Ես բռնել էի այդ հաղթանդամ
մարդու ձեռքն ու զգում էի, թե ինչպես է այն աստիճանաբար սառչում: «Վերցրու իմ ջերմությունը,
վերցրու իմ ջերմությունը… քեզ են սպասում զինվորներդ, հուսախաբ մի արա»՝ մտքում կրկնում
էի ես:
Հակառակորդը գիշերով բոլորիս
հանկարծակիի բերեց: Մի վայրկյանում տասնյակ վիրավորներ ու ես՝ ձեռքիս վիրակապերով ու
այլ անհրաժեշտ պարագաներով ընդամենը մեկ պայուսակ:
Նրան բերեցին գրեթե վերջին շնչի վրա: Նրա հրամանատարության
տակ գտնվող զինվորներից մեկը մոտեցավ ինձ ու ճշմարտությունն իմացողի ձայնով, բայց սուտը
լսելու ցանկությամբ ասաց.
-Լավ է, չէ՞, կփրկեք չէ՞…
լուրջ բան չկա, չէ՞…
Սրա ետևից ևս մի քնաիսը եկան:
Զինվորներից մեկը չոքեց կողքիս ու ասաց.
-Մի բան արեք…
Նրա «մի բան արեք»-ը հնչեց,
որպես խնդրանք, որպես բողոք, որպես առաջին քայլ դեպի հուսահատությունը: Հասկացա, որ
եթե հիմա բաց թողնեմ վիրավոր հրամանատարի ձեռքը, ուրեմն բաց կթողնեմ մեր հաղթանակը,
կամ գոնե հաղթանակի հույսը:
-Ամեն ինչ լավ է,-ասացի ես
ու ցավազրկող ներարկեցի վիրավորին: Սա ընդամենը զինվորներին հավատացնելու համար էր,
որ մենք պայքարում ենք նրա կյանքի համար: Զինվորները վերադարձան իրենց դիրքեր: Չգիտեմ,
որտեղից գտնվեց իմ մեջ այդքան հավատ ու կամքի ուժ այդ պահը ապրելու համար: Երևի հայրենիքի
ու տանը սպասող մոր պատկերը չեզոքացնում են վախը, կամ փոխակերպում այն գերբնական ուժի՝
չհուսահատվելու, չդավաճանելու ու չխելագարվելու համար:
«Վերցրու իմ ջերմությունը…վերցրու
իմ ջերմությունը…»՝ կրկնում էի հազիվ լսելի, երբ ինձ նորից կանչեցին.
-Կարին, վիրավորներ ունենք,
շուտ, Կարին…
Վիրակապերը վերցնելով վազեցի
առաջ: Անտառը էլ մութ չէր, բայց լուսաբացը հեռու էր թվում: Վիրավորներից մեկը շատ երիտասարդ
էր: Մի քանի օր առաջ էր նշանվել սիրած աղջկա հետ: Ականը պայթել էր ոտքերի մոտ: Արյունոտ
վիրակապը դժվար էր փաթաթվում:
-Կարին, ես էլ չեմ քայլի,
Կարին Մանեն էլ չի ամուսնանա ինձ հետ, նշանը հետ կտա, չէ՞, Կարին…
Ականների պայթյունները նրա
ձայնի տակ ոչինչ թվացին: Փորձեցի խաբել, իբր եղածն ինչ է որ: Բայց ի՞նչ խաբես, երբ
կռիվը քեզ էլ, ընկերներիդ էլ, ծնողներիդ էլ խլել է աշխարհից, երբ էլ ոչինչ չկա կռվից
բացի:
-Դու դեռ քո հարսանիքին շալախո
ես պարելու, ոչ մի բան էլ չկա, իսկ եթե հարս չլինի, ես կդառնամ քո հարսանցուն, չմտածես,-
ասացի ու հասկացա, որ աշխարհը իր տեղում է, մարդիկ սիրում են , հարսանիք անում, շալախո
պարում ու մենք այնքան մոտ ենք հիմա դրան, հենց հիմա, երբ կռիվը մեզ այդքան մոտեցրել
է իրար:
Պատերազմի ու հաղթանակի միջև
մենք էինք կանգնած՝ այդքան անվախ, այդքան համարձակ:
Երբ վերադարձա վրանի մոտ,
վիրավոր հրամանատարին արդեն տեղափոխել էին:
«Վերցրու իմ ջերմությունը»
երկնքին նայելով շշնջացի ես՝ հավատալով, որ ձայնս կհասնի հասցեատրիոջը:
Օրեր անց ուշքի եկա հիվանդասենյակում:
Մարդ չկար, ոտքերս վիրակապված էին: Բժիշկը ներս մտավ զննեց, ժպտաց, բռնեց ձեռքս ու
շնորհակալություն հայտնեց:
-Ինչի՞ համար,- հարցրեցի հազիվ
-Ուժիդ, հավատիդ, պատվիդ ու
կամքիդ համար,- ասաց ու դուրս եկավ, նրանից հետո շատ այցելուներ ունեցա, մի քանիսին
ճանաչում էի, շատերին չգիտեի: Մի օր էլ այցելուների՝ ձեռքս սեղմող բազմաթիվ ձեռքերի
մեջ ճանաչեցի այն հաղթանդամ մարդու ձեռքը: Նա կռացավ ու շշնջաց ՝ «Ետ վերցրու ջերմությունդ,
այն քեզ ավելի է պետք»:
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий