Ամեն օր երևանյան փողոցներով
հազարավոր կանայք են գնում աշխատանքի, համալսարան կամ սիրելի սրճարանում ընկերուհիների
հետ զրուցելու: Նրանք բոլորը գիտեն՝ այսօրը կարող է որոշիչ լինել և արքայազնը կհայտնվի՝
սպիտակ, շքեղ մեքենայի ղեկին: Մի օր ընկերուհիս ասաց, որ այսքան ուշացումով իրեն հասնող
արքայազն առնվազն պետք է թագավոր դարձած գա, բայց չէ՞ որ թագուհիներ հազվադեպ են երիտասարդ
լինում:
Մենք՝ իսկական ռոմանտիկներս…
Ես հասկացա՝ չամուսնացած կանայք
բաժանվում են երկու խմբի ՝ նրանք ովքեր սպասում են, որ իրենց կգտնեն և նրանք, ովքեր
ակտիվ փնտրտուքների մեջ են: Եվ մեկը և մյուսը ի վերջո բախվում են մեկ այլ խնդրի հետ՝
կամ իրենք են լավ թաքնվում, կամ արքայազները:
Այդ դեպքում ինչպե՞ս գտնել
այն միակ տղամարդուն, որի հետ համատեղ կյանքը չի դառնա անիմաստ ապրած օրերի հավաքածու՝
կեղտոտ սպիտակեղենի կույտի նման, որը ոչ դեն նետել է լինում, ոչ լվանալ:
Մի՞թե հիմա այդքան դժվար է
դարձել սիրո օբյեկտ գտնելը: Երևի մի քիչ առարկայացված եմ գրում, բայց արդյո՞ք Երևանի
փողոցները բացառապես բարձրակրունկներով չափչփող կանանց մեծ մասը հենց իրենք չեն առարկայացնում
սերն ու դրանից բխող հետևանքները:
Ինչու՞ չի ամուսնանում իմ
30ամյա ընկերուհին, որովհետև սպասում է իսկական սիրո, որովհետև ռոմանտիկ է : Մենք՝
իսկական ռոմանտիկներս, վերացման շեմին ենք, իսկ տղամարդիկ դեռ սպասում են չառարկայացված
արժեքներով ու սիրելու մեծ ցանկությամբ ապրող կանանց: Կանայք իրենց հերթին կորցրել
են հավատը, որ նման տղամարդիկ դեռ գոյություն ունեն: Համենայն դեպս դրանում լիովին
համոզված է իմ չամուսնացող ընկերուհին, ցիտում եմ՝ տղամարդիկ ուզում են գտնել կույր,
խուլ և համր կնոջ, ով ամեն վայրկյան պատրաստ է նրա հետ անկողին մտնել:
Ինձ սկսում էր թվալ, որ ես ընդհանրապես միակ կինն
եմ, ով դեռ հավատում է այն առասպելին, թե տղամարդիկ պատրաստ են իրենց կյանքը կապել
խելացի և կայացած կանանց հետ, ով կարող է լինել և հետաքրքիր զրուցակից, և հոգատար կին,
և գեղեցիկ սիրուհի:
«Զանգ Սկեսուրին »
Ընկերուհիներիցս մեկը իր ընտրյալին
հանդիպել է վերջինիս մոր նախաձեռնությամբ և հիմա միայն նախանձել կարելի է այդչափ ներդաշնակ
զույգին: Գուցե երջանիկ ամուսնության գրավականներից
մեկը քո տղամարդու մորը դուր գա՞լն է: Հայտնի է, որ ամուսնության պատրաստ տղամարդկանց
80 տոկոսը ենթագիտակցորեն ընտրում են իրենց մորը նման կին: Եթե հաշվի առնենք այն փաստը,
որ տղամարդիկ հավերժ երեխաներ են՝ հոգատարության և խրախուսանքի մշտակա պահանջով, ապա
կարելի է հավատալ վերը նշված վիճակագրությանը: Դէ եթե դու նաև հաջողացրել ես իսկզբանե
դուր գալ նրա սիրելի մայրիկին, ուրեմն գործի կեսն արված է:
Հիշողությունն այն մասին,
որ ես իմ ապագա սկեսուրի հետ ծանոթացել եմ մեր նշանադրության օրը, ինձ վախեցրեց: Ի՞նչ
կլիներ եթե նա ինձ չհավաներ, իսկ միգուցե չի հավանել, բայց արդեն ուշ է եղել, որևէ
բան փոխելու համար: Շտապ զանգ սկեսուրիս… լսելով նրա ջերմ ձայնը հասկացա՝ պարզապես
