Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

пятница, 15 февраля 2013 г.

Աջանտա` Լքված աղոթարանների արձագանքը....



  Հնդկաստանը աշխարհի այն քիչ երկրներից է, որը մշակույթային անկում չի ապրել: Հնագույն տաճարներ, խորհրդավոր արարողակարգեր, բուդդայական մենաստաններ, տպավորիչ բնություն, փափուկ կլիմա` ահա այն ամենն ինչ կարելի է գտնել միայն Հնդկաստանում:
Խոսել <<Հնդկաստան>> հրաշքի մասին մեկ հոդվածով նույնն է, ինչ մեկ օրում փորձել շրջել այդ երկրի ողջ տարածքով:
Բայց եկեք ճանապարհորդենք դեպի Բուդդայի աշխարհի գողտրիկ անկյուններից մեկը` Աջանտայի քարանձավները:
Աջանտայի լքված քարանձավները դարեր առաջ արձագանքում էին վանականների աղոթքներով... այսօր այս առեղծվածային հոյակերտ համալիրը  մոգական անհասկանլի ուժով դեպի իրեն է ձգում հազարավոր զբոսաշրջիկների ` հիանալու իր նմանը չունեցող գեղեցկությամբ...
Հնդկաստանի Մախարաշտա նահանգում է գտնվում բուդդայական   տաճար -մենաստանների զարմանահրաշ համալիրը: Այն իրենից ներկայացնում է նալի տեսք ունեցող քարափ ` 29 քարանձավներով: Քարանձավները երկու մասի են բաժանվում ` Չիտյան (աղոթասրահներ) և վիխառա ( վարդապետների սենյակներ): Համալիրը ձգվում է Վագխորի գետի երկայնքով`  550 մետր տարածությամբ գրկելով գետի թեքությունըԱյստեղի պատերի մանրանկարչությունը հայտնի է ողջ աշխարհում` հիմնականում  բուդդայական լեգենդների պատկերազարդումներն են:
Աջանտայի համալիրը կառուցվում էր Գուպտերի կայսրության ժամանակաշրջանում`  3րդ-7րդ դարերում: Գուպտերի կառավարման տարիները հիշվում են, որպես գրականության, գիտության փիլիսոփայության ու արվեստի վերելքի  տարիներ: Ավելի ակտիվ շինարարություն կատարվել է 5րդ դարում կենտրոնական հնդկաստանի կառավարիչ Խարիշենեյի օրոք: Այն մեծահարուստները, ովքեր հավատում էին Բուդդայի գաղափարախոսությանը, հովանավորում էին քարանձավային համալիրի կառուցմանը: 13րդ դարի Հնդկաստանում բուդդիզմը կորցնում է իր նախկին նշանակությունը: Վարդապետները, որոնց թիվն առանց այն էլ այդ շրջանում արդեն նվազել էր լիովին լքում են Աջանտան: Դարեր շարունակ քարանձավներ իրենց մեջ պահում են հնդկական որմնանկարչության եզակի նմուշները:
1819 թ.-ին բրիտանակն մի խումբ զինվորներ Աջանտայի տարածքում որս անելու ժամանակ գտնում են լքված քարանձավները, բայց այդ ժամանակ, ոչ մի գիտնական լրջորեն չի զբաղվում գտնված առեղծվածի վերծանմամբ: Միայն 1843թ.-ին հայտնի բրիտանացի հնեաբան Ջեյմս Ֆերգյուսսոնը այցելում է քարանձավները և որոշում է անպայման զբաղվել այս գործով: Շուտով  Աջանտա է գործուղղվում բրիտանացի սպա և նկարիչ Ռոբերտ Գիլլը . նա արտանկարում էր քարաձավների մանրանկարները և վատնեց այդ գործի վրա 20 տարի: Ինչու՞  վատնեց, որովհետև Լոնդոն վերադառնալուն պես մինչ հաշվետվություն ներկայացնելը նրա բոլոր նկարները այրվում են հրդեհի ժամանակ: Սակայն Ռոբերտ Գիլլը չի հուսահատվում ` նա նորից է մեկնում Աջանտա, բայց այս անգամ չի հասցնում ավարտել գործը` 5 տարի անց նա մահանում է և թաղվում քարանձավներից ոչ հեռու:
Հետագայում Աջանտայի քարանձավները  երկար տարիներ շարունակ ուսումնասիրվում են տարբեր գիտնականների, հնեաբանների կողմից: Այսօր այն դարձել է զբոսաշրջության լավագույն վայրերից մեկը: Ողջ աշխարհում հայտնի են Աջանտայի որմնանկարչության նմուշները:
