Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

вторник, 27 октября 2015 г.

Եվ աշնան առաջին անձրևն էր Վանաձորում....

Հրաչյա Սարուխան
Զրուցեց Անի Մաղաքյանը
Ծնվել է 1947թ. Լոռու Մարզի Համզաչիման (այժմ Մարգահովիտ) գյուղում: Մեկ տարի անց բանաստեղծի ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, որտեղ անցել են նրան մանկության և պատանեկության տարիները: Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան հանրապետական գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժնում, ինչպես նաև Վանաձորի Մանկավարժական համալսարանի լեզվագրական ֆակուլտետում: Հրաչյա Սարուխանը սկսել է տպագրվել 1966թ-ից Կայծ, Ավանգարդ, Գարուն և այլ գրական հանդեսներում: Բանաստեղծական յոթ ժողովածուների հեղինակ է: «Լոռվա Ասպետ» է, ՀՀ Մշակույթի Վաստակավոր գործիչ, Ավ. Իսահակյանի անվան մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:


Հրաչյա Սարուխանը դիմավորեց ինձ իր տան դարպասների դիմաց: Նրա առաջին ժպիտը տրամադրեց մտերիմ զրույցի: Բանաստեղծի տան մեծ ու լուսավոր պատուհաններից երևում էր բերքով ծանրաբեռնված մեծ խնձորենին և աշնան լույսը խորհրդավորություն էր հաղորդում երկու սենյակների պատերը գրկած հսկա գրադարանին: Ինչպես ողջ կյանքը իր այգին մշակած այգեպանն է հպարտությամբ ծանոթացնում ամեն մի ծառի հետ, այնպես էլ Հրաչյա Սարուխանն էր խոսում իր գրադարանում տեղ գտած յուրաքանչյուր գրքի մասին: Այս աշնան առաջին անձրևն էր Վանաձորում, մեր զրույցը ամպրոպի ձայների տակ գնալով հետաքրքրանում էր: Զրույցի ավարտին նվեր ստացա բանաստեղծի վերջին՝ «Սիրո Հուշապսակ» ժողովածուն,  բայց ինձ հետ տարա ավելին՝ հուշապսակներ այս հրաշալի հանդիպումից:

Ա.Մ. Երբ զանգեցի ձեզ առաջին անգամ, ամիսներ առաջ, ասացիք, որ հիմա դուրս չեք գալիս տանից, որ գրում եք: Մեկուսանալը պարտադի՞ ր պայման է ստեղծագործելու համար:
Հ.Ս. Իհարկե ոչ, այդ ժամանակ էլ խնդիրը այնքան մեկուսանալը և գրելը չէր, որքան այն, որ ես աշխատում եմ հարցազրույցներ քիչ տալ, գրեթե ասելիք չի մնացել հարցուպատասխանի առումով: Ես էլ կրկնողություն չեմ սիրում:
Ա.Մ. Բոլոր հարցերու՞ մ եք խուսափում կրկնությունից:
Հ.Ս. Հատկապես գրականության: Միշտ փորձել եմ գրել այնպես, որ ոչ մեկին նման չլինեմ, թեև ձեռքիս վարպետացման և պարզապես որպես վարժանքներ երիտասարդ տարիներին երբեմն փորձել եմ Տերյանի, Չարենցի նման գրել, ճիշտ նրանց նման, իհարկե չեմ հրապարակել նման գործերը, դրանք պարզապես վարժություններ էին ինձ համար:
Ա.Մ. Մրցանակների ու կոչումների պակաս չեք զգացել: Դրանք կարևո՞ ր են ձեզ համար:
Հ.Ս. Իմ առաջին գիրքը հրատարակվեց տաս տարի ուշացումով: Երբ անգամ շարվածքն էր պատրաստ, գրքի հրատարակությունը ընդհատեցին, պատճառաբանելով որոշ կրոնական ու քաղաքական ենթատեկստ ունեցող իմ գործերով, իհարկե մի քիչ էլ գրողական նախանձի գործոն կար, ինչի մասին հազվադեպ եմ խոսում և իհարկե անուններ էլ չեմ տալիս երբևէ: Ամեն դեպքում գիրքը տպագրվեց տաս տարի ընդմիջումից հետո և արժանացավ տարվա լավագույն առաջին գիրք մրցանակին: Հետագայում իհարկե եղան և մրցանակներ և կոչումներ: Առաջ ավելի էր կարևորվում այդ ամենը:
Ա.Մ. Առաջ գրողն էր ավելի կարևորվում, թե՞ մրցանակները:
Հ.Ս. Նաև գրողը, առաջ գրողը իր գրական գործունեությամբ կարող էր ընտանիք պահել:
Ա.Մ. Անդին գրական ամսագրի լավագույն բանաստեղծություն անվանակարգում ձեզ մրցանակ հանձնելիս, ասացին, որ դուք հավատարիմ եք մնացել ձեր հանգին և տեսակին: Ե՞րբ է պոետը դավաճանում իրեն, ե՞րբ է հեռանում իրենից:
Հ.Ս. Յուրաքանչյուր գրողի մոտ տարբեր է արտահայտվում: Մեկին տաղանդը չի բավարարում, մյուսը հեշտ տարբերակներ է փնտրում գրելու: Հանգից հաճախ հեռանում են, որովհետև հանգավոր բանաստեղծության մեջ սարքովի տողը պարզ երևում է, երբ ասելիք չկա և միայն բառեր են հանգավոր կապված իրար: Իսկ ազատ բանաստեղծության մեջ, գիտես, կարելի է գոնե մի լավ տող գտնել, ու չնկատել որ ամբողջը բանի պետք չէր: Բանաստեղծության մեջ դժվար է միայն տեխնիկապես մոտենալ, պետք է ապրված լինի ասելիքդ, տողդ, որքան էլ դա պարզունակ է հնչում այսպես զրույցի մեջ: Սա բոլորովին չի նշանակում, որ ես չեմ ընդունում անհանգ բանաստեղծությունները, եթե գործը այնքան լավն է, որ դիպչում է ընթերցողի սրտին, արդեն երկրորդական է դառնում ՝ հանգավոր է այն, թե անհանգ: Եվ հետո պետք է կենսագրություն լինի բանաստեղծության մեջ:
Ա.Մ. Երբևէ դադարե՞ լ եք գրել
Հ.Ս. Ես այնքան էլ հաճախ չեմ գրում: Միշտ սպասում եմ որևէ նորության՝ մտքերի առումով: Օրինակ Արթուր Ռեմբոն 19 տարեկանում ավարտեց գրելը, նա ստեղծագործել է միայն չորս տարի, ապրեց մինչև 37 տարեկան, բայց այլևս ոչ մի տող չգրեց: Հավանաբար համարեց, որ այդքանն էր իր ասելիքը գրականության մեջ: Հիմա ես մտածում եմ, որ 68 տարեկանում բանաստեղծը կարող է էլ չգրել: Թեև ես դեռ գրում եմ, ոչ հեղեղի պես, այլ հանգիստ ավելի: Մեկ-մեկ կատակով ասում եմ, որ ես ամեն ինչի մասին գրել եմ արդեն:
Ա.Մ. Ձեր բոլոր բանաստեղծություննե՞ րն եք սիրում:
Հ.Ս. Ինձ համար տարբերություն չկա, ավելի հետաքրքիր է հետևել ընթերցողների կարծիքներին, թե ում համար, որ բանաստեղծությունն է հոգեհարազատ: Եթե մի օր հատընտիր տպեմ երևի չկարողանամ հատուկ ընտրել: Եվ հետո ես տարեթվեր էլ չեմ գրում իմ գործերի տակ, ինչ կարևոր է, որ թվականին եմ գրել, ի՞ նչ է, եթե թույլ գործ է, ուրեմն պետք է արդարացնեմ, թե երիտասարդ եմ եղել, դրա համա՞ ր է թույլ...
Ա.Մ. Ձեր նկատմամբ խի՞ ստ եք
Հ.Ս. Եվ իմ նկատմամբ եմ խիստ և ուրիշների: Պետք է ավելորդ բառ չլինի ասելիքի մեջ, պետք է սարքովի հանգեր չլինեն:
Ա.Մ. Երիտասարդ տարիների դուք նկարել եք, անգամ մասնագիտական կրթություն եք ստացել: Ինչու՞ թողեցիք
Հ.Ս. Ոսումս ընդհատվեց երկու տարով, գնացի խորհրդային բանակում ծառայելու: Վերադարձա, թեև ավարտեցի, բայց ինչ-որ բան կտրվել էր, էլ առաջվանը չէր, այդ ժամանակ արդեն գրում էի: Երևի նաև հասկացա, որ նկարչության մեջ ես ոչ մի նորություն չեմ կարող մտցնել:
Ա.Մ. Եվ էլ երբե՞ ք չնկարեցիք
Հ.Ս. Երբեք
Ա.Մ. Երբեք ցանկություն չի՞  լինում մատիտ վերցնելու, ձեռքը չի՞  խնդրում
Հ.Ս. Ցանկություն չի եղել, երևի իմը չէր ընդհանրապես, վրցնահարվածներում պատահականությունը շատ է, տողիդ մեջ ամեն ինչ հստակ է, ունես ասելիք, ունես բառեր...բայց երբեմն երազներում նկարում եմ...
Ա.Մ. Երազները մեր ենթագիտակցական, երբեմն շատ խորը պահված ցանկությունների արտացոլանքն են
Հ.Ս. Ես հինգ տարի է արդեն չեմ ծխում, բայց երազներումս մեկ-մեկ ծխում եմ: (ծիծաղում է Ա.Մ.) Նկարչությունը գեղագիտական կենսափորձ էր իմ բանաստեղծությունների համար, իհարկե, և գունային, և պատկերային մտածողությունը ազդեցություն ունեցան ինձ վրա գրելիս:
Ա.Մ. Խոսեցիք գրողական նախանձից, ինչպե՞ ս ընդունվեցիք գրողական միջավայրում
Հ.Ս. Դեռ իմ երիտասարդության տարիներին արդեն կային ստեղծագործողների, այսպես ասած թմեր, ես երբեք նրանցից ոչ մեկին չեմ հարել, ես ինքս ինձ համար եմ հոսանք եղել, գրել եմ, տպագրվել, լսել կարծիքներ ու խորհուրդներ, բայց ինքս ինձանով եմ եղել: Միշտ առաջնորդվել եմ գյուտ և ներդաշնություն կարգախոսով:
Ա.Մ. Ձեր մասին հնչած ի՞ նչ կարծիքներ են տպավորվել, գուցե գրակագիտական վերլուծություննե՞ր:
Հ.Ս. Առաջին անգամ իմ մասին գրեց Գուրգեն Մահարին Ավանգարդում: Այն ժամանակ Իսահակյանի արձանի մոտ հավաքվում էին գրողները և կարդում իրենց ստեղծագործությունները, դրանք կոչվում էին բանաստեղծության օրեր, հրաշալի օրեր էին: Այդպիսի մի օրվա իմ մասնակցությունը աննկատ չմնաց: Մահարին գրեց իմ մասին, մեկ տարի անց տպագրվեց իմ առաջին շարքը Գարուն ամսագրում և ինձ արդեն սկսեցին ճանաչել: Հետագայում եղան շատ հոդվածներ, Գուրգեն Խաչատրյանը անդրադարձավ իմ գործերին՝ լեզվական վերլուծության տեսանկյունից, հոդվածում գրել է նաև բառաստեղծման մասին՝ նոր բառեր, կապակցություններ, որոնք հանդիպում են իմ ստեղծագործությունների մեջ: Բանաստեղծը պետք է նաև լեզուն զարգացնի:
Ա.Մ. Սիրու՞ մ եք հիշել...
Հ.Ս. ...Զի Անցյալն այստեղ ինձ չի մոռանում՝
           Բաժին է հանում իր ցող ու ձյունից,
           Որ ամեն գիշեր անուն առ անուն
           Պսակներ հյուսեմ Հիշողությունից... (Հրաչյա Սարուխան, հատված Կամավոր աքսոր բանաստեղծությունից Ա.Մ.)

Ա.Մ. Ո՞ րն է ձեր մանկության ամենավառ հշողությունը

Հ.Ս. Երբ շատ փոքր էի, Մաթևոս պապս պառկում էր մահճակալին, ինձ հենում էր իր ոտքերին, վեր էր բարձրացնում ու ասում ՝ Մոսկվան տեսա՞ ր, ես էլ ասում էի ՝ հա պապի, տեսա Մոսկվան (ժպտում է), հետագայում Մոսկվայում երկու տարի սովորեցի ու իհարկե հետաքրքիր զուգադիպություն էր:

Ա.Մ. Սիրու՞ մ եք Վանաձորը
Հ.Ս. Իմ մտքերի, իմ հիշողությունների Վանաձորն եմ սիրում: Հիմա առանց լուրջ պատճառի դուրս չեմ գալիս տանից, չեմ կարողանում մարդկան ընկճված տեսնել, և հետո ընկերներիցս շատերը արդեն չկան: Այդպիսին չեմ ուզում տեսնել քաղաքս:

Ա.Մ. Ինչպիսին է Ձեր ճանաչած Լոռին, լոռեցին

Հ.Ս. Լոռին, լոռեցին այս դժվարին պայմաններում էլ չփոխվեց: Մնաց հյուրասեր, սրտաբաց ու մաքուր:

Ա.Մ. Լոռեցի լինելը օգնու՞ մ է պոետ լինելուն

Հ.Ս. Իհարկե, բնությունը, մեր բնությունը չի կարող չօգնել, չազդել, մեկ էլ տեսնում ես թիթեռ եկավ, ֆռաց շուրջդ գնաց, դու իրեն տեսար, ինքը քեզ՝ ոչ... ի՞ նչ հանդիպում էր, ի՞ նչ էր...

Ա.Մ.Բնությունն ու մարդը այսօր ներդաշնակ են, թե բնությունը նեղացել է մարդուց

Հ.Ս. Մարդու գիտակցությունը զարգացավ, բայց որպես կենդանի՝ մարդը նույնը մնաց, նախնադարի իր տեսակից քիչ հեռացավ: Որքան բնությունը տալիս է, այնքան մարդը անկուշտ է դառնում:

Ա.Մ. Ի՞նչն է գրողի աշխատանքի մեջ ամենադժվարը...
Հ.Ս. Հետաքրքիր մի բան կա, ես հիմա կարող եմ բացել այս դաշնամուրը (ցույց է տալիս պատի տակ դրված սև դաշնամուրը Ա.Մ.) և սկսեմ նվագել, դրանք կլինեն հնչյուններ բայց ոչ մեղեդի, երբ դու չես կարողանում անգամ մի կճուճ նկարել, իմաստ էլ չունի փորձել մեծ կտավ անել, իսկ գրականությունը, չգիտես ինչու, հեշտ մի բան է թվում, և այդպես գրողները շատ են, մնացյալ գործը ընթերցողինն է...
Ա.Մ. Ձեր բանաստեղծություններից մեկում գրել եք ՝ «Համբերություն տուր թռչունին, Երկնային Տեր»: Ի՞նչ եք խնդրում Երկնային Տիրոջից ձեզ համար:
Հ.Ս. Առողջություն եմ խնդրում զավակներիս, թոռնիկներիս համար և խաղաղություն:
(գնալուց առաջ Ա.Մ.)

Ա.Մ. Պարոն Սարուխան, մոռացա հարցնել՝ ձեր գրադարանի բոլոր գրքերը կարդացե՞լ եք

Հ.Ս. (ծիծաղում է Ա.Մ.) չէ, դժվար թե, թեև ամեն մեկից էլ գաղափար ունեմ, բայց դեռ կարդում եմ, երբ փոքր էի մեր տանը երեք գիրք կար, մեկը Գրիմ Եղբայրների հեքիաթների ժողովածուն էր... մեկ-մեկ մտածում եմ,թե այս ինչպես հաջողվեց հատ-հատ գիրք գնելով այսպիսի գրադարան հավաքել...

Комментариев нет:

Отправить комментарий