Կեսօրին գյուղում ստվերները
թաքնվում են ծառերի տակ: Աշխարհը դադարում է շարժվել: Մեղուները չեն հավաքում ծաղկափոշի,
շները ոսկոր չեն կրծում, կատուները մուկ չեն որսում, մկները թակարդը չեն ընկնում:
Շոգ է:
Այնպիսի լռություն է, որ
թվում է`շոգն իր ձայնն ունի, իր աղմուկը: Ես մեկ-մեկ տանից դուրս էի վազում, որ
տեսնեմ մեղուն ձագ տվեց, թե դեռ չէ, որ մեր մեղվի ձագը հանկարծ չգնա ուրիշի ծառին
նստի, որ ուրիշն իմ տատից շուտ չիմանա ու իրենով անի: Էդպես մի տարի տատս հանդում
փախած մեղվի ձագ էր գտել: Պարսը վայրի տանձենու վրա աղմկելիս է եղել, տատս դույլի
մոշը դատարկել է ու չեմ էլ պատկերացնում, թե ոնց մեղուների հազարանոց պարսը լցրել
է դույլի մեջ, բերանը կապել իր գլխաշորով ու բերել իր մեղվանոցը: Ես չէի
ալարում`շուտ-շուտ դուրս էի գալիս, ուշադիր հետևում, որ մեր մեղուն հանդը չփախչի:
Տատս ձեռքերը մեջքին խաչած երևում էր փողոցի ծայրին, ես ուրախանում էի, որ արդեն
ինքն է հետևելու մեղուներին: Նա կանաչ կիսաթև վերնաշապիկ էր հագնում ու ծնկները
ծածկող կիսաշրջազգեստ: Փոքրիկ կոկիկ կոսը զարդարում էր ներկ ու հինա չտեսած նրա սև,
սպիտակ մազերը: Նրա տեսքից չէր ընդհատվում կեսօրի լռությունը, միայն ես էի մի քիչ
ավելի աղմկոտ դառնում:
Այդպես երկարատև
մենակությունից հետո են աղմկում: Ինչ-որ չարդարացված ոգևորությամբ սկսում են
շատախոսել, երևի բնազդաբար սպառելով մարդու ներկայության կարիքը, պատրաստվելով նոր
մենակության, գուցե ավելի երկարատև:
Անարդարացիորեն արագ է
անցնում այն ժամանակը, երբ մենք դեռ ոչ ոքի չենք կորցրել և անգամ դրա վախը չկա և
երբ չես վախենում մտածել նրանցից հեռու ապրելու մասին:
Տարիներ առաջ, երբ Նոր տարվա
նախաշեմին մահացավ մեր բարեկամներից մեկը, գյուղում նրա հարազատների ընտանիքներում
Նոր տարին որոշեցին չնշել`չկար սովորական
հյուրասիրությունը, ուրախությունը, կենացները... Բայց տան ամենախորը սենյակում
տատս թոռների համար թաքուն տոնածառ զարդարեց ու մեզ Ձմեռ պապիի փոխանցած
քաղցրավենիքը, միրգն ու պնդուկը բաժանեց: Այդ օրը ես մի նոր բան հասկացա` կան
աշխարհում մարդիկ, ովքեր կարող են փոխել իրականությունը հանուն քեզ, կամ հանուն
նոր, ավելի լավ իրողության: Յուրաքանչյուրիս կյանքում նրանք կան, կամ եղել են...
նրանք, որ թաքցնում են քեզանից աշխարհի ծուռությունը, կյանքի թախիծը, իրենց
ներկայի անելանելիությունը և փորձում են ամեն գնով ցույց տալ քեզ այն, ինչն իրենք
այլևս չեն կարող տեսնել: Նրանք չեն խոսում քեզ մոտ իրենց հիվանդությունից, չեն
քննարկում քո ներկայությամբ տան խնդիրները, նրանք անում են ամեն ինչ, որ դու
ժամանակից շուտ չմեծանաս... երևի դա է պատճառը, որ փոքր ժամանակ բոլորս էլ մի քիչ
էգոիստ ենք լինում... Նրանք միշտ ջանում են համոզել մեզ, որ իրենց կողքին ապահով է
ու տաք, որ առանց իրենց մենք կմնանք մենակ`հավերժ մենակ...
-Գիժ, գիժ Վարդուշ...,-
Գոռում էին գյուղի երեխեքը ու վազում Վարդուշի ետևից... Ես չէի գոռում, ոչ թե
որովհետև գիտեի, որ դա վատ է, այլ որովհոտև վախենում էի Վարդուշի մոլորված,
շփոթված հայացքից: Նա նեղն ընկած գազանի նման շուրջն էր նայում, ելք էր ուզում
գտնել, որ ճամփան շարունակի ու այդ ժամանակ անպայման գտնվում էր երեխեքի մեջ մեկը,
որ համարձակություն կունենար ասեր`տեսեք Միքոն գնաց, Միքոն.... Ու Վարդուշը կանգ
էր առնում... վախենում էր նայել էդ ասողի մատի կողմը... դեմքին խառնվում էին
հավատը, կարոտը, հույսը, հիասթափությունը... Վերջապես նայում էր հեռուն, ճամփի
եզրին... հետո անպայման բոլորը ծիծաղում էին ու Վարդուշին վերջապես ճանապարհ
տալիս...
Վարդուշի ծնողները Միքոյին
դեմ են եղել, իրենց աղջկան չեն տվել... Միքոյի ծնողները Վարդուշի ծնողներին ինատ
են արել ու Միքոյին պսակել ուրիշի հետ... Էդպես անցել են տարիներ... Ոչ Վարդուշի և
ոչ էլ Միքոյի ծնողներն այնքան չեն ապրել, որ տեսնեն այդ ամենը, բայց մի օր արդեն
հասուն երեխեք ունեցող Միքոն և ջահել տարիքում այրիացած Վարդուշը որոշում են
փախչեն միասին գյուղից և ապրեն այնպես, ինչպես միշտ են երազել... Ի՞նչ է, էս նույնիսկ
կեսօրվա շոգին անշարժացող աշխարհում մի էնպիսի տեղ չի՞ լինի, որ իրենք վերջապես
երջանիկ լինեն... Համոզված եմ, որ կլիներ էդպիսի մի վայր, եթե փախուստի նախորդ
գիշերը Միքոյի սիրտը անհագստությունից չկանգներ... Ասում են Վարդուշը Միքոյի կնոջը
հավասար լաց է եղել նրա մարմնի վրա, տխուր բայաթի երգել ու վշտի մեջ չի հասկացել,
որ իր երգի մեջ իրենց ծրագրերի մասին է պատմում...
Վարդուշը իր ողջ կյանքի
սիրուն ընդմիշտ կորցնելուց, թե Միքոյի այրու բամբասանքներից, բայց փոքր ինչ խելքը
գցեց... Ժամանակի ընթացքում այդ քիչը շատացավ, երևի մի քիչ էլ այն պատճառով, որ
բոլորը սովորեցին նրա մեջ գիժ տեսնել, թեև Միքոյի կինն էլ վաղուց չկա... էդ պատմության
միակ վկան մնաց Վարդուշը, իր սիրո ու չկայացած մեղքի հետ...
Չեմ էլ կարող պատկերացնել, որ
մի օր մենք էլ կարող ենք բաժանվել, թեև մեզ միայն անխուսափելին կարող է բաժանել,
ուրիշ ոչինչ, նույնսիկ նրա տեսականորեն հնարավոր դավաճանությունը, որի մասին ես
մեկ-մեկ թաքուն ու վախով մտածում եմ... երևի դա է պատճառը, որ շատ եմ խանդում... Ես
միշտ խարիսխ եմ գցում այնտեղ, որտեղից չեմ ուզում հեռանալ... ես չեմ ուզում երբևէ
հեռանալ նրա մտքերից, ոչ մի օր... ես խոսում եմ նրա հետ, խարիսխի նման նետում եմ մտքերս
նրա մեջ ու կապված եմ զգում, թեև դա անշարժություն չէ, դա ավելի շատ
անելանելիություն է...
Մեր գյուղի հարևանի թոռները
ամեն ամառ գալիս էին իրենց տատի տուն, իմ նման...Մեծ թոռը տարիքին անհամապատասխան
բարձրահասակ էր և հասակին անհամապատասխան հիմար... Մի օր նա չգիտեմ`ոնց ճնճղուկ էր
բռնել ու որպեսզի հանկարծ ձեռքից բաց չթողնի ճնճղուկի ոտքից թել էր կապել, թելի
մյուս ծայրը կապել էր այդ խեղճ թռչունի քաշը հազարապատիկ գերազանցող քարից: Իմ
ամենածանր պահերին ես հիշում եմ անհույս պայքարող ճնճղուկի կարճ թռիչքները: Խարիսխը
լավ բան է, երբ ոտքիդ կապած քար չէ... Խարիսխը արմատ չէ, հույս է ընդամենը...
