Գագոն չգիտեր, որ իր մեծ աղջիկը
18 տարեկանը չբոլորած աղջիկ կունենա այն էլ անհայտ մեկից: Մութ ու խոնավ շքամուտքն
իրենն արել էր, անանուն ու անհասցե մի տղա էր, թե ական ու ծանոթ, էդպես էլ ոչ ոք չիմացավ:
Երեխային թողեցին հիվանդանոցում ու տուն եկան:
-Դրան հիվանդանոցից տուն չբերես,
-հազիվ հասկանալի ասաց Գագոն կնոջն ու ավելացրեց,- թող քո ու դրա տեսակն էլ վերանա,
քոքը կտրվի, գոնե տղա բերեր:
Էդպես էլ չես իմանա էդ խոսքի
վրա Աստծո դարպասներն էին բաց, թե սատանի ականջն էր մոտակայքում, բայց մի քանի ամիս
անց Գագոյի փոքր աղջիկը տղա բերեց:
Էս մեկին էլ հիվանդանոցում
չթողեցին՝ տուն բերեցին, երևի մի քիչ էլ ողջ կյանքում տղա ունենալու ցանկությունն էր
պատճառը:
Գագոն երեք աղջիկ ուներ: Երեքի
անուններն էլ ծաղիկների անվանումներ էին, երեքն էլ իր նման արագախոս էին, այնքան որ
ոչ ոք չեր հասկանում, թե ինչ են ասում: Երեքն էլ մեծացան փոքր բակի աչքի առաջ սրա-նրա
տված շորերի մեջ: Գագոն շուկայում սայլակ էր քշում՝ ապրանք էր տեղափոխում, մի քանի
կոպեկով ամեն տեսակի ծանր գործ էլ անում էր: Նրա մասին շատ բան էին խոսում: Ասում էին
՝ ծալապակաս է, ասում էին աշխատասեր է, ասում էին անշառ է, ասում էին՝ գիժ է ու կատաղած
ժամանակ ավելի լավ է կողքով չանցնեք:
Այդպես մի օր Գագոյի 4րդ հարկի
պատուհանները աղմուկով թափվեցին գետնին: Շենքավորը դուրս թափեց պատուհաններից ու տեսավ
որ Գագոն կատաղել է: «Երևի էլի խմել է ու կպել խեղճ կնոջ գլխից» ՝ եկան ընդհանուր հայտարարի
շենքի բնակիչներն ու միայն մի քանի ամիս հետո
իմացան իրական պատճառը:
Թաղը բամբասում էր, ծիծաղում,
ամոթանք տալիս, զարմանում ու չարախոսում անվերջ:
Գագոյի կինը աղջիկների հետ մյուս աղջկա համար ուտելիք
էր տանում հիվանդանոց: Մի քանի օր հետո էլ Գագոյի փոքր աղջիկը տղան գրկին եկավ տուն:
Բակի միջով անցան վախեցած, ամաչելով, բայց դանդաղ:
Երեխան բարուրի մեջ հանդարտ
քնած էր՝ առանց իմանալու, որ իր գոյության լուրը մի ողջ քաղաք է ցնցել: Առանց կասկածելու,
որ իր մորաքույրը մութ ու խոնավ շքամուտքում անծանոթ, թե ական մեկի հետ է եղել ու աղջիկ
ունեցել, որ իր մայրը իր հոր անունն էլ չգիտի ու դեմքն էլ չի հիշում, չպատկերացնելով,
թե երբ ու ինչ մորից իրեն դեռ քույրեր ու եղբայրներ կծնվեն, որոնց երբեք չի իմանա,
նա քնած էր բարուրի մեջ անմեղ աշխարհից, քաղաքից, մորից, պապից, բոլորից:
Երեխայի անունը Գագո դրեցին:
Մեծ աղջիկը սիրտ չէր անում գրկել երեխային՝ իր աղջկան էր հիշում՝ «Տեսնես տարան մանկատուն,
տեսնես անունն ինչ դրեցին, տեսնես լացկան է, թե քնկոտ, տեսնես ուտող է, թե… տեսնես…
տեսնես…», էսպես ողջ օրը մտածում էր ու չէր մոտենում փոքր քրոջ տղային, հոր վրա էլ
թաքուն քեն էր քշում:
Պապը թոռան վրա երկար ժամանակ
չէր նայում, հետո սկսեց քիչ-քիչ մոտենալ ու սիրտը կպավ: Էդպես 20 տարի անց Գագոն կանանցով
լի իր տանը իր համար ընկեր գտավ: Բայց արդեն վախենում էր մի բառ ասել՝ ով գիտի սատանան
մոտիկ լինի ու լսի: Լուռ էր սիրում թոռանը, բայց սիրում էր՝ անհաղորդ բակից, աշխարհից,
մարդկանցից ու կարծիքներից:
Ով գիտի՝ գուցե ճակատագիրը
մի սայլակ էլ այդ փոքրիկի համար էր պահել, կամ էլ ավելի լավ ու փայլուն ապագա էր նախապատրաստել,
բայց նա քնկոտ էր, շատակեր ու ժպտերես: Նա դեռ չգիտեր, որ աշխարհը շատ մեծ է ու բարի,
որ մարդիկ շատ փոքր են ու չար:
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий