воскресенье, 10 мая 2015 г.
Հիմա Վանաձորում... ԱՅՍՏԵՂ....
среда, 25 января 2012 г.
ՍԱԴԻ ՀԱԿՈԲԸ (ՔԱՂԱՔԻ ՀԱՅԱՑՔԸ ՇԱՐՔԻՑ)
Վանաձորցիների մի մասն այդ այգին անվանում է քաղաքային այգի, մյուսները` կինո Երևանի այգի, թեև նախկին կինոյի շենքը վաղուց հացի փուռ է դարձել, մյուսներն էլ պարզապես ասում են գնանք սադի Հակոբից <<սեմուչկա>> առնենք:
Հակոբը բացի արևածաղկից էլի մանր մունր բաներ է վաճառում, տատս կասեր` չարազի էղած: Հակոբը ամռանը հագնում է սև, հին, կիսաթև վերնաշապիկ, իսկ ձմռանը` երբեմնի սևությունը վաղուց կորցրած հին բաճկոն: Հակոբը ծեր չէ… կամ էլ ծեր է… չգիտեմ իրականում, բայց ես նրան միշտ նույն կերպ եմ հիշում` բարձրահասակ, նիհար, բեղերով ու մեղմ ժպիտը միշտ դեմքին: Հակոբը նստում է փոքրիկ աթոռին ու հետևում գնացող եկողին: Հաճախ տղաները նստում են նրա կողքի նստարանին ու զրուցում են հետը: Հակոբին հարգում են, նա անշառ մարդ է, մեղմ է, հ
ամբերատար մեկ-մեկ էլ ձրի արևածաղիկ է տալիս:
-Հակոբ,- ասում եմ,- չե՞ս ուզում էլ էստեղ չգաս…
Ամաչկոտ նայում է գետնին ու ուսերը թոթվում… Ասում եմ .
-Հակոբ, կարո՞ղ ես էլ չգալ,- տխուր նայում է ինձ, ես զգում եմ, որ տափակ հարց եմ տվել, իսկ նա նորից իջեցնում է հայացքն ու ասում ` չեմ կարա…
Հակոբի գործը ամռանը լավ է, ահագին արևածաղիկ է վաճառում, ձողիկ, հատիկով ծխախոտ, բայց ախր ձմռանը այգի մտնող համարյա չկա, եկողներն էլ կամ սիրահար զույգեր են ու արևածաղկի հավես ու ժամանակ չունեն, կամ էլ` ու՞մ դարդն է կտրել` ցրտին մատներ սառեցնելով արևածաղիկ ուտել:
-Հակոբ,- ասում եմ,- ինչի՞ ես ձմռանը գալիս
Չի նայում ինձ, հոգնեցրի երևի, ասում եմ` ցուրտ է չէ՞…
-Արի,- ասում է,- կրակի մոտ գնանք տաքանանք…
Ապրանքով փոքրիկ սայլակից մի քանի քայլ հեռու, հողի վրա կրակ է արել: Վանաձորում այգիները ձևի համար չեն, էնտեղ այգում մի կամ երկու սրճարան հազիվ գտնես, էնտեղ ԱՅԳԻ Է ` ծառեր, ծաղիկներ` անտառի պես, ու Հակոբի խարույկի համար ձմռանը փետացու շատ կա: Հակոբի փոքրիկ խարույկն ինձ համար ձմեռային ցուրտ զբոսանքներում իրականության չենթակա տաքություն էր, բայց նա այս անգամ ասաց` կրակի մոտ գնանք, տաքանանք… Ասաց, որովհետև տեսավ, որ մրսում եմ, տեսավ, որ մրսում եմ, որովհետև ինքը գիտի, թե ոնց են մրսում, կանչեց խարույկի մոտ, որովհետև իր մրսած օրերում երազել է փոքրիկ խարույկի մասին, երազել է, որվհետև ոչ ոք երբեք չի նկատել, որ ինքը մրսում է:
Շղթաները շատ են, օղակները տարբեր, իսկ Հակոբը դեռ ժպտում է: Շատերն են հազար տարբեր բաներ ասում Հակոբի կյանքից, ինձ դրանցից ոչ մեկը հետաքրքիր չէ, որովհետև ես այսօր պատմում եմ այն Հակոբի մասին, որին ես եմ ճանաչում:
-Հակոբ,- ասում եմ,- քեզ բոլորը գիտեն քաղաքում…
Էլի ամաչկոտ նայում է կրակին: Ասում եմ.
-Ճի՞շտ են պատմում, որ մի անգամ լավ չես խարակել արևածաղիկը, վառել ես, բայց ամբողջը մի օրում առել են, որ վրեդ չմնա….
-Դե…ասում են էլի…
Ու ես չգիտեմ էլ ինչ հարցնեմ, որ մի քիչ խոսի Հակոբը, մի քիչ վստահի ինձ, մի քիչ չամաչի…
Իսկ արևածղկի պատմությունը ճիշտ է, իհարկե… Ու ճիշտ է նաև այն, որ ձմռանը Հակոբը իր հաճախորդներն ունի, նրանք ամեն օր արևածաղիկ են գնում, որ նա անգործ չմնա:
-Հակոբ, դու քաղաքի անբաժան մասն ես դարձել,- ասացի, երկար լռելուց հետո, ժպտաց, աչքերը մի քիչ փայլեցին.
-հա, էստեղ եմ միշտ, դե գիտեն ինձ…
-համով ես սարգում արևածաղիկը
-Արի գնանք մի քիչ ջեբդ լցրու
-Չէ տաքանաք մի քիչ էլ
Հակոբը աշուխուժացավ, մի կողմ լցրած ցախից բերեց, թեժացրեց կրակը, որ չմրսեմ: Նա չէր էլ մտածում, որ իմ բաճկոնի տակ այնքան տաք է, որ խարույկի կարիք ես չունեի:
-Երբվանի՞ց ես այգում նստում…
-միշտ էլ էստեղ եմ…
Հետո նա մոտեցավ սայլակին արևածաղիկ վաճառեց, էլի եկավ ու թե.
-Դու գրո՞ղ ես
-ի՞նչ գրող
-պատմությունների գրո՞ղ ես…
-Հա,- ասացի,-պատմություններ եմ գրում, բայց գրող չեմ…
-ամաչու՞մ ես ասես, որ գրող ես…
-չեմ ամաչում, ասում եմ էլի,- ժպտացի ես ու հասկացա, որ նա լավ գիտի, թե ինչու եմ այսքան երկար խոսում իր հետ: Հետո Հակոբը նորից մոտեցավ սայլակին վերցրեց արևածաղիկ վաճառելու համար պատրաստված, այսպես ասած` կուլոկներն ու ետ եկավ: Նա սկսեց քանդել դրանք: Մի երկուսը քանդեց, երրորդին, թե չորրորդին նայելով ժպտաց ու պարզեց ինձ` շաբաթաթերթի մի կտոր էր` վրան իմ նկարը, կողքին գրված ` <<Արաղով ու մանդարինով նոր տարի>>, պատմվածքի կեսն էր միայն:
-նման ես իրան, -ասաց…
-Հակոբ,- ասացի` ճմրթված թուղթը նորից կուլոկ սարքելով,- կուզե՞ս քո մասին էլ մի բան գրեմ…
Նայեց խարույկին ու թոթվեց ուսերը: Հետո էլ բան չխոսեցինք, ես գիտեի, որ պետք է գրեմ: Ախր էդ մի Հակոբն է ամբողջ աշխարհում, իր նմանն էլ չկա: Եվ ամբողջ աշխարհում էլ ոչ ոք չի նայում քաղաքիս այն հայցքով, որով նայում է Հակոբը: Սադի Հակոբի հայացքի մեջ իմ ողջ քաղաքն է տեղավորված: Այգու մեջ է նրա հայացքը: Եվ չեմ լինի էլ ես, ու չեն լինի բոլոր նրանք ովքեր երբևէ անցել են այդ այգով,և ոչ ոք չի հիշի այս պատմությունը, բայց կլինի Սադի Հակոբի հայացքը և միշտ կթափառի Վանաձորի այգու ծառուղիներում, որովհետև քաղաքի հայցքն է նրա աչքերի մեջ:
Անի Մաղաքյան
понедельник, 7 марта 2011 г.
Պատմություն անթառամների ու գունավոր թղթերի մասին /քաղաքի հայացքը շարքից

Ծաղկավաճառ կնոջ համար յուրաքանչյուր առավոտը սկսում է նույն հույսով, թե այսօր կհայտնվի շատ սիրահարված մեկն ու կգնի իր ունեցած բոլոր տեսակի ծաղիկների բոլոր փնջերը: Այդպես դեռ երբեք չի եղել, բայց երազանքը մնում է երազանք` հատկապես, եթե ներքուստ գիտես, որ չի իրականանալու: Եվ դա նրանից չէ, որ չկա հիմա մեկն, ով այնքան սիրի, որ նրանից գնի բոլոր տեսակի ծաղիկների բոլոր փնջերն ու նվիրի իր սիրելիին, երևի այդպիսիք շատ կան, բայց չեն գնում չգիտես ինչու, նույնիսկ, երբ շատ էժան է վաճառում:
Ծաղիկավաճառ կնոջ կրպակը շատ փոքր է ներսում նստելու համար, բայց օրվա վերջում բոլոր ծաղիկները տեղավորվում են այնտեղ: Ցերեկը նա շարում է փոքրիկ ծաղկամանների մեջ իր ունեցած բոլոր տեսակի ծաղիկների փոքրիկ փնջերը և նստում դրանց մեջտեղում: Գլխավերևում պահում է վարդագույն հովանոցը և գիրք է կարդում: Մեկ-մեկ ակնոցների տակից նայում է անցորդներին, հետո իր ունեցած բոլոր ծաղիկների փնջերին և նորից սկսում է կարդալ:
-Անթառամներ, երիցուկներ, աստրաներ…,- կիսաձայն ասում է նա, երբ տեսնում է, որ կանգառում շատ մարդ է հավաքվել:
Տարվա մեջ նրա ամենասիրելի օրերը տոներն էին` մարտի ութը, կամ Սուրբ Սարգսի տոնը, երբ ամենաշատ ծաղիկներն էր վաճառում: Իրենից շատ էին գնում այդ օրերին վարդեր, երիցուկներ, մեկ-մեկ էլ անթառամներն այնպես էր հարմարեցնում փնջի մեջ, որ դա էլ էր վաճառվում: Ես չգիտեմ կար արդյոք մեկն, ով հենց ծաղկավաճառ կնոջ համար ծաղիկներ էր գնում տարվա մեջ գոնե մեկ անգամ և չգիտեմ նա երբևէ այդ մասին մտածել էր թե ոչ, միայն կասեմ, որ նա պատրաստում էր այնպիսի փնջեր ինչպիսիքն ինքը կցանկանար ստանալ: Այդպես մի անգամ եղել էր: Իրեն նվիրել էին իր իսկ վաճառած սպիտակ ու դեղին երիցուկների փունջը: Մի քանի ժամ անց նա այդ փունջն էլի վաճառել էր: Ինչևէ այս պատմությունն այնքան այդ մասին չէ, որքան գունավոր թղթերի: Սուրբ Սարգսի տոնը ծաղկավաճառ կնոջ համար սպասված էր, նա երբեք ոչ մի հասակում աղաբլիթ չէր կերել և աղանձով սկուտեղ չէր դրել տանիքին, բայց սիրում էր այդ օրը: Այդ օրը միշտ ծաղիկներն ավելի խնամքով է դասավորում մայթի իր անկյունում, համապատասխանեցնում է գույներն ու ձևերը, անում է այնպես, որ աչքի համար հաճելի լինի կանգնել ու ընտրել փնջերից որևէ մեկը: Այս անգամ իր փոքրիկ կրպակի կողքին մի տղա էր կանգնել` ձեռքին թղթե սրտեր` տարբեր չափերի և գույների: Սրտերը փուչիկների նման ուռուցիկ էին և յուրաքնչյուր սրտի ներսում թղտից պատրաստած ծաղիկներ էին: Արդեն կեսօրն անց էր, բայց կինն ընդամենը երկու փունջ էր վաճառել, իսկ գունավոր սրտերն արդեն վերջացել էին: Վերջինը գնեց մի տղա, ծաղկավաճառ կինը նրան ասաց.
-ծաղիկներ էլ գնիր, վարդեր, անթառամներ..
-սրանից լավ անթառամ չեմ ճարի…,- ասաց երիտասարդն ու գնաց…
Կինը շրջվեց` մի տեսակ նեղացած ծաղիկներից էլ, փողոցից էլ, սիրահարված ու չսիրահարված բոլոր մարդկանցից ու հատկապես գունավոր թղթերից սրտեր վաճառող տղայից: Տոնը դավաճանել էր իրեն, որովհետև տարվա մեջ սա այն եզակի օրերից էր, երբ իր ամենօրյա երազանքը մի քիչ մոտենում էր իրականանալուն: Հետո շրջվեց, երևի որ հաշտություն կնքի նորից ծաղիկների, փողոցի, սիրահարված ու չսիրահարված բոլոր մարդկանց ու հատկապես գունավոր թղթերից սրտեր վաճառող տղայի հետ: բայց արդեն չկար տղան նա միայն տեսավ անթառամներով լի փոքրիկ ծաղկամանի մեջ կարմիր թղթե սիրտ` ներսում ճերմակ անթառամներ: Ու արտացոլվեց արդեն հազարերորդ անգամ քաղաքի հայացքը ծաղկավաճառ կնոջ գունատ աչքերի մեջ ...
Անի Մաղաքյան / լուսանկարը` Անի Մաղաքյանի