суббота, 28 сентября 2013 г.
Շառլ Ազնավուր Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք
пятница, 25 февраля 2011 г.
Շառլ Ազնավուր Ալբոմ
Արդեն մեկ շաբաթ է, ինչ իմ հիշողությունը դարձել է աղմկոտ թատրոն, որտեղ անդադար միևնույն պիեսն է: 4 մարդ՝ Ռայմոնը, նրա կինը և նրանց զավակները` Լուին և Ժանը, դուրս են եկել բեմ ու քայլում են յուրաքնչյուրն իր դերի մեջ` փորձելով լավագույնս ներկայանալ իմ անցյալի արվարձաններում:
Եվ չկա ինձ համար ավելի հաճելի մի բան, քան այս անգիր արած պիեսը, որտեղ ինձ ծանոթ է յուրաքնաչյուր շարժում:
Ես նախապես գիտեի այն հոգսերի մասին, որոնց տակ հանկարծ ծանրացել էին իմ բարերարի` <<Քոմեդի Ֆրանսեզ>>-ի դերասան Ռայմոն Ռոնոնի քայլերը: Այն ժամանակ երիտասարդ սերնդի դերասաններին օգնության գալը հեշտ գործ չէր:
Փարիզի Կարդինալ-Լեմուան փողոց տուն 24 հասցեում գործող թատերական դպրոցի տնօրենը բացեց իր տապանի դռները երիտասարդ երգիչների, պարորդների, երաժիշտների ու սկսնակ դերասանների առաջ:
Թվում էր` ոչինչ չի կարող համեմատվել այդ դպրոցի հետ, որն այդքան տարբեր էր մյուսներից: Երիտասարդները, ովքեր ելույթ էին ունենում երեկոյան, կարող էին դասերի հաճախել օրվա երկրորդ կեսին, նրանք, ովքեր փորձեր ունեին այդ ժամանակ, գալիս էին առավոտյան: Երեխաների աշխատանքի մասին օրենքը դեռ չէր ընդունվել, բայց որտեղի՞ց իմանանք, թե ինչու էին այդքան ուրախություն պատճառում բոլորին հենց այդ անվերջանալի ձգվող, դասերի արանքներում տեղավորված փորձերով ու ներկայացումներով լի օրերը: Հատկապես ինձ, ով <<Քոմեդի ֆրանսեզ>>-ի պարոն Ռայմոն Ռոնոնի ընտանիքում ըդունված լինելու առավելություն ուներ: Եվ ահա հիմա` 60 տարի անց փակ աչքերով, սրտիս զարկերի ներքո փորձում էի բռնել անցյալիս ստվերների ամենաչնչին շարժումները` հիշողության բեմի վրա:
Ի՞նչ կարող էր լինել այդ ընտանիքի հետ, որն այդպես ջերմորեն ըդունել էր ինձ: Սովորական դարձած կերպարներին` միայն ինձ համար խաղալու տխուր հաճույքը շուտով վերածվեց համառ և բավական անհեթեթ ցանկության ` գնալ և թակել նրանց դուռը: Նրանց` ժամանակից խունացած կերպարներն արդեն քիչ էին: Ես պետք է իրական տեսնեի, թե ինչպես են նրանք հատում բեմը և մոտենում ետնաբեմին:
Բայց կարելի՞ էր արդյոք հույս ունենալ, որ այսքան տարիներ անց ես կարող էի գտնել ընկերներիս հետքերը: Եթե անգամ մի հրաշքով բացվեն դռները, ապա ինձ կդիմավորեն թոռները կամ ծոռները: Իսկ եթե հանկարծ ես նորից տեսնեմ Ժան և Լուի եղբայրներին, եթե նրանք կենդանի են և արդեն 90 տարեկան ուրախ պապիկներ են: Կարո՞ղ ենք արդյոք գտնել մեր հիշողություններում ծերացած երեխաների երբեմնի զրույցները:
Զարթուցիչի փայլուն թվերը ցույց էին տալիս առավոտյան ժամը 4-ը: Քունը փախչում էր ինձանից: Ես վեր կացա, մանրակրկիտ հագնվեցի և հաստատակամ դուրս եկա գիշերավան ըդառաջ:
Ամենուրեք լռություն էր: Սկզբում ոտքերս ինձ բերեցին Կարդինալ-Լեմուան փողոց։ Ես գիտեի` ոչ ոք և ոչինչ չէր սպասում ինձ այնտեղ: Օկուպացիայի տարիներին դպրոցը տեղափոխվել է Պերեր հրապարակի մոտ Էժեն-Ֆլաշա փողոց: Հենց այնտեղ դպրոցը ստացավ թատերական կենտրոնի անուն և դարձավ յուրատեսակ կոնսերվատորիա: Ո՞վ գիտի հիմա, որ այս շենքերը օթևան էին տալիս երիտասարդ դերասանների ուրախություններին ու տխրություններին:
Կոշիկներիս ներբանները տարօրինակ խուլ ձայնով խփում էին մայթերին: Ներշնչող ու խուլ մի ձայն ստիպեց ինձ սթափվել. <<Քոմեդի Ֆրանսեզի՞ց ես>>, - շշնջաց ձայնը: Ես ճանաչեցի Ժյուլ Ռեմյուի իմ սիրելի հնչերանգը Մարսել Պանյոլի եռագրության մեջ: Քարացա, որ լսեմ ավելին, բայց նորից լռություն տիրեց: Ես քայլերս ուղղեցի դեպի Պերեր հրապարակ, ուր տեղափոխվել էր Ռոնոնների ընտանիքը, նրանք հաստատվել էին կարմիր աղյուսե տանը: Ժամանակը կարծես կանգնեցրել էին: Ես 16 տարեկան էի, ուզում էի դերասան դառնալ, ես հետևում էի Ռայմոնի օրինակին` նա <<Քոմեդի Ֆրանսեզ>>-ի հանրահայտ դերասան էր, ով համաձայնվել էր դասեր տալ երիտասարդ խենթերին, ինչպիսին մենք էինք այն ժամանակ:
Ես արդեն չէի քայլում, ես թռչում էի` ժպիտը դեմքիս: Առջևից ազգային թատրոնների մեծագույն դերասաններ Պիեր Դյուքսը, Ժան Դեբյուկուրը, Լոգոֆֆը մեկնել էին ինձ իրենց ձեռքերը: Ժուլիետ Գրեկոն, Միշել Սերրոն և էլի շատերը, որոնք հռչակավոր դարձան <<Քոմեդի Ֆրանսեզ>>-ում հայտնվում էին փողոցի շրջադարձին և համալրում էին իրենց շարքերը: Ես ճանաչեցի շենքերը, հարկը, դուռը, բնակարանը: Իմ ուղեկիցները հանկարծ անհետացան: Մեկ րոպե տատանվելուց հետո ես թակեցի դուռը և երկար սպասեցի` չէի կարող հեռանալ: Ես փորձում էի հանգստացնել ինձ: Հնարավոր է նրանք տանը չեն: Գուցե նրանք տեղափոխվել են:
Ինձ ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան ցած իջնել: Ես սթափվեցի բանալու ձայնից: Դուռը բացվեց, 30 տարեկանին մոտ երիտասարդ մի կին ուշադիր զննեց ինձ:
-Դուք ու՞մ եք ուզում
Շփոթված փորձեցի մի քանի բառ արտասանել:
-… Ռայմոն Ռոնոնին: Սա այդ տու՞նն է
Չարաճճի կրակ ցոլաց կնոջ աչքերում: Նա ուրախացավ:
-Դուք պայմանավորվե՞լ եք հանդիպման համար:
Ես մի քանի կցկտուր բառ ասացի:
-Դուք ուշացել եք 60 տարի, պարոն Ազնավուր, բայց խնդրեմ, համեցեք , մի կանգնեք դռների մոտ:
Հյուրասենյակը թեթև խավարի մեջ էր: Ես համաձայնեցի սուրճ խմել` մոռանալով այդ դառը խմիչքի նկատմամբ ուցեցածս զզվանքը: Մինչ խոհանոց գնալը տանտիրուհին առաջարկեց ինձ նստել սպիտակ Ռոշ-Բոբուա կանապեի վրա: Մի քանի րոպե անցավ: Հեռվից ինձ էր հասնում սպասքի խլացնող աղմուկը: Մի պահ փակեցի աչքերս՝ ամբողջովին տրվելով ինձ համար նոր անհոգության զգացողությանը:
Երբ աչքերս բացեցի, երկու երիտասարդ աղջնակ զարմանքով ինձ էին նայում` ին՞չ է անում այս ուշ ժամին այստեղ այս ծերուկը:
Շփոթվեցի: Աչքերիս առաջ մթնեց:
-Պետք է հանդիպել որքան հնարավոր է հաճախ,- ասացի ես,- շուտով մեզանից մեկը, ցավոք, կարող է զղջալ, որ չի արել դա։ Լսեցի՞ն նրանք ինձ: Չնայած ջանքերիս` ձայնս անվստահ էր: Աղջիկներից մեկը մոտեցավ ինձ.
-Իմ ալբոմն է,- քնքուշ ասաց և ինձ մեկնեց հաստափոր մի ալբոմ:
Ալբոմում փակցված էին տասնյակ հին լուսանկարներ: Ամեն մի էջում լուրջ, ուրախ դեմքեր, ընտանեկան լուսանկարներ, նկարներ արձակուրդի ժամանակ: Որքան շատ ընկերներ էին հավերժացել մեկ ակնթարթում: Ես փորձում էի տալ նրանց անունները, բայց իմ քարացած հիշողությունը հրաժարվում էր խաղալ: Գլուխս պտտվեց: Խմբակային նկարներից մեկում առաջին պլանից մի երիատասրդ ինձ էր նայում գրավիչ ժպիտով՝ իմ 16 կամ 17 տարեկանի ժպիտով: Բայց ալբոմն արդեն ընկնում էր իմ ձեռքերից, սենյակի պատերը դանդաղ պտտվում էին, ինչպես դանդաղեցրած նկարահանման ժամանակ:
Ինձ վրա իջնում էր թեթև հաճելի քուն:
Զարթուցիչի փայլուն թվերը ցույց էին տալիս ժամը 4:30: Մինչ ես նորից կքնեի, ես զարմանքով լսեցի իմ ձայնը. «Պետք է հանդիպել որքան հնարավոր է հաճախ: Շուտով մեզանից մեկը, ցավոք, կարող է զղջալ, որ չի արել դա»:
թարգմանությունը ` Անի Մաղաքյանը
пятница, 18 февраля 2011 г.
Իմ հայրը հսկա է ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ
Ծնողներս հանդիպել են Մոնրեալի համալսարանում: Այն ժամանակ նրանք շատ երիտասարդ էին և հաճախում էին նույն դասախոսություններին, և որ ամենակարևորն է տառապում էին միևնույն բարդույթներով:
16 տարեկանում հորս հասակը 1 մետր 84սմ էր, մայրիկինս` մի քիչ պակաս: Այսպիսի յուրահատկությունը երկուսին էլ հրահրում է մի տեսակ առանձնանալ հասակակիցների ընկերախմբից: Նրանց զույգը կազմվեց այսպես ասած` բնական ճանապարհով:
Թեև մայրիկիս հասակը զգալի բարձր էր, բայց դա նրան չէր խանգարում ուրախ և անմիջական աղջիկ լինել:
Հայրս բարի մարդ էր: Շուտով նա դառնում է համալսարանի բասկետբոլի թմի խաղացող: Նրա բարձր հասակը, բնականաբար, շատ էր օգնում գնդակը ցանց նետել:
Սակայն բողոքները սպասեցնել չտվեցին: Հորս հասակը չէր դադարում աճել, և հակառակորդ թմի խաղացողները գտնում էին, որ իրադարձությունների այսպիսի ընթացքը արդար խաղ չի կարող ապահովել: Ինչպե՞ս դիմադրել այն խաղացողին, որի համար բավակն է ձեռքը բարձրացնել, որպեսզի գնդակը ցանցը գցի:
Եվ այսպես` ընդունվեց ոչ երկիմաստ խնդրանք` հանել նրան թմի կազմից, ինչն էլ շուտով արվեց:
Քիչ-քիչ ծնողներս դարձան մերժվածներ համալսարանում, իսկ հետո նաև քաղաքում:
Իրենց միայնակ զգալով փոքր մարդկանց քաղաքում` 18 տարեկանում նրանք ամուսնանում են: Շնորհիվ իր ունեցած ոչ մեծ կապիտալի հայրս Մոնրեալի արևելքում գտնվող մի գյուղում գնում է որսորդության և ձկնորսության պարագաների խանութ: Հետո ծնողներս ծայրամասում կառուցում են փոքրիկ տնակ: Այնտեղ նրանք ապրում էին խաղաղ ու երջանիկ:
Սկզբում տեղացիների մոտ նրանք հետաքրքրություն առաջացրին , բայց հետո նրանց ընդունեցին որպես հարևաններ և ընկերներ:
Ես ծնվեցի նրանց այնտեղ տեղափոխվելուց մեկ տարի անց: Բոլորը զարմանքով ընդունեցին, որ ես ի տարբերություն ծնողներիս կունենամ ամենասովորական հասակ:
Հայրությունը ծնողիս դարձրեց քնքուշ, իր երեխայի քմահաճույքներով ապրող հայր:
Նա անըդհատ զբաղվում էր ինձ հետ և նշանակություն էր տալիս իմ անգամ ամենափոքրիկ շարժմանը: Գիշերները արթնանում էր, որպեսզի ստուգի` արդյոք ամեն ինչ լավ է:
Նա ժամերով նայում էր ինձ, սպասելով, թե երբ կարթնանամ , որպեսզի նորից ինձ հետ ժամանակ անցկացնի : Հիշում եմ, որ նա ինձ թվում էր հսկայական լոբի, որի գագաթը հազիվ էր երևում: 21 տարեկանում հորս հասակը դեռ աճում էր և հասել էր 2 մետր 6սմ: Ստիպված եղան 2 անգամ փոխել ծնողներիս մահճակալը, որը առանց այդ էլ սովորականից բավական երկար էր:
Իսկ ես աճում էի դանդաղ: Երբ սովորեցի քայլել, հայրս, որը շատ էր սիրում զբոսնել ինձ հետ, ստիպված էր լինում կիսով չափ կռանալ, որպեսզի բռնի ձեռքս:
Երբ նա ինձ թռցնում էր իր ձեռքերի վրա , ես միշտ վախենում էի կպչել ամպերին և մնալ այդպես կախված:
Հայրս ամեմենաքնքուշ և ամենանուրբ մարդն էր, որ կարելի է երբևէ պատկերացնել: Նա սիրո մարմնացումն էր: Ես երբևէ չեմ հանդիպել ավելի հոգատար մեկի:
