Եթե դու մի օր դադարես կարդալ, Ես էլ երբեք չեմ գրի… Այլևս չի լինի աշխարհի վրա քո մասին ոչ մի տող… Կլինի Շեքսպիրը, Լորկան… մարդիկ կկարդան Կորտասար, Կկարդան Եսենին…Հերման Հեսսե… Ես անսահման կսիրեմ Սահյան, Հեմենգուեյ… բայց էլ երբեք չեմ գրի… …եթե դու մի օր դադարես կարդալ…

Поиск по этому блогу

пятница, 20 марта 2015 г.

Հաղթողը

Մեր կողմերի անտառներում եղնիկներ ու գայլեր տեսնելը սովորական բան է: Եղնիկի համար գայլ տեսնելն ավելի սովորական է, գայլի համար եղնիկ տեսնելը գրեթե նույնքան ուրախալի, որքան մարդու: Հաճախ եղնիկին տեսնելուց հետո գայլի ու մարդու նպատակն էլ նույնն է: Ես այսպես, մտքերս իրար կապելով փորձում էի չշփոթվել, չմոլորվել, այն բանից հետո, երբ տեսա, որ բարեկամներից մեկը անտառում գայլի ձագեր էր գտել ու բերել էր գյուղ: Մամիկոնը գայլի ձագերին պահում էր իր տան բակում փորած հորի մեջ: Կերակրում էր, քիչ, թե շատ խնամում:
Տեսա երեք փափուկ, դեռ եղնիկի համ չտեսած անմեղ ձագերի ու միայն քնքշանք զգացի:
-Գել ա էլի,- անտարբեր ասաց Մամիկոնն ու տուն մտավ:
Գելը հոտից ոչխար գողացողն է, գիշերով գյուղի շներին հաչացնողն է ու խեղդողը, սրանք ինչ գել, սրանք երեք ձագեր էին, ում բռնել էին անպաշտպան պահին, իրենց բնի մեջ: Գելը նա է, ով եկել է իր բնի մոտ ու տեսել, որ ձագերը չկան: Բայց արդյո՞ք քո թշնամու երեխան էլ է քո թշնամին:
-Մամիկոն, սպասի, լսի, բա ի՞նչ ես անելու հիմա էս ձագերի հետ…
-Դեռ չեմ որոշել,- եղնիկի միսը մանրացնելով պատասխանեց որսորդ եղբայրս: Ու թեև հասկացա, որ նա պարզապես խնայեց ինձ այդ պատասխանով, բայց փորձեցի հավատալ, որ կարող եմ խորհուրդ տալ:
-Արի տանենք միասին անտառում բաց թողնենք
-Չեն ապրի, փոքր են…,- հայցքիցս խուսափելով, շարունակում էր եղնիկի գործը
-Իսկ քո մոտ կապրե՞ն…
Հարցս մնաց օդում կախված` պարանին գցած եղնիկի չորացող մորթու նման:
Մի քանի գիշեր գյուղի ծայրին ապրողները վախեցած բողոքում էին, թե գայլերը գյուղին շատ մոտ են գալիս ու ողջ գիշեր ոռնում: Մի քանի հոգին, որ գիտեին Մամիկոնի տան բակում փորված հորի գաղտնիքը փորձում էին համոզել նրան, որ ճիշտը գայլի ձագերին տանել բնին մոտիկ թողնելն է, բայց հաղթանակած մարդու հետ լեզու գտնելը կրկնակի բարդ է: Դա ինձ դեռ իմ մեծ պապն էր ասում, որովհետև պատերազմի տարիներին գերի ընկած ժամանակ հազար էդպես մանր հաղթողներ էր տեսել: Հաղթանակը զինվորի ու գեներալի համար մեկ է գալիս: Գերիներին հսկող զինվորները իրենց հաղթող էին զգում այն ժամանակ, երբ մերոնք իրենց կռվողներին ջարդելով մաքրում էին երկրի սահմանները: Եվ քանի դեռ Մամիկոնը իրեն հաղթողի աննվաճ բարձրունքում էր պահում երեգ ձագ կորցրած գայլը սահմաններ նվաճելով գյուղին էր մոտենում:  

Մարդը իր հաղթանակների համար հուշարձաններ է կառուցում, որ թշնամին տեսնի ու վախենա:
Մեր տան դիմացի տունը, թոքր բլրի վրա էր: Հին, գրեթե չերևացող աստիճաններով բարձրանում էինք բլրի վրա, հետո կարծես մտնում բլրի մեջ, որովհետև Սինոկի ու Գոհարի տունը գետնափոր խրճիթ էր, մութ, հողածածկ հատակով ու մշտական խոնավահոտով: Ես մի քիչ վախենալով էի շրջում նրանց տան մոտով: Ներսում վառվող ճրագը միշտ երեկոյի տպավորություն էր ստեղծում, իսկ Գոհարի բարձր ձայնից փշաքաղվում էի: Չգիտեմ ինչ էին մտածել ծնողները, երբ իրենց որդուն ռուսերեն հասարակ գոյականով էին կոչել` Սինոկ, բայց այնքան բնական էր դարձել բոլորիս համար նրա անունը, որ բոլորովին վերջերս եմ հասկացել բուն նշանակությունը: Նրանք իմ մեծ տատուպապի հասակակիցն էին երևի, միշտ բարի, ժպտերես, փոքր ու կռացած:  Չգիտեմ էլ գյուղում կային մարդիկ, ովքեր նրանց երիտասարդ տեսած լինեին: Նրանք իրենց միս ու արյունից ծնված զավակ չունեին, իրենց հարազատներից մեկն իր աղջկան հանձնել էր Սինոկի ու Գոհարի խնամքին, վերջիններիս մենակությունը խափանելու համար: Երեխա ունենալու, մեծացնելու և սերունդ շարունակելու բնազդը մարդու մեջ շատ ուժեղ է, կառուցած տունը, մշակած հողը որևէ մեկին թողնելու ձգտումը` անհաղթահարելի մեծ: Բայց  Սինոկի ու Գոհարի տունը գետնափորից չդարձավ երկհարկանի, նրաց փոքրիկ հողակտորը` ավելի բերգառատ: Նրանց տան փոխարեն հիմա հուշարձան են կանգնեցրել: Քանդել են տունը, որը երկու կյանքի հուշարձան էր, փոխարենը կառուցել մի քանի այլ կյանքերի կորստը խորհրդանշող և այդ կորստի գնով ևս մի հաղթանակի հուշարձան:
Գայլին կորուստների խորհրդանիշեր պետք չեն, նրան իր կորուստն է պետք վերականգնել: Կորուստ, որը իր միս ու արյունից էր, որը իր տեսակի շարունակողն էր: Մի ողջ հոտ երեք ձագի դիմաց, մի մեծ նախիր երեք ձագի դիմաց և այսպես գյուղացիների մոտ խուճապ էր: Նրանք ովքեր չգիտեին գայլերի ակտիվության պատճառը ուզում էին մի խմբով որսի դուրս գալ վնասատու ոհմակին վերացնելու համար: Մյուսները փորձում էին Մամիկոնին համոզել: Մի քանի օր անց ողջ գյուղը իմացավ երեք ձագի պատմությունը: Խորհուրդ կազմեցին ու գնացին Մամիկոնի մոտ:
-Մամիկոն, հասկացանք, բերել ես, քոնն են, բայց էս մարդկանց ապրանքը ձեռից գնում է,- խաթրով ասաց մեջներից ավագը
-Ձեռից գնալը որն ա… էնա գելի փայ են դառել…
-Տո ասա եղնիկը խփել ես բերել…էդ ձագերին ուր ես գեղ բերում…
Մամիկոնը լսում էր գլուխը կախ:
-Ուր են էդ գելի ճուտերը, բեր տանենք բնին մոտիկ մի տեղ թողենք
-Լավ,- վերջապես խոսեց Մամիկոնը,- վաղը առավոտ ձեզանից երկու հոգի ինձ հետ եկեք, տանենք…
Որոշեցին ու ամեն մեկը իր տուն գնաց: Իրենց կորուստների մեղավորին գտած, ու ապագա կորուստներից խուսափելու կարևոր խնդիրը լուծած մարդկանց մի պահ թվաց, թե իրենցից ոչ ոք կով ու ոչխար չի կորցրել:
Գարնան պաղ շաղը տրորելով երեք որսորդ անշշուիկ մոտենում էին գայլի բնին, որտեղից Մամիկոնը երկու շաբաթ առաջ երեք ձագ էր գտել:
-Էստեղ լավ ա, հանեք դրանց,- հրահանգեց Մամիկոնը: Պարկերը դատարկեցին, երեք քնահարամ ձագերը կպան Մամիկոնի ոտքից:
-Մամիկոն, թող դրանց,
-հա դուք գնացեք էն թփերի մոտ, էս կգամ, հետևենք, տենանք գալիս ա սրանց մերը, թե չէ…
Գայլերը պառկեցին Մամիկոնի ոտքերի տակ:
-Դե վեր կացեք, գնացեք բնի մոտ,- գայլի ձագերի հետ խոսում էր Մամիկոնն ասես իրեն պետք է հասկանային: Կռացավ սկսեց շոյել ձագերի փափուկ մորթին, պաչեց նրանցից ամենաքնկոտի ճակատն ու փորձեց բարձրանալ: Նրա ոսրորդի հայացքը այս անգամ սովորության համաձայն չկարողացավ հեռուն ուսումնասիրել, իրենից մի քանի քայլի վրա կանգնած էր մոխրագույն գայլը: Նրա հայացքը մեղադրում էր Մամիկոնին, սպառնում էր ու մի պահ Մամիկոնին թվաց թե իր մահապատիժը տեսավ գայլամոր աչքերի մեջ:  Նա դանդաղ կանգնեց ու նույնքան դանդաղ ետ-ետ գնաց: Մամիկոնին թվում էր, թե իր ամեն քայլի հետ գայլն իրեն ավելի է մոտենում: Գայլը մի ցատկով հասավ ձագերին ու սկսեց լիզել նրանց փոքր մարմինները, իսկ երբ հայացքը բարձրացրեց Մամիկոնն արդեն չկար:
Որքան պետք է ապրի մարդը, որ գենի մեջ կորչի իր տեսակը շարունակելու բնազդը, որ իր տան փոխարեն հուշարձան կառուցեն, որքան պետք է ապրի կենդանին, որ իր ու իր սերունդների գոյությունը հարգանքի արժանանա: Ավար բերելը հաղթողի հոգեբանություն է, եթե  ավարդ կորցրեցիր  հաղթանակ էլ չունես, եթե կորցնելու ոչինչ չունես` արդեն հաղթանակած ես:
 Անի Մաղաքյան  Տպագրվել է TV Ալիք շաբաթաթերթում

Комментариев нет:

Отправить комментарий