Ու լուրն ընկավ գյուղի բերանը, թե Ստեփանը կնոջը դուրս է արել, սա էլ դուրս է եկել տանից ու գնացել անհայտ ուղղությամբ: Դե այնքան էլ անհայտ չէ` առավոտյան գյուղամիջում իբր թե հենց էնպես, իմիջիայլոց, Սահակը պատմեց, թե գիշերը դուրս է եկել մաքուր օդ շնչելու ու տեսել է, թե ինչպես է ծաղկավոր շորով մի խիզան մտնում իր հարևան Մուրադի տուն: Նախորդ առավոտյան Ստեփանը կնոջը մի քանի կարգադրություն է տալիս ու դուրս է գալիս: Երեկոյան գալիս է տեսնում, որ բոստանը ջրած չէ, հավերի թառը բաց է, կինն էլ հոր տնից օժիտ բերած կարի մեքենայի առաջ նստած ծաղկավոր չթից շոր է կարում: Կռիվն ընկնում է սրանց մեջ, թե գործերը թողաց ինչով է զբաղվում: Կնոջը կարգադրում է բոլոր գործերն անել էնպես, որ մեկ էլ ինքը գա ու տեսնի` էլ անելու բան չի մնացել: Արուսիկը շատ կուզեր էդպես անել, բայց շորն ավարտելուն մի քիչ էր մնացել, որոշեց վերջացնի, հագնի ու էդպես դիմավորի ամուսնուն:
Ամուսնության օրից 6 տարի էր անցել, բայց երեխա չունեին, կիսուրն աշխարհի բերանն էր գցել, թե <<էն հարսը չբեր է>> , բայց դուրս չեն անում, որովհետև Ստեփանի սիրտը կպած է, համ էլ 1000 տարվա հարևաններ են անբարիշտություն հո չեն գցելու: Էսպես հարսանիքի օրից հոր տանից բերած շորերի մեջ էր Արուսիկն ու մեծ քրոջ նվիրած հատուկ առիթներին օգտագործվող կոշիկներով: Մեկը չէր տեսնի, որ նա իր բաղ-բոստանից դուրս գար:
Մի օր էլ քաղաքից առևտրականներ էին եկել, ամեն ինչից էլ վաճառում էին, փոխում պանրի, ձվի , յուղի կամ մեղրի հետ, Արուսիկն էլ մի ծաղկավոր չիթ վերցրեց ` փոխարենը 2 ամիս թաքուն հավաքած 30 ձու տվեց:
Մտքին դրել էր, թե ինչ էլ լինի կարելու է էդ շորն ու հագած-կապած դուրս գա գյուղամեջ, որ բոլորը տեսնեն, թե ոնց է սազում իրեն թազա շորը, գույները սազում են աչքերի հետ, փեշի ձևն էլ ձգում է ոտքերն ու նույն կտորից կարած գոտին ըդգծում է մեջը:
Ստեփանի հետ սիրելով չամուսնացավ: Իր պսակվելու ժամանակն էր, պետք է ընտրություն աներ կամ Դսեղեցուն ուզեր ու գնար, կամ էլ իրենց կողքի տունը գնար. հին հարևանություն է, Ստեփանն աշխատող տղա է, իր հոր աչքի լուսը: Չէր էլ պատկերացնի, որ սկեսուրը առաջին իսկ օրից իրեն պաշտոնը բարձրացրած չինովնիկի պես կպահի: Առաջին օրը լույսը չբացված մտավ ջահելների սենյակն ու սկսեց իբր անկողինը հավաքել, երկրորդ օրը հարսի պարտականությունների մի բանավոր ցուցակ ներկայացրեց, մեկ օր անց սկսեց դաստիարակել ու էդպես մինչ օրս: Օր չկար, որ երեսով չտար երեխա չունենալը:
Ստեփանն էլ առավոտյան դուրս էր գալիս, երեկոյան գալիս: Չխոսկան տղա էր: Վեց տարվա ընթացքում ամբողջ ասածից միայն մի բան էր տպավորվել Արուսիկի մեջ` իրեն տուն բերելու առաջին օրը ասաց ` մորս համար լավ հարս էղնես` ամեն ինչ լավ կեղնի: Բայց էլ միջոց, ձև ու տարբերակ չէր մնացել լավ հարս լինելու:
Ուզածը մի ծաղկավոր շոր էր, եղածը մեծ բան չէր: Ստեփանն եկավ տուն, տեսավ կնոջն ու չճանաչեց: Ձիք մարմնով, մազերը բարձր հավաքել էր, աչքերի եզրերը սև մատիտով գծել, շրթունքները կարմիր ներկել ու կանգնել էր սենյակի կենտրոնում: Մի քանի վայրկյան մարդն էդպես կանգնած մնաց ու չհասկացավ Արուսիկի շատ սիրուն լինելուց էր, թե անսպասելիությունից` ապտակեց կնոջն ու կատաղած նստեց սեղանի մոտ: Էլ չէր նայում դռան կողքին կուչ եկած կնոջը: Փնչացնում էր քթի տակ` էգին իր ձեռքից կորցրած ցլի նման: Անտեր շորն էլ էնքան է սազում տերն օրհնածին, որ աչք կտրել չի լինում: Լավ էր, երբ Արուսիկն անշուք, միշտ նույն` ձևն ու գույնը կորցրած զգեստով էր, մազերը շալի տակ պահած, աչքերը կախ: Հիմա էլ առաջվանը չի լինի: Էսպես դուրս կգա գյուղամեջ, կնայեն աջուձախից, դե Ստեփան դու էլ արի տեր էղի քո բարիքին, որ ուրիշի չտես աչքը չքաղցրանա վրան: Ստեփանը չէր էլ պատկերացնում, որ առանց զարդարանքների էլ արդեն կար մեկը, ում աչքը քաղցր էր իր կնոջ վրա: Մուրադի սիրտը վաղուց էր Արուսիկին կպած: Դեռ ջահել ժամանակ էլ մի անգամ բաղերում ժամադրվել են, խոսել, բայց անհեր, անմեր տղա էր Մուրադը, նրան աղջիկ չէին տա, մանավանդ, երբ Ստեփանի թեկնածությունն անցել էր միաձայն: Ամուսնանալուց հետո էլ մի անգամ փորձել էր հետը խոսի, բայց Արուսիկը չէր թողել, ասել էր`
-Ամոթ է Մուրադ…մեղք է… փորձանք կդառնա… էլ չգաս…
Ու Մուրադն էլ չէր եկել: Ջահել օրերի սերը խորը թաղել էին երկուսն էլ:
Սկեսուրն եկավ, նստեց տղայի կողքին ու գլուխն առավ ձեռքերի մեջ: Մարդը մահանա բռնեց, թե կնիկը հենց էնպես թազա շոր չէր ուզի, ուրեմն մի բան կա: Բերեց-հասցրեց կասկածը Մուրադի վրա, թե արդեն մի շաբաթ է ինքը տեսնում է, որ Մուրադը իրենց պատի կողքով շատ է դես ու դեն գնում:
-Ինչի՞ Մուրադը մեր պատի տակից չի հեռանում,-ասում էր բռունցքը խփում սեղանին, խփում էր ու աչքերը չռում ծաղկավոր շորը հագին դռան տակ կուչ եկած կնոջը,- Մուրադի համա՞ր ես հագել-կապել,- ասում էր ու ինքն իր ասածից կարմրում-վառվում: Նայում էր քանդված մազերի արանքից իրեն վախեցած նայող աչքերին, հայացքն իջեցնում էր մարմինն ընդգրկող զգեստին ու աչքերը կտրուկ թեքում: Սկեսուրը մի կողմից հարցնում էր, թե կտորը որտեղից, Ստեփանը մյուս կողմից հարցնում էր, թե Մուրադն ինչի է իրենց տան կողքով անցնում:
Էսպես դատ ու դատաստան արեցին Արուսիկի գլխին ու դատապարտեցին դաստիարակչական ծեծի Ստեփանի կողմից: Դատապարտյալը դուրս թռավ տանից ու վազեց անհայտ ուղղությամբ: Արդեն գիշեր էր, Ստեփանը վազեց ետևից, թե աղջի հետ արի, ոչինչ` ինչ եղավ եղավ, մայրն ասաց` բան չկա, իրա ոտով կգա:Բայց էլ չեկավ Արուսիկը:
Առավոտյան լուրն ընկավ գյուղի բերանը, թե Ստեփանը կնոջը դուրս է արել… Սահակը գյուղամեջում հավաքվածներին պատմեց թե գիշերը դուրս է եկել մաքուր օդ շնչելու ու տեսել է, թե ինչպես է ծաղկավոր շորով մի խիզան մտնում իր հարևան Մուրադի տուն…
Անի Մաղաքյան /կարդացեք Գրեթերթի նոր համարում/
Комментариев нет:
Отправить комментарий