Անչափ ուշադիր էր մորս նկատմամբ: Բացի այդ նա միշտ պատրաստ էր օգնել հարևաններին, ում նայում էր վերևից ներքև, բայց ոչ երբեք բարձրից:
Հարևանների երեխաները սկզբում կարկամում էին, բայց ի վերջո այնքան սիրեցին նրան, որ ես երբեմն խանդում էի:Նրանք շատ էին սիրում խաղալ հորս հետ:
Անցնում էին տարիներ, իսկ հորս հասակը անընդհատ աճում էր, թվում էր` նա պետք է միշտ հասակ առնի: Մահճակալից հետո ծնողներս ստիպված էին մեծացնել դռները, բարձրացնել տանիքը, վաճառել մեքենան և փոխարենը գնել մեկ ուրիշը` բարձրացվող տանիքով: Հայրս և մայրս այս ամենին մոտենում էին փիլիսոփայորեն և հումորով:
Բոլոր բժիշկները, ում դիմում էին ծնողներս, շփոթվում էին կասկածանքների մեջ:
Միացյալ Նահանգներից անվանի պրոֆեսորներ էին գալիս, որպեսզի հետազոտեն հորս ֆենոմենը: Բժշկական ամսագրերում տպագրվում էին բազմաթիվ հոդվածներ այս դեպքի մասին: Անգամ կրկեսի տնօրեններից հետաքրքիր առաջարկներ էին լինում: Իսկ հայրս դառնում էր ավելի ու ավելի բարձրահասակ:
Երբ ես համալսարան ընդունվելու տարիքում էի , սկսեցի հրաժարվել նրա հետ քայլելուց: Ես ամաչում էի լինել տոնավաճառային հրաշքի որդին և նախընտրում էի ձևացնել, թե նրա հետ ընդհանուր ոչինչ չունեմ: Մտահոգված լինելով նրա վրա սևեռված հայացքներից` ես չէի նկատում այն տխրությունը, որը կամաց-կամաց հաստատվում էր նրա աչքերում: Այդուհետ ինձ համար ամենակարևորը աննկատ դառնալն էր: Ես չէի ուզում, որ ինձ նրա կողքին տեսնեն: Ես բացի նրա հասակից ուրիշ ոչինչ չէի նկատում նրա մեջ:
Իսկ հայրս քիչ-քիչ կորցնում էր իր ինքնավստահությունը: Նա ավելի շատ ժամանակ էր անցկացնում իր արհեստանոցում փակված ` ձկնորսական կարթեր սարքելով: Նրա առողջությունը գնալով վատանում էր: Բժիշկները միաձայն միևնույն ախտորոշումն էին տալիս ` հսկաները երբեք չեն ապրում մինչ ծերություն: Եվ եկավ այն օրը, երբ հայրս գամվեց անկողնուն և էլ երբեք վեր չկացավ:
Միայն այդ ժամանակ ես հասկացա, թե ինչ ցավ եմ պատճառել նրան: Եվ առաջին անգամ գիտակցեցի այն մեծ սիրո չափը, որ նա պարգևում էր ինձ ամեն օր: Ես զղջում էի:
Օրեր էի անցկացնում նրա անկողնու մոտ, օգնում էի ուտել, խմել, ինչպես ինքն էր դա անում, երբ ես փոքր էի: Ես թերթ էի կարդում նրա համար, պատմում էի գյուղի վերջին բամբասանքները: Հաճախ ես պարզապես նստում էի և նայում նրան` բռնելով ձեռքը:
Ես բացահայտում էի մեծագույն սերը, որը երբևէ պետք է իմանայի: Բայց արդեն ուշ էր: Երբ ես մտահոգվում էի մյուսների հայցքներով, հայրս սպասում էր միայն մի հայացքի` իմ հայացքին:
Մի գարնանային առավոտ նա մահացավ ` առանց որևէ բառ ասելու և առանց հայացքը ինձանից հեռացնելու:
Նրան թաղեցին փոքրիկ գյուղական գերեզմանատանը` մեր տանից ոչ հեռու:
Ես հաճախ եմ գալիս նստելու երկար գերեզմանաքարի մոտ, որի տակ հավերժ ննջում է այն մարդը, ով ինձ նվիրեց նույնքան մեծ սեր, որքան ինքն էր ` <<Այդ հերոսը, այդքան քնքուշ հայացքով>>:
Թարգմանեց Անի Մաղաքյանը

