Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

воскресенье, 9 декабря 2012 г.

Կայծակ


Պապս վրան գցեց մոխրագույն անձրևանոցը, քաշեց գլխանոցը, հեծնեց ձին ու անձրևի ու մշուշի մեջ կորավ: Նրա ձին գյուղում ամենաերկար ոտքերն ուներ, ամենահպարտ վիզը, ամենափայլուն մորթը: Մեր մեջ ասած` սովորական ձի էր, բայց այդ առավելությունները ստանում էր, երբ պապս էր վրան նստում, որովհետև պապս գյուղի ամենաբարձրահասակն էր, ամենաթիկնեղը, ամենահպարտ ու ամենագեղեցիկը: Մինչև հիմա էլ Դիլիջանում, որ իմանում են, թե ում թոռն եմ ասում են` Դիլիջանը, նրա նման սիրուն տղամարդ էլ չի տեսել: Էլի շատ բաներ են պատմում: Ասում են կոլխոզի նախագահ եղած ժամանակ պապս հնձվորին ու մշակին, կովարածին ու կթվորուհուն միայն լավ աչքով է նայել, հատկապես կթվորուհուն: Վեջինն էլ կատակով են ավելացում, կողքից էլ ասում, որ ջահել հարս ու ազապ աղջիկ, պապիս հետևից ախ քաշելով էին նայում ու տատիս թաքուն երանի տալիս: Ասում են նաև, որ մեծ պապիս երանի տվողերն էլ շատ են եղել` թե տեսեք Հանես բիձեն էս ինչ թագավոր տղա ունի: Ասում են` դրա համար էլ շուտ աչքի եկավ:
 Ասածս ու պատմածս Դիլիջանին կից գտնվող Շամախյան գյուղի ալևորներից եմ լսել, մորիցս ու իմ Ջիվան քեռուց: Ջիվան քեռիս պապիս եղբոր տղան է: Պապս է նրան պահել, Քեռիս ասում է` ես որ նվագել ու երգել եմ սովորել Ամիրի շնորհքն է, երեք տարեկան էի, երբ նկատեց, որ տան ղազանների վրա դհոլ եմ խփում, հաջորդ օրը մի դհոլ առած եկավ, միչև հիմա էլ շատ դռներ են իմ առաջ բաց, որովհետև Ամիրը հորեղբայրս է: Մայրս հիմնականում վերապատմում է մյուսների պատմությունները, որորվհետև շատ փոքր է եղել, երբ պապս մահացել է: Մի ժամանակ Ջիվան քեռիս ասում էր, հիմա Ամիրի ընկերները շատացել են, ով խոսում է` ասում է Ամիրն իմ մոտիկն էր, պարծենալիք է դարձել: Ու էդպես էլ կա, Շամախյանում եղած ժամանակ պատերի տակ տեղավորված մեծ մարդիկ անցնելիս միշտ հարցնում են, թե ում թոռն եմ: Առաջին անգամ, հաշվի առնելով, որ պապս վաղուց է մահացել, ասացի, որ Ջիվանի տուն եմ եկել, նրանց միջի հավանաբար ամենածերը հարցրեց, թե Ջիվանի ինչն եմ, ասացի Ամիրի թոռն եմ: Ամիրին նման չես` տխրությամբ ասաց նա ու սկսեց պատմությունները պապիս մասին:
-Քո պապի պես իգիթ, մեր գեղը տեսած չի, նրա շուլուխն ու լուրջը մարդու սրտին էին հասնում: Մի տարի գյուղն օգնություն էր ստացել, ամեն տուն մի մեշոկ ալյուր էր ստանալու, Ամիրն էլ արդեն կոլխոզի նախագահ էր: Եկավ, հերթը կտրեց, երեք մեշոկ ալյուրը բարձեց ձիուն ու ուզում էր գնա, մեկ էլ գյուղացիների մեջից բողոքողներ եղան, թե չարաշահում ա անում, ինչիա երեք մեշոկ տանում, Ամիրն էլ շրջվեց ու թե ` երեքը չեմ տալիս, հինգն եմ տալիս, բայց հորս էլ հետն եմ տալիս, տենամ կարաք մի ամիս պահեք: Էլ ինչ բողոք, ինչ բան, սաղ գիտեին, որ Հանեսին տաս մեշոկով էլ չէին պահի:  
Այդ մասին ես էլ էի լսել, մեծ պապիս ախորժակը գյուղում ու հարակից շրջաններում հայտնի է եղել: Մայրս պատմում է, որ մի ոչխարը մորթել են, դրել կրակի վրա, ու միչև եփելը մնացել է ջուրն ու մի կտոր միս, որովհետև Հանես պապը մի քանի անգամ կրակի կողքով անցել է ու ասել` հլա մին տենամ էփելա, թե չէ:Էն վերջի կտորն էլ էլի իրենն էր լինելու: Մեծ պապս շատ հետաքրքիր մարդ է եղել, ասում են բոլորին ասել էր, որ իրեն Հովհաննես չասեն, այլ Ֆիլիպ Անդրեիչ: Միայն Աստված գիտի, թե Ֆիլիպ Անդրեիչն ով է, ինչացու է ու ինչու է Հանես պապը էդպիսի յուրահատուկ անվանադրում արել ինքն իրեն: Գյուղամիջում նստածերիծ մեկը մի ուրիշ պատմություն սկսեց.
-Մեր գեղի սարերը  միանում են լոռվա կողմերի` Քարինջի, Մարցի սարերի հետ, մի տարի, մի անձրև, ցեխ, ցուրտ օր էդ կողմի սարերի սարվորները մեր գեղի ձիերին ու մի էշ գողանում են: Սաղս մոլոր, չգիտենք` ինչ անենք, խաբարը հասավ Ամիրի: Ամիրն էլ, թե ես կգնամ ու կբերեմ: Ինձ էլ հետը ընկեր արեց, ճամփա ընգանք:
Մինչ ալևորը պատմությունը կշարունակեր կողքից մեկը ըդհատեց.
-Ինչ ես սուտ-սուտ բաներ ասում, Ամիրի հետ դու չես եղել, Ամիրը մենակ ա գնացել:
-Ասում եմ, ես եմ եղել հետը, բա որ ես չեմ եղել, բա էս պատմությունը ոնց գիտեմ:
-Էդ պատմությունը սաղ էլ գիտեն, ով չգիտի…
-էէէ, թող պատմեմ էս երեխեն մնաց սպասելով, մի խոսքով աղջիկ ջան, ճամփա ընգանք: Անձրևը վարար, եղանակը ցուրտ, ձիերի ոտերի տակը ցեխ, մի սաղ օր ճամփա գնացինք, սրանց օդեքը գտանք: Ամիրը թե, դու բան չխոսաս, ինչ կասեմ` կասեմ: Դե ես ով էի, որ նրան հակաճառեմ: Մտանք մի օդա, Ամիրը թե, Մարց ենք գնում , կարանք էս գիշերը մնանք էստեղ: Դե էդ մարդիկը, ճիշտն ասած շատ հյուրասեր էին: Ընդունեցին, պատվեցին, երկու ժամ հետո արդեն քո պապի արևով էի երդվում: Մեջներից մեկը, թե` այ ախպեր, քու նման մարդը եկելա իմ օջախը պատվելա, բա ի՞նչ լավություն կարամ ես քեզ անեմ, դու մենակ ասա: Ամիրն էլ թե` կարաս մի բան անես, ես Շամախյանի կոլխոզի նախագահն եմ, էս առավոտ գյուղի ձիերը տարել են, եկել եմ գտնեմ, հետ տանեմ, իմ պատիվը չի տա, որ ես իմ տված խոստումը չանեմ: Էս մարդը շշմեց, նայեց պապիդ, գլուխը կախեց ու ասեց` դուք էս գիշեր իմ ղոնախն եք, առավոտը դու քու ձիերի հետ քու գեղը կգնաս: Տենց էլ եղավ, առավոտը վեր կացանք, տեսանք քսան հատ ձի դռանը կապած մեզ են սպասում: Պապդ նայեց էդ մարդին ու թե, ապրես, այ էս ուրիշ բան, բայց դե տղեք, ձի էին տանում էիք, հասկացանք, բա էն խեղճ էշն ու՞ր եք տարել: Տանտերը ծիծաղեց ու գնաց կողքի օդի փարախից էշն էլ հանեց բերեց: Ես տենց բան  իմացած չէի, որ գողերը բերեն իրանց ձեռքով հետ տան գողացածը, բայց քու պապը օձին էլ բնից կհաներ իրա խոսքուզրիցով:
-Քու պապի մահից հետո, աղջիկ ջան, պարզվեց, որ պապդ կոլխոզի շատ աշխատողների ավանսով փող է տված լինում, մինչև աշխատավարձի ստանալը ու որպեսզի քո պապի անունը չկեղտոտվի, բոլորը, ում փող էր տվել Ամիրը, բերեցին ու փողը լրացրեցին կոլխոզի բյուդջե…
-Հա, ճիշտա, ոչ ցուցակ կար, ոչ էլ մեկը գիտեր, թե քանի հոգու է էդպես փող տվել, բայց վերջում հաշվեցին, ու ամիրի վրա մի կոպեկի պարտք չմնաց, բոլորը բերել էի:
- Քու պապն անհաղթ էր, անհաղթ …
-Նրան մենակ կայծակը կարեցավ հաղթի…
-Ինքն էլ մի կայծակ էր…
Տխուր իրար լրացելով` խոսեցին նրանք ու ամեն մեկը խորացավ իր մտքերի մեջ, երևի նրանցից յուրաքանչյուրը իր մեջ վերհիշեց պապիս դիմագծերը, ժպիտը:

