Ղարաբաղյան շարժումն այս տարի դառնում է 25 տարեկան: 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանը, երկրի Սահմանադրությանը համապատասխան, որոշում ընդունեց և դիմեց Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար: Այսպես սկսվեց, պատերազմում կոփվեց և նվաճած անկախությամբ ամրապնդվում է արցախցու ազատ կամքի ճանապարհը:
Պատմական այս շատ կարևոր իրադարձությունների կենտրոնում եղել են նաև հերոս կանայք: Նրանցից մեկին Շուշիում հանդիպել և LADYNEWS-ի համար հարցազրույց է անցկացրել Անի Մաղաքյանը:
Շուշիի ձյունաշատ փողոցներով շտապում էի հարցազրույցի: Դուռը բացեց հերոսուհուս մայրը: Ցածրահասակ, աշխույժ տատիկը ներս հրավիրեց:
Հողաթափեր տվեց ու ձեռքով ցույց տվեց կողքի սենյակում համակարգչի առաջ նստած կնոջ ուղղությամբ: Կարինեն ժպիտով դիմավորեց ինձ. ղարաբաղյան հյուրընկալությունն իրենն արեց: Մուրաբայով տաք թեյը խմելով՝ սկսեցինք զրուցել:
Կարինե Դանիելյանը 51 տարեկան է, մասնագիտությամբ հաշվապահ է: Վեց տարի աշխատել և ապրել է Ռուսաստանում: Լեռնային Ղարաբաղի ազատագրական պատերազմին մասնակցության համար արժանացել է Արիության, Մայրական երախտիքի, Մարշալ Բաղրամյանի անվան, Երկրապահների, Մարտական ծառայության և Վազգեն Սարգսյանի անվան շքանշանների: Պատերազմը մի քիչ իմաստնություն, մի քիչ հանգստություն ու զսպվածություն է ավելացրել նրա կերպարին: Կռվի տարիներից պատմեց գրեթե միշտ ժպիտով՝ փորձելով թաքցնել աչքերում պատերազմի թողած մշուշը: Այսօր նա հազվադեպ է դուրս գալիս տնից: Զենքը ձեռքերում հմտորեն պահած կինը հիմա նույնքան վարպետությամբ է գործածում հելյունը և գործում խաղաղության խորհուրդն ունեցող ճերմակ ծաղիկներ:
Ես Պյատիգորսկում էի, երբ իմացա, որ թուրքերը հորս ծեծել են, ինչի պատճառով նա կորցրել էր տեսողությունը: Ամեն ինչ թողեցի, եկա Ստեփանակերտ. որոշել էի ծնողներիս տանել Պյատիգորսկ, բայց ծրագրես խափանվեցին, երբ իմ վերադարձից մի քանի օր հետո հայրս մահացավ: Ես մնացի մորս հետ: Որոշեցի չվերադառնալ Ռուսաստան. իմ տեղն իմ հայրենիքում էր:
Իսկ ինչպե՞ս որոշեցիք մասնակցել պատերազմին:
Ուրիշ տարբերակ չէր էլ կարող լինել. հայրենիքիս պաշտպանությանը մասնակցելն ինձ համար այնքան բնական էր, որքան ապրելը: Դա իմ պարտքն էր, իմ իրավունքը: Հայրենիքի հանդեպ սերը հավասար է ծնողիդ հանդեպ ունեցած սիրուն, բոլորս էլ պատրաստ ենք վտանգի ժամանակ պաշտպանել մեր ծնողներին, այդպես էլ հայրենիքի դեպքում է:
Հետաքրքիր կլիներ իմանալ Ձեր մոր արձագանքը. ինչպե՞ս ընդունեց այդ որոշումը:
Դա առաջին պատն էր, որ պետք է քանդեի. Իհարկե, շատ երկար տևեց մորս համոզելը, բայց իմ որոշումը վերջնական էր, մայրս ստիպված էր համակերպվել:
Կարելի՞է ասել, որ պատերազմին մասնակցելու որոշումը կապված էր նաև Ձեր հոր հետ կատարվածի հետ, վրեժի զգացողություն կա՞ր:
Ես հայրենասիրության մթնոլորտում եմ մեծացել: Իմ նպատակը Ղարաբաղը, Շուշին մաքուր տեսնելն էր, որպեսզի մեր արյունը մաքուր մնա: Այն ժամանակ շատ գեղեցկուհի հայ աղջիկներ էին ամուսնանում թուրքերի հետ և մեծ մասամբ նրանց փախցնում էին: Ես ու իմ զինակիցները ուզում էինք, որ հայի արյունը մաքուր մնա:
Ե՞րբ և որտե՞ղ սկսվեց ձեր ճանապարհը, որպես զինվոր:
Ես զինվորական չէի, կամավոր էի: Անգամ զենք բռնելու ձևը չգիտեի: Շուշիում ուսումնական կենտրոն կար, որտեղ նորեկներին սովորեցնում էին հիմնական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են իմանալ պատերազմի ժամանակ: Ծանոթացա գլխավորի հետ: Նա չէր ուզում ինձ ընդունել, ասում էր ՝ պատերազմն աղջկա տեղ չէ, ասում էր ՝ խայտառակ ես անում մեզ: Բայց ես համառ էի: Ուսումնական կենտրոնում բոլորը տղաներ էին: Մի քանի օրից Գլխավորն ասաց, որ անակնկալ ունի ինձ համար. այդ օրը քսան աղջիկ բերեցին, հիմնականում բուժքույրեր էին: Հետո մեզ ուղարկեցին տարբեր ջոկատներ: Մեծ մասամբ ես 8-րդ ջոկատի հետ եմ կռվել: Կռվում էինք Փափրավենդում, Իփագ1-ում, Իփագ2-ում:
Կանայք հիմնականում, որպես բուժքու՞յր էին ծառայում:
Ոչ, մենք դիպուկահար կանայք ունեինք, իսկ ես ընդհանրապես բժշկության հետ կապ չունեի. տղամարդկանց կողքին կռվում էի առաջին գծում:
Պատերազմում ի՞նչն էր ամենադժվարը:
Ամենադժվարը տղամարդկանց համոզելն էր, որ մենք էլ կարող ենք իրենց հավասար մասնակցել մեր հայրենիքի պաշտպանությանը: Պատերազմն առաջին հերթին սովորեցնում է վստահել սեփական կյանքդ զինակից ընկերոջդ, դժվար էր ապացուցել, որ մեզ էլ կարող են վստահել: Բայց ի վերջո կարողացանք դա անել: Մենք չկարողացանք ընդմիշտ կոտրել կանանց վերաբերյալ կարծրատիպերը, բայց պատերազմի ժամանակ հասցրեցինք ապացուցել, որ մենք էլ կարող ենք անվախ ու քաջ լինել: Զինակիցները մեզ քրոջ պես էին ընդունում, կռվի թեժ պահին փորձում էին մեզ թիկունքում պահել, մենք էլ մեր հերթին ուզում էինք հետ չմնալ:
Ձեր կարծիքով. ի՞նչ դեր ունեցան կանայք Արցախյան հերոսամարտում:
Կանանց մասնակցությունը անհրաժեշտություն էր: Կանանց ներկայությունը տղամարդկանց զգոն էր պահում, ներքին կարգապահության էր մղում: Տղամարդիկ երբեք կին զինակցի ներկայությամբ չէին ասի, որ հոգնել են կամ վախենում են: Կանայք ուժի ու անվախության օրինակ էին տղամարդկանց համար: Մենք պետք է մասնակից լինեինք , պետք է ցույց տայինք, որ իրենք միայնակ չեն այդ սրբազան գործում:
Դուք անտեսեցիք կանանց մասին եղած կարծատիպերն ու ընդունված վերաբերմունքը: Հասարակությունն ինչպե՞ս ընդունեց Ձեզ:
Գիտես, մինչև հիմա էլ զինվորական հագուստով կանանց ետևից թարս են նայում, նույնիսկ երբեմն տհաճ արտահայտություններ են անում: Իսկ այն ժամանակ դա ավելի շատ էր: Եղել է, որ վիճել եմ այդ պատճառով, եղել է անգամ, որ հարվածել եմ: Կան այնպիսիք, ովքեր չեն ընդունում, չեն հասկանում քո արած զոհողությունը, այն, որ դու կյանքդ ես վտանգում հանուն բոլորի ազատության: Մաքուր, ազնիվ կանայք էին իմ զինակիցները, բայց ինչպես ասում են, մի մուկ, որ կարասն է ընկնում, ամբողջ յուղը փչացնում է. այդպիսի մկներ էլ են եղել, ովքեր բոլորի անվան հետ են խաղացել:
Իսկ ինչպիսի՞ն է վերաբերմունքը հիմա:
Մեր քաղաքում ինձ հարգում են: Ես շնորհակալ եմ բոլորին այդ հարգանքի համար: Երբ վիրավորվեցի, հիվանդանոցում ինձ այցելության էին գալիս անգամ անծանոթ մարդիկ, և դա շատ հաճելի է, թեև այն ժամանակ այնքան էլ չէի գիտակցում, թե ինչ է կատարվում:
Ինչպե՞ս եղավ, որ վիարվորվեցիք:
(Երկար լռում է, հոգոց է հանում-Ա.Մ.)
