Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

понедельник, 9 мая 2011 г.

ՓՈՒՇԸ



- Էն Արթուրին, որ 5000 մանեթ տաս քեզ կտանի քաղաք հետ կբերի…,- տեսնելով հարևանի մոլորված հայացքը` առաջարկեց Անդրանիկ բիձեն ու գլուխը կախեց` ինքն իր ասածից հիասթափված:

- Իմ ունեցածն էլ էդ հինգ հազարն է, որ դա էլ Արթուրին տամ, բա բժշկին ի՞նչ տամ

Լռեցին

- Չնայած մի երկու լիտրանոցով անարատ մեղր ունեմ

Անդրանիկ բիձի դեմքին փոքրացած, կնճիռների մեջ կորած աչքերը աշխու

ժ խաղացին

-…բայց դե ի՞նչ իմանամ հիմիկվա բժիշկներըասում են ` քաղաքում ամեն ինչ էլ կա, դու իրանց փողը տուր , նա կուզի տնական մեղր կառնի, կուզի ` իմպռտնի

Բիձի աչքերը նորից հանդարտվեցին ու հառան Սևաքարի երկու սուր գագաթներին:

-Էսօր էլ համբերի , առավոտ ծեգին ես ու դու ավտոբուսով կգնանք… 500 մանեթ ա եղածը:

-Անդրո համբերելը որն աասում եմ` էս անտեր ցավը բաց չի թողնումմի դարման էղներ պրծնեի

Երկուսն էլ հ

ասկացան` որոշումն ընդունված է, կգնան միասին հաջորդ օրը:

Առավոտյան հարևաններն արդեն սպասում էին գյուղից քաղաք մեկնող ավտոբուսին:

Բացի իրենցից մի քանի մեկնող էլ կար ` Սիմոնանց Վասիլն էր, Աթաբեկանց Գերասիմն էր, Վարչապետանց Մանուկը, Անաստասի հարս Սվետը և այլն:

Անդրանիկ բիձի մի ձեռքը գրպանում կոպեկներ էր զնգզնգացնում: Հաստ, կապույտ կտորից կարած պայուսակը հենել էր ոտքերին ` դրսից ուրվագծվում էր ներսի պարունակությունը` երկու լիտրանոց բանկա էր: Անդրանիկ բիձու հիվանդ հարևանը` Սերոբը վիզը հաստ շարֆով փաթաթել էր ու պատի տակ նստել: Արդեն հինգ օր էր կոկորդը ցավում էր, խեղտող բան կար, չէր կարում հաց ուտի, ջուր խմի, վերջին երկու օրն էլ հազիվ էր խոսում:

Ավտոբուսն ուշանում էր: Անաստասի Հարս Սվետը մոտեցավ Սերոբին ու թե.

-Սերոբ բիձա, ո՞նց ես… ասում են …

-Ոչ մի բան էլ չեն ասում Սվետ, գործիդ գնա,- ընդհատեց Անդրանիկը ու կանգնեց հարևանի կողքին,- չե՞ս տեսնում` մարդը կուչ ա եկել, մի բուռ ա դառել… խոսացնում ես, որ կնանոնցով հետո խոսալու բան ունենա՞ք…

Սվետը ցուցամատով ասես երկինքը ցույց տվեց, ինչը նշանակում էր, թե ինքը հեչ չհասկացավ Անդրանիկ բիձու վրդովմունքի պանճառն ու գնաց իր առաջվա տեղում կանգնեց: Աթաբեկանց Գերասիմը թե.

-Անդրանիկ բիձա, կնիկ էր ուզըմ էր իմանա Սերոբ բիձեն ոնցա , էդ խի տենց ջղայնացար…

-Տո դու էլ սուս մնա, սիրտներս նեղ, չգիտենք էս մադու հալը ոնց կլինի, բա հարցուփորձի վախտ ա՞… հիմի կուլտուրական զրուցների վախտը չի…

Սերոբը զարմացած նայեց Անդրանիկին ու ունքերը խոժոռեց, երևի ինքն էլ չէր պատկերացնում, որ իր վիճակն այդքան ծանր է:

Ավտոբուսը բարձր ղռռոցով մտավ գյուղամեջ: Արդեն մի քանիսը նստած էին, սպասողներն էլ տեղավորվեցին ու ճանպարհ ընկան դեպի քաղաք:

-Հը, ժողովուրդ ո՞նց եք,- ասաց վարորդը իմանալով որ գյուղից դուրս գալուն պես բոլորն սկսելու են զրուցել դեսից դենից: Բայց այս անգամ ձայն հանող չեղավ,- ժողովու՞րդ, ասում եմ ` ո՞նց եք… ով ինչի՞ համար է գնում քաղաք…

Անդրանիկ բիձեն , թե.

-Խաչիկ ջան, ժողովրդին, որ կայարան հասցնես, ամեն մեկն իրա գործը գիտի կգնա կանի, էլ քննություն մի վերցրա…

-Ի՞նչ ա եղել Անդրանիկ բիձի, նեղացած ես խոսում…

-ԷԷԷ, սրտովս գնա…

-Էդ չլինի՞ Սերոբին տանում ես հիվանդանոց…

-Խաչիկ ջան կարող ա՞ կայարանից հետո ինձ ու Սերոբին հասցնես հիվանդանոց…

-հա բա ոնց… բա հո չեմ թողա մենակ գնաք…

-Խաչո ջան, դե որ տենց ա, ինձ էլ բազարի մոտ կիջացնես…

-Ինձ էլ մեր Սիրանուշանց տուն կտանե՞ս

Սերոբ բիձի ունքերն էլի խոժոռվեցին:

-էէէ, ժողովուրդ, ժողովուրդ… տենց չեղավ, էսքանիդ ո՞նց հասցնեմ տարբեր տեղեր…մենակ Անդրանիկին ու Սերոբին կտանեմ հիվանդանոց ու պրծ…

Մեկ ժամ անց արդեն քաղաքում էին: Կես ժամ անցած Սերոբն արդեն սպասում էր բժշկի մոտ իր հերթին:

Բժիշկը երիտասարդ տղա էր: Խոսելիս մեկ-մեկ ռուսերեն բառեր էր օգտագործում, Սերոբ բիձեն նեղվում էր: Սաղ կյաքը հանդերում ու չոլերում ապրած մարդ ` ռուսերեն որտեղի՞ց իմանար: Անդրանիկ բիձեն էլ էր Սերոբի հետ ներս մտել ու շատ ուշադիր հետևում էր բոլոր հարցերին ու հաճախ ինքն էր Սերոբի փոխարեն պատասխանում:

-տակ, ի՞նչ գանգատներ ունես պապի

-կոկորդնա ցավում,- ասաց Անդրանիկ բիձեն

-Տակ, ինչպիսի ցավ է, խու՞լ, ծակո՞ղ, քերող…

-Ծակող, որ խոսում եմ քերող…,- հազիվ լսելի ասաց Սերոբը

-Տաաաակ,- ծոր տվեց բժիշկը,- ինչքա՞ն ժամանակ է …

-Արդեն հինգ օր,- արագ ասաց Անդրանիկը

-Վեց,- ճշտեց Սերոբն ու խեղճացած նայեց Անդրանիկին

-Տակ-տակ…

Բժիշկն սկսեց շոշափել Սերոբի կոկորդը

-Ցավու՞մ է… իսկ էսպե՞ս… տակ… բա էսպե՞ս…

Վերջին <<էսպեսն>> այնքան ուժեղ թվաց, որ Անդրանիկ բիձեն տեղից վեր թռավ.

-Վա, այտա, կամաց, խեղդեցիր, յաաաա….

-Չեմ խեղդի,- ժպտալով ասաց բժիշկը,- վսյո յասնո ,- ասաց նա և սկսեց հագնել ռետինե ձեռնոցները…

Սերոբը զարմացած ու խուճապի մատնված հայացքով նայեց Անդրանիկին.

-Ասում ա` ամեն ինչ պարզա…,- կամաց ասաց նա,- բժիշկ ջան, իսկ ավելի կանկրետնի չե՞ս ասի..

-դե, ինձ թվում է կոկորդում ինչ որ բան կա, կամ ոսկորի փոքրիկ մնացորդ, կամ փուշ, բացեք ձեր բերանը, հիմա կտեսնեմ,- ծոր տալով ասաց բժիշկն ու սկսեց ուշադիր զննել ` ինչպես Անդրանիկին թվաց , Սերոբի բերանի ներսը:

-Վոտ ի վսյո… ,- ուրախ ձայնով ասաց բժիշկը ձեռքին բարձր բռնելով պինցետը` ծայրին ձկան փուշ…

-Սերոբ վսյո, պրծավ…բացի աչկերդ,- ոգևորված ասաց Անդրանիկ բիձեն:

Սերոբը նայեց փոքր փշին ու հիշեց, որ վեց օր առաջ ինքն ու Անդրանիկը ձուկ էին կերել: Ոնց էլ մտքով չէր անցել, որ փուշն է նեղողը:

Բժիշկը լվացվում էր, Անդրանիկը մոտեցավ, թե.

-Բժիշկ ջան ի՞նչ ենք տալու

-ոչիչ պետք չի, արածս ի՞նչ էր, որ…

-Չէ, չեղավ, արածդ էն էր, որ ոչ թե մենակ Սերոբի կոկորդի փուշը հանեցիր, իմ սրտի քարն էլ պոկեցիր… Սերոբը լավ անարատ մեղր ա բերել, վերկալ, էրեխեքդ կուտեն…

-Բայց ես երեխա չունեմ պապի ջան,- ժպտալով ասաց բժիշկը..

-Ավելի լավ ` դու կուտես,- ծիծաղեց Անդրանիկ բիձեն ու կապույտ հաստ կտորից կարած պայուսակը դռան կողքից վերցրեց դրեց բժշկի սեղանին, ընկավ Սերոբի թևն ու դուրս եկան:

Գյուղ գնալու ճանապարհին Անդրանիկ բիձեն Անաստասի հարս Սվետին ասաց.

-Աղջիկ ջան, Սերոբն արդեն լավ ա…

Սվետը սկսեց ծիծաղել, իսկ հետո ողջ ավտոբուսը :

Սերոբը գլուխը դրել էր Անդրոյի ուսին ու վերջին վեց օրվա ընթացքում առաջին անգամ խորը քնել:

Անի Մաղաքյան / կարդացեք TV ալիք շաբաթաթերթի նոր համարի ՇԱՎԻՂ+ գրական էջում...

Комментариев нет:

Отправить комментарий