Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

четверг, 13 сентября 2018 г.

... թակարդ...


Քեզ սպասելը լարած թակարդ է…
Կյանքի ավարտ է, սրտի կանգառ
Եվ ժամանակը, արյան մակարդ է
Թանձր է ու լացը՝ կոկորդի ցավ

Քեզ հավատալը երկնքում կայծ է
Հրդեհված անտառ, մոլեգնած ծով…
Ընկած մի աստղ է, հանգած, մարած է
Աչքերիս միջից գողացված շող…

Քեզ հետ խոսելը անդունդի եզր է
Անզգուշ քայլ է, ազատ անկում…
Տատրակի թևից պոկված փետուր է
Եվ իր երամից կտրված թռչուն…

Քո հրաժեշտը ընդհատված կանչ է
Ցամաքած կյանք է, անարև օր…
Անանձրև աշուն, անձմեռ ձյուն է
Երաշտից մեռած դաշտավայր է չոր….

Քեզ հասկանալը արյունոտ վերք է
Աղի նեղ հետք է վերքի վրա
Երկար պայքար է, վերջ…պարտություն է
Անկեղծանալու էլ հույս չկա…

Անի Մաղաքյան 

понедельник, 13 августа 2018 г.

Ավերակներ....











....ես հստակ հիշում եմ դիմագծերը, բայց մտածում եմ, որ չեմ ճանաչի նրան, երբ տեսնեմ պատահական մի օր, մարդաշատ փողոցներում արդեն օտարացած քաղաքի...հիշողությամբ բնություն չեն նկարում, դա նույնն է թե հիշողությանբ սիրահարված մնան...կամ սիրեն հիշելով, որ սիրել են մի ժամանակ...ես այսօր փնտրել եմ նրան...նա ինձ միայն իր անունն է թողել...և մի տխուր պատմություն մոր դժվար կյանքի մասին... ես չգիտեմ, ինչպես կարող եմ գտնել նրան...թեև հիմա դժվար է պատկերացնել, որ ուզածդ մարդուն չես կարող գտնել, գոնե նկարները տեսնելու համար... հիմա մարդիկ չեն բաժանվում ընդմիշտ, ոչ ոք ոչ մեկի կյանքից անվերադարձ չի անհետանում, չի վերանում անհետ, ինչպես նա... մարդիկ բաժանվում են իրարից, հետո սկսում են միմյանց նկարներին հետևել՝ այ տես նա արձակուրդին Իտալիա է մեկնել, նա գնել է իր երազանքների մեքենան, նա ամուսնացել է, ծնվել է նրա առաջնեկը և այսպես շարունակ...և մենք ապրում ենք միմյանց հարևանությամբ... իրար թաքուն ու բացահայտ հետևելով և ոչ ոք չի հասցնում զգալ, որ կարոտել է... և ես հիմա......ես ոչինչ չգիտեի նրա մասին, ոչինչ ինձ պետք չէր իմանալ...նա դիմավորում էր ինձ երեկոյան ուշ խնջույքից դուրս գալիս և փորձում էր նախատել, որ չափից շատ եմ խմել...մի փոքր դժգոհում էր, բայց բավական էր մեր հայացքները հատվեին ու մենք սկսում էինք ծիծաղել իր բարկության ու իմ անորոշ օրորվելու վրա ... ես հիշում եմ նրա սիրելի երգերը, որոնք լսում էր ինձ մոտ գալու ճանապարհին և այն օրը, երբ երեկոյան ուշ թատրոնից մենակ վերադարձա տուն, որովհետև ինքը նեղացել էր ինձանից...ես նրան այնքան շատ եմ նեղացրել...