Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком խոհագրություններ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком խոհագրություններ. Показать все сообщения

вторник, 10 сентября 2013 г.

Խաղացողը պարտվում է, ապրողը՝ վերցնում է կյանքը…


Երբ ենք մենք սկսում կարոտել անցյալը… և ընդհանրապես ի՞նչ է նշանակում անցյալը կարոտել, կարոտում ենք օրերը, մարդկանց, ովքեր հիմա մեր կողքին չեն, թե ինքներս մեզ ենք կարոտում… կարոտում ենք այն ես-ին որը նախկինում էինք, մեր անցյալ տեսակը, հայացքն ու հայացքները, պահվածքն ու մտքերը, դիրքորոշումն ու ապագայի հանդեպ ունեցած ծրագրերը…
Մի խոսքով՝ վերադարձրեք ինձ անցյալս, այնտեղ անյքան փայլուն ապագա կար…
Մենք ծնվում ենք, ուտում, քնում, հոգում բնական կարիքները, խաղում ենք… մեծանում ենք … սովորում ենք, ուտում ենք, քնում ենք, հոգում ենք բնական կարիքները, խաղում ենք՝ իբր մեծացել ենք… հետո բարձրագույն ենք ընդունվում, սպասում ենք, թե երբ մի նոր ախմախ օրենք կընդուվի կրթության բնագավառում, արդյոք կհասցնենք 4 տարում ավարտենք, թե մի էդքան էլ կավելանա, հետո չենք հասցնում ավարատել, ընդունվում ենք մագիստրատուրա, այդ ընթացքում շարունակում ենք քնել, ուտել, հոգալ բնական կարիքները և խաղալ, թե սովորում ենք… հետո աշխատանք ենք փնտրում, սկսում ենք ամենաբարձրից, գործավարուհին ու վաճառողուհին մեր մակարդակը չի, ընթացքում սիրահարվում ենք, ամունսանում, երեխաներ ունենում ու սկսում երազել գոնե վաճառողուհու աշխատանքի մասին, որ գոնե մի քանի ժամով տանից դուրս գանք…  Եվ ահա գալիս է կարոտելու, սպասելու ու փոշմանելու ժամանակը, երբ ուեցածդ չգնահատելու յուրահատուկ անկյուն ես գտնում ու սկսում տանջվել ու տանջել կողքիններիդ:
Մենք դժգոհ ենք, մենք փորձում ենք գտնել մեղավորների: Չգնահատված ու չստացվաց ամենօրյա կյանքդ դառնում է լիքը պարկի պես ծանր ու անտանելի: Ե՞րբ է հասունանում ամեն ինչ փոխելու վճռականությունը, ե՞րբ ենք համարձակվում խոստովանել, որ սխալվել ենք և դա սարսափելի չէ, համենայն դեպս ոչ այնքան, որպեսզի ողջ կյանքդ ապրես ճակատագրական սխալ գործածի դատապարտված հոգեբանությամբ: Իսկ ի՞նչ է նշանակում ճակատագրական սխալ, երբ մեր որոշակի գործողությունը փոխում է մեր կյանքը, հետևաբար չարժե՞ արդյոք «ճակատագարական ճիշտ» գործել, փոխել կյանքը ի օգուտ սեփական երջանկության, հաջողության ու ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ … Փոխարենը վախեցած ու անվստահ մենք շարունակում ենք առաջ գնալ, ուտել, քնել, հոգալ բնական կարիքները, թաքուն կարոտել անցյալը ու խաղալ, խաղալ, խաղալ …

Անի Մաղաքյան

пятница, 12 июля 2013 г.

Կասեի ինձ… (նշումներ նոթատետրի մեջ)

