Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

понедельник, 20 апреля 2015 г.

Արի խոսենք....



































Լավ, լավ արի անցնենք այլ թեմայի...
Արի խոսենք բարձրակրունկների վրա գլորվող աղջիկներից,
Կամ առաջին անգամ ծխախոտ փորձած
Ու հազը հազիվ զսպած տղաներից...
Արի խոսենք այն մասին, թե ինչպես է
Ինչ-որ մեկը մի ողջ կյանք նախագծում
Եվ ինչպես է այդ հիմարին ամենը հաջողվում...
Չէ չխոսենք մեր օրերից, չսիրենք քաղաքը որտեղ ապրում ենք...
Չհիշենք վայրերը որտեղ եղել ենք,
Միասին մաշել ենք գետափները...
Արի խոսենք միայն, թե ինչպես դու չհամբուրեցիր,
Ինչպես ես ծիծաղեցի, ինչպես չխմեցինք, բայց հարբեցինք...
Արի  խոսենք, թե ինչպես են մեզ նման ջահելները,
Քայլում ամայի տեղերով...
Չեմ ուզում լսել, որ բաց թողիր, որ չհասկացա...
Արի նստենք հին ծառուղում ու դնենք բացակա
Բոլոր ապրումներին, որ չներկայացան...
Խոսենք, թե ինչպես են բոլորը խոսում լռությունից
Ու չեն լռում...
Խոսում մենակությունից, երբ մենակ չեն...
Պատմիր ինձ, թե որքան հաճելի է
ասել սիրում եմ նրան, ում իսկապես սիրում ես...
Եվ այն մասին ասա, որ յուրաքանչյուրն արժանի է իմանալ,
որ իրեն սիրում են կամ սիրել են ...
Պատմիր ինձ, որ սիրում ես շախմատ խաղալ,
Որ չես սիրում սենտիմենտալներին,
Չես սիրում աշխատանքդ...
Որ դժվար է տրվում հիմա տողը...
Պատմիր, թե ինչպես էր անձրևի տակ պատել դողը,
Երբ երկուսով էիք... (ես չէի երկրորդը)...
Արի խոսենք մոդայիկ բառերով՝
-ես ինքնամփոփ չեմ, ինտրովերտ եմ,
չեմ ձանձրանում ինքս ինձ հետ, բայց քեզ հետ եմ ուզում  մեռնել...
Էլի սենտիմ... լավ թողեցի...
Արի խոսենք մի օր հանկարծ սատկած քո շնից,
Թե ինչպես փախավ սիամական կատուն գյուղի ձեր մեծ տանից...
Բացատրիր, թե ինչու էին թաքցնում շանս մահն ինձանից...
Եվ թե ինչու թութակս թուղթ ուտելով ինքնասպան էր եղել,
Երևի, որ ազատվի ինձանից...
Դրանից հետո ես խուսափում եմ բոլոր կենդանիներից...
Խոսենք, թե ինչպես են զույգերը ետ գալիս մեղրամսից
Եվ նետվում կենցաղի մեջ և մոռանում դուրս գալ անգամ տանից՝
Զբոսնելու, երեկոներ զուր վատնելու ու թաքուն տեղ համբուրվելու համար...
-Կենցաղն ու հոգսերն են մեղավոր,- կասես երևի ինձ...
Չէ, չենք խոսում էլ դրանից...
Հիմա պատմիր, թե ինչպես են մարդիկ ապրում մենակ և լինում երջանիկ,
Եվ ինչու են ամուսնացած կանայք այսքան տրագիկ...
Արի խոսենք յուրահատուկ անուններից, թատրոնից, Դալիից,
Չէ, չենք խոսում այսօր մթության մեջ փայլող խաչից,
Այն կանգնեցրել են Թագավորանիստի գագաթին,
Որ երևում է իմ պատուհանից՝ դատաստանի օրը հիշեցնելով...
Պե՞տք է ասել արդյոք, որ ես էլ չեմ նայում պատուհանից...
Ես ուզում եմ խոսենք անկարևոր հիմար թեմաներից,
Ասենք՝ երեկ կայացած պատահական հանդիպումից,
կամ լվացքի փոշու թանկացումից...
...իմ մատների սառնությունից...ու քո արյան տաքությունից...
Չէ, չեմ ուզում խոսենք մեր մեջ եղած ֆիզիկայից,
Դառնալ մեկը նրանցից, ովքեր սեր են խոսում իրար
Ու չեն հոգնում իրենք իրենց պարզությունից...
Եվ դառնալ մատնությունից թույլ...
Եվ նախանձից դառնալ թույն...
Միայն չասես, որ հոտ է գալիս ինձանից արդեն պառավի,
Որ զզվում ես հոտից իմ օծանելիքի...
Արի խոսենք ամենահին թեմաներից,
Չխուսափենք շաբլոններից...
Էսէմէսով բաժանվենք իրարից...
Եվ այդպես էլ չանդրադառնանք
իմ մեջ ապրող սենտիմենտալ ռոմանտիկին
քո մեջ ապրող անուղղելի այդ ցինիկին...
Լավ...լավ... փոխենք թեման....
Պատկերացնենք, թե ինպես են ծերանում մեկ բարձի,
Ինչպես են դեռ տաք անկողնում պառկած
Մտածում տարբեր բաների մասին...
Պատմիր, թե ինչպես են տրվում գրած տողին
Հավատարիմ մնում միայն մեկի,
բայց դավաճանում իրենք իրենց...
Չեմ ուզում խոսենք ապագայից, խոսենք հետևանքից
Մտածեք անել, թե ոչ, գնալ թե ոչ, երգել, թե ուտել բարձրախոսը...
Չասենք չասվածը, չկարդանք թաքունը, իսկականը...
Արի վերադառնանք այն ամենին, ինչը խնամքով չենք մոռացել,
Ինչից միայն հիմա կադրեր են մնացել,
վերադառնանք ու մոռանանք միանգամից...
Վերդառնանք ես՝ կենցաղիս, դու՝ քո անտանելի գործին...
Լավ, լավ էլ չեմ անդրադառնում այս ամենին....
Անի Մաղաքյան


Комментариев нет:

Отправить комментарий