Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

среда, 5 марта 2014 г.

Սենտիմենտալ էսքիզներ


Իմ տատրակ՝ տխուր աչքերով, փոխել ես քիվդ հանգստի, չես պատմում վաղուց քո մասին: Իմ տխուր, արևոտ իմ աշուն, քեզ գարունը հասարակ է դարձրել, գողացել է քեզնից հմայքդ: Քեզանից բան չի մնացել, կորել ես սենտիմում պոետի... Իմ տատրակ տխուր աչքերով...



Երբ ոչինչ չես տվել, չես վերցրել, երբ ինձնից հեռացել ես դու միշտ ու ետ գալդ խավար է 
եղել, ճանապարհ չի եղել դարձի…երբ սիրուց մի թիվ մեզ մնաց՝ բաժանված, անջատված մի երկու, երբ քեզնից ես հոգնած ու սառած ինձ գտա ուրիշի տաք գրգում… երբ ոչ ոք չգրեց քո մասին, չերգեց ոչ ոք քեզ իմ պես… երբ ոչինչ չես տվել, չես վերցրել երբ այսքան օտար եմ եղել քեզ



Արթնացրու ինձ, երբ գնալիս լինես… ես սուրճ կպատրաստեմ ինչպես միշտ երկուսիս համար և չեմ խմի իմը…Արթնացրու սառը առավոտյան, երբ արևը դեռ չի հասել ոսկորներիդ…իմ հրեշ` սառը ձեռքերով, որ չի սիրում արևը…արթնացրու ինձ, երբ գնալիս կլինես, ես բաց կթողնեմ քեզ, բայց վերջին անգամ քաղցած ու թույլ ես կխմեմ հայացքդ…հավերժությանը հակառակ` ես կպահեմ քեզ դաջվացքի պես մաշկիս վրա…միայն արթնացրու ինձ առավոտյան նախքան ինքս կարթնանամ փակվող դռան ձայնից, չէ որ դռան ետևում ես արդեն կկորցնեմ քեզ…



Դու կրոնն ես իմ, որքան հեռու եմ քո պատվիրաններից այնքան մոտ եմ քեզ հոգով… դու իմ հավատքը չես, որքան մերժում եմ լինելդ, այնքան ակնհայտ է գոյությունդ… դու կրոնն ես իմ, թեև քեզ վաղուց ես չեմ աղոթել...


Փողոցներն անձրևոտ, թողոցները չոր, փողոցները ձյան մեջ…իմ անկյունը գրքերով ծանրաբեռ, քո անկյունը առանց ինձ…ուրիշների հետ… բաժակները դատարկ, սուրճը դառը, գարեջուրը անօգուտ… քո հայացքը գետնին, իմ հայացքը հեռուն, զրույցներն անկարևոր… մենք միասին, մենք միշտ անջատ, բոլորը առանց մեզ… իմ կողքին մարդ, քո կողքին մարդ, ժամանակը անտարբեր… երկնքում արև, ծառերը կանաչ, փողոցները մարդաշատ, մենք մենակ…




Դու կգրեիր իմ մասին մի օր, թե թաքուն մի հույս քեզ չխանգարեր, ես կկարդայի, կհավատայի ու թաքուն մի միտք ինձ կչարչարեր… դու կգրեիր, երբ հարբած մի տող քո գրչից փախչեր…կիրակի լիներ, լիներ առավոտ կամ կեսգիշերն անց… դու կգրեիր երևի մի օր, երբ գլխացավը նահանջեր դանդաղ, երբ էլ ոչ մի բառ չհերիքեր քեզ, երբ ինքս արդեն չհերիքեյի և դու ինքդ քեզ անգամ հերքեիր…դու կգրեիր իմ մասին մի օր, երբ հարբած մի տող քո գրչից փախչեր…

Անի Մաղաքյան

Комментариев нет:

Отправить комментарий