ժամանակ եկավ, երբ ես նրա մեջ քարը քարին չթողեցի, այն գորշ արջի նման, որ մեղր ուտելու համար մի ողջ փեթակ է ավիրում, ես ագահաբար վերցրեցի նրանից իր մեծ սերը և փոխարենը միայն ավերակներ թողեցի...հիմա այնքան եմ ուզում իմանալ, որ նա արձակուրդին մեկնել է Իտալիա, որ ծնվել է նրա առաջնեկը և ինքը գնել է վերջապես իր երազանքների մեքենան...ես ուզում եմ իմանալ, որ նա այդքան ուժեղ էր...և վախենում եմ մտածել, որ չի ճանաչի ինձ մի օր, երբ տեսնի օտարացած քաղաքի մարդաշատ մայթերին...Նա սիրում էր քաղաքին նայել երեկոյան Կասկադի ամենավերևից և մենք երկար կանգնում էինք այտեղ ու հետևում վառվող լույսերին: Նա այնքան շատ բան գիտեր իմ մասին, որ ես զարմանում էի, թե ինչպես է դեռ սիրում ինձ, ինչպես է ներում ինձ այն ամենն ինչի համար ես ինքս ինձ հետ չեմ հաշտվում արդեն այսքան տարի...հետո պետք է հասկանայի, որ մարդուն հնարավոր է սիրել միայն իր մասին ամեն ինչ իմանալուց հետո...միայն այդ դեպքում է սերը անկեղծ, իսկ ես նրա մասին ոչինչ չգիտեի, բացի անունը... թե որևէ մեկը ինձ իսկապես սիրել է, դա նա է եղել և հիմա այնքան դժվար է հարմարվել դրա հետ... հիմա ցավեցնում է միտքը՝ որ ես այնքան մեծ չէի, որ կարողանայի գնահատել նրան...
Այն փոքրիկ սուտը, որի մեջ նա ակամայից խճճվել էր, ինձ հունից հանեց, բայց ես պատրաստ էի ներել նրան, եթե միայն նա կարողանար նայել աչքերիս մեջ, եթե միայն կարողանար ներել ինքն իրեն... «էլ մի գրիր ինձ...»՝ գրեց վերջին անգամ ու ես էլ չգրեցի... որովհետև երբեք ոչ մեկին պահելու հարցում համառ չեմ եղել... որովհետև միշտ բաց եմ թողել գնացողներին...գնացողը վերադարձի ճանապարհը լավ է հիշում...և նա վերադարձավ մի օր...ես ներել էի, բայց ոչինչ էլ չկար մեզ կապող...իսկ հետո նա սկսեց երեկոները նստել մեր բակի նստարանին ու գրել ինձ, որ միշտ մոտ կլինի, որ ես ցանկացած պահի կարող եմ մեկնել ձեռքս ու գտնել նրա ձեռքը նույնիսկ մթության մեջ...
«Հենց էսպես, գեղավարի, պարզում եմ ձեռքս, արի էլ չխոսենք անցյալից... ձեռքս բռնիր ու մենք միայն առաջ կնայեք»՝ ասաց երեկոյան, այգու նստարանին նստած: Ես կարող էի բռնել ձեռքը, բայց գնացի, թողեցի նրան մենակ ... և կապ չունի, որ ես մենակ եմ հիմա...կապ չունի, որ կորցրած ամեն ինչ թանկ է կրկնակի...պարզապես ես հասցրել եմ կարոտել նրան...և ես ոչինչ չգիտեմ նրա մասին... ոչինչ, ինչը կօգներ տեսնել նրան գոնե հեռվից, գոնե թաքուն՝ համոզվելու, որ ես այնքան ուժեղ չէի նրան տապալելու համար... 
Ես չգիտեմ ինչպիսին էի այն ժամանակ, ես մոռացել եմ ինձ ու չգիտեմ, թե իչպիսին է հիշում ինձ նա և հիշում է արդյո՞ք...
Անի Մաղաքյան 
Հատված վիպակից...

пятница, 7 июля 2017 г.

... թիթեռը հոգուս մեջ...


