Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

понедельник, 13 августа 2018 г.

Ավերակներ....











....ես հստակ հիշում եմ դիմագծերը, բայց մտածում եմ, որ չեմ ճանաչի նրան, երբ տեսնեմ պատահական մի օր, մարդաշատ փողոցներում արդեն օտարացած քաղաքի...հիշողությամբ բնություն չեն նկարում, դա նույնն է թե հիշողությանբ սիրահարված մնան...կամ սիրեն հիշելով, որ սիրել են մի ժամանակ...ես այսօր փնտրել եմ նրան...նա ինձ միայն իր անունն է թողել...և մի տխուր պատմություն մոր դժվար կյանքի մասին... ես չգիտեմ, ինչպես կարող եմ գտնել նրան...թեև հիմա դժվար է պատկերացնել, որ ուզածդ մարդուն չես կարող գտնել, գոնե նկարները տեսնելու համար... հիմա մարդիկ չեն բաժանվում ընդմիշտ, ոչ ոք ոչ մեկի կյանքից անվերադարձ չի անհետանում, չի վերանում անհետ, ինչպես նա... մարդիկ բաժանվում են իրարից, հետո սկսում են միմյանց նկարներին հետևել՝ այ տես նա արձակուրդին Իտալիա է մեկնել, նա գնել է իր երազանքների մեքենան, նա ամուսնացել է, ծնվել է նրա առաջնեկը և այսպես շարունակ...և մենք ապրում ենք միմյանց հարևանությամբ... իրար թաքուն ու բացահայտ հետևելով և ոչ ոք չի հասցնում զգալ, որ կարոտել է... և ես հիմա......ես ոչինչ չգիտեի նրա մասին, ոչինչ ինձ պետք չէր իմանալ...նա դիմավորում էր ինձ երեկոյան ուշ խնջույքից դուրս գալիս և փորձում էր նախատել, որ չափից շատ եմ խմել...մի փոքր դժգոհում էր, բայց բավական էր մեր հայացքները հատվեին ու մենք սկսում էինք ծիծաղել իր բարկության ու իմ անորոշ օրորվելու վրա ... ես հիշում եմ նրա սիրելի երգերը, որոնք լսում էր ինձ մոտ գալու ճանապարհին և այն օրը, երբ երեկոյան ուշ թատրոնից մենակ վերադարձա տուն, որովհետև ինքը նեղացել էր ինձանից...ես նրան այնքան շատ եմ նեղացրել...ժամանակ եկավ, երբ ես նրա մեջ քարը քարին չթողեցի, այն գորշ արջի նման, որ մեղր ուտելու համար մի ողջ փեթակ է ավիրում, ես ագահաբար վերցրեցի նրանից իր մեծ սերը և փոխարենը միայն ավերակներ թողեցի...հիմա այնքան եմ ուզում իմանալ, որ նա արձակուրդին մեկնել է Իտալիա, որ ծնվել է նրա առաջնեկը և ինքը գնել է վերջապես իր երազանքների մեքենան...ես ուզում եմ իմանալ, որ նա այդքան ուժեղ էր...և վախենում եմ մտածել, որ չի ճանաչի ինձ մի օր, երբ տեսնի օտարացած քաղաքի մարդաշատ մայթերին...Նա սիրում էր քաղաքին նայել երեկոյան Կասկադի ամենավերևից և մենք երկար կանգնում էինք այտեղ ու հետևում վառվող լույսերին: Նա այնքան շատ բան գիտեր իմ մասին, որ ես զարմանում էի, թե ինչպես է դեռ սիրում ինձ, ինչպես է ներում ինձ այն ամենն ինչի համար ես ինքս ինձ հետ չեմ հաշտվում արդեն այսքան տարի...հետո պետք է հասկանայի, որ մարդուն հնարավոր է սիրել միայն իր մասին ամեն ինչ իմանալուց հետո...միայն այդ դեպքում է սերը անկեղծ, իսկ ես նրա մասին ոչինչ չգիտեի, բացի անունը... թե որևէ մեկը ինձ իսկապես սիրել է, դա նա է եղել և հիմա այնքան դժվար է հարմարվել դրա հետ... հիմա ցավեցնում է միտքը՝ որ ես այնքան մեծ չէի, որ կարողանայի գնահատել նրան...
Այն փոքրիկ սուտը, որի մեջ նա ակամայից խճճվել էր, ինձ հունից հանեց, բայց ես պատրաստ էի ներել նրան, եթե միայն նա կարողանար նայել աչքերիս մեջ, եթե միայն կարողանար ներել ինքն իրեն... «էլ մի գրիր ինձ...»՝ գրեց վերջին անգամ ու ես էլ չգրեցի... որովհետև երբեք ոչ մեկին պահելու հարցում համառ չեմ եղել... որովհետև միշտ բաց եմ թողել գնացողներին...գնացողը վերադարձի ճանապարհը լավ է հիշում...և նա վերադարձավ մի օր...ես ներել էի, բայց ոչինչ էլ չկար մեզ կապող...իսկ հետո նա սկսեց երեկոները նստել մեր բակի նստարանին ու գրել ինձ, որ միշտ մոտ կլինի, որ ես ցանկացած պահի կարող եմ մեկնել ձեռքս ու գտնել նրա ձեռքը նույնիսկ մթության մեջ...
«Հենց էսպես, գեղավարի, պարզում եմ ձեռքս, արի էլ չխոսենք անցյալից... ձեռքս բռնիր ու մենք միայն առաջ կնայեք»՝ ասաց երեկոյան, այգու նստարանին նստած: Ես կարող էի բռնել ձեռքը, բայց գնացի, թողեցի նրան մենակ ... և կապ չունի, որ ես մենակ եմ հիմա...կապ չունի, որ կորցրած ամեն ինչ թանկ է կրկնակի...պարզապես ես հասցրել եմ կարոտել նրան...և ես ոչինչ չգիտեմ նրա մասին... ոչինչ, ինչը կօգներ տեսնել նրան գոնե հեռվից, գոնե թաքուն՝ համոզվելու, որ ես այնքան ուժեղ չէի նրան տապալելու համար... 
Ես չգիտեմ ինչպիսին էի այն ժամանակ, ես մոռացել եմ ինձ ու չգիտեմ, թե իչպիսին է հիշում ինձ նա և հիշում է արդյո՞ք...
Անի Մաղաքյան 
Հատված վիպակից...

Комментариев нет:

Отправить комментарий