Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком երգեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком երգեր. Показать все сообщения

воскресенье, 30 июня 2013 г.

ինչ երգեմ քեզ…

Ինչ ասեմ քեզ իմ սեր, ինչ երգեմ քեզ…
ինչ պատմեմ օրերիցս, ինչ հերքեմ ես…
Ինչպես քեզ բաց թողնեմ իմ սեր,
Ինչպես ինձ լաց թողնեմ…
Քեզ իմ օրերը տամ, սարի հովերը տամ
Իմ շուչն ու բույրը տամ, ինչ վերցնեմ ես
Ինչ ասեմ քեզ իմ սեր,
Երբ խոսքերս այսքան ավելորդ են
Երբ ես ինքս այսքան ավելորդ եմ
Ինչ պատմեմ քեզ իմ սեր,
Երբ իմ կյանքը այսքան կրակ, այսքան թաց է,
Երբ ծիծաղիս տակ, այսքան լաց է
Ինչու իզուր ասեմ, ինչու խոսեմ անվերջ,
Երբ բառերը արդեն ինձ կրկնել են,
Ու ցավերը վաղուց ինձ հերքել են

Ինչ ասեմ քեզ իմ սեր, ինչ երգեմ քեզ…

Անի Մաղաքյան

суббота, 2 апреля 2011 г.

կենցաղային Ճառ …

…Ուրեմն արի ապրենք սերն իմ կենցաղային…

Արի լվանանք ափսեները, մաքրենք փոշիները բոլոր… փլավ սարքենք ու ուտենք մածունով անգամ, եթե մի քիչ անալի է…Արի երգենք բոլոր հին երգերը գուսանների ` առանց գլամուռի, առանց զարդերի…

Երգենք բաղաձայն, անռիթմ, անհավասար, որ հավաքվեն ագռավները քաղաքիս ու ձայնակցեն մեզ…Արի, որ լիարժեք լինի սերն իմ կենցաղային` առանց զարդարված հեքիաթների, առանց մեկօրյաապրումների, որոնք իբր հավերժական հուշ են դառնում…

Ապրենք սերն իմ ` թարմ լվացած սպիտակեղենի, վառված էլեկտրական լամպերի, մահճակալի կոտրված ոտքի փոխարեն շարված անպետք գրքերի, մրոտ սրճեփի ու մաշված վարագույրների մեջ…

… որ երեկոները խմենք կենացն ագռավների… հենց նրանց հետ խմենք… մեկ-մեկ թռչենք տանիք, որ ալեհավաքն ուղղենք…

Գիշերները նայենք ֆիլմեր սիրո մասին և ծիծաղենք հերոսների վրա… նրանց տառապանքը դարձնենք հումորի նյութ, ուրախանանք նաև, որ ուրիշ է մերը, որ տխուր ռոմանտիզմ չկա մեր կյանքի մեջ… մարդու կյանք է մերը, ոչ թե հերոսների…

…Արի ապրենք սերն իմ կենցաղային… թող զավակներ ծնվեն և մեր ծնողների անուններն ունենան… Տանենք նրանց այգի, թողնենք, որ վազվզեն, հետո քնեն հոգնած…

Արի ապրենք սերն իմ առանց ծաղկած բառերի… ապրենք առանց ցիտատների…մե

րը ապրենք միայն…

Ուրեմն արի հավերժացնենք մեր մեջ այն, ինչը չի գովերգվել ոչ մի գրքում երբեք, արի հավերժացնենք սերն իմ կենցաղային…

…Չբաժանվենք երբեք միայն նրա համար, որ չստացված սիրո երազանքը պահենք հուշի տեսքով տափակ ու մտածենք միայն, թե չհասանք իրար ` ինչ ափսոս էր, վայ… վայ…

Արի հասնենք իրար տարիների միջից, արի սիրենք իրար, գժվենք խանդից, ցնդենք…

Ծեծենք իրար ամիսը մեկ ու ագռավները գան հաշտեցնեն մեզ կրկին…

Իմ կենցաղը դարձնենք սեր…

Քո կենցաղը դարձնենք սեր…

Ու ապրենք սերը մեր կենցաղային…

Մի օր դառնանք հարուստ` ճաշենք ռեստորանում, մի օր էլ բավարարվենք անալի փլավով ու գոհ լինենք, որ մածուն կա հետը…

Արի ծաղրենք նրանց, ովքեր ժամանկին չհասան մեզ ու չապրեցին ողջը, ինչ ասում եմ վերը…

Արի գժվենք էլի ու մոռանանք միշտ նոր լամպ գնել և նոր վարագույրների փող էլ չունենանք…

Դու ինձ չվստահես սուրճ եփելու գործը ու ես ինադու չլվանամ սրճեփը…

Ու էսպես երջանիկ` առանց զարդարանքի` արի պարզապես վայելենք սերն իմ կենցաղային…

Անի Մաղաքյան

05.09.10թ.