Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком հուշեր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком հուշեր. Показать все сообщения

воскресенье, 9 августа 2015 г.

Կայծոռիկ


Կայծոռիկները լույսի հատիկներ են մթության մեջ, շատ մոտ թվացող աստղեր, որոնց բռնում էի, պահում ձեռքերիս մեջ ու մի աչքով թաքուն նայում, որ տեսնեմ ձեռքերիս մեջ նույնքան վառ լույս կտան, թե ոչ և լույսը քիչ-քիչ խավարում էր: Նրանց լուսավորողն ավելի շատ իրենց թռիչքն էր, ազատությունը: Այդ ազատ թռիչքի հմայքն ավելի վառ էր քան իրականում նրանցից արձակվող լույսը:
Մութը լույսի թեթևությամբ փռվում է տանիքների վրա: Ես քիչ-քիչ արագացնում եմ քայլերս՝ հիշելով կայծոռիկներով լուսավորվող արահետը, նայելով մայթերի վրա կռացած լապտերներին:
Յասամանի մեծ ծառը, որի շուրջ երեկոյան հավաքվում էին տնեցիք ու սպասում բացականերին, կտրեցին: Բակում խնձորենի կար, յասամանի ծառի ճյուղերը խանգարում էի դրան աճել ու պապս ընտրեց բերքատուն: Խնձորենին մի քանի տարի անց չորացավ: Անմեկնելի է բնությունը, երևի չորացավ, որովհետև կյանքում ամեն ինչ պետք է իր զույգն ունենա: Մենք այդպես ենք սովոր և ոչինչ մեզ չի փոխի:
Քաղաքում շոգ է: Արդեն ուշ է մթնում և շոգը երկարում է ակամա: Լապտերների լույսից ավելի է խեղդվում օդը և գիշերները դառնում են անտանելի: Արդեն տանը, ես հագնում եմ ծաղկած բալենու նկարով խալաթս և հերթական անգամ թերթում եմ հին ալբոմս, որպեսզի երբեք ոչինչ չմոռանամ: Երևի հեռանալիս պետք է բոլոր ալբոմները թողնել հայրական տանը, առհասարակ չպետք է վերցնել ոչինչ այն տանից, որտեղ անցել է մանկությունդ: Յուրաքանչյուր իր ամուր կպած է այն տանը, որտեղ իրեն սիրել են, որտեղ ինքը օգտակար է եղել:
Պապաս ասում էր, որ կայծոռիկները ցերեկը նույնպես թռչում են մեր շուրջ, բայց արևի լույսը շատ վառ է և դրա համար իրենց արձակած լույսը մենք չենք տեսնում:
<<Իսկ ինչ, եթե ցերեկը լուսավոր է, որովհետև կայծոռիկները թռչում են և ոչ ոք դա չի հասկանում...>>՝ մտածում էի ես: Ես ամեն օր անցնում եմ նույն խանութների և մրգերի ու բանջարեղենի տաղավարերի կողքով, ամեն օր գնում եմ հաց նույն խանութից և ամեն օր բարևում եմ բակում նստած պառավներին և համոզված եմ, որ դա ոչ ոք չի նկատում և եթե մի օր ես որոշեմ և դադարեմ անել այն ինչ անում եմ հիմա ամեն բացվող օր, ոչ ոք չի նկատի իմ բացակայությունը և աշխարհում ոչինչ չի փոխվի: Այդպես բնության մեջ ամեն ինչ պետք է իր զույգն ունենա, նույնիսկ մարդը, որպեսզի բազմապատկվի և նկատելի դառնա իր գոյությունը:
Գյուղում էլ ոչ ոք կայծոռիկներ չի տեսնում: Ասում են՝ վերացել են: Խավարը դրանց էլ է իրենով արել ու հաստատ ինչ-որ տեղ լույսի մեջ թռչում են արդեն հասարակ միջատներ, որոնց լույսն արդեն անիմաստ է:
Ես չգիտեմ իմ մենակությունն է նախընտրելի, թե մարդկանցով ու իրադարձություններով լի տունը, որտեղ անգամ սրճեփն է պատմություններ պատմում: Ես գիտեմ միայն, որ ոչ ոք չի վախենում միայնակ առավոտներից և կեսօրներից, բոլորը վախենում են միայնակ երեկոներից, որովհետև օրվա այդ ժամին բոլորը դառնում են մի քիչ սենտիմենտալ, մի քիչ տարբեր: Բայց ազատությունը միայնակ երեկոների գինն ունի:

Գիշերը նորից անձրև կգա, առավոտյան անձրևի ձայնը կլսվի խոնավ ասֆալտից: Տոթը թույլ չի տա տրվել վերհուշերին, մենակությունը կդառնա պատիժ այնքան ժամանակ, որքան օդը կանգնած կլինի անշարժ: Քամու հետ իրենք իրենց մեջ հաշտություն գտած հիշողությունները բույրեր կբերեն յասամանի ու ծաղկած բալենիների: Ես արդեն ինձ ու անցյալս վերագտած կշնչեմ նորից: Աննկատելի արագ է գալիս այն ժամանակը, երբ բառերը իրենց իսկական նշանակությունն են ստանում, ինչպես տասնութ տարեկանում անցյալը բառ էր ընդամենը, իսկ հիմա մի ողջ պատմություն: Այդպես որևէ հասարակ իր, գրիչ, կամ մատանի յուրահատուկ նշանակություն է ստանում, երբ մի քանի վայրկյանով հայտնվում է կարևոր մեկի ձեռքերում: Դու չես դադարում կրել այդ մատանին և չես դադարում գրել այդ գրիչով և խմել սուրճ այդ բաժակով և անվերջ նայել այն պատուհանից, որից ինքն է նայել, անվերջ տեսնելու այն պատկերը, որը ինքն է տարել իր աչքերի մեջ: Մենակությունն այդպես տեղ-տեղ ընդհատվում է մթությունը կիսող կայծոռիկների նման:


Հ.Գ. Ինձ թվում է, թե ինչ-որ մեկը մեկ աչքով նայում է իր ամուր փակած ափերի մեջ, որտեղ ես խավարել եմ արդեն: Ինձ թափահարում է, փորձում լույս ստանալ, արթնացնել, բայց խավարած լույսը էլ երբեք առաջվանը չի լինում, ես դա գիտեմ, որովհետև երբ կայծոռիկին բաց էի թողնում նա էլ լույս չէր արձակում:

Անի Մաղաքյան 

воскресенье, 24 мая 2015 г.

... դու կգնաս...


Եվ հետո դու կգնաս, չլինելու նման սովորական կլինի լինելդ...եվ դու կգնաս... Եվ ոտնաձայները չեն լսվի անձրևի տակ... եվ ընդհանրապես... քո ձայնի հետ ես ավելի եմ մոտենում անդարձ կորածին ու դա ցավեցնում է... չնվնվանք... ամեն ինչ գեղեցիկ է եղել... և լավ է, որ ընկերաբար չես բռնում ձեռքս հրաժեշտից առաջ... և սիրով չէ, և ոչ սիրահարված, այլ սիրելով... որովհետև կավի նման, որքան այրվեց, այնքան ավելի կարծրացավ մեր ձեռքերում խմորված սափորը... և մի օր այն հավեսով ասֆալտի վրա ջարդուփշուր անելու փոխարեն մենք խնամքով ու թաքուն պահում ենք... ում կամ ինչի համար... մենք գրում ենք, որ ապրենք հետո, ուրեմն արի բարին գրենք միայն... ես պատասխաններ չունեմ...առհասարակ չունեմ ոչինչ քեզ տալու...ես այդքան չունեի, այդ մեծը չէի ես... կներես, որ համառ չէի, որ մեծահոգի էի բոլոր քեզ սիրողների հանդեպ... ինչ եղել է, կամ կա սափորի մեջ փնտրիր, բայց էլի ժամանակավոր կիսատ-պռատ քո հուշերի համար վեր չհանես փոշին, որը հեղեղները վաղուց մաքրել են քաղաքիդ մայթերից... և մեզ էլ են մաքրել բոլոր այգիներից, տանիքներից ու փողոցներից, որտեղ դու վախենալով, թաքուն ուզում էիր բռնել ձեռքս... մենք էլ չկանք ոչ մի տեղ... կան հայացքներ, որոնք միայն ես և դու ենք հասկանում, կան բառեր, որոնց վրա միայն ես և դու ենք ծիծաղում ու կան վայրեր, որտեղ միայն մենք ենք եղել...բայց մենք էլ չկան ոչ մի տեղ... չնվնվանք... ամեն ինչ գեղեցիկ է եղել... դու կգնաս...ու չես զգա, թե ինչպես էր փշաքաղվել իմ շիֆոնե բլուզը... ինչպես մի վայրկյանում անհետացավ անհոգ անկարգությունն աչքերիցս... դու կգնաս... ինչպես ամեն անգամ... ուղղակի այսօր այդ ես քեզ բաց թողեցի...

Անի Մաղաքյան

вторник, 10 сентября 2013 г.

Ներկան ու անցյալից ետ փախչողը


Ճանապարհը հետս կիսող բարձրահասակ տղամարդը իմ տանից մի քանի քայլ հեռավորության վրա ինձ թողեց մենակ՝ ինքնուրույն ավարտին հասցնելու ամենադժվարը, նա փոքր խաչմերուկից թեքվեց աջ ու կորավ մթության մեջ: Երևի չէր էլ պատկերացնում որ երեկոյան ուշ տուն վերադարձողիս համար ինքը դարձել էր ակամա պաշտպան երևակայական և ոչ երևակայական բոլոր տեսակի փորձանքների դեմ: Մի պահ կարող էի պատկերացնել նաև, որ ես նրա համար հաստատ գոյություն ունեցող միայնությունը կոտրող անհաստատ ուղեկից էի, երևակայական զրուցակից կամ գարեջրակից ընկեր: Մենք միաժամանակ դուրս եկանք բառից և ճանապարհի մեծ մասը քայլեցինք անծանոթների նման՝ մտքում միմյանց հետ զրուցելով:
 Շենքի բակն ինձ համար անվտանգ հատված էր, բայց որքան չէի ուզում վերադառնալ իմ բնակարան, տեսնել մութ պատերը ու առավոտվանից չհավաքած անկողինը: Ձմռան ավարտին մոտ, երկարում են իմ զբոսանքի ժամերը՝ օրվա տևողությանը համապատասխան: Երբեմն սուր ցանկություն է լինում պարզապես նստել բաց պատուհանի մոտ ու շնչել, շնչել, շնչել… ներքևից հարևանս փայտե վառարան է վառում և խողովակներից թանձր քուլայով բաձրացող ծուխը լցվում է իմ բնակարան անգամ փակ փատուհանների ետևից: Բնակարանի մյուս թևը չափազանց մութ ու ցուրտ է առհասարակ տարվա ցանկացած եղանակի օդից, արևից ու կյանքից հաճույք ստանալու համար: Դա է իմ երկարատև զբոսանքների պատճառը:
Ամենադժվարը բակի միջով շքամուտքին հասնելն է՝ այդտեղ են դանդաղում քայլերս: Ճանապարհիս այդ վերջին, կարճ հատվածում ես հասցնում եմ հիշել բոլոր անցածներին և անցյալում համառորեն չհարմարվող Նրան: Մտքի ուժը հզոր է, հիշողությունները յուրատեսակ պատկերներ են ստանում, բայց անսպասելի էր դրանց մարմնացումը տեսնել շքամուտքի դիմացի նստարանին: Նա նայում էր իմ ութերորդ հարկի պատուհաններին՝ հավանաբար համոզված լինելով, որ վաղուց քնած եմ:
Կանգնեցի, թեև հիշում եմ նրա հետ կապված ամեն մանրուք, բայց մոռացել էի արտաքինը, մազերը, ձեռքերը, աչքերը՝  ոչ հայացքը: Փորձեցի ձևացնել, թե չնկատեցի, չճանաչեցի, բայց ձայն տվեց ինքը: Նա կանչեց ինձ անունով և հենց այդ պահին հիշեցի, որ մինչև հիմա Նա իմ անունը չէր ասել, նրա ոչ մի հնչյուն չէր արտասանել և երևի դա է եղել սերը, երբ անանուն, անհասցե,            