Ճնճղուկը իհարկե
չապրեց...բայց ոչ մի վայկյան չդադարեց թռչել, ինձ նույնիսկ թվաց, որ հենց օդում
կանգնեց նրա սիրտը... Եթե մեռնել, ուրեմն
ճախրելիս`մտածեցի այդ օրը... ես հետո հասկացա, որ ճախրելիս ամենից շատն ես ուզում
ապրել...
Մենք բոլորս էլ ինչ որ թռչուն
ենք: Ես ճախրանքի մեջ եմ միայն, երբ մորս կողքին եմ`երևի աղավնի եմ, կամ ծիծեռնակ,
այս թռչունների ձագերը ամենից երկարն են մնում հայրական բնում:
Հայրս հաճախ է ասում `«ձեր
մերը մի փոքր բանից ուրախացող կնիկ ա...»: Հայրս շատ է սիրում մորս, ասում է`
առաջին անգամ տեսա հեռվում կանգնած ու հասկացա, որ ինքն է լինելու կողքիս: Դա երևի
հենց ճակատագիր ասվածն է: Ծնողներին վաղ տարիքում կորցրած իմ գեղեցկուհի մոր համար
հայրս ընտանիք հորինեց: Նոր ընտանիք, որտեղ ծնվեցինք մենք, մեծացանք, թռանք...իսկ
նրանք մնացին միասին, ինչպես իրենց հանդիպման առաջին օրը, երբ մենք դեռ չկայինք,
ուղղակի հիմա մեր կարոտն է ավելացել նրանց օրերի մեջ: Իմ մայրը իսկապես մի փոքր
բանից ուրախանում է, բայց հորս ընդամենը մի ժպիտ է պետք, որ աշխարհն իրենը դառնա: Այդպիսին
է իմ հայրը`մի փոքր բանից ուրախացող: Ես հետո հասկացա, որ մենք բոլորս ենք
այդպիսին: Ինչ է պետք յուրաքանչյուրիս լավ զգալու համար`մի բարի բառ, մի անկեղծ
ժպիտ...
Մենք բոլորով էինք գնում խոտհավաքի
կամ բերքահավաքի, տանը ոչ ոք չէր մնում: Տատս տան դուռը փակում էր բանալով, որի
վրայից երկար թել էր կապած, ու բանալին կախում էր դռան կողքի մեխից: Ես չէի
հասկանաում, թե ինչու են փակում դուռը, երբ ամեն ցանկացող կարող է վերցնել բանալին
ու բացել դուռն ու ներս գնալ: Ես միշտ անհանգստանում էի, որ որևէ մեկը կմտնի մեր
տուն ու հաստատ շատ կհավանի իմ ծաղկավոր բլուզը, որը ես միայն հատուկ առիթներով էի
հագնում, կհավանի ու կվերցնի իր, կամ իր աղջկա համար:
Մի օր, կեսօրին, երբ մորս հետ
գյուղ եկանք, տեսանք մեր տան դարպասները կողպեքով փակած: Մայրս բռնեց կողպեքը,
նայեց մի քանի վայրկյան, հետո հենվեց դարպասներին ու լաց եղավ: Նրանք, ովքեր միշտ
կային այդ դարպասների ներսում և երբեք չէին փակում իրենց դուռը, էլ չկային: Նրանք
գնացել էին հերթով, ասես`համաձայնեցրած իրար հետ, առանց հարցնելու, առանց հաշվի
առնելու, որ գոնե իմ մոր համար մի քիչ ավելի երկար մնային, մի քիչ ավելի երկար բաց
թողնեին դարպասները, որովհետև վաղ տարիքում ծնողներին կորցրած իմ մայրը, նորից մեծ
կորուստ զգաց... և նա բոլորիցս շատ ցավեց... Ես այդ օրը հասկացա, որ գնալը հեշտ է
ավելի, ճանապարհողի համար է դժվար:
Փոքր ժամանակ մենք մեր
հասկացած ամեն փոքրիկ ճշմարտություն շատ շոշափելի ենք զգում: Կարևոր բացահայտում
արածի նման մտածում ենք դրա մասին գիշերով, և խնձորենու տակ նստած, և աղբյուրից
ջուր բերելիս, և ընկերների հետ անտառ գնալիս, և կեսօրին, երբ աշխարհը դադարում է
շարժվել:
Ամենուրեք, որտեղ ես կամ
կեսօրին, արևի ամենաթեժ շողերի տակ, ես լսում եմ փեթակից առանձնացած պարսի ձայնը:
-Տատ, տատ մեղուն ձագ տվեց,
տանձենու վրա են,- արձագանքնվում է իմ մեջ... Շոգը մեղվի բզզոցի ձայն ունի...
Անի Մաղաքյան
Комментариев нет:
Отправить комментарий