Պատերազմի ժամանակ նամակներ գրու՞մ էիք Ձեր ընկերներին, հարազատներին:
Ես նամակներ չեմ գրել: Բայց շատ նամակներ էինք ստանում սփյուռքահայ երեխաներից: Նամակիների հետ փոքրիկ նվերներ էին ուղարկում, ինձ համար գուլպաներ ու փոքրիկ խաղալիք շնիկ էին ուղարկել (ցույց է տալիս կապույտ, սպիտակ ականջներով շնիկին-Ա.Մ.): Բոլոր նամակները սկսվում էին «Բարև, սիրելի ֆիդայի» տողով: Հաճելի էր, իհարկե, փոքրիկներից նման նամակներ ստանալը:
Դուք հիմա էլ հանդիպում եք դպրոցականների հետ, ի՞նչ խորհուրդ եք տալիս նրանց: Պատմու՞մ եք պատերազմի մասին:
Նրանց ասում եմ, որ լավ սովորեն, որ գիտելիքը ապագան է, որ մեզ հիմա խելացի մարդիկ են պետք, բայց պատերազմի մասին չեմ սիրում պատմել, հատկապես երեխաներին: Պատերազմն ինձ առաջին հերթին հիշեցնում է կորցրածս ընկերներին և ես անգամ թշնամուս դա չեմ ցանկանա:
Կռվի ժամանակ մտածու՞մ էիք ապագայի մասին, ինչպիսի՞ն էիք այն պատկերացնում, համընկա՞վ իրականությունը Ձեր պատկերացումների հետ:
Շատ էինք մտածում ապագայի մասին: Մենք մտածում էինք, որ ամեն ինչ միանգամից է լինելու, բայց մեր պատկերացնումների շատ փոքր մասն է կատարվել, բոլորիս էլ ժամանակ է պետք: Ամեն ինչ լիարժեք կլինի, երբ տեսնեմ, որ Շուշին վերականգնել է իր երբեմնի գեղեցկությունը:
Հիմա, երբ քայլում եք ազատագրված Շուշիի փողոցներով, ի՞նչ զգացողություններ ունեք:
Ամեն անգամ մտածում եմ՝ արդյոք ես կտեսնեմ ամբողջովին վերակառուցված Շուշին: Իհարկե, թաքուն հպարտություն եմ զգում, որ ես էլ իմ ներդրումն ունեմ այսօրվա ազատ երկրի կայացման գործում:
Հավատու՞մ էիք հաղթանակին:
Հավատում էի: Մենք պաշտպանում էինք մեր երկիրը, ուրեմն հաղթանակը մերը պետք է լիներ:
Մեր կռիվն ավարտվա՞ծ է, թե՞մենք դեռ կռիվ ունենք տալու:
Մերը վերջացել է, հերթը հիմա դիվանագետներինն է: Մի բան հաստատ է. մենք բոլորս պետք է զգոն լինենք, բայց չվախենանք:
Ի՞նչ կասեք հայ կանանց, ովքեր ապրում են այսօրվա խաղաղ պայմաններում:
Գնահատեք այդ խաղաղությունը: Եղեք ձեր ամուսնինների կողքին: Ապրեք այնպես, որ հայ տղամարդը միշտ ձեզնով հպարտանալու առիթ ունենա:
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий