էի և ես...

-Մամ ես այսօր մաքրել եմ տունս, հա մամ, ձկների ջուրն էլ եմ փոխել, դու ինչպե՞ս ես...

Մայրս երբեք չի ասում, թե ինչպես է, նա նախընտրում է իմ մասին իմանալ` ինչ եմ հագել, ինչ եմ կերել, ում եմ հանդիպել: Ուզում է իմանալ այն ամենն ինչի վրա ես վաղուց ուշադրություն չեմ դարձնում:

Նրա հետ սկսեցինք հաճախ հանդիպել: Ամեն անգամ ագռավին բերում էր հետը: Նա մերն էր, անունը Սև էինք դրել, չնայած այնքան էլ սև չէր և ընդհանրապես նման չէր այլ ագռավների, մի տեսակ ուրիշ էր:

Հանդիպեցինք մինչև աշուն` 3 ամիս...Սևը մեծացել էր, բայց թռչել չգիտեր...Վերջին օրերն էին մեր միության, կամ ինչպես հետո հասկացա` մեր մենության, որովհետև ամենքս մեր հերթին միայնակ էինք այդ օրերի անիմաստ զբոսանքներում:

Մի օր էլ եկավ առանց Սևի: Ասաց, որ առավոտյան արթնացել է Սևը տանը չի եղել:

-Պատուհանը բաց էր,- ասաց նա,- երեևի չվել է...

-Ու՞ր է չվել...բայց ագռավները չեն չվում... հասկանու՞մ ես և հետո Սևը թռչել չգիտեր...

-Հա, հասկանում եմ, բայց ի՞նչ կարող եմ անել...չվեց, գնաց. Էլ չկա, մոռացիր...հետո էլ, մեր ինչի՞ն է պետք, մենք էսպես էլ ենք մեզ լավ զգում, չէ՞...Նայիր ինչ գեղեցիկ վարդեր եմ բերել քեզ համար…

Վարդերն իրոք գեղեցիկ էին, բայց չպատասխանեցի, թեև վստահ էի, որ երջանիկ եմ: Վստահ էի նաև, որ կորցրել եմ հարազատ ու տաք մի բան, և որ սա միայն սկիզբն է...

Հավատում էի, որ մի օր Սևը կվերադառնա, չի կարող չէ՞ մոռանալ մեզ: Չվերադարձավ… Օրեր հետո իմացա, որ սատկել էր, ավելի ճիշտ նրանց հարևանի կատվի համար համեղ նախաճաշ էր դարձել, ու այդ նախաճաշը կատվի տիրոջ վրա 3 կամ 4 հազար դրամ էր նստել, ինձ համար այն վարդերի փունջ արժեցավ և ձկնային լռությամբ լցված մի ողջ կյանք… Մեկ շաբաթ անց բաժանվեցինք, թվում էր` պատճառը Սևը չէր, այլ երեևի այն, որ պետք է մեկնեի, իսկ մեկնելուս պատճառն այդպես էլ չբացատրված ու չքննարկված մնաց… Բաժանվեցինք կայարանում, նա հանգիստ էր երևում, բայց երբ գնացքը շարժվեց, նա սկսեց վազել հետևից ու գոռալ անունս, ու ես ամուր փակեցի ականջներս…

Մեկնելուցս հետո առաջին անգամն է, որ հիշում եմ այս պատմությունը, թեև ինքս ինձ համար, ինքս իմ մեջ…

Պարզապես երեկ այն սրջարանում, որտեղ անց եմ կացնում ընդմիջմիջմանս մեկ ժամը հանդիպեցի նրան, մի 2 բառ խոսեցինք…Բարևեց ու առանց ավելորդ ձևականությունների նստեց դիմացս…

Միանգամից հարցրեց.

-Ի՞նչ կա անձնականումդ…

Ուզում էի պատասխանել, որ անձնականիս անբաժանելի մասն են դարձել գունավոր ձկներն ու գորշ սարդերը, որ մենակ եմ վաղուց և ինչպես միշտ, բայց լրիվ ուրիշ բան ասացի.

-Ամեն ինչ լավ է, ամեն օր անհամբեր սպասում եմ աշխատանքային օրվա ավարտին, որ շուտ հասնեմ տուն ու միանամ ընտանիքիս…հետո…

-Ես մենակ եմ…

-Ինչու՞…

-Չգիտեմ, քեզ կորցնելուց հետո…

-Այն ժամանակ ինձ կորցրեցիր, հիմա`մի ամբողջ կյանք…Ո՞րն է ավելի հեշտ մարսելը…

-Եթե այն ժամանակ քո կորուստը մարսեի, հիմա երևի…

Չշարունակեց, վեր կացավ ու գնաց…հեշտ, առանց ետ նայելու…

Այդպես էլ չհասկացա, թե ժամանակի ընթացքում ինչն է փոխվում մարդու մեջ: Այն օրը գնացքի մեջ ես ձեռքերով փակել էի ականջներս, ամուր սեղմել էի աչքերս և միայն մի բան էի երազում, որ մի հրաշքով միանգամից 10 տարի անցնի, որ ուրիշ լինեմ` անտարբեր այս ցավին: Հրաշք պետք չեղավ` հիմա թվում է, թե հենց նոր բացեցի աչքերս և հայտնվեցի այս օտար քաղաքի օտար տան օտար բազմոցին: Անցել են 10 տարիները, բայց իմ մեջ ոչինչ չի փոխվել:

Անի Մաղաքյան

2009թ.

Комментариев нет:

Отправить комментарий