Օդի առաջ մյուս սարվորների հետ նստած, կրակի շուրջ գիշերով զրուցում էին, պատմություններ հիշում, ծիծաղում ու տխրում: Բողարը` պապիս շունը, պառկած էր նրա ոտքերի տակ ու հետևում էր կրակին: Ամպրոպի ձայնը չէր  լսվում, երևի չկար էլ, հեռվում մթի մեջ ծովյանը փայլում էր ու հուշում, որ կայծակը մոտ է: Չարագուշակ չէր այդ օրը, ոչ էլ արտասովոր մի բան կար օդի մեջ: Կայծակը հեռվում խփեց, տատս վեր կացավ.
-Ամիր, արի ներս գնանք…
-Վախեցա՞ր, նստի-նստի …
Ասաց պապս, խարույկի մոտ նստածների աչքի առաջ վառ լույս ցոլաց…լույսը կորավ, այդքանի միջից կայծակի կեռը միայն պապիս ու տատիս էր դիպել:
Օրեր անց, տատս հիվանդանոցում ուշքի եկավ, առաջինը պապիս մասին հարցրեց` լավ է, տանն է, ասացին նրան: Պապիս արդեն հողին էին հանձնել: Այդ մասին տատս միայն հիվանդանոցից դուրս գալուց հետո իմացավ: Ասում են Հանես պապը մի կաթիլ արցունք էլ չթափեց տղայի շիրիմի վրա: Գյուղում ասում էին` քար է Հանեսի սիրտը, Հանեսը ո՞նց չգժվեց էն տեսակ իգիթը իրանից առաջ ընկավ: Հետո լուրը տարածվեց, որ հանես բիձին հանդում գլխին հող լցնելիս են տեսել, գլուխը ծառերին զարկելիս են տեսել, ինքն իրեն քարերով խփելիս են տեսել: Էն ուտող հանեսը մի կտոր հաց չէր դնում բերանը ու մահացավ, որդուց հետո երեք ամիս էլ չապրեց: Բողարն էլ կորավ, նրան գտան մահացած` այն նույն տեղում պառկած, որտեղ կայծակը խփել էր պապիս:
Այն նույն կերպ, ինչպես Շամախյանի  ամեն մի ծերունի Ամիրի անունը լսելիս մտքերի ետևից է ընկնում ու վերհիշում նրան, այնպես էլ ես եմ փորձում պատկերացնել նրան …
Պապս վրան գցեց մոխրագույն անձրևանոցը, քաշեց գլխանոցը, հեծնեց ձին ու անձրևի ու մշուշի մեջ կորավ…հետո պիտի գար, Բողարը առաջ կվազեր, կքսմսվեր ոտերին… խոնավ անձրևանոցը կհաներ, ձիուն կկապեր, առաջը մի գիրկ խոտ կլցներ, կհաներ հողոտ, գյուղոտ, հանդոտ ոտնամաններն ու կմտներ տուն, որտեղ նրան արդեն սպասում էին…

Անի Մաղաքյան

Комментариев нет:

Отправить комментарий