Խոստնու՞մ ես մի օր գրկել մեջքս ու հիշեցել, որ ես կին եմ վաղուց սառած երակներով իմ մեջ... վաղուց հանգած կրակներով... ներսից վաղուց մեռած...
Երբ հիշեցնես, որ ապրել կա էս գրողի տարածում, կհասկանամ որ մեռնել կար ավելի խորը մի տեղ... տարածքում.... տարածքում սրտիս տարածություն է որում կորցրել եմ քեզ չունենալով... չունենալով անգամ հոգեպես...հոգուս մեջ.... էլ ուր մնաց, թե գրկիս մեջ ունենալով հագենայի...
Խոստանու՞մ ես ժպտալ մի օր այտափոսերիս նայելով ու հիշեցնել, որ ծխելը չէր սազում ինձ մի ժամանակ... մի ժամանակ մատներիս տակ սառած շոյանքներում... Ու օրերում ժամանակից առաջ ընկած... ընկած գետնին... գետի տարած... ուրիշ ոչինչ  ինձ չբերած...  
Ձայնդ ականջներիս մեջ...հայացքդ շուրթերիս տակ` բառանման... բայց չդարձած բառ... չհորինած տող... որ նախ ապրել էր պետք հանդիպման մեջ չկայացած... չկայացած բայց հազար անգամ երազ տեսած...անքնություն դարձած երազներում....
Խոստանու՞մ ես ինձ հիշեցնել, որ ես օր չէի` դար էի... հավերժ էի... հավերժութան նման անկանխատեսելի ու հավերժի նման ցանկալի.... ցանկալի է, որ հիշեցնես...
Խոստանու՞մ ես մոռանալ քեզ ալիքներում իմ մազերի ու հիշեցնել, որ ես ափ չէի` ծով էի... ալիքներով անսանձ... մայրամուտով սիրուն.... սիրուն գիշերներով մազերիս մեջ...  
Երբ հիշեցնես, որ ժամանակ չկա էս գրողի տարածում, կհասկանամ, որ իմ վերջին սերն ես... վերջին թրթիռը... թիթեռը հոգուս մեջ... գայլագույն....

Խոստանու՞մ ես վերջին տողս լինել անքուն... թե՞ փակվում են աչքերդ կամաց....

Անի Մաղաքյան

суббота, 1 апреля 2017 г.

Լինում է չի լինում քաղաքը...



Այս քաղաքում կարելի է մեռնել ձանձրույթից...
Այս քաղաքում ...որտեղ ոչինչ չի կատարվում... բացի անձրևը...
Լինում է չի լինում քաղաքը...
լինում է չի լինում իմ սեր...
Այստեղ կարելի է քայլել երկար և ոչ մի տեղ չհասնել...
Եվ շփոթել սերը...
Կարելի է ծխել և նայել պատուհանից...
Այս քաղաքում իմ սեր... միայն այս քաղաքում...
Լինում է չի լինում սերը...
Լինում է չի լինում իմ սեր...
Այստեղ կարելի է կարդալ աշխարհի բոլոր գրքերը...
Ահա այդ տեղը...և այդ գրքերը... վեպերը սիրո մասին...
Ամպի չափ քաղաք է... քաղաք է ամպի մեջ...
Այս խոտերը որ աճում են անձրևից...
և ծածկում ոտնատեղերը...
խուտուտ են տալիս ոտքիս թաթերը...
խոտածածկ  շավիղ է սեր իմ...
բոբիկ ու թաց մի շավիղ...
Այս քաղաքում կարելի է սիրահարվել ձանձրույթից...
Ոչինչ չանելու նման... սիրահարվել...
Պարապ մնալու նման....
Թեյ խմել...նայել պատուհանից...
Հիշել, թե ինչպիսին էր ամառն անցած... հագնվել տաք...
Լինում է չի լինում ամառը...
Սեր իմ...այս ամառը... չի լինում...
Այս քաղաքում, որն անտանելի մոտ է...
Այն մոտ է աշխարհի բոլոր քաղաքներին...
Բայց սարսափելի հեռու է քեզանից...
Աշխարհի չափ քաղաք է սեր իմ...
Աշխարհ է քաղաքի մեջ...

Անի Մաղաքյան

суббота, 17 сентября 2016 г.

Իրավիճակին երրորդ մարդու հայացքով նայիր

Զրուցեց Անի Մաղաքյանը
Լուսանկարները` Մառամ Ավայի


Շուշաննայի հետ հանդիպեցինք մարդաշատ սրճարանում: Ժպտադեմ հայացքների պակաս չէինք զգում, բայց զրույցը ստիպեց չնկատել թե ինչ է կատարվում մեր շուրջ: Արագ և շտապելով խոսելը նրա սովորությունն է, բայց դա անկեղծությանը չի խանգարում: Բարություն  ու ազնվություն կա նրա ձայնի մեջ, իսկ ամենահաճախ արտահայտվող էմոցիան` հոնքերը վեր բարձրացնելով կամակոր ժպիտն է:
Ա.Մ. Էմոցիոնալ մարդ ես:
Շ.Թ. ինձ թվում է ես չափի մեջ էմոցիոնալ եմ, բայց եթե հիշեմ մտերիմներիս, ընկերներիս կարծիքը` ասում են որ էմոցիոնալ չեմ, անգամ կարծիք կա, որ սառնասիրտ եմ, բայց ես համարում եմ, որ ուղղակի այնքան էլ էմոցիոնալ չեմ..
Ա.Մ. Փաստորեն շատ լավատես ես:
Շ.Թ. Այո, այդպես է: Կարծում եմ իմ լավատեսության հետ փոխկապակցված է նաև այն, որ ես հաջողակ մարդ եմ:
Ա.Մ. Քեզ հետ շփվող մարդիկ գտնում են, որ սառնասիրտ ես որովհետև  այդպես էս արտաքնապես ցույց տալիս,թե իսկապես էդպիսին ես:
Շ.Թ. Երբեք միանգամից սառը չեմ մարդու հետ: Բայց եթե ինչ-որ բան շփման ընթացքում այն չէ, իմ վերաբերմունքից անմիջապես զգացվում է դա: Ես դառնում եմ անտարբեր, իսկ դա որպես կանոն մարդիկ երբեք իրենց արարքներին չեն վերագրում, հեշտ է ասել, որ Շուշաննան սառնասիրտ է, քան ընդունել, որ իրենք ինչ-որ հարցում սխալ էին:
Ա.Մ. Որ էմոցիան չես կարող վերահսկել, զսպել:
Շ.Թ. Երբեմն չեմ կարողանում լռել անտեղի քննադատություն լսելիս, երբ անգամ խոսքը իմ մասին չէ: Կարող եմ համբերատար լսել, բայց վերջում ուզում եմ ինչ-որ բան բացատրել, այլ տեսակետ տեղ հասցնել: Երբեք չեմ պարտադրում իմ կարծիքը, բայց չեմ սիրում, երբ դիմացինդ պատրաստ չէ իրավիճակին երրորդ մարդու հայացքով նայել: Նման դեպքերում հնարավոր է կորցնեմ համբերությունս, լսելու ունակությունս էլ մի կողմ դնեմ ու ես էլ իմը ասեմ: Թեև սառը ուղեղով մտածելուց հետո հասկանում եմ, որ լռելը գրեթե միշտ ավելի լավ է, անգամ եթե շատ բարկացած ես:
Ա.Մ. Իսկ այդ բարկացած պահին կարողանում ես վերահսկել խոսքերդ?
Շ.Թ. Ես հիմնականում փորձում եմ իմ տեսակետը հայտնել օրինակների միջոցով: Ընկերներս ասում են, որ ես կարող եմ երկար համբերել, բայց հանկարծ էնպիսի կոպիտ օրինակով բացատրել ամեն ինչ, որ անգամ վիրավորական լինի: Դա երևի վերջին կաթիլն է, վերջին հույսը, որ զրուցակիցս տեսակետս կարող է ընդունվել: Բայց եթե դրանից հետո էլ ամենքս մեր կարծիքին ենք մնում, էլ չեմ համառում: Թեև հետո կարող եմ զղջալ որ կոպիտ եմ խոսել:
Ա.Մ. Հիշաչար ես?
Շ.Թ. Չեմ մոռանում ինձ արված վատությունը, բայց հակարհարված երբեք չեմ հասցնի, պարզապես կդադարեմ շփվել:
Ա.Մ. Մանկավարժական համալսարան ընդունվելու հետ միաժամանակ սկսեցիր խաղալ Դժվար ապրուստ հեռուստասերիալում: Դա առաջին նախագիծդ էր, դժվար չէր համատեղել դասերն ու նկարահանումները?
Շ.Թ. Խնդրներ իհարկե կային, որովհետև նախագիծը տևեց երկու տարի, բացակաների պատճառով հաճախ խնդիրներ էին առաջանում: Երկրորդ կուրսում երբ արդեն վստահ էի ընտրածս մասնագիտության մեջ հանձնեցի մի քանի հավելյալ քննություն ու ընդունվեցի Թատերական ինստիտուտ ` մասնագիտական կրթություն ստանալու համար: Արդեն ընդունվել եմ Գիտությունների ակադեմիա` հոգեբանության ֆակուլտետ` մագիստրոսի որակավորում ստանալու համար և  բացակաների հետ կապված նույն խնդիրն էլ հիմա ունեմ:
Ա.Մ. Առաջին նախագծից հետո տարիներ են անցել, ինչն է փոխվել քո մեջ աշխատանքի հանդեպ վերաբերումնքիդ, մարդկանց հետ շփման առումերով:
Շ.Թ. Կարծում եմ մարդ անընդհատ այդ փոփոխությունների մեջ է: Ես նայում եմ իմ մասնակությամբ նախագծերի տարբեր եթերաշրջաններ և ակնհայտ փոփոխություն եմ զգում, այն ինչ ես տեսնում եմ` կապված իմ ներքին փոփոխությունների հետ, գուցե շատ հեռուստադիտողներ չեն նկատում, բայց ես գտեմ, որ իմ կերպարները տարբերվում են նաև նրանով, թե ես ինձանից ինչ եմ դրել դրանց մեջ և որի ժամանակ ինչ աշխարհայացք, բնավորություն կամ վերաբերմունք եմ ունեցել շրջապատին: 

Ա.Մ. Որքանով էր հեշտ հարմարվելը նոր միջավայրին, աշխատանքին:
Շ.Թ. Ես դաշտ մտա շատ անսպասելի, հնարավորություն և ժամանակ չկար ուսումնասիրելու թե ինչ է իրենից ներկայացնում այն աշխարհը որում հայտվեցի: Ամենօրյա իմ նկարահանումներից ես ինչ-որ բան չէի հասկանում` հարմարվում էի, չէի հարմարվում` նեղվում էի: Հիմա ես գոնե գիտեմ թե ինչ եմ անում: Շատերը մտածում էին, որ ես երկար չեմ դիմանա այս բնագավառում: Բայց ես կարողացա ադապտացվել, սովորել, ինչ-որ հարցերում ինքնավստահություն ձեռք բերեցի և քանի որ աշխատանքս սիրելով եմ անում նաև ընթացքում նոր բաներ եմ սովորում:
Ա.Մ. Քո երկու կերպարներին` Էլեն և Անի, շատ են համեմատում: Մի զրույցի ժամանակ ասացիր, որ Էլենը շատ էր լացում, Անիին փորձում ես ավելի ուժեղ ներկայացնել, ավելի կայացած: Դա կարելի է նաև քո բնավորության կամ աշխարհայացքի փոփոխություններին վերագրել?
Շ.Թ. Առաջին նախագծի ժամանակ անում էի այն ինչ գրվում էր սցենարիստի կողմից և ինչ պահանջում էր ռեժիսյորը: Հիմա փորձում եմ Անիին իմ ձևով ներկայացնել, այնպես ինչպիսին ես եմ զգում այդ կերպարը: Ժամանակի ընթացքում հասկացա, որ թմային աշխատանքի մեջ կարևոր է նաև սեփական ցանկությունները հաշվի առնել: Իմ առաջ խնդիր է դրված գործս լավ անել` այնպես, որ հեռուստադիտողը հավատա ինձ, իսկ եթե գրված է, բայց ես դա չեմ զգում չեմ, կարող անկեղծ խաղալ:
Ա.Մ. Իսկ բացասական կերպար կարող ես անկեղծ խաղալ?
Շ.Թ. Ինձ թվում է, ես այդ դեպքում էլ ինքս իմ բացասական գծերից և արդնե ունեցած որոշակի փորձից ինչ-որ բան կունենամ կերպարին տալու: Յուրաքանչյուր տարիքում տարբեր է: Ես հիմա էլ չեմ կարող խաղալ Էլեն, այս պահին ինձ ավելի մոտ է Անիի կերպարը` ավելի կայացած և ուժեղ բնավորությամբ:
Ա.Մ.  Ինչպես է հնարավոր աշխատանքի բերումով մեկ տարի շարունակ, կամ ավելի երակար ժամանակահատվածում սեր խոստովանել և սեր խաղալ մեկի հետ և չսիրահարվել նրան:
Շ.Թ. Ես հատուկ ոչինչ չեմ անում դրա համար: Հատուկ ջանքեր չեմ գործադրում, որ չսիրահարվեմ խաղընկերներիս, թեև նրանք բոլորն էլ համակրելի տղաներ են: Երևի աշխատանքի ընթացքին գիտակցաբար եմ մոտենում: Կարծում եմ, եթե սիրահարվելու լինեմ, զգամ որ ինքը հենց այն միակն է, արդեն աշխատանքն էլ չի խանգարի: Համենայնդեպս միչև հիմա նման բան չի եղել ինձ հետ:
Ա.Մ. Ամեն անգամ նախապես ես իմացել, թե ովքեր են խաղընկերներդ?
Շ.Թ. Առաջին նախագծի ժամանակ նախապես չգիտեի: Բայց հետո արդեն անպայման ուզում էի իմանալ: Պետք է որոշակի համակրանք ունենաս խաղընկերոջդ նկատմամբ, որպեսզի կարողանաս ճիշտ զգացմուքներ փոխանցել: Հատկապես, երբ պետք է անես այնպես, որ հեռուստադիտողը ոչ մի կասկած չունենա, որ դուք սիրում եք իրար, միաժամանակ չանցնես սահմանները, որոնք դու ինքդ ես գծել քեզ համար, երբ պետքա է այդ սերը փոխանցես հայացքով, ժեստերով, աչքերով:
Ա.Մ. Նկարահանման հրապարակում ես թողնում կերպարի էմոցիաները, ապրումները? թե դեռ երկար ժամանակ այդ էմոցիաները քեզ հետ են մնում:
Շ.Թ. Եթե պատրաստվում ենք էմոցիոանալ տեսարանի, ես նկարահանման հրապարակ եմ մտնում արդեն լարված, տրամադրված այդ տեսարանին: Փորձում եմ մեկուսանալ: Չեմ սիրում, երբ այդ պահերին կողքից ծիծաղում են, խոսում են, դա շեղում է ինձ, որովհետև ես այդ պահին պատրաստվում եմ հուզականության մեծ չափաքանակ հաղորդել մարդկանց, ովքեր ինձանից շատ հեռու հետևելու են դրան և հուզվեն ինձ, կիսեն կերպարի ապրումները: Նկարահանումներից հետո որքան էլ տպավորությունները մնան, միևնույնն է փորձում եմ կարճ ժամանակում վերդառնալ իմ սովորական վիճակին:

Ա.Մ. Մեզ հայտնի կերպարներից, որը կցանկանայիր մարմնավորել: Որի էմոցիաները կցանկանայիր հաղորդել:

Շ.Թ. Չեմ կարող կոնկրետ կերպար ասել, չեմ սիրում, որ սկսում ենա սոցացնել քեզ քո սիրելի դերասանի կամ կերպարի հետ, խոսել այն մասին, որդ ու ուզում ես ձգտել նրան նմանվել: 

Տպագրվել է TVալիք շաբաթաթերթում