Поиск по этому блогу

Показаны сообщения с ярлыком գեղանկարչություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком գեղանկարչություն. Показать все сообщения

понедельник, 10 ноября 2014 г.

Քո գոյությամբ ես միայնակ եմ ավելի…

Հայացքներում իմ ցանկություններ են ձմեռում վաղուց
գունաթափությամբ երազանքներիս...
Եվ իր սպիտակ ավարտն է գտել քո գոյությունը …
Իսկ ես չեմ կարող ապրել այն աշխարհում,
որտեղ դու ես ապրում և քո  բազմաթիվ աղջիկները`
գունավոր ու բոլոր երկինքների նման միագույն հաճախ…
Մենք դեղին թութակներ ու դեղձանիկներ կպահենք
Եվ աղջիկները, որ վաղուց կորցրել են կատվի խորհուրդը
Էլ չեն կարողանա երգել նրանց պես քաղաքի անկարգ տանիքների վրա…
Ես պոչս կքաշեմ սուսուփուս, կգնամ,
իսկ դու առաջվա նման սուսուփուս կհետևես ինձ,
Ու կզանգես իմ տուն, այն ութերորդ հարկում, ու կլռես երկար…
Հայացքներում իմ ցանկություններ են մեռնում դանդաղ` կատվի հպարտությամբ…
Մեջքը գետնով չի տա ոչ մի կատու…
Ես հիշել եմ այսօր երիցուկների դաշտը,
Ես վազել եմ երկար նրանց միջով,
Ես ընկել եմ նորից քամու մեջ ու տարել է ինձ բույրը կանաչ սարիիմ սեր
Իմ սեր … որ չես թողնում խեղդվել միայնությամբ լցված իմ կոկորդով…
Քո գոյությամբ ես միայնակ եմ ավելի…
Եվ չեմ կարող ապրել այն աշխարհում,
որտեղ դու ես ապրում և չի պահում ոչ ոք դեղին թութակ ու դեղձանիկ
Այնքան մաքուր, ծիլ-ծիլ ձայնով…

Որտեղ ինձ չեն սպասում ժամացուցները քո, և չեմ գալիս ինքս համառորեն…

Անի Մաղաքյան

вторник, 24 мая 2011 г.

Անկում դեպի երկինք կամ Օգոստոսի 176-ը


Գուցե բողոքի յուրատեսակ մի ձև էր դա, կամ էլ պարզապես ձև, բայց նա դա արել էր:

Առավոտյան բնակարանն իր հետ կիսող տանտիրուհին գտել էր նրան հատակին անուժ ընկած…

Հիվանդասենյակի պատերը սպիտակ էին, բայց աչքերի առաջ լուսավոր ճառագայթ

ներ էին ծիածանվում, ինչպես արևին երկար

նաելուց հետո է լինում…

Դա բողոքելու նրա ձևն էր…

Ես նստել էի հիվանդանոցի միջանցքում և սպասում էի: Նրա մոտ արդեն ոչ ոք չէր մտնում, իբր թե անհրաժեշտ օգնությունը ցույց էին տվել և հիմա պետք էր սպասել… և ես սպասում էի…

Հարազատներից ոչ ոք դեռ չկար…

Սպասասրահում միայն ես էի, ինչը թույլ էր տալիս կենտրոն

անալ միայն մի խնդրի շուրջ` ինչի դեմ էր բողոքում նա…

Ես չէի հասցրել որևէ էական եզրակացության գալ, երբ հաղթանդամ, տարեց մի մարդ, մռայլ դեմքով մտավ ներս և նստեց դիմացս…

Մի քանի րոպե լռելուց հետո նա սկսեց խոսել այնպես, ասես հին ծանոթներ էինք …

-Դե ասում են ` լավ կլինի, ասում են ` բարդ չի…

Ես կողքի բաժանմունքում էի … վիրահատում են… ասում են ` բարդ չի… էնտեղ սպասելը հարմար չէ... թոռանս են վիրահատում, բայց ասել են որ… սիրտը պարզ օրգան է, բայց շատ է բարդացնում մարդու կյանքը…

Ապա ձեռքդ բռունցք արա… տեսնում ես ` այդքան է սիրտդ…

Նա հայացքն իջեցրեց իր մեծ, կլոր ձեռքերին ու ասաց.