Միշտ էլ ուշ ենք հիշում ու հասկանում սխալները, միշտ էլ անժամանակ ենք իմաստանանում:
Ինձ սուրճը չի իմաստնացնում հիմա, բայց երբ թեյի բաժակով սուրճ եմ խմում, սկսում եմ ինձ ավելի հանդարտ ու հանգստացած զգալ, թեև հոգով նույն 15ամյա աղջիկն եմ, ով դպրոցի բուֆետի անհամ գաթաներ էր գնում ամեն օր միայն թե  բուֆետի ճանապարհին նրա դասարանի մոտով անցներ:
Այսօր փորձել եմ նույն գաթայից թխել, բայց ինչքան էլ ջանք թափեցի նույնքան անհամ չստացվեց, տարիքից է երևի ու մորս տված դասերից: Նոթատետրի մեջ գրելն էլ սուրճի ու գաթային հետ համահունչ ստացվեց: Այն ժամանակ օրագրեր էի լրացնում, մտածում էի, որ  10 տարի հետո կկարդամ դրանք ու կհիշեմ բոլոր հետաքրքիր ու ոչ հետաքրքիր դեպքերը, չգիտեի, որ հիշելու համար մոռանալ է պետք, մոռանալու համար՝ խելք:
Հիմա ինձ՝ 15 տարեկանիս, կասեի՝ «Մի գրիր ոչինչ օրագրերի մեջ, այն ինչ հետք է թողել հիշվելու է, մնացածը կարիք չկա որ հիշես: Երբ ամեն օր դասից տուն գնալիս մտնում ես գրախանութ ու գեղեցիկ գրիչներ ես տեսնում մի նեղվիր, որ չես կարողանում գնել դրանք, որովհետև գալու է մի օր, երբ հարյուրավոր այդպիսի գրիչներ գնելու հնարավորություն ես ունենալու, բայց  գրելու ես միայն համակարգչով, որքան էլ դա անհավանական թվա քեզ:
Մի մտերմացիր ոչ մի ընկերուհու հետ, որովհետև միակ մտերիմներդ քեզ հանդիպելու են բանասիրականի 3րդ կուրսում: Ի դեպ, մի ընդունվիր բանասիրական, որովհետև այն, ինչ դու դառնալու ես, թեև բանասիրության հետ անմիջական կապ ունի, բայց բոլորովին կապված չէ ստացածդ կրթության, ձանձրալի դասախոսությունների և քննական գնահատականների հետ:
 Հաճախ խմիր կանաչ թեյ, որովհետև գալու է ժամանակ, երբ սուրճից բացի ուրիշ ոչինչ քեզ չի հագեցնի, իսկ թեյը իմունիտետ կկուտակի մեզ համար:
 Մի մտահոգվիր այն չստացված հանդիպման պատճառով, որովհետև քո կյանքի կարևորագույն հանդիպումը հրաշալի է անցնելու: Մի սպասիր և մի փնտրիր, ՆԱ գալու է պատահական, այնտեղից որտեղից ամենաքիչն ես սպասում, գալու է միանգամից ու դու չես հասցնի ուշքի գալ երջանկությունից:
Մի շտապիր երազել հեռավոր երկրների մասին, որովհետև գալու է ժամանակը և դու սիրելու ես քո տունը: Գրիր քիչ, կարդա շատ: Հաճախ խոսիր մայրիկի հետ:
Գրպանիդ փողերը մի վատնիր բուֆետի գաթաների վրա, հավաքիր և կիթառ գնիր քեզ համար, որովհետև դու, անխելք, մինչև հիմա կիթառ չունես, թեև դա քո ամենաերազանքն է: Խոսիր քիչ, լսիր անսահման:
Զբաղվիր սպորտով, այն, որ դու երկու օրը մեկ ընկերուհիներիդ հետ գնում ես այգի, վազում 5 րոպե, հետո նստում ու շոկոլադ ուտում, հաշվի մեջ չէ:
Երբեք մի բացակայիր դպրոցից, կգա ժամանակ, երբ կերազես գոնե մեկ օր վերադարձնել այդ օրերից, որքան էլ դժվար լինի պատկերացնել, բայց դա այդպես է: Դպրոցը մեր կյանքում ամենաերկար տևող շրջանն է, որից ուզում ես մեկ օր շուտ ազատվել և գոնե մեկ օրով վերադառնալ:
Այդքան «չուղարկված նամակներ» մի գրիր Շավիղին, որովհետև դեռ ժամանակը չէ, որ այնտեղ լինես: Կգա նաև այդ ժամանակը և դու կտեսնես տպագրած քո առաջին պատմվածքը՝ «Բարի երթ» վերնագրով և կհավատաս, որ երթդ բարի է լինելու:
Եվ ընդհանրապես՝ այդքան մի մտահոգվիր, թեև դժվարություններ ու հիասթափություններ դեռ շատ կան առջևում, բայց ամեն ինչ լավ է լինելու: Եվ գիտես ինչ, դու լավ երաժշտություն ես լսում, կարդում ես լավ գրքեր, գնում ես լավ ներկայացումների, հանդիպում ես լավ մարդկանց հետ և ընդհանրապես ամեն ինչ ճիշտ ես անում, մի լսիր ապագայիդ, ոչինչ մի փոխիր, որովհետև հենց այդ սխալների, փորձանքների ու փորձությունների շնորհիվ դու այսօր ունես ավելին քան առաջ»:
Երևի այսքանն ասեի, կամ մի երկու բան էլ ավել, եթե հնարավորություն լիներ, բայց ավելի հավանական է, որ պարզապես շնորհակալություն հայտնեի «15ամյա ինձ», որ կամ այսպիսին և ապրում եմ այսպես:

Անի Մաղաքյան


воскресенье, 30 июня 2013 г.

ինչ երգեմ քեզ…

Ինչ ասեմ քեզ իմ սեր, ինչ երգեմ քեզ…
ինչ պատմեմ օրերիցս, ինչ հերքեմ ես…
Ինչպես քեզ բաց թողնեմ իմ սեր,
Ինչպես ինձ լաց թողնեմ…
Քեզ իմ օրերը տամ, սարի հովերը տամ
Իմ շուչն ու բույրը տամ, ինչ վերցնեմ ես
Ինչ ասեմ քեզ իմ սեր,
Երբ խոսքերս այսքան ավելորդ են
Երբ ես ինքս այսքան ավելորդ եմ
Ինչ պատմեմ քեզ իմ սեր,
Երբ իմ կյանքը այսքան կրակ, այսքան թաց է,
Երբ ծիծաղիս տակ, այսքան լաց է
Ինչու իզուր ասեմ, ինչու խոսեմ անվերջ,
Երբ բառերը արդեն ինձ կրկնել են,
Ու ցավերը վաղուց ինձ հերքել են

Ինչ ասեմ քեզ իմ սեր, ինչ երգեմ քեզ…

Անի Մաղաքյան

среда, 17 апреля 2013 г.

Գաղափարական լրագրողների, տարիքի ու նպատակների մասին


Առաջին անգամ այս մասին մտածեցի 18 տարեկանում: Այդ օրերին տարված էի սեփական ռադիոհաղորդում ստեղծելու գաղափարով: Առաջին ռադիոյի ծրագրերի ղեկավարը, որին դիմեցի խորհուրդ տվեց մեծանալ առանց լսելու առաջարկս, երկրորդինը անմիջապես փորձեց օգտագործել հայտնի թերթերից մեկում ունեցած իմ կապերը, իսկ երրոդ ռադիոյի տնօրենը ափսոսանքով նայեց ինձ ու ասաց, որ ոչ ոք իմ նախագծած լուրջ ծրագրի համար գումար չի տրամադրի, որովհետև այսօր ֆինասավորվում են ամեն տեսակ թեթևսոլիկություններ ու էլի եսիմ ինչեր և նա ցավալիորեն ճիշտ էր: Դա 6 տարի առաջ էր, բայց վերոնշյալ բնագավռում գրեթե ոչինչ չի փոխվել:


Ոչ մի երազանք… միայն ՆՊԱՏԱԿՆԵՐ…
Արդեն քիչ ժամանակ չի անցել այն օրից, երբ ես առաջին անգամ տեսա իմ պատմվածքը տպագրված, որը պետք է կարդային հազարավոր մարդիկ և հավանեյին կամ ոչ այնքան: Ոչ այնքանը տեղ չուներ: Պատմվածքներս սկսեցին մեկը մյուսի ետևից տպագրվել, արձագանքները լավագույնն էին: Երևանը ընդունել էր ինձ գրկաբաց, հաջողությունը ժպտացել էր ինձ և ես ուրիշ ոչնչի մասին չէի կարող երազել: Ինչ եղավ հիմա: Միգուցե երևանը չափազանց նրբազգաց է և ես չպետք է հեռանայի այնտեղից մի ամբողջ երկու տարով:
Հայտնի խոսք է՝ այն ինչ հիմա կա, մի ժամանակ երազանք է եղել, բայց ախր այն ինչ մենք երազում ենք միշտ չէ, որ իրականություն է դառնում:
Ինչևէ խոսքս երազանքի մասին չէ, այլ աշխատանքի, եթե նույնիսկ այդ աշխատանքը երազանք է քեզ համար, ինչ անել: Խոսել մեկի հետ, ով արդեն հաջողության է հասել այդ ոլորտում, իսկ եթե նրան դու, քո երազանքներն ու նպատակները ընդհանրապես չհետաքրքրեն:
Մեկ ժամ առաջ ես խոսեցի մեկի հետ, ով կարող էր պարզապես հրաշք գործել միայն մեկ արտահայտությամբ՝ «իսկ ինչ կա որ, վատ գաղափար չէ, արի փորձենք»:
Վերջապես հասկացա մի բան, երբ սիրելի աշխատանքը կամ նոր գաղափարի իրականացումը մեզ համար դառնում է երազանք, մենք դառնում ենք չափազանց էմոցիոնալ և դողացող ձեռքերով փորձում ենք պահել այն կայուն: Ասացեք խնդրեմ՝ դողացող ձեռքերում արդյոք սուրճը չի թափվի: 

Վճռականությամբ լցված սպասում եմ հերթական հնարավորության՝ գաղափարս իրականացնելու, իսկ հիմա՝ առաջ…

Մի քիչ անձնական
«Ֆինանսական անկախությունը հրաշալի բան է» ՝ ասացի ես ամուսնուս մոտ, ով հանճարեղ հարց տվեց ՝ ումից ես ուզում անկախ լինել և ինչու: Հասկացա, որ բոլոր նրանք ումից ես երբևէ ֆինանսական կախում եմ ունեցել, երբեք չեն սահմանափակել իմ անկախությունը և ուրեմն ինչ է նշանակում ֆինանսական անկախություն, երբ մենք բոլորս կախված ենք ֆինանսից:
Գումար վաստակելու համար կարելի է աշխատել միաժամանակ մի քանի ընկերությունում, ինչպես Շուշիից ինձ ծանոթ մի կին, ով աշխատում էր Ստեփանակերտում երկու տեղ և Շուշիում երկու տեղ և Աստված գիտի ինչպես էր համատեղում, բայց ինչպես վարվել նրանց հետ, ովքեր ուզում են աշխատել ոչ կամ ոչ միայն գումարի համար: Մենք «գաղափարականներս» վերացող տեսակ ենք դարձել  ֆինանսկական անկախություն ձեռք բերած, բայց ֆինանսից մշտապես կախում ունեցող մարդկանց մեջ:
Ուր է այն դաշտը, որը ինձ համար ազատ է, որտեղ գտնեմ այն մարդկանց ովքեր կարող են ռիսկի դիմել հանուն գաղափարի իրականացման: Միգուցե Երևանը շատ փոքր է ինքնահաստատվելու կամ քոնը հաստատելու համար:
Երևի Երևանը չի սիրում երես տալ, մանավանդ, երբ դու գաղափարներ արտադրող ես, ոչ թե գողացող: Սա ասում եմ, որովհետև վերջերս հայտնի ամսագրերից մեկին առաջարկածս նոր խորագիրը մերժվեց և փոխարենը մեկ ամիս անց հանդիպում եմ իմ առաջարկած խորագրի խխճուկ, անորակ տարբերակը իրենց աշխատակցի կողմից գրված: Որն է այստեղ արդարացին և արդյոք ես կարող եմ նրանց մեղադրել: Երկար մտածելուց հետո հասկացա, որ ունես գաղափար՝ լեզուդ քեզ պահիր, քանի հարմար ծանոթ չես գտել, որը քեզ ներկայացնի: Այսինքն դու ինքդ քո գաղափարը ներկայացնելու  շանսեր չունես:  Վերջապես մտքերը, որոնք վերջին օրերին պաշարել են խեղճ ուղեղս այնքան էլ հուսադրող չեն: Արձագանքները, որոնք կողքից եմ լսում վերջնականապես կարող են հուսահատության հասցնել: Իսկ միգուցե բոլորը մեծ մասնագետներ են հատկապես ԽԾԲ-ի մասնագետներ (այս ԽԾԲ-ն 100 տարի չէի օգտագործել) և միայն ես եմ իմ խղճուկ 7 տարիների անիմաստ փորձով փորձում խանգարել նրանց անդորրը:
Իհարկե ամեն ինչ միանշանակ առջևում է, բայց դե բոլոր դեպքերում մեկ-մեկ ուզում ես ասել ….
 Անի Մաղաքյան


среда, 10 апреля 2013 г.

Լավագույն նվերը գումա՞րն է… որովհետև դրանով ևս մի նվեր կարող ես գնել…






Մեր պաշտոնական ամիսը արդեն ետևում է սիրելի ընկերուհիներ: Առջևում նվերների, ծաղիկների ու այլ մանր-մունր ուշադրության վկայությունների շրջանն է, որի ընթացքում այդ մանր-մունրը երբեմն չափազանց աննկատ է լինում:
Ինչ են նվիրում մեզ մեր սիրելիները, ինչ ենք մենք սպասում տեսնել գեղեցիկ զարդարված տուփի մեջ և երբ է անհրաժեշտ զգուշանալ: Այո, այո զգուշանալ, որովհետև «ակնարկով նվերները» երբեմն երկար մտածելու առիթ են տալիս:

Զգուշացե´ք արդուկից…
Ամուսնուս ծննդյան օրը սարերի ետևում չէ: Նվերի հարցը վաղուց է անհանգստացնում ինձ, թեև ընկերուհիս շատ հետաքրքիր տարբերակ առաջարկեց ՝ «գեղեցիկ ժապավեն կապիր վրադ ու հայտարարիր, որ լավագույն նվերը դու ես»: Որոշեցի ինքս տրամաբանել, փնտրել ու գտնել մի բան, որ իրեն հիմա պետք կգար:
Տարբերակ 1- նա սիրում է գեղեցիկ ժամացույցներ, իր ժամացույցն էլ մի քանի օր է չի կապում, միգուցե ժամանակն է նորը գնել
Տարբերակ 2- նա սիրում է թանկարժեք օծանելիք, բայց ես երբեք չեմ կարողացել նրա համար ճիշտ օծանելիք ըտրել, ինչ արած դա էլ իմ թերությունն է:
Տարբերակ 3- Միգուցե փողկապ : Սա կլինի դասական հագնվելու ակնարկ, իսկ ինքը  իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում այդ հագուստի մեջ:
Տարբերակ 4- Մեքենա: Գումարս մի քիչ պակասություն է անում:
Տարբերակ 5- Միգուցե բաժակ, որի վրա դաջված կլինի մեր լուսանկարը, ախր ինչին է պետք իմ լուսանկարը բաժակի վրա, երբ մենք միշտ միասին ենք թեյ խմում:
Եվ այսպես շարունակ՝ տարբերակները շատ են:
Ընկերուհիներիցս մեկը պատմեց , որ առիթներից մեկի ժամանակ ամուսինը իրեն նվիրել է   փոշեկուլ, մեկ այլ առիթով արդուկ՝ «երևի ակնարկում էր, որ լավ չեմ արդուկում» ասաց ընկերուհիս և ավելացրեց՝ «որոշել եմ առաջիկա ծնունդին նրան «ռազվոդնոյ կլյուչ» նվիրեմ, թող երկուսն ունենա»: Իհարկե այս խոսակցությունից հետո իմ վառ երևակայությունը սկսեց պատկերավոր կերպով ներկայացնել այն, թե ինչպես են մեզ համար նվեր ընտրում տղամարդիկ, ինչ հնարավոր տարբերակներ են քննարկում նրանք: Այսպես՝ տղամարդկանց մոտ քննարկվող նվերի հնարավոր տարերակններն են՝
Տարբերակ 1- երևի նա հոգնել է հատակը մաքրելուց հետո նաև լվանալ այն՝ կարելի է նվիրել գոլորշով հատակը մաքրող փոշեկուլ:
Տարբերակ 2- վերջերս նա արդուկելիս այրեց իմ սիրելի վերնաշապիկը, կարելի է նրան նվիրել նոր կերամիկական արդուկ:
Տարբերակ 3- ես շատ եմ սիրում նրա պատրաստած թխվածքները կարելի է նվիրել եռոտանի միքսեր:
Տարբերակ 4- երևի նրան մեկ էլեկտրական թեյնիկը բավական չէ, ևս մեկը հաստատ չի խանգարի:
Գրելու ընթացքոոմ հասկացա, որ այս տարբերակները ավելի շատ են քան կարելի էր պատկերացնել: Հարգելի տղամարդիկ՝ իսկ որտեղ մնացին զարդերը, օծանելիքներն ու ծաղիկները: Վերջապես, եթե չեք կողմնորոշվում ՝ ինչ նվիրել ապա ՝ «սիրելիս՝ վերցորու այս վիզա քարտը և այսօր գնա դալմա գնումների, ես երեխաներին այգի կտանեմ» արտահայտությունը լրիվ բավական կլինի:  Վերջապես՝ հայտնի է, որ լավագույն նվերը գումարն է, որովհետև դրանով ևս մի նվեր կարող ես գնել:

Նվերներ առանց առիթի… կամ ամեն օր տոն…
Գերմանուհի, բազմաթիվ աֆորմիզմների հեղինակ Էրիան Շուլցը ասել է, որ լավագույն նվերները առանց առիթի արված նվերներն են:
Ծանոթներիցս  մեկը մի քանի օր առաջ խնդրեց օգնել իրեն կնոջ համար նվերի ընտրության հարցում: Ցավոք չկարողացա օգնել նրան, որովհետև մեկ տարվա ընթացքում սա թերևս միակ դեպքն էր, երբ նա որոշել էր, ավելի ճիշտ համարձակվել էր նվեր գնել: Նա բացատրեց, որ առաջ, երբ հաճախ որևէ փոքրիկ նվեր կամ ծաղիկներ էր գնում կնոջ համար, հատկապես առանց որևէ առիթի, ապա դառնում էր խանդի ու կասկածաքների զոհ: «Ինչ է եղել, որ նվեր ես բերել, ինչ-որ բան հաստատ արել ես, որ ծաղիկներով ես եկել և այլն»՝ ներկայացրեց ծանոթս:
Իհարկե անհայտ հեղինակի հայտնի խոսքը տեղին կլիներ ՝ «ոչինչ այնքան չի շարժում կնոջ կասկածամտությունը, որքան առանց առիթի արված նվերը»: Աղջիկներ՝ իսկ միգուցե մենք էլ ենք մեղավոր, հը՞: Մատուցվող նվերը պետք է ընդունել, որպես կյանքի, իրերի ու իրադարձությունների բնականոն ընթացք, ախր մենք ծված ենք ուշադրության կենտրոնում լինելու համար: Իսկ կասկածները կարելի է թողնել այն օրեի համար, երբ նա աշխատանքից առանց ծաղիկների կվերադառնա, մեկ, երկու և ձեր ամեն օրը կլինի տոն:
Ի դեպ տոների մասին, իմ չամուսնացած ընկերուհիներից մեկը հաստակ այն կարծիքին է, որ ամեն օր ծաղիկներ, հաճոյախոսություններ ու նվերներ ստանալու համար, եպտք է տղամարդու ամեն օրը տոն դարձնել: Դեհ, իհարկե ընտանեկան ու կենցաղային հոսանքի փորձը չունեցող աղջիկները հաստատ համաձայն կլինեն այս կարծիքի հետ: Թեև՝ ես էլ եմ ճշմարտության բաժին տեսնում:

Լավագույն նվերը…
Ինչևէ վերադառնամ օրակարգի թիվ մեկ հարցին՝ ինչ նվիրել սիրելի տղամարդուն, երբ մեկ ամսից նաև քո ծննդյան օրն է: Իհարկե մեր նվերները լավագույն ներդրումներն են ապագա առիթների համար :) :
Դե, ես արդեն գիտեմ, թե ինչ եմ գնելու և գիտեմ նաև, որ իմ հյուրասենյակի սեղանին դրված միամսյակի ավարտի խորհրդանիշ-ծաղկեփունջը դեռ երկար է շոյելու աչքս և իր սենյակում հիմա անուշ քնած մեր 10 ամսեկան փոքրիկը ընդմիշտ լինելու իմ արած լավագույն նվերը սիրելիիս, բայցևայնպես նոր ժամացույցը նրան հաստատ կուրախացնի:

Հ.Գ. սիրելի տղամարդիկ՝ մի նվիրեք մեզ փափուկ խաղալիքներ, հատկապես, երբ դուք դա արդեն արել եք ավելի քան մեկ անգամ: Մի նվիրեք կոսմետիկա՝ մենք դա ինքներս կարող եք գնել և հավատացեք ընտրությունն ավելի լավը կլինի: Մի նվիրեք կենցաղային տեխնիկա, որովհետև նման իրերը կարելի է գնել ամեն օր միասին խանութերով անցնելիս: Եղեք օրիգինալ, ավելի վաղ սկսեք մտածել նվերի մասին, որպեսզի ժամանակի սղության պատճառով ստիպված չլինեք չմտածված նվեր գնելու: ԵՎ ՀԻՇԵՔ, ՈՐ ՎԱՏԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ ՝ ԴՐԱ  ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է:


Անի Մաղաքյան

понедельник, 11 февраля 2013 г.

Մի քանի ժամ առանց լույսի (Նշումներ նոթատետրի մեջ)


Ափսոս, որ մթության մեջ հնարավոր չէ գրել՝ մտածեցի ես և հեռախոսիս լույսը  ուղղեցի նոթատետրիս: Էլեկտրական վառարանի վրա չորացող մանկական հագուստը գոլորշի էր թողել պատուհաններին: Քրտնած ապակիների վրա միշտ էլ հաճելի ու զվարճալի է նկարելը: Մոտեցա պատուհանին ու փորձեցի վերարտադրել մանկությունից եկող կնոջ պրոֆիլը: Այն քույրս էր նկարում: ՆՐա մեջ գենետիկորեն է մտած նկարելը՝ հորիցս է փոխանցվել, հորս՝ իր պապից, սա նշում եմ, որովհետև իմ մեջ հորս պապից, մորիցս ու Հրանտ Մաթևոսյանից մեկ այլ ջիղ կա՝ բառեր նկարելը, իսկ գծերն ու դեմքերն իմը չեն: Բայց միևնույնն է փորձում եմ գծել խոշոր աչքը, գեղեցիկ շուրթերը, փոքրիկ քիթն ու երկար, տեղ-տեղ ալիքվող, տեղ-տեղ կլորացող շքեղ մազերը:  Փոքր էի, ուզում էի մեծանալ ու դառնալ այդ նկարի աղջիկը, երկար ու գանգուր մազերս այդ երազանքի արդյունքն են: Մտածում եմ այս ամենը, նկարում ու ժպտում միամտությանս վրա, որովհետև հասկանում եմ, որ քույրս մորս էր նկարում և ես էլ մինչև հիմա երազում եմ նրա նման լինել, թեև նկարել նրան երբեք էլ չեմ  կարողանա:
Ափսոս, որ մի կերպ եմ տեսնում թուղթն ու թանաքի թողած հետագիծը, բայց իմ տանը լույսը միանգամից երկու միտք է կտրում՝ իմ մուսան և աղջկաս երազաները: Թեև չեմ ուզում, որ նա սովորականից ավելի վաղ արթնանա, բայց հաճախ մոտենում եմ ու համբուրում թաթիկը և ճակատը՝ այդքան մաքուր, անմեղ, լուսավոր: Դե իհարկե՝ մայրական համբույրից չեն արթնանում այլ ավելի խորն ու քաղցր են քնում:
Ապակու վրա թողածս նկարները սկսել են հալչել: Աղջկա պրոֆիլը թվաց լաց է լինում, որ իրեն այդքան անճոռնի են նկարել: Նշանակում է այս տարի ձմեռը մեղմ է լինելու: Մթության մեջ աղջկաս շնչառույունը հեքիաթներ է հորինում ինձ համար ու հիշեցնում վաղուց մոռացված մեղեդիներ, հին լուսանկարներ ու հորս պատմած հեքիաթը պարծենկոտ գորտի մասին: Ես դեռ չգիտեմ որքան սիերմ ծնողներիս, որ արժանի լինեմ նրանց, չգիտեմ ինչպես համբուրեմ նրանց ձեռքերը տարածության միջից, որպեսզի առնեմ կարոտս ու հագեցնեմ ինձ: Չգիտեմ ինչպիսին պետք է լինլ, որ վստահ ասեմ՝ ես սիրել ու հավատարիմ եմ եղել ծնողներիս, ես սիրել ու հավատարիմ եմ եղել երեխաներիս՝ ահա այն երկու չափանիշները, որոնցով պետք է չափել մարդու ինքնությունը: Մնացածը իրավիճակի հետևանք է, պահի թելադրանք, ճակատագրի կամք կամ տրամադրության արդյունք, մնացածը կարծիքների փոխանակում է և շահերի բախում:
Փողոցում հերթով վառվում են լապտերները սենյակը դեղին լուսավորություն է ստացել: Փողոցը դատարկ է, մենակ: Մեզանից ով էլ այդքան մենակ լիներ, չէր դիմանա: Չնայած ես հավատում եմ, որ եթե մարդ կարողանում է ինքն իր մեջքը քորել, ուրեմն նա մեծ պոտենցիալ ունի միայնակ երջանիկ լինելու համար:  Մենակությունն էլ ծերանալու հատկություն ունի. չպետք է թողնես, որ պիտանելիության ժամկետն անցնի:
Գուցե շատ են մտքերս, բայց երկար-բարակ խոհագրություններ անելը առնվազն մեծամտություն է: Մութն էլ կամաց ծերացել ու արդեն ճնշում է: Աղջիկս քիչ-քիչ արթնանում է, նա չի սիրում քնից հետո մութը տեսնել և ես շտապում եմ վառել լույսը: Կտրվեց նրա երազների թելը, բայց ես նրան լիքը նոր հեքիաթներ կպատմեմ…

Անի Մաղաքյան     (Շավիղ+) 

четверг, 8 сентября 2011 г.

Բարև, հունցու՞ս… / Շավիղյան բլոգ շարքից


Եթե բակում դուք լսում եք մի քանի կանանց զրույց և մտածում, որ հնչյունների ավելի անհեթեթ միաձուլում չէր կարող լինել, եթե ասֆալտի միջից աճած անհայտ բույս եք տեսնում և նկատում եք, որ մեկ տարի առաջ ներկված ճանապարհի հոծ գիծը թարմությամբ չի զիջում հենց նոր ներկվածին և երեք ժամ պատուհանից նայելով ոչ մի մեքենա չի անցնում այդ նույն փողոցով, փոխարենը` երեխաներն այնտեղ գնդակ են խաղում, եթե փոշոտ, փայտի, երկաթի ու ապակու կտորներով լի բակում կախված է վառ կարմիր ու դեղին ներկված ճոճանակը, եթե խանութում հացի փոխարեն ձեզ ալյուր և խմորիչ են առաջարկում, եթե հորիզոնում միայն սարեր, լեռներ ու անտառներ են երևում և բոլոր անծանոթ կանայք բարևում են ձեզ յուրայինի նման, իսկ երեխաները ամեն անգամ տեսնելիս հարցնում են ` հունցու՞ս և վերջապես, եթե հասարակական տրանսպորտում երեք տարեկան աղջնակը իր մեկ տարեկան եղբոր համար երգում է` «իմ կուճուր ապեր ես քեզ սիրում եմ, ազատ Ղարաբաղ»` ուրեմն անհանգստանալու կարիք չկա ` ԴՈՒՔ ՇՈՒՇԻՈՒՄ ԵՔ… J

