Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

пятница, 12 июля 2013 г.

Կասեի ինձ… (նշումներ նոթատետրի մեջ)

Միշտ էլ ուշ ենք հիշում ու հասկանում սխալները, միշտ էլ անժամանակ ենք իմաստանանում:
Ինձ սուրճը չի իմաստնացնում հիմա, բայց երբ թեյի բաժակով սուրճ եմ խմում, սկսում եմ ինձ ավելի հանդարտ ու հանգստացած զգալ, թեև հոգով նույն 15ամյա աղջիկն եմ, ով դպրոցի բուֆետի անհամ գաթաներ էր գնում ամեն օր միայն թե  բուֆետի ճանապարհին նրա դասարանի մոտով անցներ:
Այսօր փորձել եմ նույն գաթայից թխել, բայց ինչքան էլ ջանք թափեցի նույնքան անհամ չստացվեց, տարիքից է երևի ու մորս տված դասերից: Նոթատետրի մեջ գրելն էլ սուրճի ու գաթային հետ համահունչ ստացվեց: Այն ժամանակ օրագրեր էի լրացնում, մտածում էի, որ  10 տարի հետո կկարդամ դրանք ու կհիշեմ բոլոր հետաքրքիր ու ոչ հետաքրքիր դեպքերը, չգիտեի, որ հիշելու համար մոռանալ է պետք, մոռանալու համար՝ խելք:
Հիմա ինձ՝ 15 տարեկանիս, կասեի՝ «Մի գրիր ոչինչ օրագրերի մեջ, այն ինչ հետք է թողել հիշվելու է, մնացածը կարիք չկա որ հիշես: Երբ ամեն օր դասից տուն գնալիս մտնում ես գրախանութ ու գեղեցիկ գրիչներ ես տեսնում մի նեղվիր, որ չես կարողանում գնել դրանք, որովհետև գալու է մի օր, երբ հարյուրավոր այդպիսի գրիչներ գնելու հնարավորություն ես ունենալու, բայց  գրելու ես միայն համակարգչով, որքան էլ դա անհավանական թվա քեզ:
Մի մտերմացիր ոչ մի ընկերուհու հետ, որովհետև միակ մտերիմներդ քեզ հանդիպելու են բանասիրականի 3րդ կուրսում: Ի դեպ, մի ընդունվիր բանասիրական, որովհետև այն, ինչ դու դառնալու ես, թեև բանասիրության հետ անմիջական կապ ունի, բայց բոլորովին կապված չէ ստացածդ կրթության, ձանձրալի դասախոսությունների և քննական գնահատականների հետ:
 Հաճախ խմիր կանաչ թեյ, որովհետև գալու է ժամանակ, երբ սուրճից բացի ուրիշ ոչինչ քեզ չի հագեցնի, իսկ թեյը իմունիտետ կկուտակի մեզ համար:
 Մի մտահոգվիր այն չստացված հանդիպման պատճառով, որովհետև քո կյանքի կարևորագույն հանդիպումը հրաշալի է անցնելու: Մի սպասիր և մի փնտրիր, ՆԱ գալու է պատահական, այնտեղից որտեղից ամենաքիչն ես սպասում, գալու է միանգամից ու դու չես հասցնի ուշքի գալ երջանկությունից:
Մի շտապիր երազել հեռավոր երկրների մասին, որովհետև գալու է ժամանակը և դու սիրելու ես քո տունը: Գրիր քիչ, կարդա շատ: Հաճախ խոսիր մայրիկի հետ:
Գրպանիդ փողերը մի վատնիր բուֆետի գաթաների վրա, հավաքիր և կիթառ գնիր քեզ համար, որովհետև դու, անխելք, մինչև հիմա կիթառ չունես, թեև դա քո ամենաերազանքն է: Խոսիր քիչ, լսիր անսահման:
Զբաղվիր սպորտով, այն, որ դու երկու օրը մեկ ընկերուհիներիդ հետ գնում ես այգի, վազում 5 րոպե, հետո նստում ու շոկոլադ ուտում, հաշվի մեջ չէ:
Երբեք մի բացակայիր դպրոցից, կգա ժամանակ, երբ կերազես գոնե մեկ օր վերադարձնել այդ օրերից, որքան էլ դժվար լինի պատկերացնել, բայց դա այդպես է: Դպրոցը մեր կյանքում ամենաերկար տևող շրջանն է, որից ուզում ես մեկ օր շուտ ազատվել և գոնե մեկ օրով վերադառնալ:
Այդքան «չուղարկված նամակներ» մի գրիր Շավիղին, որովհետև դեռ ժամանակը չէ, որ այնտեղ լինես: Կգա նաև այդ ժամանակը և դու կտեսնես տպագրած քո առաջին պատմվածքը՝ «Բարի երթ» վերնագրով և կհավատաս, որ երթդ բարի է լինելու:
Եվ ընդհանրապես՝ այդքան մի մտահոգվիր, թեև դժվարություններ ու հիասթափություններ դեռ շատ կան առջևում, բայց ամեն ինչ լավ է լինելու: Եվ գիտես ինչ, դու լավ երաժշտություն ես լսում, կարդում ես լավ գրքեր, գնում ես լավ ներկայացումների, հանդիպում ես լավ մարդկանց հետ և ընդհանրապես ամեն ինչ ճիշտ ես անում, մի լսիր ապագայիդ, ոչինչ մի փոխիր, որովհետև հենց այդ սխալների, փորձանքների ու փորձությունների շնորհիվ դու այսօր ունես ավելին քան առաջ»:
Երևի այսքանն ասեի, կամ մի երկու բան էլ ավել, եթե հնարավորություն լիներ, բայց ավելի հավանական է, որ պարզապես շնորհակալություն հայտնեի «15ամյա ինձ», որ կամ այսպիսին և ապրում եմ այսպես:

Անի Մաղաքյան


Комментариев нет:

Отправить комментарий