երջանկացրեք նրա տղային և ամեն ինչ լավ կլինի :) :
Նրա փողկապը քո ձեռքերում
Ես սկսեցի լուրջ անհանգստանալ,
երբ սոցիալական ցանցերից մեկից ինձ ծանոթ մի տղամարդ, ինչու՞ չես ամուսնանում հարցիս
պատասխանեց՝ «Քո կյանք մտցնել մեկին, ով պատրաստ սպասում է հարմար առիթի քեզ ոչնչացնելու
և քո փոխարեն մեկ ուրիշին ստեղծելու համա՞ր, երբեք: Ավելի լավ է ազատության իմ չափաբաժինը
վատնեմ մենակության մեջ, քան լսեմ դատավճիռս՝ ձեր պատժամիջոցն է ամուսնական մեկ կյանք»:
Ոչ ոգի չի ոգևորի մի օր սեփական
մարմնում մեկ այլ մարդու գտնելու հեռանկարը, բայց ամուսնությունը անվանել պատժամիջոց
համաձայնեք՝ չափազանց է:
Ամերիկացի գրող Ֆիլիս Մակգինլին
ասել է՝ «Հարմարվել տղամարդկանց հետ ապրելուն հիմնական խնդիրը չէ, կարևորագույն հարցը
ընդհամենը մեկ տղամարդու հետ լեզու գտնելն է»:
Բայց ո՞վ է գլուխ հանում այս
տղամարդկանցից՝ մի օր ամուսնանում են քեզ հետ, հետո հայտարարում, որ դու փորձում ես
իրեն փոխել, մինչդեռ դու նրա համար ընդհամենը նոր փողկապ ես գնել, որովհետև հնի գույնը
չի համընկնում քո պայուսակի գույնի հետ:
Այնուամենայնիվ, պարզվում
է տղամարդիկ վախենում են կանանց արտաքնապես աներևույթ ուժերից: Ես դրանում վերջնականապես
համոզվեցի, երբ խոսեցի ծանոթներիցս մեկի հետ: Դավիթը 27 տարեկան է: Չի ամուսնանում
միայն մեկ պառճառով՝ վախենում է: Տարօրինակ է, բայց մինչ հիմա ես համոզված էի, որ ամուսնանալիս
միակը, ով պետք է վախենա՝ կինն է: Դավիթն ասաց, որ վախենում է չարդարացնել այն ողջ
սպասումների, ցանկությունների ու երազանքների տեղատարափը, որ ունի 22-ից բարձր տարիքի
կինը: «Կանայք նայում են մեզ, որպես նպատակներին հասցնող անխափան մեքենա և որ ամենասարսափելին
է՝ իսկ եթե նա ամուսնանա ինձ հետ միայն նրա համար, որ կողքից տեսնեն՝ իր հետ էլ ամուսնացող եղավ»,- ասաց Դավիթը մտահոգ
նայելով սուրճի դատարկվող բաժակի մեջ, երբ հյուրընկալվել էր ինձ ու ամուսնուս:
Ի դեպ՝ ես ամուսնացած եմ:
Ամուսնացել եմ բացառապես վեհ զգացմունքների ազդեցության տակ, դեռ չեմ հասցրել փոշմանել
քայլիս համար, բայց հասցրել եմ հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ եթե ամուսնանալ ուրիշների
համար, ապա ապրել և բազմանալ նույնպես քեզանից անկախ և ի տես հարևանության:
Կահույք-կի՞ն, ամուսնության սինդրո՞մ, թե՞ Սեր…
Վերջապես, եթե հարյուրավոր
կանայք հրաժարվեն կարծրացած համոզմունքից, որ տղամարդիկ փնտրում են իրենց տան ներքին
հարդարանքին հարմար կահույք-կին, ով նաև անկողնում է պիտանի, և եթե տղամարդիկ վերանայեն
իրենց հայացքները կանացի քմահաճույքների հանդեպ և չհավատան կանանց ամուսնության սինդրոմի
մասին առասպելին ու չվախենան մի քիչ ռոմանտիկ լինել, գուցե այդ դեպքում շատ միայնակ
ոտնահետքեր գտնեն իրենց ընկերոջը՝ Երևանյան փողոցներով զբոսնելու համար: Չպետք է մոռանալ
նաև, որ հաջողակ ամուսնության հիմքը սիրո պարտադիր առկայությունն է և ցանկալի է, որ
այն անընդհատ ադրենալինի նոր չափաբաժին ստանա:
Комментариев нет:
Отправить комментарий