Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком հայտնի կանայք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком հայտնի կանայք. Показать все сообщения

понедельник, 25 февраля 2013 г.

Կանանց ներկայությունը տղամարդկանց զգոն էր պահում.Արցախյան ազատամարտի հերոսուհու պատմությունը

Հարցազրույցի  սկզբնաղբյուրն է http://ladynews.am կայքը:







Ղարաբաղյան շարժումն այս տարի դառնում է 25 տարեկան: 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանը, երկրի Սահմանադրությանը համապատասխան, որոշում ընդունեց և դիմեց Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար: Այսպես սկսվեց, պատերազմում կոփվեց և նվաճած անկախությամբ ամրապնդվում է արցախցու ազատ կամքի ճանապարհը:

Պատմական այս շատ կարևոր իրադարձությունների կենտրոնում եղել են նաև հերոս կանայք: Նրանցից մեկին Շուշիում հանդիպել և LADYNEWS-ի համար հարցազրույց է անցկացրել Անի Մաղաքյանը:

Շուշիի ձյունաշատ փողոցներով շտապում էի հարցազրույցի: Դուռը բացեց հերոսուհուս  մայրը: Ցածրահասակ, աշխույժ տատիկը ներս հրավիրեց:
Հողաթափեր տվեց ու ձեռքով ցույց տվեց կողքի սենյակում համակարգչի առաջ նստած կնոջ ուղղությամբ: Կարինեն ժպիտով դիմավորեց ինձ. ղարաբաղյան հյուրընկալությունն իրենն արեց: Մուրաբայով տաք թեյը խմելով՝ սկսեցինք զրուցել:
 
Կարինե Դանիելյանը 51 տարեկան է, մասնագիտությամբ հաշվապահ է: Վեց տարի աշխատել և ապրել է Ռուսաստանում: Լեռնային Ղարաբաղի ազատագրական պատերազմին մասնակցության համար արժանացել է Արիության, Մայրական երախտիքի, Մարշալ Բաղրամյանի անվան, Երկրապահների, Մարտական ծառայության և Վազգեն Սարգսյանի անվան շքանշանների: Պատերազմը մի քիչ իմաստնություն, մի քիչ հանգստություն ու զսպվածություն է ավելացրել նրա կերպարին: Կռվի տարիներից պատմեց գրեթե միշտ ժպիտով՝ փորձելով թաքցնել աչքերում պատերազմի թողած մշուշը:  Այսօր նա հազվադեպ է դուրս գալիս տնից: Զենքը ձեռքերում հմտորեն պահած կինը հիմա նույնքան վարպետությամբ է գործածում հելյունը և գործում խաղաղության խորհուրդն ունեցող ճերմակ ծաղիկներ:

Դուք երկար ժամանակ ապրել եք Ռուսաստանում, ինչպե՞ս եղավ, որ վերադարձաք Ղարաբաղ:

Ես Պյատիգորսկում էի, երբ իմացա, որ թուրքերը հորս ծեծել են, ինչի պատճառով նա  կորցրել էր տեսողությունը: Ամեն ինչ թողեցի, եկա Ստեփանակերտ. որոշել էի ծնողներիս տանել Պյատիգորսկ, բայց ծրագրես խափանվեցին, երբ իմ վերադարձից մի քանի օր հետո հայրս մահացավ: Ես մնացի մորս հետ: Որոշեցի չվերադառնալ Ռուսաստան. իմ տեղն իմ հայրենիքում էր:

Իսկ ինչպե՞ս  որոշեցիք մասնակցել պատերազմին:

Ուրիշ տարբերակ չէր էլ կարող լինել. հայրենիքիս պաշտպանությանը մասնակցելն ինձ համար այնքան բնական էր, որքան ապրելը: Դա իմ պարտքն էր, իմ իրավունքը: Հայրենիքի հանդեպ սերը հավասար է ծնողիդ հանդեպ ունեցած սիրուն, բոլորս էլ պատրաստ ենք վտանգի ժամանակ պաշտպանել մեր ծնողներին, այդպես էլ հայրենիքի դեպքում է:

Հետաքրքիր կլիներ իմանալ  Ձեր  մոր արձագանքը. ինչպե՞ս ընդունեց այդ որոշումը:

Դա առաջին պատն էր, որ պետք է քանդեի. Իհարկե, շատ երկար տևեց մորս համոզելը, բայց իմ որոշումը վերջնական էր, մայրս ստիպված էր համակերպվել:

Կարելի՞է ասել, որ պատերազմին մասնակցելու որոշումը կապված էր նաև Ձեր հոր հետ կատարվածի հետ, վրեժի զգացողություն կա՞ր:

 Ես հայրենասիրության մթնոլորտում եմ մեծացել: Իմ նպատակը Ղարաբաղը, Շուշին մաքուր տեսնելն էր, որպեսզի մեր արյունը մաքուր մնա: Այն ժամանակ շատ գեղեցկուհի հայ աղջիկներ էին ամուսնանում թուրքերի հետ և մեծ մասամբ նրանց փախցնում էին: Ես ու իմ զինակիցները ուզում էինք, որ հայի արյունը մաքուր մնա:

 Ե՞րբ և որտե՞ղ սկսվեց ձեր ճանապարհը, որպես զինվոր:


Ես զինվորական չէի, կամավոր էի: Անգամ զենք բռնելու ձևը չգիտեի: Շուշիում ուսումնական կենտրոն կար, որտեղ նորեկներին սովորեցնում էին հիմնական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են իմանալ պատերազմի ժամանակ: Ծանոթացա գլխավորի հետ: Նա չէր ուզում ինձ ընդունել, ասում էր ՝ պատերազմն աղջկա տեղ չէ, ասում էր ՝ խայտառակ ես անում մեզ: Բայց ես համառ էի: Ուսումնական կենտրոնում բոլորը տղաներ էին: Մի քանի օրից Գլխավորն ասաց, որ անակնկալ ունի ինձ համար. այդ օրը քսան աղջիկ բերեցին, հիմնականում բուժքույրեր էին: Հետո մեզ ուղարկեցին տարբեր ջոկատներ: Մեծ մասամբ ես 8-րդ ջոկատի հետ եմ կռվել: Կռվում էինք Փափրավենդում, Իփագ1-ում, Իփագ2-ում:

 Կանայք հիմնականում, որպես բուժքու՞յր էին ծառայում:

Ոչ, մենք դիպուկահար կանայք ունեինք, իսկ ես ընդհանրապես բժշկության հետ կապ չունեի.  տղամարդկանց կողքին կռվում էի առաջին գծում:

Պատերազմում ի՞նչն էր ամենադժվարը:
Ամենադժվարը տղամարդկանց համոզելն էր, որ մենք էլ կարող ենք իրենց հավասար մասնակցել մեր հայրենիքի պաշտպանությանը: Պատերազմն առաջին հերթին սովորեցնում է վստահել սեփական կյանքդ զինակից ընկերոջդ, դժվար էր ապացուցել, որ մեզ էլ կարող են վստահել: Բայց ի վերջո կարողացանք դա անել: Մենք չկարողացանք ընդմիշտ կոտրել կանանց վերաբերյալ կարծրատիպերը, բայց պատերազմի ժամանակ հասցրեցինք ապացուցել, որ մենք էլ կարող ենք անվախ ու քաջ լինել: Զինակիցները մեզ քրոջ պես էին ընդունում, կռվի թեժ պահին փորձում էին մեզ թիկունքում պահել, մենք էլ մեր հերթին ուզում էինք հետ չմնալ:
 
Ձեր կարծիքով.  ի՞նչ դեր ունեցան կանայք Արցախյան հերոսամարտում:

 Կանանց մասնակցությունը անհրաժեշտություն էր: Կանանց ներկայությունը տղամարդկանց զգոն էր պահում, ներքին կարգապահության էր մղում: Տղամարդիկ երբեք  կին զինակցի ներկայությամբ չէին ասի, որ հոգնել են կամ վախենում են: Կանայք ուժի ու անվախության օրինակ էին տղամարդկանց համար: Մենք պետք է մասնակից լինեինք , պետք է ցույց տայինք, որ իրենք միայնակ չեն այդ սրբազան գործում:



Դուք անտեսեցիք կանանց մասին եղած կարծատիպերն ու ընդունված վերաբերմունքը: Հասարակությունն ինչպե՞ս ընդունեց Ձեզ: 

Գիտես, մինչև հիմա էլ զինվորական հագուստով կանանց ետևից թարս են նայում, նույնիսկ երբեմն տհաճ արտահայտություններ են անում: Իսկ այն ժամանակ դա ավելի շատ էր: Եղել է, որ վիճել եմ այդ պատճառով, եղել է անգամ, որ հարվածել եմ: Կան այնպիսիք, ովքեր չեն ընդունում, չեն հասկանում քո արած զոհողությունը, այն, որ դու կյանքդ ես վտանգում հանուն բոլորի ազատության: Մաքուր, ազնիվ կանայք էին իմ զինակիցները, բայց ինչպես ասում են, մի մուկ, որ կարասն է ընկնում, ամբողջ յուղը փչացնում է. այդպիսի մկներ էլ են եղել, ովքեր բոլորի անվան հետ են խաղացել:

Իսկ ինչպիսի՞ն է  վերաբերմունքը հիմա:

Մեր քաղաքում ինձ հարգում են: Ես շնորհակալ եմ բոլորին այդ հարգանքի համար: Երբ վիրավորվեցի, հիվանդանոցում ինձ այցելության էին գալիս անգամ անծանոթ մարդիկ, և դա շատ հաճելի է, թեև այն ժամանակ այնքան էլ չէի գիտակցում, թե ինչ է կատարվում:

Ինչպե՞ս եղավ, որ վիարվորվեցիք:

(Երկար լռում է, հոգոց է հանում-Ա.Մ.)

Ցավոտ թեմա է:Կուբաթլույում էինք: Անտառում: (Նորից լռում է, նայում պատուհանից դուրս – Ա.Մ.) Ժամանակ չունեինք խրամատներ փորելու: Գիտեինք, որ թե թշնամու, թե մեր կողմից կրակոցներ լինում են միայն ցերեկը, բայց այդ գիշեր հակառակ կողմից ականանետներով սկսեցին կրակել: Սարսափելի էր: Մենք երեք կանայք էինք: Երկուսը վիրավորներին ուղեկցում էին դեպի հոսպիտալ, մնացել էի ես ու մի պայուսակ բժշկական պարագաներ: Վիրավորները շատ էին: Ես չէի հասցնում: Շուտով նորից լուր տվեցին, որ  առաջին գծում իմ կարիքն են զգում: Հրամանատարը թույլ չտվեց գնալ, բայց ես որոշեցի, որ պետք է այնտեղ լինեմ: Թշնամին շարունակում էր կրակել, այդ օրը մենք շատերին կորցրեցինք (երկար լռում է, չեմ միջամտում- Ա.Մ.): Ես մի քանիսին վիրակապեցի: Վերջում մի երիտասարդ զինվոր էր, ոտքն էր վնասվել, հուսահատված էր, վախենում էր, որ չի կարողանա քայլել, ես էլ համոզում էի, որ դեռ իր հարսանիքին շալախո է պարելու: Դրանից հետո… այդ պահին միանգամից մի քանի ական պայթեց մեզ շատ մոտ: Հետո ուշքի եկա հիվանդանոցում: Այնտեղ էլ իմացա, որ 19 հոգուց չորսս էինք փրկվել:

Պատերազմի ժամանակ նամակներ գրու՞մ էիք Ձեր ընկերներին, հարազատներին:

 Ես նամակներ չեմ գրել: Բայց շատ նամակներ էինք ստանում սփյուռքահայ երեխաներից: Նամակիների հետ փոքրիկ նվերներ էին ուղարկում, ինձ համար գուլպաներ ու փոքրիկ խաղալիք շնիկ էին ուղարկել (ցույց է տալիս կապույտ, սպիտակ ականջներով շնիկին-Ա.Մ.): Բոլոր նամակները սկսվում էին «Բարև, սիրելի ֆիդայի» տողով: Հաճելի էր, իհարկե, փոքրիկներից նման նամակներ ստանալը:


Դուք հիմա էլ հանդիպում եք դպրոցականների հետ, ի՞նչ խորհուրդ եք տալիս նրանց: Պատմու՞մ եք պատերազմի մասին:

Նրանց ասում եմ, որ լավ սովորեն, որ գիտելիքը ապագան է, որ մեզ հիմա խելացի մարդիկ են պետք, բայց պատերազմի մասին չեմ սիրում պատմել, հատկապես երեխաներին: Պատերազմն ինձ առաջին հերթին հիշեցնում է կորցրածս ընկերներին և ես անգամ թշնամուս դա չեմ ցանկանա:


Կռվի ժամանակ մտածու՞մ էիք ապագայի մասին, ինչպիսի՞ն էիք այն պատկերացնում, համընկա՞վ իրականությունը Ձեր պատկերացումների հետ:

Շատ էինք մտածում ապագայի մասին: Մենք մտածում էինք, որ ամեն ինչ միանգամից է լինելու, բայց մեր պատկերացնումների շատ փոքր մասն է կատարվել, բոլորիս էլ ժամանակ է պետք: Ամեն ինչ լիարժեք կլինի, երբ տեսնեմ, որ Շուշին վերականգնել է իր երբեմնի գեղեցկությունը:
Հիմա, երբ քայլում եք ազատագրված Շուշիի փողոցներով, ի՞նչ զգացողություններ ունեք:

 Ամեն անգամ մտածում եմ՝ արդյոք ես կտեսնեմ ամբողջովին վերակառուցված Շուշին: Իհարկե, թաքուն հպարտություն եմ զգում, որ ես էլ իմ ներդրումն ունեմ այսօրվա ազատ երկրի կայացման գործում:

Հավատու՞մ էիք հաղթանակին:
Հավատում էի: Մենք պաշտպանում էինք մեր երկիրը, ուրեմն հաղթանակը մերը պետք է լիներ:

Մեր կռիվն ավարտվա՞ծ է, թե՞մենք դեռ կռիվ ունենք տալու:


Մերը վերջացել է, հերթը հիմա դիվանագետներինն է: Մի բան հաստատ է. մենք բոլորս պետք է զգոն լինենք, բայց չվախենանք:

Ի՞նչ կասեք հայ կանանց, ովքեր ապրում են այսօրվա խաղաղ պայմաններում:

Գնահատեք այդ խաղաղությունը: Եղեք ձեր ամուսնինների կողքին: Ապրեք այնպես, որ հայ տղամարդը միշտ ձեզնով հպարտանալու առիթ ունենա:
Անի Մաղաքյան





пятница, 15 февраля 2013 г.

ՏԱՐԲԵՐ ԳՈՒԼՊԱՆԵՐՈՎ ԱՂՋԻԿԸ ԱՍՏՐԻԴ ԼԻՆԳՐԵՆ




<<Մենք չորսն էինք և ապրում էինք Նեսեում երջանիկ, այնքան, որքան երջանիկ են իմ պատմությունների երեխաները>>,- իր մանկության մասին գրել է Աստրիդը:

Աստրիդ Լինգրենը, ում հարյուրամյակը ողջ աշխարհում նշվեց 2007թ.-ին, ծնվել է 1907թ.-ի նոյեմբերի 14-ին հարավային Շվեդիայում գտնվող փոքրիկ Վիմմերբյու քաղաքում, ֆերմերի ընտանիքում:
Հարևանները զարմանում էին, թե որքան սիրառատ ընտանիք էր նրանց ընտանիքը:
Աստրիդի ծնողները մինչ խոր ծերություն պահպանում էին միմյանց հանդեպ սերն ու կապը:
Էրիկսոնների ընտանիքում (աղջկական ազգանունը ` Աստրիդ) երեխաներին չէին նախատում չարաճճիությունների համար, բայց նաև չէին խրախուսում ծուլությունը: Աստրիդը 6 տարեկանից սկսած եղբոր ու քույրերի հետ միասին օգնում էր ծնողներին ֆերմայում աշխատելիս: Նա հիանալի սովորում էր, հատկապես լեզուներ ու գրականություն: Մի անգամ նույնիսկ տեղի թերթում տպագրվում է Աստրիդի շարադրություններից մեկը: Դրանից հետո նրան կատակով անվանում էին <<Վիմմերբյուի Սելմա Լագերլյոֆ (19րդ դարի շվեդ գրող)>>:
Աստրիդի քույրերից մեկը դարձավ թարգմանչուհի, մյուսը` լրագրող, իսկ եղբայրը դարձավ շվեդական խորհրդարանի անդամ, այս ամենի առիթով Աստրիդի հայրը ասել է` <<Զարմանալի երեխաներ ունեմ: Նրանք բոլորն աշխատում են բառերի հետ>>:
Արդեն հասունացած Աստրիդը, որը միշտ առանձնանում էր իր համառ բնավորությամբ, որոշում է դուրս գալ ծնողական հովանավորության տակից և ինքնուրույն կյանք սկսել: Սկսում է լրագրող աշխատել: Ինչպես իր հասակակիցներից շատերը նա կարճ կտրում է մազերը, տարվում է ջազով և նորաձև պարերով: Թվում էր`ամեն ինչ հիանալի է, երբ 19ամյա Աստրիդը հղիանում է իր նախկին ընկերոջից: 20-ական թվականների փոքրիկ քաղաքում սա խայտառակություն կլիներ նրա համար և աղջիկը որոշում է հեռանալ Ստոկհոլմ, որտեղ իրեն ոչ ոք չգիտեր: Նոր կյանքը  լի էր դժվարություններով: Անհարմարավետ կենցաղի ու չստացված կյանքի պատճառով նա ստիպված նորածին տղային տալիս է որդեգրող ընտանիքի: Հետագայում սա երկուսի կյանքում էլ դաջվում է որպես խոր դրամա:
Աստրիդը երկար ժամանակ քարտուղարուհի է աշխատում, մինչև վերջապես հանդիպում է 
Ստուրե Լինգրենին: 1931թ.-ին նրանք ամուսնանում են և Աստրիդը վերջապես կարողանում է ետ վերցնել որդուն` Լարսին:
Շուտով ծնվում է նրանց դուստրը` Կարին և հենց այդ օրն էլ ծնվում է գրող Աստրիդ Լինգրենը: Երբ մի անգամ փոքրիկը հիվանդանում է, մայրը ամեն երեկո քնելուց առաջ նրան անհավանական պատմություններ է պատմում: Այսպես ծնվում է նրա ամենահայտնի հերոսուհիներից մեկը ` Երկարագուլպա Պեպպին:

<<Տարբեր գուլպաներ կրող աղջիկը շատ էր հիշեցնում ինձ, երբ փոքր էի>>,- խոստովանել է Լինգրենը:

Աստրիդը միշտ ելույթ էր ունենում երեխաներին դաստիարակելու մեղմ միջոցների օգտին, նա գտնում էր, որ երեխաներին պետք է դաստիարակել այն մեթոդով, որը թույլ է տալիս հաշվի նստել նրանց ցանկությունների ու կարծիքի հետ: Գուցե հենց սա էր պատճառը, որ Լինգրենի <<Պեպպիի>> առաջին ձեռագիրը մերժվեց հրատարակչի կողմից և հրատարակման թուլտվություն ստացավ միայն 1944թ.-ին:
1944-1950
թթ. Լինգրենը հասցնում է գրել <<Երկարագուլպա Պեպպի>> եռագրությունը, 3 գիրք միայն աղջիկների համար, դետեկտիվ, հեքիաթների 2 հավաքածու, երգերի հավաքածու, 4 պիես և այլն: Ինչպես երևում է ` Աստրիդը բազմաժանր գրող էր, պատրաստ փորձարկումներ անել ցանկացած ժանրում:
1945
թ-ին  Լինգրենը դառնում է մանկական գրականության հրատարակչության խմբագիրը, այստեղ էլ տպագրվում էին նրա գրքերը:
Մի քանի տարի անց հրատարակվում է երիտասարդ խուզարկու Կալլ Բլյումկվիստի մասին պատմող երեք գրքերից մեկը իսկ 1955-ին լույս է ընծայվում տանիքին ապրող մարդու` Կարլսոնի մասին պատմող հեքիաթը: Քչերը գիտեն, որ չարաճճի և մի քիչ էգոիստ Կարլսոնը ուներ իր նախատիպերը նրա այլ 2 հեքիաթներում: Կարլսոնը դարձավ նրա 2 ոչ այնքան հայտնի հերոսների հավաքական կերպարը: Ըստ Լինգրենի` նրա արկածների ու չարաճճիությունների շնորհիվ երեխաները կարողանում էին կտրվել իրականությունից, սա, այսպես ասած, դաժան կյանքի հակառակ կողմն էր: Սակայն այս կարծքը շվեդիայում այքան էլ չէին կիսում, մինչ օրս էլ Կարլսոնը համարվում է բացսկան կերպար` անկուլտուրական և էգոիստ: Լինգրենը, թեև բավական հարուստ գրող էր, բայց միշտ  ապրեց հասարակ, առանց ճոխությունների: Նա մինչ կյանքի վերջն ապրեց այն փոքրիկ տանը, որտեղ իր ընտանիքը հիմնվել էր պատերազմի տարիներին:

 Նրա կարծիքը իր ուրույն տեղն ուներ Շվեդիայի հասարակական կյանքում: Այնտեղ հենց նրա ելույթների ազդեցությամբ առաջին անգամ Եվրոպայում ընդունվեց օրենք երեխայի իրավունքների պաշտպանության մասին:

Նրա Մեծ որդին` Լարսը, դեռ մանկուց հպարտանում էր մորով, իսկ մեծ հասակում սիրում էր պատմել նրա չարաճճի արարքների մասին:
<<Նա այն մայրերից չէր, ով նստարանին արևածաղիկ էր ուտում ու հետևում երեխաների խաղին, ոչ, նա անպայման պետք է մասնակցեր այդ խաղերին, և անկեղծ ասած, ինձ հիմա թվում է, որ դա նրան դուր էր գալիս ոչ պակաս քան ինձ>>,- պատմում է Լարսը:
Լինգրենը երեխաներին հեքիաթ նվիրեց անգամ մահից հետո: Ստոկհոլմում բացվել է Աստրիդ Լինգրենի <<Յունիբակեն>> թանգարանը: Հեքիաթային գնացքը կտանի Ձեզ հայտնի շվեդուհու աշխարհը: Կարելի կլինի այցելել Կարլսոնի տուն, հետո դառնալ Նիլսի նման փոքրամարմին և քիթ-քթի հադիպել ահռելի առնետին, կարող եք հանդիպել Մադիկեն անունով աղջկնակին և այլ հեքիաթների հերոսների: Իսկ ամենաուրախալին երեխաների համար այն է, որ թանգարանում նրանք կարող են անել այն, ինչ ցանկանան, նրանց ոչինչ չի արգելվում:
Աստրիդ ԼԻնգրենը 1958թ.-ին ստանում է Անդերսենի անվան շքանշան, որը համարվում է մանկական գրականության Նոբելյան մրցանակ:
Անի Մաղաքյան