Поиск по этому блогу

среда, 14 октября 2015 г.

Հրացանը

Հրացանը
Մեծ պապս մեր տան որսորդական հրացաններից մեկը վաճառեց սանահինցի Մարգարի պապին: Մարգարի պապը որսորդ էր, նրան հրացանը պետք էր: Մենք երկուսն ունեինք, իմ պապին մեկն էլ էր հերիք: Հրացանի դիմաց պապս վերցրեց մի առողջ զամբիկի՝ իր շեկ քուռակի հետ:
Վաճառված հրացանը Մարգարի հայրական տանը կրակեց միայն երկու անգամ: Մարգարի պապը հրացանը գնելուց հետո հիվանդացավ ու էլ որսի չգնաց, նրա մահից հետո հրացանը մնաց Մարգարի հորը: Վերջինս ընկերոջ հետ որսատեղում, թե արջին տեսնելիս վախից ձեռքն էր դողացել, թե մի կարգին նշանառու էլ չէր, չգիտեմ, բայց գազանի համար նախատեսված գնդակը դիպել էր ընկերոջը: Մարգարի հայրը ընկերոջը շալակած բերել էր հասցրել Սանահին ու այլևս հրացանը թաքստոցից հանող չէր եղել: Մահացած որսորդի այրին թաղման ժամանակ բայաթի երգելիս, մի կարգին անիծել էր մարդասպանի սերունդներին, իր երեխեքին անտեր թողնելու համար: Ու գյուղում լուռ թշնամություն էր ձևավորվել երկու ազգերի միջև:














Մարգարը
Մարգարը մեծացավ անհայր, որովհետև հորը որսի ժամանակ ընկերոջը սպանելու մեղադրանքով դատել էին ու նա էլ տուն չվերադարձավ: Մարգարի մայրն ամբողջ կյանքը ապրեց անիծելով սկեսրայրի վրա լցրած հողն ու նրա առած հրացանը: Ամենուրեք փնտրեց այդ չարաբաստիք զենքը, որ տանի մի ձորից ցած գցի, բայց չգտավ ու կարծեց, թե Աստված ինքն է դրա հախից եկել: Կինը Մարգարին մեծացրեց չափազանց մեծ հոգատարությամբ, ինչպիսին գյուղում մեծացող տղաները սովորաբար չեն ստանում:Մարգարը մեծացավ նիհար, նվազ, ներքուստ առողջ, արտաքուստ՝ հիվանդ: Իր հասակակիցների հետ չլողաց գետում, չծխեց թաքուն, շուն չպահեց, վայրի խոզերի հետևից անտառում չվազեց, իր հասակակիցների հետ կռիվ չարեց: Մարգարը զգուշավոր էր, հետո՝ խուսափուկ, վերջապես ՝ վախկոտ: Մեծ մարդ էր արդեն, հասուն տղամարդ, գյուղերից մեկից կին բերեցին, Մարգարը երեխաներ ունեցավ: Ու ապրում էր այդպես զգուշավոր, այդպես խուսափուկ, այդպես վախկոտ: Նրա կովերը մութն ընկնելուց առաջ էին փարախում լինում, ինքը ոչ ոքի հետ բարձր չէր խոսում, գյուղամիջում գրեթե չէր լինում, խոսքուզրույցի ձայն էր լսում փողոցում ու դռներն ամուր փակում: Բոլորը հարմարվել էին գյուղում Մարգարի բնավորության հետ, բացի նրա պապին հիշողները, որովհետև դժվար էր պատկերացնել, որ նրա նման մարդու գենը էդպես շրջանցել էր իր թոռին: Մարգարի համար սովորական էին դարձել իր ետևից լսվող կիսազուսպ քրքիջները, բայց չէին դադարել կուտակվել նրա սրտի վրա: Նեղսրտում էր, ինքն իր մեջ թաքուն բորբոքվում: Մի օր էլ տուն եկավ ու դռան տակից լսեց, որ կինը տղային խրատում է հոր նման վախկոտ չլինել.
-Ոչ մարդու երես է տեսնում, ոչ ցերեկն է մի բան, ոչ գիշերը: Դու քո քեռուն նայիր, ոնց են նրան բոլորը հարգում, բոլորը հարգում են, բայց քո հայրը վախենում է, որովհետև ամբողջ աշխարհից է վախենում:
Մարգարը լսեց ու բարձրացավ տան ձեղնահարկը, այդպես էր անում դեռ փոքր ժամանակ, երբ մորից նեղանում էր ինչ-որ բանի համար: Ձեղնահարկում մի անկյուն գտավ, նստեց դեռ իր մոր կախած չրերի շարանների կողքին ու քանի որ տունը շատ հին էր, փայտե՝ արդեն հոտած հատակը Մարգարի քաշի տակ ջարտվեց: Անսպասելիությունից վախեցած տղամարդը վեր կացավ ու աչքն ընկավ հրացանի կոթին: Փոշոտ զենքը հանեց թաքստոցից ու հասկացավ, որ սա այն միակ անգամ կրակած հրացանն է, նորից դրեց իր տեղում ու իջավ տուն: Հաջորդ օրը Մարգարը բարձրացավ գյուղից բավական հեռու գտնվող իրենց հողատարածքը: Այդ հողերից քիչ հեռու մեր գյուղի սարվորների բինատեղն է: Բինավորներից մեկի կովերը արոտավայրի ճանապարհից շեղվել էին ու մտել Մարգարի վարած, մշակած հողերը: Մարգարը երկար նստեց հողի եզրին: Աստված գիտի, թե ում կովերն են, բայց ինչ անի ինքը: Իր այդքան երկար քրտնաջան աշխատանքը մի քանի կով մի քանի ժամում զրոյացրել են: Ուրիշ մեկը լիներ իր գյուղից այս կովերին կտաներ իր փարախում կփակեր ու տիրոջն էլ չէր փնտրի: Մարգարը հիշեց կնոջ խոսքերը, մի վայրկյանում այդքան տարվա կուտակված ողջ բարկությունը գլուխ բարձրացրեց ու նա որոշեց, որ այլևս իր մասին չեն ասի ՝ վախկոտ: Օտար կովերն առաջն արեց ու տարավ իր գոմում փակեց: Մարգարը դեռ չգիտեր, որ դրանք մեր գյուղացի Սահակի կովերն էին:

Սահակը
Սահակը տարածաշրջանում հայտնի էր, որպես փահլեվան: Նրա բազուկը ծալող չկար, նրանից չվախեցող դեռ չէր ծնվել: Նրան գիտեին, բոլորը, որպես ուժեղ, բայց խաղաղասեր մարդու: Սահակին Թումանյանը իր հետ տարել էր Վրաստան, որտեղ մի թուրքի հետ կոխի էր բռնվել Սահակն ու նրա մեջքը գետնով տվել: Ասում են դրանից հետո նրա համբավը դուրս եկավ մեր շրջանների սահմանից, անցավ բերնեբերան ու գնաց երկրեերկիր: Սահակի սերունդները դեռ ապրում են Քարինջում:
Այդ օրերին Սահակը Դսեղում էր: Իր նման փահլեվաններ էին հավաքվել այնտեղ, կոխ էին բռնում, միմյանց բազկի ուժ էին չափում ու Սահակը տեսնելով, որ իրեն հավասար մարդ չկա վերադարձավ գյուղ: Գյուղում շատերը նրա թիկունքից խեթ էին նայում այս ինքնավստահության համար, բայց իր ուժի դեմ մեկ ուրիշ ուժ երբեք չգտած մարդու համար դժվար է ինքնավստահ չլինելը:
Սահակը բարձրացավ սարն ու իմացավ, որ երկու օր է իր  կովերը չկան: Կինը բողոքեց, թե քանի օր է փնտրում են, բայց կաթը կտրածները չկան ու չկան: Այդպես անհետք անասունը չի կորչում, դա բոլորը գիտեին, եթե գազանի բաժին են դարձել, ինչ-որ տեղ ոսկորներն ու լեշը պետք է մնացած լինեին: Միայն մի տարբերակ կար՝ Սահակի կովերը մարդու ձեռքով են գնացել: Սահակը իր որոնումների ընթացքում հասավ Սանահինի սարվորներին: Վերջիններս իրողությունից անտեղյակ, պատմեցին, որ տեսել են մի քնաի օր առաջ անտեր կովեր ու ուղղությունն էլ ցույց տվեցին: Սահակի համբավը Սանահինը չէր շրջանցել և շուտով լուրը գյուղ հասավ, որ փահլեվան Սահակը իր կովերն է փնտրում: Մարգարի սիրտը քարկապ ընկավ:

Սահակը գյուղ հասավ: Գյուղամեջում նրան ճանաչեցին ու հրավիրեցին մի թաս բան խմել միասին: Սահակը համաձայնեց ու թե.
- Սոված փորին մարդու ոչ մեռնելն է գալիս, ոչ՝ ապրելը...
Էսպես սեղանի շուրջ նստած կերան, խմեցին, Սահակի բազկի ամրության ու կյանքի երկարության համար կենաց բարձրացրին: Զրույցի մեջ գյուղացիներից մեկը պատմեց, որ իրենց գյուղի Մարգարը մի քանի օր առաջ երեք կով առաջն արած իջավ հողատեղից:
-Տո չէ, այ մարդ, դու էլ հո չես ասի, Մարգարն իսկի իրա կովերին է վախենում մոտ գնա, ուր մնաց Սահակի կովին դիպչէր
-Չէ, չէ Սահակ ջան, դա նրա կովերը կլինեն եղած
-Էդ ով է էդ մարգարը,- հարցրեց Սահակը
-Մարդ է էլի,- ծանր ասաց մեջներից ավագը
-Էնպիսի մարդ է, որ համ մարդուց է վախենում համ տմարդից
-Հա, հա նա չէր բերի քո կովերը իր գոմն աներ
-Բայց որտեղից իմանար, որ իմ կովերն են,- կասկածանքով ասաց Սահակը
-Սահակ ջան, ախպեր ջան, էդ մտկիցդ հանի, Մարգարը իրա շվաքից ա վախենում, նա ուրիշի կովի չէր նայի
Սահակը ամեն դեպքում որոշեց ստուգել, ոնց որ կարգն է շոնրհակալություն հայտնեց իրեն հարգելու ու հաց կիսելու համար, հարցրեց Մարգարի տան տեղն ու ձիու սանձը բռնած ճանապարհ ընկավ:
Մինչ այդ գյուղում արդեն բոլորը գիտեին, որ Քարնջեցի փահլեվանը Սանահին է եկել, իր կովերն է ուզում գտնի: Մարգարը տան ետնամասում նստած սպասում էր: Վախից սիրտը բերանով դուրս էր գալիս, ոտքերը դողից խաչվում էին: Մենակ թե գա տեսնի՝ իր կովերը չեն, թողնի գնա, որ եկավ տեսավ իրենն են, Աստված վկա էստեղ արյուն կթափվի ու դժվար չէր գուշակել, թե ում արյունը: Մարգարի երևակայությունը վախից ավելի վառ էր աշխատում և այս մտքերի խառնաշփոթի մեջ լսեց, որ մի հսկա թավ ձայնով խոսում է բակում լվացք փռող իր կնոջ հետ:
-Քույրիկ ջան, բարև տեսանք, Մարգարի տունն է
-հա, Մարգարինն է,- պատասխանեց կինը
-Դե թող դիմաց անի տանտերը, ասում են՝ մի քանի օր առաջ հողատեղից կովեր է բերել հետը, ես էլ իմ կովերն եմ կորցրել, կարող է իմն են
Մարգարը էլ չսպասեց, արագ բարձրացավ աստիճաններով դեպի ձեղնահարկ, հանեց հրացանն ու համոզված լինելով, որ նույնիսկ փամփուշտ չկա մեջը, իջավ:
-Մարգար, այ մարդ,- ձայն էր տալիս Մարգարի կինը՝ խոնավ ձեռքերը գոգնոցի մեջ սրբելով:
Ու Մարգարը երևաց տան ետնամասից՝ հրացանը պարզած: Կինը գլուխը ձեռքերի մեջ առաց օգնություն կանչելով փողոց վազեց: Նվազ, գույնը գցած, դողացող ձեռքերում հազիվ պահել էր զենքն ու ոչինչ չէր խոսում: Սահակի դեմքին այս տեսարանից ժպիտ առաջացավ.
-Հրացանդ լավն ա, ախպեր, բայց ես իմ կովերի համար եմ եկել...
Սահակը համարձակ առաջ գնաց, Մարգարը սա որպես վտանգ ընկալեց՝ վախից ու լարվածությունից ցուցամատը սեղմեց հրացանի ձգանը: Հին հրացանը, որը գնվել էր մի առողջ զամբիկով ու նրա քուռակով, կրակեց երկրորդ անգամ: Սահակը, ում մեջքը գետնին չէր դիպել, ընկավ ծնկների վրա:
Մարգարը թաքնվեց ձեղնահարկում այնքան միչև կնոջ լացի ձայնի տակ նրա ետևից եկան: Հրացանը վերադարձել էր իր հին փոշոտ թաքստոցը:

Լուսանկարում Քարինջ գյուղն է
Լուսանկարն՝ Անի Մաղաքյանի

Անի Մաղաքյան

Комментариев нет:

Отправить комментарий