Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

суббота, 7 мая 2011 г.

Սեդա Գասպարյան / Հույս


Միշտ էլ մանկական միամտությամբ կարծում էր, թե ապահովագրված է դժբախտ պատահարներից: Այո`, զարմանալի է, բայց իրոք հավատում էր, որ եթե հանկարծ ինչ-որ բան պատահելու լինի, ապա ինքն անպայման նախօրոք կիմանա այդ մասին: Ասենք, երազ կտեսնի, կզգուշանա, կամ ճանապարհը սև կատուն կկտրի, գուցե վատ կանխազգացում ունենա, բայց հաստատ ինքը պետք է նախօրոք իմանա այդ մասին: Հո էդպես չի լինի, ասենք, ակնթարթ առաջ ամեն ինչ լավ էր, աչքերդ թարթում ես` ոչինչ լավ չէ, աշխարհը շուռ է եկել, ամեն ինչ խառնվել իրար: Չէ, այդպես չպետք է լիներ…

Դա իր անձնական թյուր կարծիքն էր…

Բայց ախր չէ որ ամեն ինչ լավ էր: Օրը սկսել էր սովորականի պես` մեկ բաժակ կաթով և շոկոլադով: Արտառոց ոչինչ չկար` նույն տունը, նույն սիրելի փոքրիկը ու անգլերենի պարապմունքը: Օրն էլ տաք էր, հաճելի, ամառային այն զով օրերից մեկն էր, երբ տանը նստելը պարզապես մեղք է:

Եվ ահա զբոսնում էին, հեծանիվ էին քշում, արդեն շոգ էր, կարելի էր տուն գնալ: Ամեն ինչ լավ էր… երկու րոպե առաջ, իսկ այժմ նա կանգնած էր` շփոթված, ապշած, ինչ անել, ում դիմել,.. շփոթված վարորդ, լացող երեխա, արյուն, խուճապ, բութ հետաքրքրասեր օտար հայացքներ, օտար երկիր, օտար լեզու… Չէ, սա երազ է, հիմա կբացի աչքերը և վերջ, մղձավանջն ավարտված է: Հու`յս էր տալիս իրեն, ապարդյուն,, արյուն,, արյուն,, ինչու, ինչպես, հուսահատ <<օգնեցեք>>: Ինչու, ինչու, երազ է… խուճապ.. գոնե վերքը կապի`ր, հոսում է… ուր է հեռախոսը, ինչու չեք պատասխանում, ախր, անարդար է…

Շտապօգնությունն արդեն հիվանդանոցից հիվանդանոց էր տեղափոխում…

-Կապրեմ?

-Ինչեր ես մտածում, հիմարի`կ, իհարկե կապրես:

-Կքայլեմ?

-Իհարկե, կվազե`ս, իրար հետ կվազենք…

… Սպասում, դար ու հազարամյակ թվացող վիրահատության անտանելի չորս, հինգ գիշերային անքուն ժամեր…

Սպասում, ահա հարազատ փոքրիկ դեմք, խելացի աչքեր, արցունքախառն ժպիտ, թեթևություն սրտում: Ամեն ինչ լա`վ կլինի:

Օրեր, սպիտակ պատեր…

Ամեն ինչ լավ էր… կարծես թե…

Կրկին սպասում, ճնշում է ամեն ինչ` պատերը, դռները, մարդի`կ, անգամ ինքդ քեզ: Դուռը… փակվեց ու, կարծես չի ուզում բացվել: Անանցանելի թվացող դուռը, որից կախված է ամեն ինչ…

Ավելի երկար տևեց, քան նախորդը: Թեթև կորստի գիտակցութունը մեծ երջանկության դեմ ոչինչ էր. Կքայլի`: Շուտով, շա`տ շուտով:

Ճակատագիր, թե անփութություն: Ի`նքն էր մեղավոր, չպետք է դուրս գար, այն էլ միայնակ, այն էլ օտար երկրում, պետք է կողքին լիներ, անմիջապե`ս կողքին, ոչ թե երկու-երեք քայլ այն կողմ:

Եթե մի փոքր ուշադիր լիներ… եթե… եթե դուրս չգար, եթե գոնե ամեն ինչ իրեն պատահած լիներ, խիղճն այդպես չէր աղմկի…

Եթե միայն հնարավոր լիներ ժամանակը հետ տալ…

Իսկ եթե փոխարենը համակերպվեր, եթե ուրիշ տեսանկյունից նայեր… կարող էր ամեն ինչ ավելի վատ լինել…

Գուցե պետք չէ անընդհատ տրտնջալ, գուցե փորձես լավը տեսնել…

Այո`, լավը տեսնել: Ճակատագիր, անփութություն, թե չար աչք, ամեն ինչ անցել էր: Լռի`ր խիղճ, ամեն ինչ լավ է:

Աղոթքները կատարել էին իրենց առաքելությունը:

Комментариев нет:

Отправить комментарий