-Սիրտ էլ չմնաց… արդեն մի ժամ է… չէ… չգիտեմ, ասել են բարդ չէ… մեկ տարի առաջ ես էի էստեղ պառկած, ամեն անգամ, երբ բուժքույրը մտնում էր հիվանդասենյակ սրսկում անելու, օղորմածիք կինս նրա գրպանում իբր թե աննկատ գումար էր դնում, նա էլ ժպտում էր, աչքով անում ու դուրս էր գալիս … երեկ էլ` ես… բուժքույրը եկավ թոռանս սրսկում անելու, մտածեցի ` ներքին կարգ է, գրպանը գումար դրեցի ու կարմրեցի…ես կարմրեցի, նա` ինձնից առավել… ասաց ` մեղք է, հայրիկ ջան…

Աստվածավախ երևաց , կամ էլ սեփական խղճի հարց էր…

Էս բժիշկների գործն էլ գործ չէ… ամենքս մեր կյանքի համար ենք պատասխանատու, իսկ իրենք նաև հիվանդների…

Երևի իմ պատճառով կնոջս մեղքերի թիվը մեկով ավելացավ… Չնայած` նա շատ արդար կին էր…

Ինձ համար հետաքրքիր էր լսել նրան. թվում էր ` պարզապես ինչ-որ դրվագներ է պատմում ` մեկը մյուսի հետ չկապակցված…

Նա մի քանի րոպե լռելուց հետո հարցրեց.

-Իսկ դու ինչի՞ համար ես էստեղ…

-Ընկերուհիս ինքնասպանության փորձ է արել, ծնողները դեռ Երևան չեն հասել, ինձ էլ ասել են ` սպասել է պետք, ես էլ սպասում եմ…

-Ինքնասպանությա՞ ն փորձ ,- կրկնեց նա, ասես ողջ ասածիս միայն դա էր լսել

- Հա, էնպես էլ ասում են` փորձ, իբր ներկայացում է. այսօր փորձում ենք, իսկ վաղը…,- ես չշարունակեցի. հասկացա, որ նա ինձ ուղղակի չի լսում, մի տեսակ նեղացնող էլ էր: Քիչ հետո հարցրեց.

- Քանի տարեկան է…

- 21…

-Իսկ պատճառը…

- Ես ինչ իմանամ, ինչ կարևոր է…

-Ճիշտ է, ապրես, ոչ մի պատճառ չի արդարացնում հետևանքը… հիմա նա մահվան հետ կռվի է մտել, հիմա նա բոլորիցս շատ է ուզո

ւմ ապրել…

Եթե մեկը պարանը ինքանակամ վիզն է գցում ու աթոռը ոտքերի տակից հրում, միևնույնն է նույն պահին ձեռքերով բռնում է պարանը, փորձում է ազատվել…

Տարօրինակ էր լսել նրան… ես մինչ այդ մտածում էի, որ ընկերուհուս միակ կռիվը երեկ

գիշերվանից այս կողմ եղել է կյանքի դեմ…

-Փաստորեն կյանքի համա՞ ր էր …

-Ի՞ նչը…

-Այն ինչ արել է նա…

Ծերուկը ոչինչ չպատասխանեց, հիմար հարց էր երևի… երևի ինձնից էլ հիասթափվեց, վեր կացավ ու գնաց… Էլ չտեսա նրան…

Բժիշկները չէին երևում, միջանցքում ոչ ոք չկար… Աչքիս առաջ սպիտակ դուռ էր, որից այն կողմ կռիվ էր, իսկական պատերազմ կյանքի համար ` կյանքի դեմ…

Սպասելն արդեն անհնար էր, ներս մտա…

Նստեցի կողքին… Փակ կոպերն անհանգիստ շարժվում էին … <<Կռվի մեջ է>>,- մտածում էի ես… Այսպես մնացինք մինչ արթնացավ:

-Ո՞նց ես,- հարցրի ես, առանց պատասխանի ակնկալիքի…նա ժպտաց ու թե.

-Պատուհանին մոտեցիր… տեսնու՞մ ես

-ի՞նչը

-Ինչ –որ տեղ հիմա ջրաշուշաններն են ծաղկում, իսկ մեզ մոտ ձյուն է…ինչու՞ է ձյուն…

-Երևի որովհետև ձմեռ է …

- Իսկ չի՞ լինում, որ ձմռանն արև լինի…

-Լինում է…

-Բա ինչու՞ ամռանը ձյուն չի գալիս, կամ ինչու՞ չեն ծաղկում ջրաշուշաններն այստեղ, ասֆալտին, այս պատուհանի տակ…

- Զուլոյի տողը հիշու՞մ ես ` … որ դուրս թռչեմ ջարդվող պատուհանից` ձյուների մեջ ծաղիկ որոնելու…

-Հա հիշում եմ… բայց չգտա… չկար…

- Ես գնամ, կգամ վաղը, ի՞նչ բերեմ…

-Ծաղիկներ

-Իսկ ուտելու ՞

-Տես բժիշկն ինչ է ասում, այն էլ բեր… ի՞նչ կարևոր է` ինչով լցնես ներսդ, երբ ձյուն է ու չեն ծաղկում շուշանները…ռուսերենի դպրոցական դասագրքում մի պատմություն կար, երբ մահացու հիվանդի հիվանդասենյակի պատուհանին ընկերը ծաղկած ծառեր է նկարում, որ գարնան տպավորություն լինի, և հիվանդն առողջանում է… ես միշտ մտածել եմ, որ եթե հիվանդ լինեմ դու գարուն կնկարես իմ հիվանդասենյակի պատուհանին, կամ ասֆալտին ջրաշուշաններ կցանես, բայց դու հիմա գնում ես…, որ գաս վաղը… իսկ եթե վաղը չլինի՞…

-Սպառնու՞մ ես,- ժպտալով ասացի ես, սկսեց ծիծաղել…

-Լավ գնա, բայց վաղը համեղ բաներ կբերես…

Մի քանի օր հետո նրան դուրս գրեցին… Մենակ չէր մնում, միշտ կամ մայրն էր կողքին կամ ես, կամ քույրը … Վախենում էինք, չգիտեմ ինչից: Թեև զգում էի, որ էլ չի անի, բայց նրան մեկ անգամ կորցնելու վախ էինք ապրել, հիմա հանդարտվելը դժվար էր:

Մայրը չէր հաշտվում: Ես արդեն պատճառներ չէի որոնում:

Նա դարձել էր ավելի աշխուժ , ավելի ուրախ... Զգում էի որ կյանքն է վայելում, անկախ նրանից թե ինչպիսին է այն…

Մի օր էլ առավոտյան սովորականի պես դասի գնալուց առաջ մտա նրա մոտ. Պատուհանի մոտ էր…

-Արի, արի տես…

-Ի՞նչ է…

Զարմացած մոտեցա պատուհանին… ներքևում իսկական ջրաշուշաններ էին, ասես հենց էդպես ասֆալտից էին աճել մի գիշերում…

-Տեսնում ես ջրաշուշաններն են ծաղկել…

-Բայց ինչպես, ախր հիմա փետրվարն է,- հիմար հարց էր, կարելի էր մտածել, որ մնացած ամեն ինչը բնական է միայն փետրվարն էր խանգարում…

-Փետրվարը չէ…

-Այդ ինչպե՞ս…

-Փետրվարը չէ, օգոստոսի 176-ն է պարզապես,- ասաց նա ու դուրս վազեց…

Ես նայեցի անսովոր կապույտ երկնքին, այտեղ մի զույգ կապույտ-կապույտ աչքեր էին ժպտում, հիվանդանոցի այն ծերուկի աչքերի նման… Աչքիս է երևում ` մտածեցի ես ու դուրս եկա…

четверг, 21 апреля 2011 г.

Արշիլ Գորկի՝ ձեվափոխողը


Արշիլ Գորկու մասին ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը՝ «Թայմ» հանդեսի նոյեմբերի 2-9-ի համարից, տպագրվել է Ֆիլադելֆիա Արվեստի թանգարանում վերջերս բացված՝ հայազգի արվեստագետի ստեղծագործությունների ցուցահանդեսի առթիվ: Հեղինակն է արվեստի եւ ճարտարապետութեան վերաբերյալ բազում հոդվածների հեղինակ, արվեստաբան-քննադատ Ռիչարդ Լակայոն:

Ամերիկյան արվեստի աշխարհում կա՞ արդյոք Արշիլ Գորկու հետ համեմատվող մեկ ուրիշ կենսագրություն: Նրա կյանքի կորն անցել է պայքարի, բացահայտումների եւ ողբերգության միջով: Սկսել է դանդաղ, հետո արագ, դարձել ապշեցնող, իսկ վերջում՝ կործանիչ: 1948-ին իր կյանքին վերջ տալուց մոտ յոթ տարիներ առաջ նա ստեղծեց 20-րդ դարի ամենախոշոր, ամենապայթուցիկ աշխատանքներից մի քանիսը, որոնք սյուրռեալիզմի եւ աբստրակտ արվեստի յուրատեսակ սինթեզը լինելով, վավաշոտ նոր հնարավորությունների ճանապարհը հարթեցին եւ բացեցին դեպի աբստրակտ էքսպեսիոնիզմ տանող ուղին: Դա երկար կյանք չէր, բայց լի էր անմար կրակով:

Չնայած մոտ երեք տասնամյակ է անցել Գորկու վերջին հետահայաց ցուցահանդեսից, այս նոր, հսկայական ցուցահանդեսը՝ Ֆիլադելֆիա Արվեստի թանգարանում ապացուցում է, որ արժեր այդքան երկար սպասել: Թանգարանի ժամանակակից արվեստի կուրատոր Մայքլ Ռ. Թեյլորի կազմակերպած այդ ցուցադրումն այնպիսի «հաղթական» սրահներ է զբաղեցնում, որ ցա

նկանում ես գլխարկդ օդ նետել ուրախությունից՝ իմանալով հանդերձ, որ սա էլ ուրիշ պատմությունների նման ի վերջո ավարտ է ունենալու եւ մատնվելու է մոռացության:

Ոստանիկ Ադոյան բուն անունով Գորկին ծնվել է Խորգոմում՝ Թուրքահայաստանի մի գյուղում: Քսանամյա տարիքում նա իր համար վերցրեց մի նոր անուն՝ Արշիլ (Աքիլլեսի ռուսական տար

բերակը) Գորկի (ի պատիվ ռուս գրող Մաքսիմ Գորկու): Գուցե չգիտեր էլ, որ «գորկի» բառը ռուսերենում ուներ «դառը» իմաստը, բայց նա, անկասկած, առնչվելու էր դառնության հետ: 1920 թվականին Նյու Յորք էր ժամանել 18 տարեկանին՝ փախչելով հայերի դեմ կիրառված թուրքական վայրագություններից: Մեկ տարի առաջ մայրն էր մահացել իր ձեռքերում՝ սովածությունից: Երիտասարդ տարիներին՝ 1926-ից 1942 թվականը, նա ամբողջությամբ համակված լինելով այդ պատկերի սեւեռուն գաղափարով, զանազան մշակումներից հետո ի վերջո ստեղծում է երկու «տեսիլքային» դիմանկարներ, որոնք կողք-կողքի ներկայացնում են իրեն՝ 10-ամյա անփորձ պատանուն եւ մորը՝ այդ անվրդով տոտեմին՝ պաշտամունքի էակին, որն այլեւս հավիտյան անհասանելի էր մնալու իրեն՝ կարոտով լի ալիքների ստորոտում:

Իր 20-30-ամյակների ամբողջ ընթացքում Գորկին գրեթե ինքնակործանման աստիճանի խրվելու էր ամբողջապես իրենից առաջ ստեղծագործած վարպետների գործերի մեջ, մեկը մյուսի ետեւից նվիրվելու էր Սեզանին, Պիկասոյին, Միրոյին եւ Լեժեին, երբեմն նրանց ձայներն իրար շաղկապելով. կարծես որովայնախոսի խրտվիլակ լիներ: Բայց նա հաստատապես յուրացրեց նրանց լեզուն:

Շրջադարձը տեղի ունեցավ 1940-ականներին, մասամբ Նյու Յորքում սյուրռեալիստներ Անդրե Բրետոնի եւ Ռոբերտ Մատտայի հետ իր հանդիպումների շնորհիվ: Գորկին տարիներ շարունակ արդեն փոխ էր առնում սյուրռեալիստական պատկերներ, բայց նրանց շրջապատում նա առավել «բացվեց»՝ ծաղկեց: Մատտայի շնորհիվ նա վերանորոգեց «ավտոմատության»՝ սյուրռեալիստական այդ հասկացության հանդեպ ունեցած իր հետաքրքրասիրությունը: Դա նշանակում էր ձեռքի գիտակցական շարժմանը հակադրել անգիտակցական շարժումը, այսինքն թույլ տալ, որ ձեռքը ակամա շարժումների միջոցով նկարի պատկերներ՝ թելադրված անգիտակցության կողմից: Այս մոտեցումը նոր հորիզոններ բացեց նրա առաջ՝ թույլ տալով նրան մարդկային մարմնից եւ բնությունից ստացած տպավորությունները, ինչպես նաեւ Հայաստանի վերաբերյալ իր մանկական հիշողությունները վերածել կարոտի եւ ազատորեն արտահայտվելու աբստրակտ լեզվի:

Իր երբեմնի խտացված եւ լարված ներկերի կիրառմանը եկան փոխարինելու Մատտայի գունային բարակ, համարյա թափանցիկ վրձնահարվածները: Ստեղծվեց վայելուչ, լողունակ եւ կենսուրախ գծերի մի նոր ոճ, որը ծածկում է ամբողջ կտավը՝ թեթեւորեն բնորոշելով ուռուցիկ ձեւերը, օճառափրփուրի նման թեթեւ «սահմանագծերով», որոնք կարմիր եւ դեղին գույների առկայության դեպքում «ազատ արձակվելու» տպավորություն են ստեղծում: Զգում ես, որ դա ազատության եւ հաճույքի հավիտենական գիծն է, որի հետքերը գնում են հետ դեպին Ֆրանգոնարի ճոճվող երիտասարդ կանանց օդային շարժումները:

Իր կյանքի վերջին տարիներին Գորկին գնալով ավելի ամրապնդեց իր դիրքերը՝ ստեղծելով հարուստ ու հյութեղ կտավներ՝ ինչպիսին «Լյարդը աքաղաղի կատարն է», իր 1944-ի գլուխգործոցը, որտեղ գունային ավազանի ստեղծած մթնոլորտում անհանգիստ ֆիգուրաները կարծես ճանկռտում են օդը:

Բայց հենց վատ ժամանակները եկան, նրան այլեւս հանգիստ չթողեցին: 1946-ին Կոնեկտիկուտի իր ստուդիայում բռնկված հրդեհը փչացրեց ավելի քան 20 կտավ: Դրան հաջորդեց քաղցկեղը եւ ապա ավտովթարը, որը նրա ձեռքը ժամանակավորապես անաշխատունակ դարձրեց: Այնուհետեւ կինը լքեց նրան՝ իր հետ տանելով զավակներին: Հուսահատության եւ մշտական ցավերին չդիմանալով՝ նա կախեց իրեն: Ընդամենը 46 տարեկան էր: Կարճատեւ մի կյանք, որը, սակայն, բավական երկար էր դառնալու մի ծխնի, որի շուրջ պետք է պտտվեր պատմությունը:



Թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ /աղբյուրը ` http://culture.azg.am/