Поиск по этому блогу

суббота, 23 августа 2014 г.

Մհեր Չատինյան Իմ ամենաստացված գործը դեռ չեմ նկարել…

Զրուցեց Անի Մաղաքյանը

Ծնվել է 1989թ-ին Վանաձորում: Սովորել է Վանաձորի Պետական Համալսրանի կերպարվեստի և գծագրության ֆակուլտետում: Մասնակցել է Սլովակիայում, Վրաստանում, Գյումրիում կայացած երիտասարդ նկարիչների միջազգային սիմպոզիումների: Ունեցել է մի քանի ցուցահանդեսներ Երևանի «Ներկայ» և «Արտ Վորդ», Վանաձորի Գրիգոր Նարեկացի ցուցասրահներում և Վանաձորի պատկերասրահում:



Ա.Մ. – Ե՞րբ սկսեցիր նկարել

Մ.Չ. – Շատ պատահական սկսեցի նկարել: Դասագրքիս մեջ դիմանկար էի արել, հայրս տեսավ ու չէր հավատում, որ ես եմ նկարել: Եվ քանի որ դպրոցական տարիներին ոչնչով չէի հետաքրքրվում և ավարտելուց հետո էլ չգիտեի ինչով պետք է զբաղվեմ՝ հայրս առաջարկեց աշխատել տեխնիկայիս վրա, այդպես սկսեցի նկարել: Ես հետո պետք է հասկանայի, որ նկարչությունն այն է ինչ պակասել է ինձ ողջ կյանքիս ընթացքում:

Ա.Մ.- Բայց դու ծնվել էս նկարչի ընտանիքում, հայրիկդ նկարիչ է, նաև իմ նկարչության ուսուցիչն է եղել

Մ.Չ. – Ճիշտ է, ես արվեստի մթնոլորտում եմ մեծացել, նկարիչներ, ցուցահանդեսներ, բայց չէի պատկերացնում, որ կարող եմ ես էլ մի օր նկարել: Համալսարան ընդունվելուց հետո հասկացա, որ գաղափարակիցներ եմ գտել, ժամանակի ընթացքում նկարելն ինձ համար կենսական անհրաժեշտություն դարձավ: 


Ա.Մ. – Հայրդ ի՞նչ ազդեցություն ունեցավ քեզ վրա, որպես նկարիչ

Մ.Չ. – Կարելի է ասել, եթե ես նկարիչ եմ դարձել, ապա դա հորս շնորհիվ է, ոչ միայն տեխնիկապես, այլև մտածելակերպով ՝ նկարիչ: Շատ դասախոսներ եմ ունեցել, բայց իմ ուսուցիչը հայրս է: Շատ եմ կարևորել նաև պապիս խորհուրդները, ով նույնպես տաղանդավոր նկարիչ էր՝ ինձ համար լավագույններից մեկը, թեև կյանքի բերումով չի կարողացել ավելի լրջորեն զբաղվել նկարչությամբ:

Ա.Մ. – Համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչներից, ո՞վ է քեզ վրա ազդեցություն ունեցել

Մ.Չ. – Համաշխարհային դասականներից չեմ կարող առանձնացնել մեկին, ով ազդեցություն է ունեցել իմ նկարչական տեխնիկայի վրա, ես ավելի շատ ներշնչվել եմ նրանց կենսագրությամբ, օրինակ Վանգոգի կյանքը որքան դժվար, նույնքան էլ հետաքրքիր է եղել, իսկական նկարչի կյանք է: Որպես մեծ մտածող, լայն մտահորիզոն ունեցող նկարիչ շատ սիրում եմ Միխաիլ Վրուբելի գործերը, կարող եմ ասել, որ նա իմ ամենասիրելի նկարիչն է:

Ա.Մ. – Ասում ես, որ Վանգոգի կյանքը իսկական նկարչի կյանք է, ինչպիսի՞ն պետք է լինի նկարչի կյանքը


Մ.Չ. – Նկարիչը պետք է ազատ լինի, պետք է ուրիշ ոչնչով չզբաղվի, նկարչությունը պետք է ամբողջովին ներփակի ստեղծագործողին: Բայց ցավոք մեր իրականության մեջ դա անհնար է՝ արտաքին խնդիրները շատ են:

Ա.Մ. – Ի՞նչ ես սիրում նկարել ամենից շատ

Մ.Չ. – Արևածաղիկներ եմ սիրում նկարել: Դրանք մի տեսակ ջերմություն են հաղորդում: Առհասարակ վառ գույների սիրահար եմ:

Ա.Մ. - Ո՞ր գույնն ես սիրում ամենաշատը

Մ.Չ. – Բոլոր գույներն էլ իմն են, ինձ համար տարբերություն չկա, կարևորը ճիշտ տեղում օգտագործել, ճիշտ ներկայացնել


Ա.Մ. – Վրաստանում արված նկարների շարք ունես, եթե չեմ սխալվում Թբիլիսիու՞մ

Մ.Չ. – Այո, Թբիլիսին գեղեցիկ, նկարչական քաղաք է, այնտեղ եղածս ժամանակ մի քանի նկար արեցի, նկարչության առումով ներշնչող քաղաք է:

Ա.Մ. – Դու ցուցահանդես ես ունեցել Երևանում, կպատմե՞ս այդ մասին

Մ.Չ. –Երևանի «Ներկայ» ցուցասրահի բացման հետ մեկտեղ ներկայացվեց նաև իմ «Գարուն և Նավակներ» նկարների շարքը ՝ «Գտնվել են գույներ» ընդհանուր խորագրով: Ցուցադրված էին 15 մեծ կտավի աշխատանք և մոտ 50 փոքր գործ:


Ա.Մ. - Ո՞ր նկարիդ վրա ես ամենից երկարն աշխատել

Մ.Չ. – դիպլոմային աշպատանքիս վրա մոտ մեկ տարի աշխատեցի՝ պատկերաված է Հովհաննես Թումանյանը՝ շրջապատված գաղթական հայերով, բայց ընդհանրապես ես արագ եմ նկարում, անգամ մեծ կտավները 2-3 օրում ավարտում եմ:

Ա.Մ.  - Ի՞նչն է ամենադժվաը նկարչի աշխատանքի մեջ

Մ.Չ. – Ամենադժվարը թեմա գտնելն է: Մարդ չի կարող անընդհանտ նույնը նկարել: Տեխնիկապես նկարիչը կարող է կատարելության հասնել, բայց չունենալ թեմա, ասելիք, իսկ դա անչափ կարևոր է:

Ա.Մ.- Այս տեսարանը քեզ համար կարող է թեմա դառնալ (ցույց եմ տալիս Վանաձորի պատկերասրահի մեծ պատուհանից դուրս Ա.Մ.)

Մ.Չ. – իհարկե, մեր շուրջն ամենուրեք տեսարաններ են, պարզապես պետք է այդ տեսարանը ներկայացնելու յուրահատուկ ձև գտնել, հասարակ ծառը ներկայացնել այնպես, որ դա դառնա հանճարեղ աշխատանք, իհարկե դա էլ հանճարեղ նկարիչներին է հասու

Ա.Մ. – Նկարելուց առաջ արդեն գիտե՞ս, թե ինչ կտավ ես ստանալու

Մ.Չ. – երբեք չեմ մտածել այդ մասին կտավի առաջ, ընդհանարպես չեմ ունեցել նման խնդիր ասելու, բացատրելու, թե ինչ եմ ուզում նկարել և շատ քչերի խորհուրդներն եմ լսում, որովհետև կարող է շատ մարդիկ նայեն և ամեն մեկն իր կարծիքն ասի, բայց վերջապես նկարիչն անում է այնպես, ինչպես ինքն է զգում, որովհետև նախ պետք է քեզ հետ անկեղծ լինես, հետո միայն ներկայացնես գործդ:

Ա.Մ. – Ո՞րն է լավ նկարիչ լինելու գլխավոր նախապայմանը՝ տաղանդը, աշխատասիրությունը, լավ գեները

Մ.Չ. – Տաղանդը պետք է, բայց առանց աշխատասիրության ոչնչի չես հասնի, իսկ աշխատասիրության հետ պետք է նաև սիրել այն ինչ անում ես: Անընդհատ նկարելը դեռ հաջողության գրավական չէ, կարող է մի քանի ժամ մտածես և նկարես մի քանի րոպե


Ա.Մ.- դու ամեն օ՞ր ես նկարում

Մ.Չ. – կարելի է ասել՝ ամեն րոպե, ես անընդհատ այդ պրոցեսի մեջ եմ, ոչ միայն տեխնիկապես՝ մատիտով ու թղթով, այլև մտածելով՝ թեմաներ և պատկերներ որոնելով, ես դա էլ եմ աշխատանք համարում: Կարևորը դասական երաժշտություն հնչի:

Ա.Մ. – Քո աշխատանքներից ո՞րն ես սիրում ամենաշատը

Մ.Չ. – Կան մի քանի աշխատանքներ, որոնք ոչ թե մեծ արժեք ունեն, որպես արվեստի գորց, այլ ինձ համար են շատ թանկ, դրանցից մեկը պապիս դիմանկարն է:

Ա.Մ. – Իսկ, ո՞րն ես համարում քո ամենաստացված աշխատանքը

Մ.Չ. – իմ ամենաստացված գործը դեռ չեմ նկարել…


Հարցազրույցը տպագրվել է TV ալիք շաբաթաթերթում

Комментариев нет:

Отправить комментарий