Շավիղյան բլոգի սիրելի ընթերցողներ, երջանկության որոնումներն ինձ բերել են այսօր Շուշի` հրաշալի մի վայր, որտեղ ես գտել եմ անցյալում բաց թողած բոլոր հրաշալի օրերիս փոխհատուցումը…

Շուշին հրաշալի աշխարհ է, յուրահատուկ մարդկանցով, հիանալի ճարտարապետական (ցավոք` հաճախ կիսաքանդ) շինություններով, որոնց արձագանքները կարելի է լսել ամեն անգամ մոտենալով նրանց:

Ես ապրում եմ չորսհարկանի շենքի վերջին հարկում, պատուհանից բացվում է կանաչ սարալանջի տեսարանը ու մեր շենքից ոչ շատ հեռու կիսաքանդ, ավելի քան մեկ դար ապրած հնագույն վարժարանի շենքը, որն անհնար է ներկայացնել բառերով, սա այն դեպքն է, երբ տեսնել է պետք:

Երբ դեռ ոչինչ չէի տեսել Շուշիում, իմ պատուհանին կից պատուհանից մի օր մի հրաշալի մանկական ձայն ասաց.

-Բարև, հունցու՞ս…

-Բարև, Լավ եմ դու ո՞նց ես,- ասացի ես` փորձելով ավելի լավ տեսնել նրա դեմքը

-Մեր Ջդրդյուզըմ ըլալի՞ս, պիտի քյնաս…

Նույն երեկոյան ես արդեն կանգնած էի հոգիդ, մտքերդ, սրտիդ զարկերն ու անգամ արյանդ կարմիր գնդիկները մի կետում հավաքող ահռելի բարձրությամբ ձորի պռնկին: Առջևում խիտ անտառ է, ներքևում գետ, թարմ քամին փաթաթվում է դեմքիդ, խառնվում մազերիդ մեջ, դու պարզում ես թևերդ և արդեն թռչում ես երկնքում պտտվող արծիվների կողքին ` ահա այսպիսն է Ջդրդուզը: Հիմա արդեն հաճախ եմ այնտեղ գնում հավաքում եմ մտքերս, հանգստանում եմ, թարմանում:

Հավատացեք Անի Մաղաքյանին, ոչ մի գիտական տեսություն, տեխնիկական նորամուծություն կամ հոգեբանական վերլուծություն չի կարող համեմատվել վերը գրվածի հետ, նույնիսկ ամենահրաշալի ֆիլմը ձեզ չի փոխանցի այդ զգացողությունը: Ի դեպ` ֆիլմի մասին, իմ նախորդ բլոգի թեմային արձագանքել են Շավիղի հավատարիմ ընթերցողներ Սիրանուշ Հովսեփյանը և Արմեն Մարտիրոսյանը: Սիրանուշի կարծիքով յուրաքանչյուր աղջիկ է երազում «հրեշի սիրո» մասին, սակայն քչերն են խոստովանում դա, Սիրանուշը ասում է`որ Շավիղյան բլոգում գտել է այն, ինչը հաճույքով կարող է քննարկել մտերիմ ընկերուհիների հետ: Արմեն Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Շավիղին հետաքրքիր թեմաների անդրադառնալու համար և խոստացել է հնարավորինս հաճախ գրել մեզ: Դե ինչ կսպասեմ ձեր հետագա նամակներին հարգելիներս: Իսկ ես ֆիլմեր դիտելու սովորությանս չեմ դավաճանել նաև Շուշիում: Այստեղ սկսել եմ նաև շատ գրել, հավատացեք գրելու նյութն անսպառ է, սա մի վայր է, որտեղ դու դառնում ես հարազատ բոլորի համար ինքդ էլ չհասկանալով` ինչպես:

Չգիտեմ դեռ որքան կմնամ այստեղ, բայց համոզված եմ, որ տեսնելու, բացահայտելու ու սովորելու շատ բան ունեմ: Եթե Շուշիի մասին որևէ բան է ձեզ հետաքրքիր գրեք ինձ և ես անպայման կպատասխանեմ: Նաև խնդրում եմ որևէ հետաքրքիր ֆիլմ խորհուրդ տվեք դիտել և մենք անպայման կքննարկենք այն մեր բլոգում: Գրեք միշտ, առաջարկեք թեմաներ, որոնց շուրջ կարող ենք զրուցել Շավիղյան բլոգում: Կսպասեմ ձեր նամակներին:

Հարգանքներով` ժամանակավոր շուշվեցի` Անի Մաղաքյան…

maghaqyan@gmail.com , ինձ կարող եք գտնել նաև facebook-ում …


կարդացեք TV ալիք շաբաթաթերթում