անժամ-անպատարագ ես Նրա համար:
 -Բարև, ոնց ես,-ասաց այնպես, ասես երեկ էինք բաժանվել
-Բարև
-Պատուհաններիդ շրջանակները փոխե՞լ ես, հազիվ գտա
-Հա, փոխել եմ, ինչ կա՞, ինչի՞ ես եկել
-Մոռացել էի, եկա վերհիշեմ
-Ի՞նչն էիր մոռացել
-մոռացել էի, թե ոնց ես թարթում աչքերդ, ոնց ես մազերդ կապում, ոնց ես ասում ինձ՝ իմըս
-իմըս,-անկախ ինձանից կըրկնեցի ու հորինածիս վրա ծիծաղս եկավ,- իմըս, բարի գիշեր:
Ստիպեցի ինձ շրջվել ու մտնել շքամուտք, բայց Նա չէր գնում, Նրա հայացքը հետևում էր ինձ ու ցավեցնում աչքերս, որովհետև ես անգիր գիտեմ Նրա դեմքի ամեն մի մկան: Վերջապես խոսեց նորից.
-Առաջ այս ժամին վաղուց քնած էիր լինում
-Գիտեմ, աղջիկները հրավիրել էին զրուցելու ու գարեջուր խմելու, հետո ես դուրս եկա մի անծանոթի հետ միաժամանակ ու նա ուղեկցեց ինձ տուն՝ ինքն էլ այդ մասին չկասկածելով
-կզանգեիր ինձ, ասել եմ չէ, ուր էլ լինեմ, երբ էլ լինի ես կգամ
-«… ու շաղ կտամ հարդագողի փոշին շեմքիդ վրա»
Ժպտացինք մեր բանաստեղծության վաղուց չընթերցված տողը հիշեցրեց երբեմնի հարազատությունը, բայց երկուսիս մեղքի բաժինը գերակշռող էր: Ներկան ու անցյալից անընդհատ ետ փախչողը կանգնել էին իրար դիմաց ու բողոքարկում էին իրենց իսկ հնչեցրած դատավճիռը: Բայց հնացած ցավը թունդ է ու ամեն մեկը չէ, որ կարող է կուլ տալ, ես էլ  այդ թույլերից եմ: Շքամուտքից դուրս թափանցող դեղին լույսը հիվանդ երանգներ էր ավելացրել նրա դեմքին և ես չէի էլ ուզում պատկերացնել, թե ինչ կա հիմա իմ հայացքի մեջ, արդյոք հասկացե՞լ է, որ մոռացել էի իր մազերը, ձեռքերը, աչքերը՝ ոչ հայացքը:
-Դեռ գրու՞մ ես,- հարցրեց կիսաժպիտ
-քիչ, շատ քիչ
-Իմ պակասն է
-հանգիստ, հանդարտ կյանքից է, գրելու համար սրտեր կոտրել է պետք, անընդհատ սիրահարվել ու բաժանվել է անհրաժեշտ
-ի՞նչն է խանգարում
-երևի…դու…դու ես խանգարում, ինչ որ մի բան քեզ ետ է բերում միշտ
-ու ետ տանում…
Երկուսս էլ հասկացանք, որ այս վերջին անգամն է, երբ հանդիպում ենք իրար հիշելու համար: Ես անխոս շրջվեցի և առաջին անգամ թիկունքիս չզգացի նրա հայացքի այրոցը ու առաջին անգամ անհամբերությամբ բարձրացա բոլոր ութ հարկերը՝ չբողոքելով մշտապես անսարք վերելակից: 


Գարեջիրից թեթև թմրածությունը անցել էր, սիրո ու բաժանումի մեջ եղած տարածությունը կրճատվել էր հազար անգամ և կյանքը առաջվա պես հրաշալի էր: Գարնանը ամեն ինչ ավելի լավ կլինի, երբ հարևանս այլևս վառարան չի վառի և ես կնստեմ բաց պատուհանի մոտ ու կշնչեմ, կշնչեմ…կշնչեմ:


Անի Մաղաքյան 
Կարդացեք TV ալիք շաբաթաթերթում

Մեծ տատիս շալերը

2013-ին մեծ տատս ուղիղ 100 տարեկան կդառնար :

…շատ էին:Առաջինը բարակ էր կապում էր միայն ճակատը ծածկելու համար, բայց դա ամենագեղեցիկն էր, որովհետև քանի հատ շալ էլ որ կապեր առաջինը երևալու էր ճակատի վրա: Երկրոդը կապում էր դնչի տակ՝ ռուսների նման, անունն էլ «կասինկա» էր: Երրորդը կապում էր ետևից՝ վզի մոտ, այս մեկը կամ ծաղկավոր էր լինում, կամ գծավոր, սա մազերը ամուր պահելու համար էր: Վերջինը ամենահաստն էր, սովորաբար սև էր լինում կամ մուգ շագանակագույն, սա էլ մյուսները ծածկելու համար էր:
-Տատ, էդքան շալ ինչի ես կապում, վերջինը կապի հերիք է էլի,- մի օր ասացի նրան:
Բայց չպատասխանեց, շարունակեց լուռ բերանում խաղացնել սուրճի հատիկները՝ատամների ցավի դեմ, լնդերի քորի համար:
Մեծ տատս իր շալերի պես հերթով դեղեր էր խմում: Իմ «դեղասեր» տատը ամեն ցավի դեմ ճար ուներ, ամեն հիվանդության համար՝ դարման:
-Սա շատ լավ դեղ ա, մեկն էլ դու խմի,- ասում էր կողքի նստածին ու հերթով խմում դեղին, կանաչ, սև ու սպիտակ դեղերը, որոնք պահում էր փոքր արկղի մեջ իր մահճակալի կողքին: Թե որքան էի սիրում այդ արկղը փորփրել ու որքան էի հավանում այդքան շատ դեղերի իրար խառնված հոտը՝ ուրիշ պատմության նյութ է, միայն կասեմ, որ այդ արկղի մեջ մեծ տատս ծխախոտի գլանակներ էր պահում: Ատամների շատ ուժեղ ցավի ժամանակ մի քանի քուլա ծխում էր բոլորից թաքուն՝ բոլորից, բայց ոչ ինձանից, որովհետև ես փոքր էի, հետաքրքրասեր ու գիտեի այդ փոքր տան մեծ մարդկանց բոլոր թաքստոցներն ու գաղտնիքները: Գիտեի, որ մեծ տատս գիշերները հանում էր մեծ պապիս նկարից կախված տերօղորմյան ու երկար պահում ձեռքերում՝ կարոտն առնում և նախքան լույսի բացվելը կախում տեղը: Ես սա գիտեմ, որովհետև քնում էի մեծ տատիս սենյակում, ուղիղ մեծ պապիս նկարի տակ:
Երբ տանը մենակ էինք մնում տատս ինձ ուղարկում էր մեծ պապիս անձնական իրերի փոքր ճամպրուկի ետևից: Պապս այնտեղ պահում էր իր հորինած հեքիաթների, բանաստեղծությունների ձեռագրերը, լուսնի օրերի հաշվարկներն ու այլ գրառումներ, օրինակ ՝ «1977թ. –ին մայիսին ձյուն եկավ, շատ ցուրտ էր», կամ «1965թ.-ի ամռանը մեր գյուղում կարտոֆիլի լավ բերք էր»: Պապս այնտեղ էր պահում նաև իր եղբայրների բանակից ուղարկած նամակները, նրանց բանաստեղծություններն ու այլ ձեռագրեր: Մեծ տատս հերթով բացում էր, կարդում, հանում էր ճամպրուկից պապիս սափրվելու պարագանները, հետո նույնությամբ դասավորում էր ու ես տանում էի այն դնում իր տեղում, որ ոչ ոք չիմանա: Տատս սիրում էր պատմել իր ջահելությունից: Նա պատմում էր, որ մի օր, երբ պապիցս նամակ է ստացել, հորեղբայրը նկատել է, իսկ ինքը այդ նամակը կերել է, որ սիրելիին չմատնի: Պատերազմի ու գերության տարիների պապիս սպասող փարոսն է եղել մեծ տատս ու առողջությունը գերմանական ճամբարներում քայքայած նրա միակ բժիշկն ու ուժը: Իսկ հետո, այդ նույն ուժով մենք բոլորս էինք նրան սիրում: Ես ամենաշատը սիրում էի նրա կողքին նստել, խաղալ նրա ձեռքերի հետ ու լիքը-լիքը հարցեր տալ:
Առավոտյան շատ վաղ էի արթնանում, որ տեսնեմ, թե ինչպես է նա հերթով կապում իր շալերը: Իսկ երեկոյան ես էի քանդում կապ գցած ծայրերն ու հիանում նրա անսահման ճերմակ մազերով: Նրա շալերից թեթև ողու հոտ էր գալիս, որովհետև գլխացավի կամ հոդացավերի ժամանակ տատս վզին օղի էր քսում:
Տարիներ անց հասկացա, որ կյանքս նույնքան բազմաշերտ, բազմանշանակ էր՝ համեմված օղու թմրեցնող հոտով, որքան Աստղիկ տատիս շալերը: Ու թեև աշխարհը երբեք չի դավաճանում մեզ և անմահության խոստում էլ չի տալիս, բայց նրա ներկայությունը անվիճելի է՝ անկախ գտնվելու վայրից: Իր կյանքի նման դժվար ու հեշտ նրա հայացքներում միշտ հիացմունք խրախուսանք ու ջերմություն կար: Նրա աշխարհը մերից տարբեր էր, նրա տեսած ու լսածը՝ մեզ անհասանելի:
Նրա ծննդյան օրից անցած այս հարյուր տարիները նրա գեղեցիկ, ծաղկավոր, գծավոր, սև ու սպիտակ շալերի նման էին՝ առաջինը ամենագեղեցիկն էր, երկրորդը՝ դնչի տակ էր կապում, երրորդը մազերը ամուր պահելու համար էր, վերջինը՝ ամենահաստն էր՝ նախորդները ծածկելու համար…

                                                                                   Անի Մաղաքյան