Մ.թ.ա. 486 թ.-ին ` Բուդդայի  մահից հետո  նրա ուսմունքին հետևողները բաժանվեցին երկու ուղղությունների ` մախայանա և խանայանա: Առաջինները գտնում էին, որ իրենք են Բուդդայի ուսմունքի իսկական հենտնորդները: Երկրորդները համարում էին, որ Բուդդային որպես անձ պատկերելը ճիշտ չէ, նրան պետք է պատկերել բնության ու կենդանիների մեջ: Մախայանայի հետևորդները հակառակ կարծիքին էին, նրանք պատկերում էին Բուդդային տարբեր քանդակներում, նկարներում և սա հենակ հանդիսացավ հնդկական մշակույթի նոր վերելքի համար:
Դատելով Աջանտայի քարանձավների որմնանկարչությունից և քանդակներից` կարելի է ենթադրել, որ կառուցումը հովանավորվել է հենց այս ուղղության հետևորդների կողմից: Թեև երկրորդ դարին վերագրվող որոշ նկարներում երևում է խանայանա ուղղության ազդեցությունը, ավելի ուշ արված նկարներում ու քանդակներում է պատկերված Բուդդան, նրա կյանքը, կենցաղը:
Մինչ այսօր էլ անբացատրելի է, թե ինչպես են վարպետներն աշխատել այդ քարաձավային մթության մեջ, ինչպես են այդ պայմաններում կարողացել ստեղծել նման նուրբ ու մանրախնդիր աշխատանքներ: Հավանաբար նկարիչները քարանձավի ներսում աշխատել են դրսի լույսը հայելիներով արտացոլելու շնորհիվ:
 Վանքերը նկարազարդող վարպետներն ամենայն հավանականությամբ վանականներ չեն եղել. ըստ էության նրանք եղել են հատուկ վարձված մասնագետներ, ովքեր առաջնորդվել են գեղանկարչության հնագույն <<Չիտրասուտրա>>  գրքով: Չիտրասուտրա թարգմանաբար նշանակում է <<զրույց գեղանկարչության մասին>>: Այն պարունակում է ավելի քան 1000 խորհուրդ, թե իչպես պատկերել  52 թերթիկներով լոտոս , ինչպես ներկայացնել նկարներում աստվածներին , ինչպես նաև սովորեցնում է երկրորդական կերպարներ, կենդանիներ ու թռչուններ նկարել:
Աջանդայի մանրանկարչությունը  5-7րդ դարերի հնդկաստանի յուրատեսակ ներկայացումն է: Բացի Բուդդայի նկարներից ու քանդակներից ` քարանձավների պատերին պատկերված են հնագույն հնդկաստանի կենցաղը ` զարմանալի ճշտությամբ: Այդ նկարների շնորհիվ մերօրյա գիտնականները կարողանում են հստակ ներկայացնել հին  հնդկաստանի քաղաքների ճարտարապետությունը, տների դասավորությունը, տարբերակել աղքատների և հարուստների տները:
Այս պատկերներում կենդանանում է մի ողջ աշխարհի պատմություն, մարմին են առնում անցյալի թագավորների ու գեղջուկների ստվերները: Համարվում է, որ Աջանտայի քարանձավների մանրանկարների հիման վրա են արվել այլ երկրների`Նեպալի, Տիբեթի, Ճապոնիայի և Չինաստանի բուդդայական տաճարների պատկերազարդումները: Թեև տարբերություններ կան: Օրինակ ` Աջանտայի վարպետները նկարներն անելուց առաջ պատին են քսել կավ կամ ցեխ, որի մեջ խառնել են մազ կամ հարդ, ապա այս ամենը պատել են գիպսով. սա թույլ է տվել դարեր շարունակ պահպանել գույների թարմությունը: Իսկզբանե նկարներն արվել են վառ ներկերով և մինչ օրս պահպանել են իրենց նախնական գույնը:
Աջանտայի քարանձավներն իրենց գեղեցկությունը պահպանել էին երկար դարեր մարդկությանն անհայտ մնալու շնորհիվ: Այսօր մանրանկարչության հազվագյուտ, հիանալի նմուշներից շատերը պահպանված են միայն հատվածներով: Բայց սա չի ազդում տարեցտարի զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը:
Բոլոր նրանց, ովքեր այս հոդվածը կարդալուց հետո անմիջապես գնացին իրենց ճապրուկների ետևից, որպեսզի մեկնեն հնդկաստան, խորհուրդ եմ տալիս այցելել Աջանտա զբոսաշրջության պասիվ շրջանում: Քարանձավները գրեթե ամեն օր լի են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով և սրահների ամեն մի մանրուք նկատելը դժվար է լինում, իսկ այնտեղ անհրաժեշտ է տեսնել  ամեն ինչ:

 Անի Մաղաքյան SLID ամսագիր





Комментариев нет:

Отправить комментарий