четверг, 10 января 2013 г.
Հեքիաթ Ամանորի, ձյան և հրաշքների մասին (նշումներ նոթատետրի մեջ)
Այդ քաղաքում դեկտեմբերին միշտ ձյուն էր գալիս: Ամեն օր ձյունը թափվում էր և սպիտակ քաղաքում ոչ ոք չէր հավատում, թե կան երկրներ, ցամաքներ ու հորիզոններ, որտեղ մարդիկ երբեք ձյուն չեն տեսել:
Եթե այնտեղ չկա ձյուն, ուրեմն չկա Մմանոր, չկան տոնածառներ ու գունավոր լույսեր, չկան նվերներ ու մաղթանքներ, չկան երազանքներ ու հրաշքներ, որոնք միշտ կատարվում են Մմանորի գիշերը: Այդ մարդիկ այնքան էին սիրում իրենց քաղաքը դեկտեմբերյան ձնագալին, որ չէին նկատում մարտյան ձնհալն ու հունիսյան արևաշողը:
Մի անգամ, երբ ամանորը արդեն շատ մոտ էր, մարդիկ նայեցին իրենց օրացույցների մեջ ու հասկացան, որ ողջ դեկտեմբերի ընթացքում ոչ մի փաթիլ ձյուն չի եկել: Բոլորը հուսահատվեցին:
-Մենք դարձանք հեռավոր անձյուն հորիզոնների մի մասը,-ասում էին նրանք:
-Մենք էլ չենք տեսնի Ամանորյա հրաշքներ, չեն լինի տոնածառներ ու լույսեր,- մտածում էին շատերը:
Ամանորին մի քանի օր էր մնացել, բայց ոչ ոք չէր զարդարել քաղաքի գլխավոր, ամենամեծ եղևնին:
Այդ քաղաքում, բոլորի հետ և բոլորի նման ապրում էր մի փոքրիկ աղջիկ, ով այնքան էր սիրում Նոր տարին, որ դեկտեմբերի ամեն օրը անց էր կացնում քաղաքի գլխավոր եղևնու կողքի նստարանին իր փոքրիկ շնիկի հետ, նա հավատում էր, որ առաջին ձյունը հենց այդտեղից է սկսելու գալ և այն նույն պահին, երբ առաջին սպիտակ փաթիլը դիպչի եղևնու կանաչ ճյուղինմ եղևնին կզարդարվի գունավոր խաղալիքներով և հազարավոր լույսեր կվառվեն նրա վրա: Այդպես նա սպասեց 30 օր, իսկ 31րդ օրը, երբ առավոտյան իր շնիկի հետ գնաց նստարանի մոտ, տեսավ, որ այն զբաղված է: Ծերուկը, որը նստած էր աղջկա նստարանին ինչ-որ բան էր փնտրում իր գրկին դրված պարկի մեջ: Աղջիկը սկզբում չհամարձակվեց մոտենալ, բայց երբ մտածեց, որ առանց իր սպասումի, առանց իր հույսի, ձյուն չի գա և չի լինի Ամանոր: Նա հավաքեց քաջությունը և նստեց ծերուկի կողքին: Այդ պապիկից ձմեռային անտառի, եղևնիների ու եղնիկների հոտ էր գալիս: Աղջիկը չհասկացավ, թե որտեղից են իրեն ծանոթ այդ բույրերը, բայց դա այնքան հաճելիէր, որ նա ավելի մոտեցավ ծերուկին և հանկարծ կպավ նրան: Ծերուկը գլուխը հանեց իր մեծ պարկի մեջից ու զարմացած նայեց աղջկան: Աղջիկը կարմրեց և ուզում էր ասել՝ կներեք, բայց ծերունին առաջ անցավ նրանից և ասաց.
-Հիմա շատ վաղ է, որպեսզի քեզ նման փոքրիկ աղջիկները զբոսնեն,- հետո գլուխը մոտեցրեց աղջկան և շարունակեց,- քեզանից ձմեռային անտառի, եղևնիների և եղնիկների հոտ է գալիս, դա ամենաիսկական ամանորի բույրն է, գիտե՞ս…
Աղջիկը շատ զարմացավ: Մի փոքր մտածեց ու հասկացավ, որ Ամանորի բույրը բոլոր նրանցն է, ովքեր դեռ հավատում են հրաշքներին:
-Ուրեմն, դուք էլ եք սպասում ամանորին, ինչպես՝ ես,- հարցրեց աղջիկը:
-Ես ողջ տարին սպասում եմ այս օրվան,-նորից պարկի մեջ ինչ-որ բան փնտրելով ասաց ծերուկը:
-Բայց այս տարին նման չէ մյուսներին և գուցե հրաշքներ չլինեն էլ
Ծերուկը ուշադիր նայեց աղջկա տխուր աչքերին և ասաց.
-Հրաշքներ միշտ են լինում: Ամռանը, երբ արևը քո սրտիկի նման ջերմ է և ծովը հեռվից ալիքվելով հասնում է ափին, երբ ոչ մի թչուն չի լքում իր բույնը, երբ գիշերներն աստղազարդ են, ինչպես ամանորյա տոնածառը, դա հրաշք է: Աշնանը գույների խաղերն ու աներևակայելի բազմազանությունը, ամպրոպի ուժն ու կայծակի ալիքները, անձրևի հանգստացնող երգն ու թռչունների հույսը չվելու պահին՝ հրաշք է:
Գարնանը, երբ քիչ-քիչ ուժեղանում է գետի կարկաչը սառույցի տակ, երբ կանաչում են դաշտերն ու լցվում մեկը մյուսից գեղեցիկ ծաղիկներով, երբ մենք կարող ենք տեսնել ծառերի առաջին բողբոջների ծնունդը, դա հրաշք է:
-Իսկ ես կարծում էի, որ հրաշքներ միայն Ամանորին են լինում:
-Այս քաղաքում, փոքրիկս,-շարունակեց ծերուկը,-մարդիկ մոռացել են, թե որքան գեղեցիկ է աշունը, որքան ջերմ է ամառը և որքան սիրառատ է գարունը: Եվ նրանք քիչ-քիչ մոռանում են նաև ձմռան և ամանորի հրաշքների մասին: Նրանք չեն հավատում, որ կգա ձյուն, ամեն ինչ նորից սպիտակ կլինի և այս եղևնին կփայլի հազարավոր լույսերով:
-Իսկ ինչպես անել, որպեսզի նրանք նորից հավատան հրաշքների,-անհամբեր հրցրեց աղջիկը:
-Պարզապես պետք է հրաշքներ գործել,-ասաց ծերունին և պարկի միջից հանեց ձեռքը, բացեց ափն ո փչեց: Նրա ափից թռան հազարավոր սպիտակ փաթիլներ և շրջապատեցին քաղաքի մեծ եղևնին: Մի քանի վայրկյան անց տոնածառը զարդարված էր աշխարհի ամենագեղեցիկ խաղալիքներով և լույսերով, իսկ երկնքից թափվում էին սպիտակ ձյան փաթիլներ: Աղջիկը այնքան ուրախացավ, որ չնկատեց, թե ինչպես և որ կողմ գնաց ծերուկը:
Երեկոյան քաղաքի բոլոր պատուհաններից երևում էին զարդարված տոնածառների լույսերը և օդը լցված էր երազանքներով ու հրաշքներով: Եվ աղջիկը հասկացավ՝ աշխարհում ամեն ինչն է հրաշք և ամեն մի պահն է կախարդական և այդ ամանորին երազանք պահեց, որ աշխարհի բոլոր մարդիկ հավատան հրաշքներին և հրաշքներ գործեն:
Հ.Գ. Նվիրվում է Միկային, Նիկային, Էվային և բոլոր այն փոքրիկներին, ովքեր հրաշքով են լցնում մեր կյանքը և նրանց, ովքեր դեռ պետք է ծնվեն երկրի համար ու ապացուցեն, որ հրաշքները շարունակվում են…
Անի Մաղաքյան
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий